ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԳԱ՞ ՔՈՉԱՐՅԱՆԸ. ՀԱ՛

ԳԱ՞ ՔՈՉԱՐՅԱՆԸ. ՀԱ՛
28.02.2012 | 00:00

ՍԱ Ի՞ՆՉ ՖԵՆՈՄԵՆ Է
Էթնիկ տեսակի՞: Միջուկի՞: Մարդո՞ւ: Փոքր մարդո՞ւ: Փոքր ազգի՞: Թե՞ բոլորը` մեկտեղ:
Ինչո՞ւ հայաստանյան նախագահները չեն կարողանում ինքնաբավ լինել ու չմտածել հոգեդարձի մասին: Հոգեդարձը տրվում է բացառապես չհասկացածը հասկանալու համար, որպես բոնուս, որպես կիսատ մնացած գործի շարունակություն: Ոչ նյութական պլանում:
Լևոնի դեպքում այդպես էլ եղավ:
Թվաց, գնացել էր մեկընդմիշտ: Կարողացել պատմական առաքելությունը գերակայել ամբիցիաներին: Հետ եկավ: Պարզվեց` լավ էր շուտ գար, որովհետև ողնաշարի հատակում` թանաքամանի մեջ քնած կունդալինը` կապույտ օձը, ահավոր շատ էր թանձրացել ու ծանրացել: Տասը տարվա «թռիչքը» ծանր ստացվեց:
Գլուխը քարը, եթե այդ ամենը վերաբերեր միայն իրեն: Նույնիսկ ոչինչ, եթե վերաբերեր բացառապես այն շրջանին, որում ինքը վերադարձավ: Գլուխը քարը, եթե ամեն ինչ վերջանար այդ ժամանակաշրջանով:
Չէ. նախադեպ էր խնամքով «գոյացվում», ինչպես խնամքով գոյացվում, թովվում էր իր թանաքամանի օձը: Տասը տարի շարունակ:
Մի խոսքով, Լևոնը եկավ, դրսևորվեց, ինքն իրենից ազատվեց, պատրաստեց հաջորդ նախագահի «հոգեդարձը»:
Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ առաջին-հիմնադիր նախագահի գծած նախադեպը մնա լոկ նախադեպ ու չկրկնվի:
Կարո՛ղ է: Եթե նրան հաջորդած երկրորդ նախագահը գիտակցականության, էթնիկ տեսանկունից ավելի բարձր տեսակ լինի, կարողանա անցնել առաջին` հիմնադիր նախագահի չանցած ճամփան, իր միջով հաղթի այդ «կարման»:
Ծիծաղո՜ւմ եք: Կարող եք նաև հռհռալ: Կա՛ այդ իրավունքը: Որովհետև առաջին և երկրորդ նախագահների գիտակցականության համեմատությունը հույսի տեղ չի թողնում: ՈՒ չի թողնելու: Եթե ոչ ավելին: Անզորացնելու է:
Չնայած առաջինը` հիմնադիրը, գոնե մտածողության մի քանի պլան ուներ: Նա մի քանի շերտանի էր, և հույս կար, որ պլաններից մեկի «դարակում» կա նաև էթնիկ տեսակի հաղթանակի քնած կոդը, որն իր հաջորդ նախագահներից որևէ մեկը կարող է վերցնել ու տեսակին հոգեդարձի արհավիրքներից ազատել (աղոթենք` տիեզերքը ողորմած գտնվի` այդ տեսակը լինի հենց Սերժ Սարգսյանը, որ գնալուց հետո երբեք չմտածի հետ դառնալու, «հոգեդարձ» ապրելու, օձ տաքացնելու մասին. որ կարողանա սեփական ողնաշարում ինքն իրեն հաղթել, ինչն էլ կլինի նրա ամենամեծ «բարեփոխումը»` բոլոր սերունդների տրանսֆորմացիան, որը այսպես ու այսքան պակասում է ազգին):
Հա, երկրորդ նախագահը ունի մեկ պլան: Ինչը որքան պարզ, նույնքան բարդ է` այն հաղթահարելու տեսանկյունից:

ԲԱ Ո՞ՆՑ «ԿԸԼՆԻ»
Լավ կլինի: ՈՒ տա՛ Աստված, որ քաղաքական իրադրությունն այնպես դասավորվի, որ Քոչարյանն ստիպված չլինի տասը տարի սպասել ու նոր գալ: Թող գա այս ընտրություններին: Պարպվի ու հեռանա: Սրանում էլ ենք համոզված, որովհետև նույն իր համար անապատի ձայն դառած, ճանապարհը նախապատրաստած առաջին նախագահը, որքան «կանխատեսել» է իր հաջորդի վերադարձի հնարավորությունը, նույնքան էլ պարտության սինդրոմն է մշակել, տվել ձեռը:
Սեփական պարտությամբ:
ՈՒ թե չլինեին մարտի մեկի տասը զոհերը, այդ «հոգեդարձերն» առանձնապես մեծ չարիք չէին կարող համարվել էթնոսի համար` իր ընդհանուր հիվանդ մարմինը վերականգնելու, հակակշիռներ ունենալու, ներքին ուղին մարդավարի անցնելու տեսանկյունից:
Եթե ուզում եք, ու թե` շատ ճշմարտացի, ապա այս ամենում սեփական սկզբին, արմատին վերադառնալու շատ թանկ գին էլ կա, որ վճարվեց մարտի մեկի արյամբ (հավերժ խոնարհում այդ օրը զոհված տղերքի հիշատակին), որը ո՛չ Լևոնը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժը հաստատ չեն հասկացել, սակայն ազգի ընդհանուր մարմինն այդ կորուստների գնով վերականգնելու սինդրոմը նույնպես աշխատում է, ու թե առաջին, երկրորդ նախագահներն իմանան, որ իրենցով տիեզերքն առավել մեծ հարցեր է կարգավորում ու ոչ թե իրենց սեփական ամբիցիաների խնդիրն է լուծում, մի հատ էլ «կծռվեն», աշխարհի վրա ահավոր կչարանան-կդառնանան ու կգնան բուծելու թանաքամանի մեջ քնած իրենց կապույտ օձին:
Բայց քանի որ տիեզերքն արդար է, ապա նույնիսկ մեր գրելուց հետո իրենց մոտ «պրոսվետլենիյե» տեղի չի ունենա:
Ավելին` իրենք այս ամենը խելագարություն կհամարեն, գրողին էլ` «գիժ», ու կգնան իրենց ամբիցիաներին բավարարում տալու, իրականում` իրենց վրա դրված միսիան իրականացնելու:

ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ, ԷՆՔԱՆ ԼԱՎ
Քոչարյանի` հետ վերադառնալու էներգիան արդեն «պուսկի» մեջ է: Եվ վաղուց է «պուսկի» մեջ: Այն իր գործն անելու է: Ցանկացած ժամանակում, ցանկացած տեղում:
Օսկանյանը «պուսկի» առաջին սիմվոլն է: ՈՒ ո՜նց ենք սիրում էս Օսկանյանին (ինչքա՜ն հարազատ է էս Սիմոնն ինձ. էս աստվածաշնչյան Սիմոնը չէ, էս Հրանտ Մաթևոսյանի ու Աղունի անճար Սիմոնն է, որ` թե քամի եղավ, գլխարկը կտանի, թե չեղավ, կմնա գլխին. սիրո՜ւմ եմ էս Օսկանյանին, որովհետև, ճիշտ է, Քոչարյանը «Սիվիլիթասի» «հանդից» վերադարձող այս Սիմոնին հանեց հանդից ու ուսին խաչը դրեց, բայց էս Սիմոնը չի կարենալու տանել այդ խաչը` անոսկոր, անկռիվ լինելու, հեշտ կերած-հեշտ մեծացած լինելու պատճառով. մենք օգնելու ենք նրան, որ խաչը տանի, ու խաչը մի քիչ էլ մեր պատկերն է ունենալու, ոչ… Քոչարյանի):
Այսպիսով, բացի գիտակցական շերտավորումից, երկրորդ և առաջին նախագահների, նրանց ապրած ու ապրելիք հոգեդարձերի միջև կա մեկ անչափ էական տարբերություն ևս:
Թիմի:
Առաջին նախագահը գնաց թիմով: Տասը տարի շարունակ նրան սպասողների անչափ լուրջ թիմ կար, որն էլ նրա վերադարձի էներգետիկան, պատասխանատվությունը կիսեց, մասնակիցը եղավ պարպումի:
Քոչարյանը գնաց մենակ` իր հետ տանելով ավերակներ: Հա, մեկ էլ, ինչպես ասացինք, մեր սիրելի ու անմոռաց, համ էլ թանկագին միակ մարդուն` Օսկանյանին:
ՈՒրիշ ո՜չ մեկին:
Իսկ Օսկանյանն ու Քոչարյանը տեսակ չեն: Ո՛չ Գագոն` Ծառուկյան, ո՛չ Հովիկը` Աբրահամյան, ո՛չ Դավիթը` Հարությունյան, նույնիսկ Ալիկը` Հարությունյան… ո՜չ մեկը Քոչարյանի համար թիմ չէ. պատահական մարդիկ են, որ միմյանց-Քոչարյանին կապված են իրադրային կապերով: Իսկ իրադրային կապն այս դեպքում գործող նախագահի հետ ավելի զորեղ է, քան չգործողի:
ՈՒ ահա այստեղ է, որ առաջանում է մեր օրերի ամենամեծ «նո»-ն: ՈՒ հարցը: ՈՒ թե անկեղծ, ինչն էլ ամենից շատ է մեզ սարսափեցնում, որովհետև, եթե խոշոր ֆորս մաժոր չլինի (իսկ կարծում ենք, որ չի լինի), ապա Քոչարյանն այս փուլում չի կարողանա վերադառնալ: Չի կարողանա իր անկյունից դուրս գալ:
ՈՒստի չի կարող նաև պարպվել:
Իսկ ինչքան մնաց ստվերում, անտեսանելի այդ էներգիան ահավոր վտանգավոր, պտույտն անտանելի է դառնալու, որովհետև սա 12 թիվն է, վիբրացիաներն ու բաբախները հենց այս թվին են փոխվում` խոշոր տրանսֆորմացիայի ենթարկվելով` բարին ավելի բարիացնելով, չարն էլ ավելի չարացնելով, ամբիցիաներն ամբիցիացնելով, վերադարձի տենդը հարյուրապատկելով:
ՈՒ հիմա ազգովին մի խնդիր պետք է լուծենք: Պետք է մտածենք` ինչ անել, ինչպես անել, ումով անել, որ Ռոբը հետ գա:
ՈՒ պարպվի:
Պետք է կարողանալ Քոչարյանին հոգեդարձի պահին շրջապատել «հարազատներով», ճիշտ, գրագետ, այդ բոլորը «դուխովնի», աստրալ, այս-այնկողմնային պրոցեսներից հասկացող «ժողովրդով»` հնարավորինս քիչ կորուստներով այս խաղից դուրս գալու, Լևոնի արածի կրկնությունը թույլ չտալու համար։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ