Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԳԱՐՈՒՆ ԿԳԱ, ԿԲԱՑՎԻ ՎԱՐԴԸ

ԳԱՐՈՒՆ ԿԳԱ, ԿԲԱՑՎԻ ՎԱՐԴԸ
10.02.2012 | 00:00

Սկզբից ասեմ` ծիծաղս է գալիս այս ամենի վրա, ու, եթե այսքան տխուր չլիներ, լիաթոք կծիծաղեի ու ոչինչ էլ չէի գրի: Բայց տխուր է: Բայց ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին, ու ուզում եմ գրել: Ասեմ նաև, որ գրածս բոլորովին քաղաքական ենթատեքստ չունի: Շատ ավելի կարևոր ու շատ ավելի հիմնարար, սկզբունքային է խնդիրը: Խնդիր, որից խուսափում ենք, ինչպես սատանան մեռոնից: Խնդիր, որ ընդունում ու չենք գիտակցում: Գիտակցում ու չենք ընդունում: Վերջապես` մեզ բնորոշ խորամտությամբ անտեսում ենք: Իսկ խնդիրը մեր խելամիտ կամ անխելամիտ վերաբերմունքից չի անհետանում:
ՍԴՀԿ հայտարարությունը ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինին պաշտպանելու վերաբերյալ հնչելու էր ու անցներ աննախադեպ ու անհաջորդ հետևանքներով, եթե ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի կազմում չլիներ: Բայց Լյուդմիլա Սարգսյանը հանդգնել է տեսակետ բարձրաձայնել, հանդգնել է իր տեսակետը հիմնավորել, իսկ դա աններելի հանցանք է Հայաստանում: Երեկվա ու այսօրվա Հայաստանում: Որովհետև ոչ մի նշանակություն չունի` իշխանական, թե ընդդիմադիր դաշտում, քաղաքական, թե մշակութային, տնտեսական, թե սոցիալական, մեր կյանքի որևէ ասպարեզում մենք չենք հանդուրժում տարակարծությունը: Մենք դատում ենք կարծրատիպերով (որոնք սխալ են, թե ճիշտ, կարևոր չէ) և խորապես համոզված ենք, որ հենց մենք, միայն ու միայն մենք ենք ճիշտը, և ով մեզ նման չի մտածում` ոչ միայն սխալ է, այլև միանշանակ մեղավոր, արժանի նշավակման ու պարսավանքի, եթե ոչ պատժի: ՈՒ այս կուկլուքսկլանյան մտածողությունը հպարտությամբ համարում ենք ազգային մենթալիտետի մաս:
Հայաստանում այդպես էլ բազմակուսակցական համակարգը մնաց ձևական կառույց, առանց բովանդակային պարունակության:
Հայաստանում այդպես էլ տարակարծությունը չստացավ իր արժեքային ընկալումը և մնաց ընդամենը սեփական տեսակետը բարձրաձայնելու իրավունքի պաշտպանության մակարդակին:
Հայաստանում այդպես էլ քաղաքականությունը ձեռք չբերեց քաղաքական մակարդակ և գոյատևում է մեր բակի, մեր փողոցի, առավելագույնը` մեր կլանի շահերի տրամաբանությամբ:
Ասում եմ, չէ՞, սկզբում ծիծաղս էր գալիս այս ամենի վրա, բայց ոչ միայն տխուր, այլև դառն է այս ծիծաղը:
Ի՞նչ է մտածել և ինչո՞ւ է նման կոչ արել Լյուդմիլա Սարգսյանը: Այն էլ` ՌԴ-ում ապրող հայերին, ինչո՞ւ է նրան թվում, որ ընտրում ես Վլադիմիր Պուտինին, զորավիգ ես մայր հայրենիքիդ, իր և իր կուսակցության տեսակետն է: Ես էլ համաձայն չեմ նրա կոչին, ես էլ եմ կարծում, որ ընտրության հարցում խորհրդատուներ պետք չեն, առավել ևս` այլ երկրում տեղի ունեցող ընտրության: Ավելին` նման հայտարարությունը նաև քաղաքականապես կոռեկտ չէ: Բացի այդ, ՌԴ քաղաքացիություն ու ընտրության իրավունք ունեցող հայերը շատ ավելի ճիշտ կարող են կողմնորոշվել` ունենալով ավելի մեծ տեղեկություն, և հետո` նրանք են պատասխանատու իրենց ընտրության համար: Զարմանալին, սակայն, ոչ այնքան տիկին Սարգսյանի պուտինապաշտական պոռթկումն է, որքան նրա պոռթկումը դատափետելու գործընկերների մղումը: Եթե ՀԱԿ-ը տարբեր կուսակցությունների միավորում է, որն ուժեղ է իր տեսակետների բազմազանությամբ, ինչո՞ւ են այդ տեսակետները դատապարտվում: Եթե ՀԱԿ-ում, ինչպես առանց բացառության մնացած բոլոր կուսակցություններում, գերիշխում է կուսակցական գծի տրամաբանությունը, իսկ այդ «գիծը» որոշում է կուսակցության ղեկավարը, ուրեմն ո՞րն է տարբերությունը: Եվ ինչո՞ւ պետք է խոսքի ու գործի հակասությունը քննադատվի այլ կուսակցությունների պարագայում, արդարացվի սեփականը: Նվազագույնը անտրամաբանական է: ՈՒ նաև հարց է ծագում` իսկ որտե՞ղ էին այսօր տիկին Սարգսյանին քննադատողները, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունում էր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարացումը 49 տարով: Թե՞ այն ժամանակ Ռուսաստանը Մեդվեդևինն էր, վաղը դառնալու է Պուտինինը: Անհեթեթ է, չէ՞: Գործնականում Լյուդմիլա Սարգսյանը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ում դա արդեն հանցա՞նք է:
Իսկ ընդհանրապես անհեթեթությունները, ցավոք, մեր կյանքում չեն պակասում: Այս մասին էլ չէի ուզում գրել, բայց գրում եմ, որովհետև առավել քան անհեթեթ եմ համարում: Երբ Հայաստանում կառուցվեց Շառլ Ազնավուրի տունը և նվիրվեց նրան, ոչ միայն ուրախացա, այլև վերջապես հպարտությունս շոյվեց: Իհարկե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն այդ տանը չի ապրելու: Իհարկե, այդ տունն ուտիլիտար իմաստով զուտ սիմվոլիկ նշանակություն ունի: Բայց Թումանյանն էլ Երևանում չի ապրել, իսկ նրա տուն-թանգարանը ոչ միայն հարգանքի տուրք է նրա հանճարին ու կյանքին, այլև ամենից շատ մեզ է պետք: Ազնավուրի տանը ես ակնկալում էի տեսնել Ազնավուրի ապրած կյանքի պատմությունը, որը դարձյալ մեզ է պետք, ես ակնկալում էի լսել նրա երաժշտությունը, շփվել ֆրանսիական գրականությանն ու նկարչությանը, ֆրանսիական արվեստին: ՈՒ երբ կարդացի Տիգրան Խզմալյանի առաջարկը` տունը քաղաքացիական հասարակության ինստիտուտի ու չգիտեմ էլ ինչի կայացմանը նվիրել, ուղղակի ապշեցի: Լավ, Երևանում այլևս որևէ շինություն չկա՞ր, եթե չկար էլ, թող քաղաքացիական հասարակությունը քաղաքացիական համերաշխության դրսևորումով կառուցի: Բայց ոչ Ազնավուրից ակնկալի: ՈՒ ամենացավալին այս պատմության մեջ նույնիսկ Տիգրան Խզմալյանի անհասկանալի ու անհիմն առաջարկը չէր, այլ այն, որ Ազնավուրն է, ու` տվեց: Իբրև քաղաքացիական հասարակության անդամ հայտարարում եմ` ես դեմ եմ: Նաև համարձակվում եմ պնդել` ես մենակ չեմ:
ՈՒ հավարտ` հատկապես նրանց, ովքեր քաղաքական ու ապաքաղաքական ասպարեզներում մնացել են պարապ ու չգիտեն արդեն ինչ ասեն, որ դեժավյուի սահմաններից դուրս գան, հիշեցնում եմ` Չառլզ Դիքենսի 200-ամյակն է լրանում: Քննարկեք, գրեք, մեղադրեք, արդարացեք ու արդարացրեք: Նախ` հայ չէ, անգլիացի է, ուրեմն ակնհայտ կդառնա ձեր աննման էրուդիցիան. եթե անգամ Դիքենս եք կարդացել, ուրեմն Գոլսուորդին գրպանում ունեք, էլ չեմ ասում Էլիոթ ու Հաքսլի կամ էլ Վիրջինիա Վուլֆ: ՈՒ եթե Դիքենսի մի երկու գործի անուններն էլ տաք, ակնհայտ կդառնա, թե որքան խոր են ձեր գիտելիքները Եվրամիության անդամ երկրի գրականությունից: Իսկ Եվրամիության անդամ երկիրը, ով գիտե, գուցե և նկատի ձեր անձնազոհությունը: Դե եթե նկատեց, ոչ մի խնդիր չեք ունենա համամասնական ընտրացուցակի հետ, լավ, եթե դա չստացվի, որովհետև մինչև նկատեն-մինչև արձագանքեն, մեծամասնականը կա ու կա:
Եվ եթե որևէ մեկը համարձակվի ասել, որ անհեթեթություններ եմ շարադրում, զգուշացնում եմ` այսօր թերթեր եմ կարդացել, ուրեմն մեղավոր չեմ: Ընդ որում, կարդացել եմ և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր, և՛ անկախ համարվող թերթերը: Նույն տաղտուկն էր, նույն ձեռագիրը, նույն մակարդակը: ՈՒ գիտակցական կյանքումս առաջին անգամ մտածեցի ընթերցողի մասին, ավելի ճիշտ` տեղեկատվության զանգվածային տարածման միջոցների արտադրանքը սպառողների: Առաջին ցանկություն` ներողություն խնդրելն էր: Որովհետև մենք գրում ենք, մենք կարդում ենք, իսկ նրանք մեղավոր չեն, որ իրենց մոռացել ենք: Երկրորդ ցանկությունս նորից ներողություն խնդրելն էր, որովհետև մենք նաև մեզ ենք մոռացել: Երրորդ ցանկություն արդեն չկար:
ՈՒ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը գտնվի ու հարցնի` ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Լյուդմիլա Սարգսյանն ու ՍԴՀԿ հայտարարությունը, ես կպատասխանեմ. կարևոր չէ` բարոն Մյունխհաուզենը թռել էր Լուսին, թե ոչ, կարևորը, որ նա երբեք չէր ստում:
Այո, վատ ստացվեց, սկզբում ծիծաղս էր գալիս այս ամենի վրա, իսկ վերջում` լացս: Բայց, միևնույն է` «Գարուն կգա, կբացվի վարդը»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ