Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԻՐԱՆԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՐԱՆԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10.02.2012 | 00:00

Իրանի հանդեպ Թուրքիայի մի շարք նախաձեռնություններից հետո, ներառյալ «միջուկային ծրագրի», ինչպես նաև Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերը, Թուրքիայի և Իրանի փոխհարաբերություններում իրականում ոչ մի էական տեղաշարժ չի եղել։ Թուրքիան փորձում էր «ճեղքում» կատարել Իրանի հետ հարաբերություններում, առաջարկելով որոշակի տարածաշրջանային համաձայնության գալ տնտեսական զարգացման և, անգամ, քաղաքական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակության հարցերում։ Իրանի ու Թուրքիայի միջև քաղաքական տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակություն վաղուց է տեղի ունենում, ինչպես տեղի է ունենում ուրիշ շատ պետությունների միջև։ Այնինչ, Իրանը, չհրաժարվելով տարփողել թուրք-իրանական ցուցադրական մերձեցումը, նշել է, որ միտք չունի որևէ ալյանս ստեղծելու Թուրքիայի հետ և նրան պարզորոշ հասկացրել է, որ չի պատրաստվում հանդես գալ Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման նախաձեռնությունների պաշտպանությամբ, որոնք երկար քննարկում են պահանջում, մանավանդ այլ պետությունների մասնակցությամբ։ Թուրքիան Իրանի ղեկավարությանն արդեն իր տարակույսներն է հայտնել Իրանի դիրքորոշման առնչությամբ։ Օրինակ, Թուրքիան համոզվել է, որ Իրանը չի պաշտպանելու Հարավային Կովկասում, Լիբանանում և Իրաքում Թուրքիայի նախաձեռնությունները, այլ սոսկ հանդես է գալու դիտորդի դերում։ Իրականում, Իրանը խիստ զգուշավոր ու թշնամաբար է վերաբերվում տարածաշրջաններում և, առաջին հերթին, Իրանի մերձավոր երկրներում` Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, ինչպես նաև Հարավային Կովկասում Թուրքիայի մտադրություններին։ Իրանը նկատելիորեն նյարդայնացած է ԱՄՆ-ի օգնությամբ ու հավանությամբ Իրաքում իր ներկայությունն ու ազդեցությունը մեծացնելու Թուրքիայի փորձերի առթիվ։ Իրանը նաև կասկածներ ունի, որ Թուրքիան փորձում է Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Իրաքում իր գործողությունները պաշտպանելու շուրջ, ինչն Իրանը դիտում է որպես իր դեմ ուղղված «դավ»։ Բայց ամենից ավելի Իրանն անհանգստացած է Թուրքիայի «սուննիական խաղերից», որը ձգտում է արաբների հետ համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ` ի վնաս Իրանի շահերի։ Իրանի հանդեպ թուրքական նախաձեռնությունների ժամանակաընթացքում, փաստորեն, չի լուծվել թուրք-իրանական առճակատմանն առնչվող ոչ մի հարց, մասնավորապես, Իրաքում ու Լիբանանում սուննիների և շիաների պաշտպանության խնդրի առնչությամբ, անգամ հեռավոր հաշտության եզրեր չեն երևում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, քրդական հարցում, ինչպես նաև միմյանց դեմ հետախուզական գործունեության խնդիրների կարգավորման գործում, ինչն առանձնակի անհանգստություն է առաջացնում։
Ներկայումս Իրանը պատրաստ է մեծ ջանքեր գործադրել` ձախողելու Թուրքիայի նախաձեռնությունները Մերձավոր Արևելքում, թեև համանման խնդիրներ կան նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Իրանը շարունակում է նպատակ հետապնդել ստեղծելու ավելի կուռ դաշնախումբ` ներառյալ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը, Տաջիկստանն ու Իրաքի շիաները։ Իրանը տարածաշրջանի պետություններին հասկացնում է, որ ոչինչ չի փոխվել իր մտադրություններում, այլ ընդամենը տարածաշրջանում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Սիրիայի քաղաքական ղեկավարներն Իրանին հասկացրել են արդեն, որ իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ ամենևին չեն ժխտում և չեն նսեմացնում Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը։ Փորձագետների կանխատեսումների համաձայն, մոտ ապագայում, այսպես թե այնպես, Իրանի և Թուրքիայի միջև ավելի կոնկրետացված առճակատում տեղի կունենա տարածաշրջանային ազդեցության առնչությամբ։ Այդ առճակատումն առայժմ զսպում է այն, որ երկու պետություններն էլ փորձում են թույլ չտալ, որպեսզի այդ հակամարտությունից օգտվեն արաբական պետությունների նախ և առաջ, Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի որոշ քաղաքական շրջանակներ ու կառավարություններ, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Հետաքրքրություն է ներկայացնում այն, թե որքանով է Իրանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունն ազդեցություն գործում արևմտյան պետությունների վրա, և ինչպիսիք են Ֆրանսիայի փորձագետների գնահատականներն իրանական ուղղությամբ թուրքական քաղաքականությանը։ Ֆրանսիան ու Գերմանիան միշտ էլ անվստահությամբ են վերաբերվել Իրանի հանդեպ Թուրքիայի նախաձեռնություններին։ Մեծ Բրիտանիան ձգտել է հասնել այն բանին, որ Թուրքիան Իրանի հարցում ավելի բարեհաճ լինի Արևմտյան ընկերակցության նկատմամբ, բայց դա ձախողել է Թուրքիայի հետ կապված բրիտանացիների շատ հույսեր։ Ֆրանսիան Իրանի առնչությամբ թուրքական նախաձեռնությունների հենց սկզբից հիշեցնում էր, որ Թուրքիայի ու Իրանի փոխհարաբերություններում չեն կարող լինել բավականաչափ սերտ ու փոխշահավետ սպասելիքներ, և տեղի է ունենում վատ քողարկված խաղ ավանդական տարածաշրջանային մրցակիցների միջև։ Այդ հարցում Ֆրանսիան լիովին համամիտ էր ԱՄՆ-ի ու Գերմանիայի հետ, որոնք հասկանում էին, որ Թուրքիան ի վիճակի չէ ազդելու Իրանի վրա, և մտադիր էլ չէ դա անել, և պետք է միայն սպասել ու նայել, թե ինչ կերպ կփոխվի Թուրքիայի դիրքորոշումը։
Վերջին ժամանակներս Թուրքիան սկսել է ավելի հստակ հասկանալ, որ Իրանի հարցում իր նախաձեռնություններն անիմաստ են, քանի որ հանգեցնում են Արևմուտքում սեփական դիրքերի կորստին և միաժամանակ չեն հանգեցնում տարածաշրջանում Իրանի վրա ազդեցության ուժեղացմանը։ Ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները մտադիր չեն եղել Թուրքիային ավելի մեծ նշանակություն տալու համաշխարհային քաղաքականության մեջ, քան նա իրականում ունի։ Արևմտյան ընկերակցությունը չէր ցանկանա Թուրքիային որևէ վաստակ վերագրել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման, վերջինիս «միջուկային ծրագրի» հետ կապված խնդրի լուծման գործում։ Թուրքիան քանիցս առիթ է ունեցել հասկանալու, որ ամերիկացիներն ու եվրոպացիները մտադիր չեն իրենց քաղաքականությունը պայմանավորել Իրանի հետ իր հարաբերություններով, և իր նախաձեռնություններն ամենևին էլ պարտավորեցնող չեն համարում։ Թուրքիան այժմ իրեն զգում է Իրանի և Արևմուտքի հետ խաղում տանուլ տված, ձգտում է ձևակերպել նոր առաջարկություններ ու ավելի համապատասխանել արևմտյան քաղաքականությանը։ Անկարայում սկսել են երկյուղել, որ իրավիճակից կարող են օգտվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի քաղաքական շրջանակները, որոնք մտադիր են Թուրքիային դատապարտել «նոր արտքաղաքական կուրս» իրականացնելու համար, և առայժմ չեն հասկանում, թե ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից։ Բնական կլիներ, եթե Թուրքիան ավելի միաբան լիներ Արևմուտքի հետ և ավելի քննադատական դիրք բռներ Իրանի հանդեպ, բայց Անկարան շարունակում է շահարկել իրանական թեման։ Պետք է նշել, որ Թուրքիան իր համար ոչ մի դրական բան ձեռք չի բերել Մերձավոր Արևելքում` ձգտելով միջնորդի դեր կատարել Արևմուտքի ու Իրանի միջև։ Արաբական պետությունները հիմնականում շահագրգռված չեն եղել Իրանի հետ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հարաբերությունների կարգավորմամբ, առհասարակ նրանց միջև առկա լարվածության մեղմացմամբ։ «Իրանական սպառնալիքը», նախ և առաջ «միջուկային ծրագրի» ոլորտում, պայմանավորում է ԱՄՆ-ի սերտ հարաբերություններն արաբական պետությունների հետ, որոնք Իրանը համարում են անցանկալի գործընկեր Մերձավոր Արևելքում և շահագրգռված են Արևմուտքի կողմից Իրանի ռազմավարական զսպմամբ։ Առաջատար արաբական պետությունները` Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները` Հորդանանն ու Պարսից ծոցի պետությունները, ամենևին շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում ո՛չ Իրանի, ո՛չ Թուրքիայի դերի մեծացմամբ, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի միջև ավելի սերտ հարաբերությունների ձևավորմամբ։ Այդ առաջատար արաբական պետությունները շահագրգռված չեն նաև տնտեսական համագործակցության ինչ-որ գոտու ստեղծմամբ, որը, իբր, պիտի ներառի Թուրքիան, Իրանը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը։ Այսպիսով, Իրանի հանդեպ խաղերը ոչ մի բան չեն տվել Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականությանը, այլ միայն նյարդայնացնում են արաբական երկրներին։ Ֆրանսիացի փորձագետները կարծում են, որ Թուրքիան շահագրգռված չէ Իրանի «միջուկային ծրագրի» զարգացմամբ, և համոզվել են, որ նրա ջանքերը, համաշխարհային հանրության կարծիքով, չեն նպաստում այդ ոլորտում Իրանի ջանքերի սահմանափակմանը, այսինքն` Թուրքիան հայտնվում է խիստ կասկածելի վիճակում։ Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների հետ նոր բանակցություններ սկսել Իրանի առնչությամբ իր նախաձեռնությունների շուրջ։ Նա կցանկանար կողմնորոշվել իր նախաձեռնությունների հարցում և պարզել, թե իմաստ ունի՞, արդյոք, շարունակելու սեփական ջանքերը, Արևմուտքը մտադի՞ր է թուրքական նախաձեռնություններն ընկալելու իբրև կառուցողական։ Պարզվում է, Թուրքիան հայտնվել է քաղաքական փակուղում ու հիմա չի կարող վերցնել ու հրաժարվել իր նախաձեռնություններից կամ նոր առաջարկություններ անել, քանի որ այդ դեպքում կընկալվի որպես մի պետություն, որը սխալ է հաշվարկում իր արտքաղաքական քայլերը։
Եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ը չեն ձգտում ընդլայնել պատժամիջոցներն աշխարհագրական առումով։ Նրանք, այդ թվում նաև` Մեծ Բրիտանիան, կարծում են, որ հարևան ու մյուս պետությունների հետ արտաքին առևտրի ասպարեզում գործադրվող արգելքներն ու սահմանափակումները կվնասեն Իրանի բնակչությանը։ Եվրոպական պետությունները չէին ցանկանա իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին սովի պատճառ դառնալ և այլ բացասական հետևանքների հանգեցնել բնակչության համար։ Հայ-իրանական հարաբերությունների հարցը երբեք հատուկ քննարկման առարկա չի դարձել, այն արծարծվել է միայն տարբեր խնդիրների քննարկման ընդհանուր համատեքստում և, փորձագետների գնահատմամբ, լիակատար փոխըմբռնում կա այն հարցում, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է տուժի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, և նրա տնտեսական հարաբերություններն Իրանի հետ չպետք է սահմանափակվեն։ Ինչ վերաբերում է էներգետիկ նախագծերին, ապա պատժամիջոցները չեն նախատեսում սահմանակարգային բնույթի որևէ սահմանափակում, բայց միջտարածաշրջանային նշանակության էներգետիկ հաղորդուղիների ծրագրման ու կառուցման ոլորտում Իրանի մասնակցությունը կտրականապես բացառվում է։ Տարածաշրջանային էներգետիկ հաղորդուղիների ստեղծումը, այսինքն` Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը, չի սահմանափակվի։
Այս կապակցությամբ շատ հետաքրքրական են այն սցենարները, որոնք ուրվագծվում են Հարավային Կովկասում, Բալկաններում ու Եվրոպայի այլ շրջաններում, ուր թուրքական ներկայությունը խիստ շոշափելի է։ Ղարաբաղյան խնդիրն այս առումով կդիտարկվի ստորև, իսկ մինչ այդ` Բալկաններում թուրքական քաղաքականության խնդիրների մասին։ Եվրոպացիները դեռևս աշխատում են Բալկաններում Թուրքիայի քաղաքականությունը ներկայացնել որպես խաղաղարար, համախմբող և այն հակադրել արմատական իսլամական միտումներին։ Ֆրանսիայի արտգործնախարարության աշխատակիցներն առաջարկել են հենց այսպիսի մեկնաբանություն, միաժամանակ, արտահայտելով կառավարության պաշտոնական տեսակետը։ Եվրոպացիները նկատում են, թե Թուրքիան ինչ կերպ է Բալկաններում հաջողությամբ տարածում հակամարտությունների նկատմամբ վերաբերմունքի պրակտիկան և այն կիրառում Կովկասում, Բեսարաբիայում, Ղրիմում ու Իրաքում։ Ինչպես հայտնի է, այդ տարածաշրջաններում Թուրքիան նախընտրում է թուրքախոս ազգերի միակողմանի պաշտպանությունն ու հովանավորությունը, ազգեր, որոնք հակամարտության մեջ են այլ պետությունների, ազգերի ու համայնքների հետ։ Բալկաններում հակամարտությունների հենց սկզբից մինչ օրս Թուրքիան անփոփոխ շարունակում է միակողմանի օգնություն ցուցաբերել բոսնիացիներին ու ալբանացիներին, այսինքն` մուսուլմաններին, ովքեր այնքան էլ չեն համակրում թուրքերին, բայց, ընկնելով ներկա վիճակի մեջ, հարկադրված են ընդունելու նրանց հովանավորությունը։ Թուրքիայի այդ դիրքորոշումն ամենևին չի նպաստում ո՛չ հակամարտությունների կարգավորմանը, ո՛չ իսլամիստական միտումների մեղմացմանը։ Եվրոպայում շատ լավ են հասկանում Բալկաններում Թուրքիայի հետապնդած նպատակներն ու խնդիրները, սակայն շահագրգիռ են այդ բարդ ու վտանգավոր տարածաշրջանային խաղի մեջ Թուրքիայի ներգրավմամբ, որտեղ, նրանց մտահղացմամբ, նա ոչ թե կհասնի Եվրոպայում իր ազդեցության աճին և կկարողանա սեփական ուզած տեղը գրավել Եվրամիությունում, այլ ընդհակառակը, ձեռք կբերի ագրեսիվ ու նվաճողամետ պետության համբավ։ Ներկայումս ոչ ոք և ոչինչ համաեվրոպական ասպարեզում չի խանգարում Բալկաններում Թուրքիայի ուժեղացմանը, և անգամ իրենք` բալկանյան պետությունները, դեռևս գործընկերներ չեն գտել Եվրոպայում` թուրքական նվաճողամտության դեմն առնելու համար։ Իրավիճակը, ինչպես մյուս տարածաշրջաններում, բավականին բարդ է։ ԱՄՆ-ը, իհարկե, հնարավոր համարում է Թուրքիայի թափանցումը Բալկաններ` հեռահար մտադրություններով։ Նախ, հենց այդ տարածաշրջանում առավել հավանական է եվրոպացիների ու թուրքերի միջև բախում հրահրելը, ինչը կլինի ԱՄՆ-ի հետապնդած ամենագլխավոր հակամարտությունը, որ նա ցանկանալու է Թուրքիայի վզին փաթաթել նաև այլ տարածաշրջաններում։ Երկրորդ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մայրցամաքային եվրոպական տերությունները կարող են հուսալ, որ Բալկաններում կբախվեն Ռուսաստանի և Թուրքիայի շահերը` «սլավոնական հարցի» առնչությամբ։ Երրորդ, հնարավոր են ոչ միայն թուրք-եվրոպական առճակատում ու բախումներ, այլև թուրք-ամերիկյան քաղաքական ընդհարում, ինչի հույսեր կարող են փայփայել նաև եվրոպացիները, քանի որ հենց ամերիկացիներն են նախագծել Բալկաններում գոյակցության ամբողջ ներկա ուրվապատկերը։ Այս պարագայում սպառնալիքի տակ կարող է դրվել նրանց իսկ ստեղծած անվտանգության համակարգը, որը խիստ խոցելի է։
Ռուսաստանը, որը խիստ նեղսրտած է Բալկանների սլավոնական և ուղղափառ պետություններից, նույնպես շահագրգռված է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացմամբ, նպատակ հետապնդելով արտաքին սպառնալիք ստեղծել իր հնարավոր գործընկերների համար` ի դեմս Բուլղարիայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Հունաստանի, ինչը նրան թույլ կտար խուսանավել տարածաշրջանում։ ՈՒստի ներկայումս Բալկաններն այն տարածաշրջանն է, որտեղ Թուրքիան գործում է միահեծան և ձեռք բերում աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նոր դիրքեր։ Դրա հետ մեկտեղ, Բալկանները գտնվում է արտաքին սևեռուն հսկողության տակ ու միշտ կարող է դառնալ միանգամայն նոր աշխարհաքաղաքական հակամարտության ասպարեզ, ներգրավելով ոչ միայն ԱՄՆ-ը, եվրոպական պետություններն ու Ռուսաստանը, այլև իսլամական աշխարհի մի շարք պետություններ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ