Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՆՈՐ ԽԱ՞Ղ

ՆՈՐ ԽԱ՞Ղ
16.09.2011 | 00:00

Շաբաթն իրադարձային էր: Առաջին նախագահը միտինգ արեց: Երկրորդը հարցազրույց «արեց»: Երրորդը` ընդունելություն:
ԵՐԵՔՇԱԲԹԻ «ԻՐԻ՜ԿՈ՜ՒՆ, ԺԱՄ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ՜Ն»
Երեքշաբթի «ժամ 12-ին» մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը: Տխուր մեկնարկ էր. դահլիճը գրեթե կիսադատարկ (90 պատգամավորն առաջին նիստին ուղղակի նոնսենս է, եկածների մի մասի բերնում էլ շունչ չկար, մի մասն էլ սպիտակ կամ կարմիր մայկայով էր), «անառակ որդու» հանգով իր տեղում նստեց «Ժառանգությունը», նրանցից ներքև` «սև-սիֆտակ» կոստյում-«շլվրով» ՀՅԴ-ն էր. Արմեն Ռուստամյանին դահլիճ մտնելուն զուգընթաց հարցրինք. հը՞, փակո՞ւմ եք ՀոՀիԴա-ն, Սիսիանում մարդ չի մասնակցել ձեր միտինգին, ինքն էլ հընթացս, թե` «հենց մի բաց բան եք տեսնում, ասում եք` փակենք»:
ԲՀԿ-ն, ինչպես միշտ, վերացած հայացքով նստել, փորձում էր հասկանալ (ինչպես կասեր նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկը մեզ)` հիմա իրենք կա՞ն, թե՞ չկան, և ուրեմն` ԲՀԿ-ն բացակա հայացքը հառած ԱԺ ամբիոնին, իրեն հուզող հարցի պատասխանին էր սպասում, իսկ ամբիոնում Միլոշ Ֆորմանին արժանի «կադր» էր թևածում. ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահներն այնպես էին միմյանց կողք նստել, ասես նրանց մի երկու օվկիանոս ու երեք մայրցամաք են բաժանում (Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն քեֆ չուներ), չկար նույնիսկ բարեկամ Գագիկ Ծառուկյանը, որ կարող լիներ ԱԺ առաջին նիստին խորհրդարանի տիրոջ իմիջը բարձրացնել, նոր նստաշրջանին քիչ մը տոնականություն ու հանդիսավորություն հաղորդեր:
Ախր, ի վերջո, անկախության քսանամյակին նախորդող նիստ էր: Ախր, էլ գարնանային նստաշրջան չի լինելու: Ախր…
Ոչ մի «ախր»: Ասինք` Արգամիչը քեֆ չուներ: «Արգամիչին լա՜վ հյուծում են»,- նկատեց «դիպուկահար» պատգամավորներից մեկը` նկատի ունենալով նախ` Կարեն Կարապետյանի նախորդ օրվա հրաժարականը, որից, ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանը լիքը դաս ու դաստիարակություն պետք է քաղած լիներ. որովհետև, ըստ փորձագետների, այն «կուժ ասեմ` կուլա, արագ լսիր» չափաբանությունում էր, և նշանակում է, որ Սերժ Սարգսյանն էլ հավես չունի «կապրիզներ» տանելու (որովհետև, ի վերջո, կարող էր և չստորագրել Կարենի «բարաթը», ինչպես չէր ստորագրել ժամանակներ առաջ), հետո էլ Արգամիչը քաղաքական նոր վերադասավորությունից էնպես է կորցրել իրեն, որ կես ժամը մեկ ասուլիս էր տալիս. նա նախ մի պահ մոռացավ, որ ցուցահանդես է բացում, մի քիչ ասուլիս տվեց, հետո մի քիչ ցուցահանդես բացեց ու էլի ասուլիս տվեց… Երևի ուզում էր հարկավորներին անպայման հասցրած լինել, որ ուզելով չի ուզում` «նետ», չէ, էլի, այ մարդ, վարչապետ դառնալ:
-Իսկ ՀՀԿ շտաբի պե՞տ,- հարցրեց այս «չարաբաստիկ» թերթը նրան:
-Չէ, «նետ»,- էդ էլ չէր ուզում:
-Բա ի՞նչ եք ուզում,- հարցրեց «չարաբաստիկը»:
Լսվեց «բարեբաստիկ» պատասխան.
-ԱԺ նախագահ:
Դո՛ւ ուզեցիր:
Բայց դե ո՞վ տա «զվազելն եղանց և զվարգելն եղջերվաց» զԱրգամիչ Հովիկին, երբ դեռ ընտրությունների ելքն անհայտ է, քաղաքական պայմանավորվածությունները` չկայացած, էլ չենք ասում, թե ինչքա՜ն ԱԺ նախագահացուներ կան «իմ ժողովրդի մեջ»:
Բայց դե, որ մեր ԱԺ նախագահն սկսել էր «ուզումների» շարքը, շարունակեցինք. իսկ ուզո՞ւմ եք, որ կոալիցիան միասնական ցուցակով գնա խորհրդարանական ընտրությունների: Հասկացավ` ինչ ենք «նամյոկ» անում: Ասաց` որևէ խնդիր չի տեսնում, պետք է հավաքվել և քննարկել: Ձեր ցանկությունը. կոնկրետացանք մենք: Տվեց ակնկալված պատասխանը. սպասենք երեք-չորս ամիս:
Ինչի՞ն. չէ՞ որ երեք-չորս ամիս հետո` «ով սա՜ղ, ով մեռա՜ծ»:
Իսկ եթե քաղաքագիտորեն ճշգրիտ, ապա, որքան մենք ենք տեղեկացված, սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին` արևմտյան մեծ տուռնեից հետո, Սերժ Սարգսյանը սկսելու է քաղաքական վերադասավորությունների փուլը (այս մասին` հաջորդ նյութում):
ՍԵՐԺԸ ՇԱՐՈ՞ՒՄ Է ՈՒԺԵՐԸ
Ըհը՛: Պարտիան բարդ է այնքան, որ խաղատախտակին երեք թագավոր կա: Բայց դե, մարդն էլ ֆեդերացիայի նախագահ է: Ակնհայտ է, նոր մարտավարությամբ է խաղն ընթանում, և երկու թագավորներից ոչ մեկին նա «շախ» չի հայտարարում: Եվ մատ էլ չի ասելու։ Խաղում է երկուսի հետ էլ: Հնարավորություն տալով նրանց դրսևորվելու, իրար մեջ կիսելու «դոսկան»: Հիմնականում` ռուսական մասով:
Ընդդիմության հետ երկխոսությունը, չկասկածեք, ինչ-որ փուլից կվերսկսվի: Լևոնն էլ իր հերթին միտինգային ելույթում էնպես «հարվածեց», որ օլիգարխները հիշեցին «իրենց հոր հարսանիք»: Սա երկուստեք, իսկ եթե անկեղծ` առավել Սերժ Սարգսյանին ձեռնտու խաղ էր. այն, ինչ չի կարող ինքն առայժմ անել, Լևոնը հավեսով ու «խոսուն» անում է: Նկատում եք, որ այս պարտիայում անմասն չէ նաև ԲՀԿ-ն, որը օլիգարխ համարվող մեկ մարդու կուսակցություն է:
Քոչարյանն էլ էն օրը հարցազրույց տվեց: «Մեդիամաքսին»: Անկապ: Չէ՛, կապված անկախության քսանամյակի հետ, բայց հարցերն իրար հետ կապ չունեին, պատասխանները` է՛լ առավել, ու էլի ակնհայտ դարձավ` մարդը ռեֆերենտի սուր խնդիր ունի (չգիտեք` հարցրեք, ասենք. որքան էլ անկեղծ ու բնութագրական է, այնուհանդերձ փիար հարցազրույցում նման եզրույթ երբեք չի կարելի կիրառել. «բնազդը» հոգեբանական բոլորովին այլ կատեգորիա է, ֆրոյդիզմի և դիվայնության գնացող արմատ, պետք է օգտագործել «ինտուիտիվ, ներզգացողություն, ենթագիտակցություն» եզրույթները):
Մյուսն էլ հարցազրույցում Քլինթոնի «մոմենտն» էր, որ ուղղակի սպանեց. ճիշտ է` ուզել են լավ, բայց ստացվել է «Կալաշնիկով» (Չեռնոմիրդինն է, չէ՞, ասել, ինչ էլ անենք` յա ԽՍՀՄ է ստացվում, յա` Կալաշնիկով). ո՞ր Քլինթոնին է «ո՛չ» ասել ու միայն «քաղցր հուշեր» պահպանել երկրորդ նախագահը (ախր նա իսկի ամերիկացի նախագահի երես էլ չի տեսել. կես անգամ Քլինթոնին է հանդիպել, մի կես էլ` Բուշին. էդ որ ուզում է ցույց տալ, թե ինքը գեոպոլիտիկն է, հանուն որո՞ւ է անում): Քլինթոնի մասով շատ ենք գրել. մեկժամանոց նրանց հանդիպումը տևել է կես ժամ, մնացած կես ժամը Քլինթոնն ու ինքը լուռ նայել են զմիմյանս, որովհետև բան չեն ունեցել ասելու, հանդիպումն ամերիկյան հայկական լոբբին էր կազմակերպել, մեծ ջանքերի շնորհիվ, Քլինթոնն էլ այդ ժամանակ «կաղ բադիկ» էր. հիմա ռեֆերենտն ինչի՞ է հիշում, որ մենք էլ «հիշենք» խեղճ «Քլինթոնի մո՞րը» (ականջը կանչի Վանոյի), մանավանդ որ, մենք այսօր խիստ «բարեբաստիկ» ենք թե՛ ԱԺ նախագահի, թե՛ երկրորդ նախագահի նկատմամբ ու պատրաստ ենք կես դրույքով աշխատելու իրենց թիմում որպես խորհրդական:
Բայց կարևորն էդ չէ, ինչպես ասում են. կարևորը ոչ թե հաղթելը, այլ մասնակցությունն է: Էս պարագայում:
Եվ ուրեմն` Քոչարյանը հարցազրույց է տվել, հայոց կայքէջերը, եթերը լցվել են նրա կենդանի կադրերով, շարժումներով. ահագին «վախտ»` պարոն Քոչարյանի թոշակառությունից հետո, նրան այդպես «լեգիտիմացված» չէինք տեսել։
Չէ՛, չենք ասում, թե նախագահականն անսացել է մեր թերթի հորդորին ու երեք նախագահներին ի մի բերելու պակտ է իրականացնում: Իցիվ թե: Չէ՛, քաղաքական ռեալպոլիտիկայի անընդմեջ սեանս է ընթանում (չմոռանանք, որ լուր սպրդեց վերջերս, որ Սերժն այցելել է Քոչարյանին):
Սերժ Սարգսյանը փորձում է պայմանավորվել թե՛ Լևոնի, թե՛ Քոչարյանի հետ` խաղի շո՞ւրջ: Կարծես:
Այլ կերպ ասած` բալանսի է բերում ներքաղաքական դաշտը. իր լեզվով ասած` մրցակցայնացնում այն` դրսի «տապորները» հերթական անգամ` ընտրությունների ընթացքում շատ սուր չզգալու համար: Կարծես:
Ասինք` մրցակցություն, հիշեցինք. և ուրեմն, բավականին հետաքրքիր «մրցույթ»` «նեպրիյազն» է առաջացել Լևոնի ու Ռոբի թիմերի միջև (մի հարցնող լինի` ինչո՞ւ. էն WikiLeaks-ը չէր գրե՞լ, թե մինչ Լևոն Զուրաբյանը փորձում էր Փենինգթոնի հետ մարտի մեկին պայմանավորվել-բանակցել, որպեսզի Փենինգթոնը դառնա փաստացի միջնորդ իշխանության` Ռոբերտի ու ընդդիմության` տնային կալանքի տակ գտնվող Լևոնի միջև, մեկ էլ Փենինգթոնին տեղեկացրել են, որ ուղիղ բանակցություններ են գնում Ռոբի և Լևոնի միջև… Հետաքրքիր է, չէ՞), և ուրեմն, WikiLeaks-ի «откровения»-ները դեպրեսիվ սպադի մեջ են գցել խորհրդարանական ընտրությունների գնացող «ռոբիստներին», որոնք այն կարծիքին են, որ Հայաստանում Ռուսաստանին հավատարիմ մի ուժ ու մարդ կա` դա ֆրանսիական Պատվո լեգեոն ստացած Ռոբերտ Քոչարյանն է, իսկ ահա այդ «աննամուս» WikiLeaks-ը խառնում է տախտակն ու խաղը, և ամեն վայրկյան ցույց տալիս` «իբր Լևոնը ռուսական վեկտոր է, ոտից գլուխ հակված է դեպ Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանը «поддержка» անի այս խորհրդարանական ընտրություններում Լևոնենց, որպեսզի նրանք, որպես ռուսական վեկտոր, մտնեն պառլամենտ»:
Ա՛յ-ա՛յ-ա՛յ… Կարելի է կարծել` ՀՀԿ-ն, Բորդյուժայի ու Պատրուշևի թանկագին ընկեր ՕԵԿ-Արթուրը, ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, էլ չենք ասում ԱԺ ապագա ու վաստակավոր նախագահ Հովիկ (Հովիկ բառը քամի՞, թե՞ զով բառից է առաջացել) Արգամի Աբրահամյանը արևմտամետ են մի ուրիշ ձև, ու հայոց ապագա պառլամենտն էլ քառասունինը տարով մեզ սահմանապահած «ռուսի օրհնված ոտից» անտե՞ր է մնում:
Վատ բան ստացվեց. իսկապես Քոչարյանենց տեղ չմնաց..
Լավ, ոչինչ, «не везет вам в смерти, повезет в любви»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ