Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՊՀ ԿՈՉՎՈՂ «ԱՊԱՀԱՐԶԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ»

ԱՊՀ ԿՈՉՎՈՂ «ԱՊԱՀԱՐԶԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ»
09.09.2011 | 00:00

Մի անգամ առիթ եմ ունեցել ԱՊՀ-ն համեմատելու պոկված բռնակով ճամպրուկի հետ. ափսոսում ես դեն նետել, օգտագործելն էլ հարմար չէ։ Բայց հիմա, կարծես, այդ «ճամպրուկի» ավելի ու ավելի շատ տերեր են հակված ազատվելու ավելորդ բեռից։
Նախ ԱՊՀ երկրների Դուշանբեի գագաթնաժողովն արհամարհեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հետո ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտարարեց, որ հանդիպմանը չի գալու, իսկ վերջին պահին էլ այցից անսպասելիորեն հրաժարվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն` երկրում բարեփոխումները վերահսկելու անհասկանալի պատճառաբանությամբ։ Ճիշտ է, առաջին երկուսն իրենց փոխարեն ուղարկեցին վարչապետներին, բայց եթե նկատի առնենք, որ Դուշանբեի գագաթնաժողովը հոբելյանական 20-րդն էր, ապա այդ տոնին պետությունների սոսկ երկրորդ դեմքերի մասնակցությունը եթե ոչ վիրավորական, ապա բացահայտ քամահրական վերաբերմունք է Համագործակցության հասցեին։ Հնարավոր է, իրոք, ինչպես կարծում են փորձագետները, Ալիևը «նեղացած» է Ղարաբաղի հաշվով, իսկ աչքածակ Քարիմովը, այդպես էլ ԱՊՀ-ի անդամակցությունից ակնկալած շահը չստանալով, վճռել է վերստին «նետվել» Արևմուտքի գիրկը (ամերիկացիներն ուզում են զորքերը դուրս բերել Աֆղանստանից և մտադիր են իրենց բազաները տեղակայել այս երկրի տարածքում. հասկանալի է, քիչ փող չի հոսի գանձարան)։ Բայց եթե քաղաքական «կողմնորոշման» նման եղանակներն այդ գործիչները կիրառում են վաղուց, կանոնավորապես և անհեռանկար, ապա ԱՊՀ-ի ընդհանուր տոնը, այնուամենայնիվ, շարքային իրադարձություն չէ և, անշուշտ, թե՛ ուշադրություն է պահանջում, թե՛ հարգանք։ Ինտեգրման «գլխավոր հենասյունը»` Ռուսաստանի նախագահը, նախընտրեց հաճելին համատեղել օգտակարի հետ` հանդիպում անցկացնել Աֆղանստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի մասնակցությամբ։ Եվս մեկ հանգամանք, որը լավագույնս չի անդրադառնում ներկա «ժողովուրդների բարեկամության» վրա. գագաթնաժողովի տանտերը` Էմոմալի Ռահմոնը, վաղուց է ընդգծված սիրահոժարությամբ զեկուցել Դմիտրի Մեդվեդևին. «Տաջիկստանում անհամբերությամբ են սպասում Ձեր պետական այցին»։ Սակայն Ռուսաստանի ղեկավարը որոշեց երես չտալ «ֆորպոստին» և այցի կարգավիճակն իջեցրեց աշխատանքայինի մակարդակի։ Այդպես էլր անցավ Դուշանբեի գագաթնաժողովը` ճոխ, բայց տաղտուկ։
Բայց անցնենք իրողություններին և ԱՊՀ-ի ապագային, առավել ևս, որ Դուշանբեի գագաթնաժողովի գլխավոր թեման ԱՊՀ-ի 20-ամյակը եղավ։ Այնտեղ անգամ վերլուծական նյութեր ներկայացվեցին` «Երկու տասնամյակում համագործակցության գործունեության արդյունքների և հեռանկարի խնդիրների մասին» վերտառությամբ։ ՈՒ թեև տնտեսական և հասարակական համագործակցության, քաղաքական փոխգործակցության և անվտանգության, հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության արդյունքները նշանակալի համարվեցին, սակայն կոնկրետություն կար, ըստ էության, միայն Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ պետությունների ժողովուրդների զավակների սխրանքների հավերժացման վերաբերյալ համաձայնության հարցում։ Մինչդեռ ավելի ու ավելի մեծ թվով քաղգործիչներ և փորձագետներ, այդ թվում` Համագործակցության երկրներում, հակված են այն մտքին, որ ԱՊՀ անունով ապահարզանային գրասենյակին անխուսափելի վախճան է սպասում։ Եվ յուրաքանչյուր նոր գագաթնաժողով ապացուցում է, որ ամեն ինչ ենթարկված է միայն ընթացիկ պահի տրամաբանությանը. երբ պետք է, գագաթնաժողովի են հավաքվում նախկին խորհրդային հանրապետությունների անգամ «ամենաանկախ» պարագլուխները, երբ սուր անհրաժեշտություն չկա, ապա բոլորն էլ ավելի կարևոր գործեր են ունենում։ Փաստորեն, «բաց երկխոսության» և «լուրջ պայմանավորվածությունների» արդյունքներն ավելի հաճախ հիշեցնում են խորհրդային ժամանակների գավառական մասսայական զվարճախաղերի պլանները։
Բայց ընթացիկ տարին, որը համագործակցության երկրներում հռչակված է որպես ԱՊՀ տարի, ամենահաջողը չէ։ Հատկապես ինտեգրման հարցում, ինչը ծրագրվում էր առաջ տանել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությունից անդին։ Եվ ամենահետաքրքրականը. այնպես է ստացվել, որ «չարիքի արմատը», շատերի կարծիքով, պետք է փնտրել Մոսկվայում։ Բոլորն էլ, իհարկե, հասկանում են, որ և՛ ԱՊՀ-ն, և՛ ինտեգրման մյուս սխեմաներն առաջին հերթին Ռուսաստանին են պետք, որն այդպես էլ չի կարողանում հրաժարվել իր կայսերապետական հավակնություններից և երբեմնի միասնական պետության վերականգնման պատրանքային ծրագրերից, բայց հենց Կրեմլում ու ռուսական Սպիտակ տանը, փաստորեն, խափանեցին ազատ առևտրի մասին պայմանագրի ընդունումը։ Իսկ դա այն նպատակն էր, որին ոչ միայն ձգտում էին ԱՊՀ բոլոր երկրները, այլև որը կարող էր ցեմենտել համագործակցության մյուս բոլոր ծրագրերն ու տարբեր բնագավառներում փոխօգնության բոլոր տարբերակները։ Եվ հիմա նախկին ԽՍՀՄ-ի տարբեր ծագերում ավելի ու ավելի հաճախ է առիթ լինում հարց տալու. «Իսկ ինչո՞ւ պիտի մենք զբաղվենք նման անհեռանկար բաներով», «Ժամանակը չէ՞, որ բարեկամություն անենք ավելի հողեղեն աշխարհում»։
ՈՒկրաինայում, օրինակ, այսօր ասում են, թե «Գազպրոմը» հերթական գազային պատերազմն է նախապատրաստում։ ՈՒ թեև Վիկտոր Յանուկովիչը չհետևեց Քարիմովի և Ալիևի օրինակին և մասնակցեց գագաթնաժողովին, Կիևում նշում են, որ որպես ընկերակցության անդամների միջև եղած հակասությունների հարթման հրապարակ ԱՊՀ-ի օգտագործման գործոնն այժմ սկսում է չաշխատել։ Իսկ դրանից հետևում է մի մեծ հավանականություն, որ հարաբերությունների այդ ոճի պահպանման պարագայում, որը Մոսկվան օգտագործում է ԱՊՀ-ի գծով գործընկերների հետ երկխոսելիս, այսուհետ ՈՒկրաինայի նախագահը շատ պատրվակներ ու միջոցներ կգտնի գագաթնաժողովներից խուսափելու համար։ Ավելին, Յանուկովիչը, որը նաև այլ պարտավորություններ ունի, օրինակ, Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ, չի կարող անտեսել դրանք։ Այնպես, ինչպես չի կարող անտեսել իր երկրի ազգային շահերը։ Իսկ Բելառուսի նման ՌԴ-ին սեփական գազամուղի համակարգը հանձնել ՈՒկրաինայի նախագահը հաստատ չի ուզում։ «Յանուկովիչը Ռուսաստանին չի տա ՈՒկրաինայի ներքին շուկայի բանալիները»,- համոզված է Կիևի քաղաքական վերլուծության և միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տոլստովը։ Նա նշել է, որ «Մոսկվան ի պատասխան ճնշում կգործադրի Կիևի վրա, որպեսզի ստիպի ՈՒկրաինային միանալու Մաքսային միությանը և Եվրամիությանն ապացուցի ուկրաինական տարանցման հուսալիությունն ու այդպիսով գովազդի «Հարավային հոսքը»։ ՈՒստի բացառված չէ, որ ԱՊՀ-ից հեռանալու հաջորդ քայլը կատարի ՈՒկրաինան»։ Կասկած չկա, որ այդ դեպքում նրան կհետևի Մոլդովան։ Չէ՞ որ այն բանից հետո, երբ Քիշնևում տեղի ունեցավ սահուն, ուշացած, սակայն ընդհանուր առմամբ միանգամայն «գունավոր» հեղափոխություն, նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ խիստ կասկածելի է ու զգուշավոր։ Եվ ոչ միայն Մերձդնեստրի առիթով։
Նկատենք ևս մեկ մոռացված, բայց հարկավոր պահին վերակենդանացող հանգամանք։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ ՈՒկրաինան, թե՛ Մոլդովան դեռևս ՎՈՒԱՄ-ի անդամ են, մի միավորում, որը ժամանակին հղացվեց նախկին խորհրդային տարածքում Մոսկվայի հավակնությունները զսպելու համար։ Վրաստանը` այդ միավորման կարևոր անդամներից մեկը, առաջինը դուրս եկավ ԱՊՀ-ից։ Այդ բանը պատրաստ էր անելու նաև Մոլդովան, բայց նա հետևում է իր ավելի ազդեցիկ հարևանին` ՈՒկրաինային։ Իսկ նա առայժմ աշխատում է պահպանել «բարեկամական» հարաբերությունները «եղբայրական» Ռուսաստանի հետ, թեև վերջին ժամանակներս այդ հարաբերություններն սկսել են ավելի հաճախ ճաքեր տալ։
Ամեն ինչ չէ, որ հարթ է նաև Կենտրոնական Ասիայում։ Թեև ԱՊՀ Քիշնևի տխրահռչակ գագաթնաժողովից հետո, որն անտեսեցին տարածաշրջանի բոլոր առաջնորդները, այդ թվում` Նազարբաևը, ընդհանուր առմամբ երկրները նման ցուցադրական արարք այլևս թույլ չեն տվել, ՈՒզբեկստանի ներկա վարմունքը կարող է վարակիչ լինել։ Առավել ևս, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Չինաստանը իրենց մեծ, մշտական և, գլխավորը, նյութապես հիմնավորված ճշգրտումներն են մտցնում Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների ու ժողովուրդների աշխարհընկալման և բյուջեների մեջ։ Բացի այդ, ասիական խմբավորումն ավելի ու ավելի արդյունավետ է լուծում միմյանց միջև եղած խնդիրները։ Իսկ Ռուսաստանի «տանդեմի» գործողություններն ու ռուսական իշխանության դիրքորոշման ակնհայտ տարընթերցումը նրանց մտածելակերպին միանգամայն խորթ են։ Դրա համար էլ նրանք, հավանաբար, որոշել են, օգտվելով իրավիճակից, իրենց խաղը խաղալ, ուշադրություն չդարձնելով ռուսական «երկակի» քաղաքականությանը։ Առայժմ նրանք մտադիր չեն ցուցադրաբար նյարդայնացնելու Ռուսաստանին, բայց եթե նրանք էլ սկսեն արհամարհել ընդհանուր «զրուցարանը», ապա համակարգը տեղնուտեղը փուլ կգա։ Եվ այն ժամանակ ակնհայտ կդառնա, որ ԱՊՀ-ն վերջնականորեն կորցրել է իր հետաքրքրությունն ու վերածվել մի պայմանական միավորման։
Այն, որ ներկա տեսքով միավորումը սպառել է իրեն, ցույց տվեց օգոստոսին Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այն, դիտորդների մեծ մասի կարծիքով, սոսկ մեկ անգամ ևս հաստատեց այդ կազմակերպության «ռազմաքաղաքական անկարողության» վաղեմի ու արմատավորված կասկածները։ Ավելին, գնալով նվազում են այդ անզորության բուժման հույսերը։ ՈՒ թեև Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին քիչ բան է հայտնի, գոնե պաշտոնապես, Լուկաշենկոյի հայտարարությունները Կատարում, ուր նրան խոստացան Բելառուսի համար այնքան կարևոր վարկերը, պերճախոս են։ Աստանայում ունեցած ապրումներից դեռ ուշքի չեկած «Բատկան» այնտեղ լրագրողներին հայտարարեց, որ ժամանակն է ՀԱՊԿ-ից հանելու «այն երկրները, որոնք չեն ուզում լիակատար համագործակցել պայմանագրի շրջանակներում»։ Իսկ խոսքն այն մասին է, որ նա նույնիսկ առաջարկել է իր տարածքում տեղաբաշխել կազմավորվող Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) մի մասը։ Բայց Կենտրոնական Ասիայի առաջնորդներից և ոչ մեկը, որքան էլ տարօրինակ լինի, Աֆղանստանի գործոնի առկայության պայմաններում չի պնդել, որ մինչև այս տարեվերջ ավարտվի ԱԱՀՈՒ-ի շուտափույթ կազմավորումը։ Բայց չէ՞ որ ՀԱՊԿ-ը միշտ էլ համարվել է «անհաջող» ԱՊՀ-ի առավել հաջող «դուստրը»։
Սակայն միանգամայն հնարավոր է, որ նման փտող վիճակում էլ ԱՊՀ-ն կարողանա որոշ ժամանակ ևս գոյատևել։ Պաշտոնապես հազիվ թե որևէ մեկը հեռանա նրանից, այդ թվում նաև` ներկայիս «բոյկոտողները», համենայն դեպս` մոտ ժամանակներս։
Բոլորը համարում են, որ «ԱՊՀ-ն Կրեմլին պետք է ինքնագոհացման համար` դե թող լինի, էլի՛, ի՞նչ է եղել, որ»։ Այդ գագաթնաժողովներին Համագործակցության երկրների նախագահները վաղուց արդեն մասնակցում են մասնավոր հարցեր լուծելու և Ռուսաստանից վարկեր մուրալու համար։ Ընդ որում, հազիվ թե որևէ մեկին պետքական, բայց կրեմլյան միջավայրին հաճո խմբերի ու խմբակների մեջ մտնելու գնով։ Այդուամենայնիվ, ակներև է նաև, որ ԱՊՀ անունով պակասավոր ու սկզբից ևեթ ախտակիր հիվանդի լիակատար բուժմամբ ոչ ոք շահագրգռված չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ