Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԱՅԴ ՋԻՆԸ ՆՈՐԻՑ ՇՇԻ ՄԵՋ ՉԻ ՄՏՆԻ»

«ԱՅԴ ՋԻՆԸ ՆՈՐԻՑ ՇՇԻ ՄԵՋ ՉԻ ՄՏՆԻ»
20.03.2012 | 00:00

Աշխարհի քաղաքական քարտեզին կան խզումների յուրօրինակ աշխարհաքաղաքական կետեր, որտեղ տիրող իրավիճակը և նրանց ղեկավարների գործողությունները լրջորեն կարող են փոխել ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայնընդգրկուն տարածքների և անգամ աշխարհի իրադրությունը։ Մերձավոր Արևելքում, շատ փորձագետների կարծիքով, զգալի չափով և բավականին երկար ժամանակ է, ինչ նման երկիր է Սիրիան։ ՈՒ բնավ պատահական չէ, որ ադ երկրում տեղի ունեցող իրադարձություններին է գամված աշխարհի առաջատար քաղգործիչների ուշադրությունը։ Ընդ որում, «սիրիական հեղափոխության», ինչպես նաև այդ երկրի անկախ և հավակնոտ առաջնորդի` Բաշար ալ-Ասադի հանդեպ մոտեցումը, չնայած հայտարարություններին ու կոշտ հանդիմանություններին, համենայն դեպս, ավելի կոռեկտ են, զգույշ, քան Եմենի, Լիբիայի ու նույնիսկ Եգիպտոսի հանդեպ։ (Թուրքիայի ու գերինքնատիպ» Էրդողանի վարքագիծը, հաստատ, հաշվի մեջ չէ)։ Այսինքն, դատելով ըստ ամենայնի, Ասադի այն խոսքերը, թե «Մերձավոր Արևելքի շատ խնդիրների բանալին սիրիական հողում է», հեռու չեն ճշմարտությունից։ ՈՒ նա դեռ, հավանաբար, ինչպես ժամանակին և նրա հայրը, իր քաղաքականությամբ լիովին կարող է խառնաշփոթ առաջացնել նաև արաբական աշխարհի մեջ ու տարածաշրջանային խնդիրներում` խոչընդոտ դառնալով աշխարհաքաղաքական խոշոր սցենարների իրականացման ճանապարհին։ «Մեր երկիրը լուրջ դերակատարում ունի տարածաշրջանային ասպարեզում։ Առանց մեզ հաշտության բանակցություններում առաջընթացն անհնար է»,- շարունակում է պնդել Ասադը։ ՈՒ հիմա, իրոք, մենք տեսնում ենք, որ Երուսաղեմից մինչև Փարիզ, Թեհրանից մինչև Մոսկվա բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն ավելի զուսպ են, քան առհասարակ, իսկ «կառավարելի քաոսի» քաղաքականությունը բացահայտորեն տեղապտույտի մեջ է։ ՈՒ թեև Վաշինգտոնը չի կասկածում, որ նախագահ Ասադն անպայման հրաժարական կտա, և որ «փոփոխություններ պահանջող ուժերին անհնար է հաղթել», այդուամենայնիվ, Օբաման ասում է, որ «ի տարբերություն նախորդ բոլոր «արաբական հեղափոխությունների», պարզ չէ, թե ինչպես և երբ այդ փոփոխությունները տեղի կունենան»։ Ավելին, ինչպես երևում է վերջին հաղորդումներից, ԱՄՆ-ը, չնայած նախազգուշացմանը, առայժմ վերջնական որոշում չի ընդունել Դամասկոսում իր դեսպանատան փակման վերաբերյալ և սպասում է «դիվանագիտական ներկայացուցչության պահպանությունն ուժեղացնելու» խնդրանքին սիրիական իշխանությունների «շուտափույթ պատասխանին»։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին, առայժմ բոլորը, ներառյալ «լիբիական ճգնաժամի» գլխավոր ոգեշնչող Փարիզը, միաձայն պնդում են, որ ռազմական միջամտությունը բացառվում է։ Հատկանշական է նաև այն, որ Ֆրանսիան հանդես է գալիս արաբական զորքերը Սիրիա «գործուղելու» դեմ։
Իհարկե, Դամասկոսի շուրջ լուրջ կրքեր են բորբոքվում։ Ռուսաստանը, այնուամենայնիվ, վերջապես, հիշեց տարածաշրջանային իր շահերը, արաբական աշխարհում իր նախկին ազդեցությունն ու Դամասկոսի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերությունները և հայտարարեց, որ Սիրիայի հետ ռազմական համագործակցությունն իր համար «սկզբունքային է», ինչից հետո սկսեց շտապ կարգով զենք մատակարարել նրան։ Այժմ Ռուսաստանում այն կարծիքին են, որ հարկավոր է «պինդ բռնել Սիրիային», որ նա «լակմուսի թուղթ է արաբական բոլոր երկրների համար»։ Այնպես որ, Սիրիայի հանդեպ Ռուսաստանը շարունակում է դրսևորել իրեն որպես հուսալի գործընկեր, լրիվ կատարում է արդեն ստորագրված պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունները և պատրաստ է բանակցելու նոր համաձայնագրերի շուրջ։ Այսպես, հաղորդվում է, որ վերջերս Դամասկոսը Ռուսաստանի հետ կնքել է մոտ 550 մլն դոլար արժողությամբ նոր ռազմական պայմանագիր` Յակ-130 տիպի 36 վարժամարտական ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Ընդ որում, Մոսկվան հայտարարում է, թե ռուսական պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը հենվում է այն փաստի վրա, որ առայժմ միջազգային ընկերակցությունը պատժամիջոցներ չի սահմանել Սիրիայի նկատմամբ, և դա նշանակում է, որ Կրեմլը ոչ մի պատճառ չունի հրաժարվելու Դամասկոսի հետ համագործակցությունից. «Դա, ի վերջո, բիզնես է»։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն այժմ Սիրիայի իշխանություններին աջակցում է նաև քաղաքական ասպարեզում։ Նա կտրականապես առարկում է թե՛ իրավիճակին միջազգային ընկերակցության միջամտությանը, թե՛ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Մոսկվայի կոշտ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Կրեմլն ամեն կերպ ձգտում է խուսափել լիբիական սցենարի կրկնությունից, երբ ՌԴ-ն, վերջին հաշվով, ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի բանաձևի քվեարկության ժամանակ և, խոշոր հաշվով, «խաղից դուրս մնաց»։ Այս անգամ Կրեմլը մտադիր է պաշտպանել «յուրայինին»։ Ռուսաստանը, բացի այդ, բազմիցս իր ծառայություններն է առաջարկել որպես կապօղակ սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև, թեև բոլոր առաջարկություններն առայժմ մերժվել են։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես հայտարարում է Աֆրիկայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը, «Ռուսաստանը վերադառնում է Աֆրիկա և Մերձավոր Արևելք»` «իրավահավասար հարաբերություններ կառուցելու նպատակով»։
Ռուսաստանի այս դիրքորոշումը շարունակ կատաղի քննադատվում է ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների կողմից։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, արևմտյան երկրները նեղ շրջանակով սկսել են քննարկել Սիրիայի առնչությամբ Ֆրանսիայի մշակած բանաձևի նոր նախագիծը։ Նրանք մտադիր են մոտ ժամանակներս նախագիծը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ` ի հեճուկս ռուսական նախագծի, որը քննարկվում է անցած ամսվա կեսերից։ Ինչպես հայտնի է, արդեն տեղի է ունեցել արևմտյան դիվանագետների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Պորտուգալիա) երկու հանդիպում արաբական այն երկրների գործընկերների հետ, որոնց դիրքորոշումը Սիրիայի հարցում մոտ է արևմտյանին (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան, Կատար), ինչպես նաև ԱԽ մի շարք ոչ մշտական անդամների` Կոլումբիայի, Գվատեմալայի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանը մտքերի այդ փոխանակմանը չի հրավիրվել։ Ֆրանսիական նախագիծը պահանջ է ներկայացնում Սիրիայի կառավարությանը Արաբական պետությունների լիգայի գործողությունների ծրագրին համապատասխան և պաշտպանություն է հայտնում նրա նախաձեռնություններին։
Ինչպես հայտնի է, բռնությունները դադարեցնելու արաբական դիտորդների անհաջող փորձից հետո և այն պայմաններում, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավելի ու ավելի մեծ նշաններ սկսեցին ի հայտ գալ, Արաբական պետությունների լիգան հրապարակեց տարածաշրջանում խաղաղության հաստատման մի հավակնոտ ծրագիր։ Համաձայն դրա, նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է լիազորությունները զիջեր իր տեղակալին և երկու շաբաթվա ընթացքում բանակցություններ սկսեր ընդդիմախոսների հետ։ Առաջարկությունը, որի համար մոդել էր ծառայել վերջերս Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ստորագրած համաձայնագիրը, նաև կոչ էր անում երկու ամսվա ընթացքում կազմավորել ազգային միասնության կառավարություն, որից հետո պետք է նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեին։ «Մենք պահանջում ենք փոխել վարչակազմը և փոխանցել լիազորությունները,- Կահիրեում հայտարարել էր Կատարի արտգործնախարարը։- Մենք Սիրիայի ժողովրդի հետ ենք, մենք կողմ ենք նրա կամքին ու ձգտմանը»։ Հենց այստեղ էլ Սիրիայի ազգային խորհրդի ընդդիմադիր ներկայացուցիչները պաշտպանեցին առաջարկությունը, սակայն չշտապեցին տեղեկացնել, թե բանակցություններ տեղի չեն ունենա, քանի դեռ Ասադը վայր չի դրել իր լիազորությունները։ Ինչպես և սպասվում էր, Սիրիայի կառավարությունը մերժեց այն։ ՈՒ հիմա համարվում է, որ Լիգայի ծրագիրը ոչ միայն հաջողության մեծ հավանականություն չուներ, այլև արտացոլում էր արաբական պետությունների միջև եղած տարաձայնությունները սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղիների առնչությամբ։ Արաբների գործողություններում կարելի է նկատել նաև անճարակության հարաճուն զգացողություն։ ՈՒ հավանաբար պատահական չէ, որ հիմա Արևմուտքի աջակցությամբ նրանք մտադիր են դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Եթե Սիրիան չկատարի վերջնագրի պահանջները, ապա բանաձևի հեղինակներն սպառնում են «լրացուցիչ միջոցներ» ձեռնարկել, այլ խոսքով` պատժամիջոցներ կիրառել։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակասիրիական պատժիչ բանաձև անցկացնելու նախորդ փորձն անցած տարվա հոկտեմբերին ավարտվեց ձախողմամբ։ Այն ժամանակ բանաձևը շրջափակեցին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ, վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը։
Այնպես որ, առայժմ մեկ բան է հայտնի. այսօրվա դրությամբ Սիրիայում տիրող իրավիճակը փակուղային է։ Արաբական պետությունների լիգան չի ուզում հետ կանգնել իր ծրագրից, և նրան չեն բավարարում ընդդիմության դեմ պայքարի եղանակները։ Ի դեպ, այդ իրադրությունը չի գոհացնում ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին։ Բացի այդ, կան նաև ավելի խոր պատճառներ, որոնք պայմանավորված են Իրանի հետ այդ երկրի դաշնակցային հարաբերություններով, ուստի տարածաշրջանի մի նոր պետության նկատմամբ պատժամիջոցների հերթական ծրագրի ընդունմանը դեմ են։ Ինչ վերաբերում է Դամասկոսին, թեև Սիրիայի ղեկավարությունը դեռևս հույս ունի, թե իրեն, համենայն դեպս, կհաջողվի «լեզու գտնել ընդդիմության հետ», նա, ըստ էության, դրանով արագացնում է ձգձգվող ճգնաժամի անցումը լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի։
Այսպիսով, թեև Սիրիայի ղեկավարությունը գիտակցում է, որ գոնե որոշ բարեփոխումներ պիտի անի և «գոլորշին բաց թողնի», սակայն խնդիրը հազիվ թե կարողանա լուծել։ Չէ՞ որ խոր արմատներ գցած խնդիրը հիմա արդեն կիսամիջոցներով ու սին խոստումներով չես լուծի։ Խնդրի լուծումը պետք է նույնքան համարժեք ու էական լինի, որքան դրանց բարդությունն է, այնինչ ռեսուրսները շատ չեն, իսկ Քադդաֆիից հետո էլ «դիմադրել մինչև վերջին փամփուշտը» կարգախոսն արդեն օրախնդիր չէ։ Այնպես որ, առայժմ պետք է նկատել, որ, ամենայն հավանականությամբ, ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ, թերևս, աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել վաղը։ «Ջինը» նորից շշի մեջ մտցնել, փաստորեն, անհնար է առանց մեծ արյունահեղության, իսկ նման բան առայժմ, ի տարբերություն Լիբիայի, անկասկած, ոչ ոք չի ուզում։ Չարժե մոռանալ, որ Սիրիայի դերը տարածաշրջանի կայունության համար ավելի կարևոր է, քան այն երկրներինը, որտեղ մոլեգնել են «արաբական գարնան» մրրիկները։ Այնպես որ, ինչ տեսանք արաբական աշխարհի որոշ մասերում, հազիվ թե կրկնվի։
Բայց դե` կապրենք-կտեսնենք, չէ՞ որ ժամանակը, հատկապես իրանական ճգնաժամի շնչին զուգընթաց, մոտենում է բախտորոշ կետին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ