Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ, ՆՐԱ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԳԵՐԱԿԱ ԵՆ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ, ՆՐԱ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԳԵՐԱԿԱ ԵՆ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ
07.10.2011 | 00:00

Մինչ սույն հոդվածի հիմնական ասելիքին անցնելը, մեջբերենք Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական առաջատար փորձագետներից մեկի մտքերը, որը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի, և Իրաքում` կոալիցիայի ուժերի ռազմական գործողությունների քաղաքական ապահովմանը, փաստորեն, ղեկավարել է Իրաքյան Քրդստանի խնդրի հետ կապված քաղաքական մշակումները, ներկայումս շարունակում է զբաղվել Իրաքի, ինչպես նաև սահմանակից պետությունների, այդ թվում` Թուրքիայի խնդիրներով, Իրանի միջուկային ծրագրի հարցով, որոշ չափով նաև` Հարավային Կովկասի և Կասպյան տարածաշրջանի խնդիրներով։
«Ես արդեն երկար տարիներ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում եմ Լեռնային Ղարաբաղի դրամատիկ իրադարձություններին։ Առիթ եմ ունեցել լինելու հակամարտությունների շատ շրջաններում և աշխատել եմ գտնել այնպիսի լուծումներ, որոնք ապահովեին ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Բայց ես հանգում եմ այն եզրակացության, որ խաղաղության և միջազգային անվտանգության համար շատ ավելի խելամիտ է ընդունել փաստացի ստեղծված պետությունների ինքնիշխանությունը, քան պաշտպանել իրենց դարն ապրած սկզբունքները։ Այդ կույր, իրականում ծայրաստիճան վտանգավոր քաղաքականությունն ի վիճակի չէ ապահովելու սկզբունքների կենսագործումը և կհանգեցնի միայն բռնության խրախուսմանը։ Իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ընթերցողների համար հետաքրքիր կլինի ծանոթանալ Իրաքյան Քրդստանի խնդիրներին նվիրված իմ աշխատանքներին, որտեղ քուրդ ժողովուրդն արդեն պետականություն է ստեղծել։ Այդ իրավիճակի աննախադեպությունն այն է, որ Հյուսիսային Իրաքում քրդական պետության ստեղծման դեմ հանդես են գալիս ոչ թե Իրաքի կառավարությունը կամ քաղգործիչները, այլ հարևան պետությունները։ ՈՒստի, ամենից առաջ քրդերից է կախված Մերձավոր Արևելքի պետությունների կողմից իրենց նկատմամբ հանդես բերվող վստահությունը։ Ես շատ հայ բարեկամներ ունեմ Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրներում, բայց, ցավոք, ինձ առայժմ չի հաջողվել այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ»։
Մեծ Բրիտանիայի վերլուծական շրջաններում քաջ հայտնի է, որ վերլուծաբանների մի խումբ հեղինակել է կառավարությանը հասցեագրված երկու զեկույց, որոնք որոշակի մոտեցմամբ փորձարկվել են երկրի հետազոտական առաջատար հիմնարկներում, ինչպես նաև Եվրոպայի նախարարների խորհրդի աշխատանքային խմբում, որը հատուկ ստեղծվել է Եվրախորհրդի արտաքին քաղաքականության ու անվտանգության բարձրագույն կոմիսար Խավիեր Սոլանայի նախաձեռնությամբ` Մերձավոր Արևելքի երկրներում քրդական խնդիրը քննարկելու համար։ Այդ քննարկումը Մեծ Բրիտանիայում հանդիպել է արաբական, իրանական, թուրքական ծագում ունեցող փորձագետների ուժեղ հակազդեցությանը, ինչի պատճառով թեման ավելի լայն ուշադրության է արժանացել։ Քրդական խնդրով զբաղվող բրիտանացի առաջատար փորձագետ Գարեթ Ստենդֆիլդը, որը Մեծ Բրիտանիայի կառավարության հանձնարարությամբ հինգ տարի աշխատել է Իրաքյան Քրդստանում, համոզված է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունն արդեն, կարելի է ասել, այդ որոշումն ընդունել են, և դրա վրա այս կամ այն չափով ազդեցություն են գործել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակները, բայց, միաժամանակ, այդ տերությունները, սահմանելով կոնկրետ նպատակները, պատկերացում չունեն մասնավոր շատ հարցերի, այդ նպատակներին հասնելու տեխնոլոգիայի մասին։ Փորձագետի կարծիքով, Իրաքում կայունություն հաստատելու համար առնվազն անհրաժեշտ է երկրի ապակենտրոնացված դաշնային կառավարում, ինչը, ըստ էության, նշանակում է պետության փլուզում։ Հետաքրքրական է այն, որ երբ 1920 թ. Մոսուլի վիլայեթում ցեղամիջյան պայքարի պայմաններում շեյխ Մահմուդ Բարզանջին Սուլեյմանիայում իրեն հռչակեց Քրդստանի թագավոր, ապա 1921 թ. Բրիտանիան, փաստորեն, ճանաչեց այդ պետական կազմավորումը։ Բրիտանական կառավարությունը քրդերի իրավունքները փորձեց ինչ-որ կերպ նշել նաև 1932 թ. Իրաքում Հաշիմիթյան միապետության հաստատման ժամանակ։ Ծովային ուղիներից բավականին հեռու ընկած այդ տարածքը միշտ հետաքրքրել է Մեծ Բրիտանիային իր ռազմավարական գրավչության և նավթի խոշորագույն հանքավայրերին մոտիկության պատճառով։ «Իրաք փեթրոլեում քոմփընի» նավթընկերության հիմնադիրներից մեկի` նավթարդյունահանող Գ. Գյուլբենկյանի անձնական արխիվում պահպանվել են այդ տարածաշրջանի նկատմամբ բրիտանական կառավարության հետաքրքրության և քրդական պետական կազմավորում (ներառյալ Քիրկուկի շրջանը) ստեղծելու հնարավորության մասին վկայող նամակներ ու այլ փաստաթղթեր։ 2002 թ., Իրաքում ռազմական գործողության նախօրեին, Հյուստոնի Ջ. Բեյքերի ինստիտուտում, որն ամերիկյան նավթային բիզնեսի «ուղեղային» կենտրոնն է, առիթ ունեցա ծանոթանալու հետազոտությունների, որոնցում գնահատված էին Իրաքի նավթի պաշարները։ Դրանցում նշված էր ոչ թե այն ժամանակ հանրահայտ 18,5 մլրդ տոննա, այլ 30,5 մլրդ տոննա պաշարների մասին, իսկ հիմա դրանք կազմում են 216 մլրդ բարել։ Ընդ որում, պաշարների մեկ երրորդը գտնվում է Քիրկուկի շրջանում։ Քաղաքական գործիչների ու նավթային ընկերությունների պատկերացմամբ, դրանք կարող են առաջիկա 30-40 տարում, այսինքն` մինչև ջերմամիջուկային էներգիայի ստեղծումը, համընդհանուր էներգետիկ անվտանգություն ապահովել։
Հատկանշական է, որ ներկայումս Եվրոպայում տեղի է ունենում ձախ, սոցիալ-դեմոկրատական, ինչպես նաև ազատական կուսակցությունների համախմբում ԱՄՆ-ի ու Եվրոպայի ծայրահեղ աջ ու պահպանողական ուժերի հետ, որոնք հանգում են Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծման անհրաժեշտության մտքին։ Կարծիք կա, որ Եվրոպայում որոշակի պայմանավորվածություններ կան միանգամայն տարբեր խմբավորումների միջև, ներառյալ ծայրահեղ աջերը, Մերձավոր Արևելքում արևմտամետ «արիական» պետություն ստեղծելու շուրջ, որը կարողանար անհրաժեշտության դեպքում դիմակայել տարածաշրջանից արևմտյան քաղաքականությանն սպառնացող վտանգներին։ Այդ առաջին հայացքից իռացիոնալ և անգամ լուսանցքային թվացող գաղափարն իրականում ունի ամուր հիմք և կարող է կենսագործվել առանց որևէ մեծ ռիսկի, քանի որ ո՛չ արաբական պետությունները, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանն ի վիճակի չեն դիմակայելու այդ նախագծին, որը վայելում է ամբողջ Արևմտյան ընկերակցության աջակցությունը։ Ի տարբերություն եվրոպացիների, ԱՄՆ-ը բավականին հաստատակամ դիրք ունի Իրաքյան Քրդստանի հարցի լուծման առնչությամբ։ Քրդերի կողմից ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հանդեպ բացարձակ բարյացակամության ցուցադրումից հետո անգամ Վաշինգտոնում դեռևս կասկածում են Իրաքում քրդական պետություն ստեղծելու հնարավորությանը` առանց տարածաշրջանում մի որևէ լուրջ առճակատման։ Բայց բախվելով Իրաքում անհատնում միջհամայնքային առճակատմանն ու Իրաքը երեք պետության տրոհելու անհրաժեշտությանը, ԱՄՆ-ը 2006-2007 թթ. ընթացքում, այդուամենայնիվ, հանգեց այն հետևության, որ քրդական պետության ստեղծումն անխուսափելի է։ Քաղնախագծողների խնդիրն այն է, թե այդ քրդական պետությունը տնտեսապես և քաղաքականապես որքան կենսունակ կլինի, ինչպես կփոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում` այդ պետության ստեղծումից հետո, ինչպես նաև, արդյոք քրդական պետությունը կունենա՞ մեկուսացած դիրք և կկատարի՞ տեղային գործառույթներ, թե՞ կդառնա տարածաշրջանային քաղաքականության կարևոր գործոն։ Ամերիկյան փորձագետները, օրինակ, Էնթոնի Կորդեսմանը և Ջուդիթ Կիպերը, պնդում են, որ ԱՄՆ-ում չկան այնպիսի քաղնախագծողներ, ովքեր կկարողանային նման սցենարներ կազմել, որովհետև այդ խնդիրը ենթակա չէ սովորական կանխատեսման։ Քրդական թեման երբեք ԱՄՆ-ում ժողովրդականություն չի ունեցել քաղաքական հետազոտողների շրջանում, և հաճախ այդ խնդիրները պարզապես չեն ընկալվում։ Այդ գնահատականներից զատ, կան նաև այլ կարծիքներ, որոնք բխում են համալսարանական լավ կրթություն ստացած երիտասարդ հետազոտողներից։ Այդ կարգի փորձագետների կարծիքով, իրականում քրդական հարցի ըմբռնումը դժվարություն է ներկայացնում միայն այն ժամանակ, երբ պահպանողական վերլուծաբանները ձգտում են խուսափել քրդերին քաղաքական անկախություն տալու նախաձեռնություններից։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի վարչակազմի համար քրդական խնդիրն Իրաքում ընկալվում է, ավելի շուտ, որպես բարոյական խնդիր, այսինքն, վարչակազմը մոտենում է այն ըմբռնմանը, թե քրդերին ինչպես փոխհատուցի նման անգնահատելի սպառնալիքների համար։ Իրաքում լայն հասարակության կողմից քրդերի քաղաքական իրավունքների ճանաչման գործում կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ի հրեական հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև բուն Իսրայելի պետությունը, որը տասնամյակներ ի վեր իրականացնում է «երկրորդ գոտու» դոկտրինը (իսկ «երկրորդ գոտին» ներառում է, միաժամանակ Թուրքիան, Իրանը, իսկ հիմա նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները), նպատակ ունենալով դիմակայելու արաբներին։ Քրդերն այդ դոկտրինում կարևոր տեղ են զբաղեցնում։ Եթե Եվրոպայում հրեական կազմակերպություններն այնքան էլ ակտիվ չեն այդ ուղղությամբ, ձգտելով պահպանել բարեկամական հարաբերությունները թուրքերի հետ, ապա ԱՄՆ-ում այդ կազմակերպությունները վարում են երկդիմի քաղաքականություն, համագործակցելով Թուրքիայի և քրդերի հետ։ 2003-2004 թթ. ռազմական գործողություններից հետո Իսրայելը, փաստորեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իրաքյան Քրդստանի հետ։ 2004-ի հուլիսին Իրաքի ապագա նախագահ Ջալալ Թալաբանին այցելեց Իսրայել, ուր բանակցություններ վարեց վարչապետ Արիել Շարոնի հետ։ Անտարակույս, Ջ. Թալաբանիին Իսրայելում ընդունեցին որպես քուրդ գործչի, ոչ թե Իրաքի ներկայացուցչի։ «New Yorker»-ի հաղորդման համաձայն, իսրայելական հատուկ ծառայությունները համագործակցում են քուրդ առաջնորդների հետ, որոնց օգնությամբ «Մոսադը» տեղեկություններ է հավաքել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իսրայելը մասնակցել է քրդական «Պարաստին» հետախուզական ծառայության ստեղծմանը, որը որոշակի դեր է խաղացել Սադամի վարչակարգի խարխլման գործում։ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ժամանակն է Իրաքյան Քրդստանում բացելու Իսրայելի հյուպատոսություն, ու չնայած իրաքցի շիաների առաջնորդների բողոքներին, այդ նախաձեռնությունը, հավանաբար, կիրականացվի (ժամանակակից Իրաքի տարածքում հրեաներն ապրել են շատ հնուց, այսպես կոչված, բաբելոնյան գերության ժամանակներից (մ.թ.ա. VI դ.)։ Հիմնականում բնակվել են Քրդստանում, գլխավորապես Քիրկուկ, Մոսուլ, Սուլեյմանիա, Էրբիլ քաղաքների շրջանում։ Հետաքրքրական է, որ 16-րդ դարի կեսերից Քրդստանի և մերձավոր տարածքների հրեաների շրջանում համբավ էին վայելում Բարազանիների ընտանիքից ելած ռաբբիները, քանի որ ռաբբի և կաբալիստ Շմուել բեն Նեթանել հա-Լևի Բարազանին (1560-1630) Քրդստանի հրեաների հոգևոր առաջնորդն էր)։ Այսպիսով, 2002-2004 թթ. որոշակի կանոնավոր և պարտավորեցնող հարաբերություններ էին հաստատվել իրաքցի քրդերի, ավելի ճիշտ նրանց առաջատար քաղաքական կազմակերպությունների և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետ։ Հետագայում, այսինքն, 2000-ականների երկրորդ կեսին, այդ հարաբերությունները բավականին բարդացան, և քրդերն աստիճանաբար սկսեցին կարևոր դեր խաղալ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում։
Իրաքյան Քրդստանի կառավարությունը և քրդական քաղաքական կուսակցությունները Վաշինգտոնում միանգամայն հասուն և շոշափելի լոբբիական գործունեություն են իրականացնում։ Ինչ-որ չափով նրանց ներկայությունն առկա է Լոնդոնում, Բրյուսելում, մի քանի այլ մայրաքաղաքներում։ Սա վկայում է, որ Իրաքյան Քրդստանը ձգտում է ինտեգրվել ամերիկյան ռազմավարության մեջ և ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատել միջպետական ձևաչափով։ ԱՄՆ-ի համար միանգամայն ընդունելի են նման հարաբերությունները։ Նա հասկանում է, որ դրանք պարտավորեցնող հարաբերություններ են և պետք է ինչ-որ բան առաջարկել քրդերին` նրանց կողմից միջազգայնորեն ճանաչված պետության ստեղծման ճանապարհին։ Նույնպիսի հարաբերություններ են ծավալվում նաև Իսրայելի հետ և, հնարավոր է, փոքր-ինչ սահմանափակ, Մեծ Բրիտանիայի հետ։ Ավելի քան 12 տարի հետևելով ԱՄՆ-ի առաջատար վերլուծական ինստիտուտների և կենտրոնների աշխատանքներին, կարելի էր հասկանալ, որ քրդերին նոր Իսրայելի դեր է հատկացվում, բայց արդեն ավելի բազմակողմ նշանակության։ Քրդերը հետևողականորեն դառնում էին մի հարվածային ջոկատ, որի ջանքերն ուղղված էին «քրդական ցավոտ կցույթում» գտնվող բոլոր չորս պետությունների` Իրանի, Թուրքիայի, Իրաքի ու Սիրիայի դեմ։ Քրդերի օգնությամբ այժմ հաջողվում է սպառնալիք ստեղծել այդ պետությունների պետական-տարածքային ամբողջականության նկատմամբ, և ամեն դեպքում քրդերը հետաքրքրություն են ներկայացնում ամենևին էլ ոչ որպես կայունության, այլ տարածաշրջանում սահմանների վերաձևման գործոն, ինչն ազդեցություն կգործի բոլոր հարևան տարածաշրջանների ու երկրների վրա։ Հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ժողովրդականություն վայելո՞ւմ է, արդյոք, ԱՄՆ-ը քրդական քաղաքական միջավայրում։ Վստահորեն կարելի է ասել, որ քրդական հանրությունը բոլոր երկրներում գերազանցապես գտնվում է ձախ գաղափարների ազդեցության տակ, ինչը որոշակի հակաամերիկյան տրամադրություններ է ենթադրում։ Այդուամենայնիվ, փաստորեն, բոլոր քրդական խմբերն ու քաղգործիչները հասկանում են, որ արդի աշխարհում միայն ԱՄՆ-ը կարող է հանդես գալ որպես քրդերի գործընկեր, քանի որ իրապես շահագրգռված է լայն ընդգրկմամբ սահմանների վերաձևմամբ, որովհետև սահմանների ներկա ուրվագիծը աշխարհում համարժեք կառավարելիություն չի ապահովում։ «Քրդական աշխարհը» լայն լաբորատորիա է դարձել ԱՄՆ-ի այդ ռազմավարական ծրագրերի նախագծման համար։ Ընդ որում, ենթադրվում էր, որ ԱՄՆ-ը չէր ցանկանա այդ ուղղությամբ միաժամանակ զուգահեռ ծրագրեր իրականացնել մի շարք պետությունների հանդեպ։ Միանգամայն հասկանալի է, որ Թուրքիայի կազմաքանդման, նրա աշխարհաքաղաքական կառուցվածքի վերանայման ամերիկյան ծրագրերը գերակա են քրդական գործոնի օգտագործման առումով։ Սակայն իրադարձություններն արաբական աշխարհում և առհասարակ Մերձավոր Արևելքում ցույց տվեցին, որ ամերիկացիներն ընդունակ են և պատրաստ են «համընդհանուր պայթյուն» առաջացնելու «մեծ կցույթում» և, երևի, շահագրգռված են ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի ու Սիրիայի նկատմամբ քրդերի գործադրած ճնշմամբ։ Քրդերը, որոնց իրանցիներն իրենք էին երկար ժամանակ գրգռում թուրքերի դեմ, հանդես եկան Իրանի դեմ, թեև այդ իրավիճակում քրդերը ո՛չ ռազմավարական, ո՛չ մարտավարական առումով շահագրգռված չէին Իրանի դեմ ելույթով։ Ներկա պահը հատկապես հարմար է, որովհետև ներկայումս պարզ են դարձել այն սպառնալիքները, որ ծագել են Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում և տարածաշրջանում ծավալվող բարդ խաղում, որին մասնակցում են արաբական պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, և հազիվ թե կարելի լինի Թուրքիայի և Իրանի համերաշխ գործողություններ սպասել։ «Սիրիական», ավելի ճիշտ «շիական» գործոնը տարածաշրջանում ավելի քան վտանգավոր իրավիճակի է հանգեցրել` լայնածավալ և անգամ համապարփակ դիմակայության առումով։
Պետք է ասել, որ ԱՄՆ-ի ծրագրերում հատկապես 2011 թ. Մերձավոր Արևելքի կազմաքանդման գործում քրդերի այդքան ինտենսիվ օգտագործման սցենարներ չեն եղել, բայց հասկանալի դարձավ, որ ԱՄՆ-ը կարող է աներևակայելիորեն արագ համախմբել ջանքերը քրդական գործոնի հրատապացման համար։ Իրաքյան Քրդստանը, որպես պետական կազմավորում, գրավելով փոքր-ինչ չեզոք դիրք, այդուամենայնիվ, հենահրապարակ դարձավ Քրդստանի աշխատավորական կուսակցության, ինչպես նաև քրդական մյուս արմատական կազմակերպությունների գործունեության ծավալման համար։ ԱՄՆ-ը նախագծել է տարածաշրջանի տարբեր երկրներում քրդերի քաղաքական կուսակցությունների անելիքների բաշխման չափազանց հարմար սխեմա։ Թուրքիայում ստեղծված քրդական «ժողովրդավարության և խաղաղության» կուսակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության տարբերակ է և, անշուշտ, սերտորեն շաղկապված է նրա հետ։ Սակայն գտնվելով ազատական դիրքերում, Թուրքիայում գործող այդ նոր քրդական կուսակցությունը հնարավորություն է տալիս առաջադրելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար միանգամայն ընդունելի գաղափարներ և մտադրություններ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ