Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՉԲԶԲԶԵԼ ԿՐԵՏԻ ԲՈՒՅՆԸ»

«ՉԲԶԲԶԵԼ ԿՐԵՏԻ ԲՈՒՅՆԸ»
27.03.2012 | 00:00

Եթե խոսելու լինեինք Ռուսաստանի նախագահի վերջերս տեղի ունեցած ընտրությունների մասին միայն, ապա մի քանի նախադասությունն էլ հերիք կաներ։
Ինչպես և ենթադրվում էր, այդ ընտրությունների առաջին իսկ փուլում համոզիչ, բայց ոչ «բռնապետական» առավելությամբ հաղթանակ տարավ Վլադիմիր Պուտինը։ Այնուհետև իրադարձությունները զարգացան ծանոթ սցենարով. ԿԸՀ-ն ընտրությունները հայտարարեց կայացած և Արևմուտքի երկրներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել Ռուսաստանից, ՍՊԸ-ից հավաքված դիտորդները խմբովի հայտարարեցին դրանց ժողովրդավարական, թափանցիկ ու արդարացի լինելու մասին, իսկ ԵԱՀԿ-ի ու եվրոպական կառույցների նրանց գործընկերները, ընդհակառակը, համարեցին, որ «նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվել են շեղումներով` հօգուտ թեկնածուներից մեկի»։ Հետո էլ իրադարձություններն ընթացան նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի անցած ճանապարհով. ընդդիմությունը փողոց դուրս եկավ, ոստիկանությունը հին սովորությամբ սկսեց կոշտ մեթոդներով «կարգուկանոն հաստատել», իսկ ռուսական ԱԳՆ-ն շտապեց հայտարարել, թե իրենց «ոստիկանությունն ավելի մարդկային է, քան ԱՄՆ-ինն ու Եվրոպայինը»։ Հաղթած թեկնածուն հանդիպում անցկացրեց նախագահական ընտրարշավի երեք մասնակիցների հետ, հավաստիացնելով համագործակցելու ցանկության մասին, իսկ Զյուգանովը, ինչպես միշտ, չեկավ մասնակցելու վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ ընտրություններն անօրինակարգ է համարում։
Շնորհավորանքների առումով էլ ոչ մի անակնկալ. «բարեկամ Չավեսը» ուրախությունից քիչ էր մնում շնչահեղձ լիներ, եվրոպացիները, իհարկե, ավելի զուսպ էին, բայց նախընտրեցին «չբզբզել կրետի բույնը», այլ ջերմորեն շնորհավորել Պուտինին հաղթանակի առիթով։ Իսկ ԱՄՆ-ը ռուսաստանցիներին շնորհավորեց նախագահի ընտրության առթիվ` առանց անունը տալու, թեև հենց անմիջապես էլ պատրաստակամություն հայտնեց զարգացնելու համագործակցությունը Ռուսաստանի ընտրված նախագահի հետ։
Ժողովուրդն ու վարչական ռեսուրսը ևս չլռեցին. համացանցը լցվեց բողոքի կոչերով ու ամենամռայլ տրամադրություններով, իսկ տեղական իշխանությունները շտապ կարգով սկսեցին անցկացնել անբան դեռահասների ու թանձրաշպար տիկնանց «ցնծալից միջոցառումներ» և, իհարկե, «առաջնորդին» անձնական հավատարմության երդումներ շռայլել։ Օրինակ, Թաթարստանի նախագահը Մարտի 8-ին նվիրված ավանդական հանդիպման ժամանակ նախընտրեց կանանց հետ խոսել Պուտինի հանդեպ սիրո մասին, իսկ Քադիրովը մի բան էլ ուրախությունից պար էր բռնել։ ՈՒ երևի ամենաանսպասելին այդ ամբողջ աղմկալի դիմակահանդեսում «ազգի երկաթյա առաջնորդի» արցունքներն էին` իր կողմնակիցների հանրահավաքում։
Անգործ չէին նաև աշխարհի տարբեր երկրների ամեն կարգի փորձագետներն ու կանխատեսողները։ ՈՒ նկատենք, նրանց գնահատականներում յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչ ամենից շատ է ակնկալում ու ցանկանում։ Այստեղ կտեսնես թե՛ երկրի առաջիկա, ընդ որում, ահավոր ու արյունալի փլուզումը, թե՛ ոչ պակաս մոտակա` Ռուսաստանի վեհապետական վերածնունդը, բուռն աճի խոստումներն ու ամբողջ համակարգի ու տնտեսության անշրջելի կործանման կանխատեսումը։ Այսինքն, սրտիդ ուզածը կա, միայն թե գնորդ լինի։ Իսկ Պուտին նախագահի առնչությամբ, առհասարակ, կանխագուշակություններն ավելի շատ սուրճի բաժակ նայել են հիշեցնում` թե՛ Քադաֆիի ճակատագիր են նրան վերագրում, թե՛ նոր փրկչի և մարդկության հույս ու հավատի դեր, թե՛ նոր «աշխարհակենտրոնի» ձևավորման առաքելություն և թե՛ միջազգային «մերժվածի» կերպար։ Իսկ ի՞նչ է իրականում սպասում երկրին։ Նշենք մեկ բան միայն. քաղաքական կանխատեսումը միշտ էլ շատ վիճելի ու անշնորհակալ բան է, բայց հատկապես մեր լարված ու փոփոխական ժամանակներում, ինչպես երբեք, այդ բանն անելը խնդրահարույց է։ Այժմ, երբ, փաստորեն, ամեն ինչ փոխկապակցված է, իսկ բումերանգի օրենքը դառնում է գլխավոր քաղաքական դրույթը, կա՛մ պետք է շատ համարձակ լինես, կա՛մ էլ ծայրաստիճան շահագրգիռ` որևէ բան կատեգորիկ պնդելու համար։ Հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է։
Ինչևէ, կանգ առնենք միայն ակնհայտ բաների վրա։ Նախ` ամենահետաքրքիրը. ինչ էլ որ պնդելիս լինեն ընդդիմախոսները, նույնիսկ բնակչության առավել ընչազուրկ մասը հաստատ Պուտինի օգտին է քվեարկել։ Բայց այստեղ կանգ առնենք Կոռնելի համալսարանի հոգեբանների վերջին հետազոտությունների վրա։ Համաձայն հանրահայտ տեսության, ժողովրդավարական գործընթացները հենվում են այն ենթադրության վրա, թե քաղաքացիների մի մասն ընտրում է առավել լավ քաղաքական թեկնածուին կամ առաջարկված առավել լավ քաղաքական գաղափարը։ Բայց հարաճուն թվով հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ, գրեթե միշտ, հաղթում են միջակ ղեկավարներն ու քաղաքական գործիչները։ Այսինքն, ընտրությունները մարդկանց ընտրելու հնարավորություն են տալիս, բայց չեն կարող ապահովել, որ նրանք ընտրեն լավագույն թեկնածուին։ Գիտնականները պարզել են, որ բոլոր նման ընտրությունների դեպքում միշտ հաղթում է այն թեկնածուն, որի հատկանիշները միջինից մի փոքր են բարձր։ Հետևաբար, մեկ անգամ ևս պետք է հասկանալ, որ մենք ապրում ենք մի քանի զուգահեռ աշխարհներում, որ համացանցային ժամանցի աշխարհը, ինչպես մտավոր խավի աշխարհը, իրական աշխարհի հետ ընդհանուր ոչինչ չունի։ Այնուհետև, սկզբունքորեն նոր ընտրություններից հետո Ռուսաստանը մնացել է հին իրողության մեջ, և նրանում առանձնապես ոչինչ չի փոխվելու։ Առավել ևս, դերակատարների ու մոտեցումների լայնընդգրկուն փոփոխություն պետք չէ սպասել։ Եվ նոր-հին նախագահի բոլոր խոստումների առնչությամբ ուզում ես նրան ասել. «Մի հարցնող լինի, սիրելիս, բա էս 12 տարին դու ո՞ւր էիր, և ո՞վ էր քեզ խանգարում բարենորոգելու երկիրը, երբ նավթի գինը առասպելական բարձր էր, և ժողովուրդն անունովդ էր երդվում»։ Այնպես որ, ակնհայտ է արդեն, որ Պուտինը եկել է (թեև, ո՞ւր էր գնացել, որ) ոչ թե ինչ-որ բան փոխելու, այլ եղածը պինդ պահելու։
Այլ բան է, որ գործընթացների արարողակարգային մասը կփոխվի։ Իշխանության խոսելաոճն արդեն փոխվել է, և նա անշեղորեն կընթանա դեպի կոշտ ու փորձարկված խորհրդային կարգախոսներ. «Հանուն...» և «ընդդեմ...» (Աստված տա՛, որ չսկսեն երգել` «Ելի՛ր, երկիր անծայրածիր...», այլապես պատերազմը թե՛ ազգն է միավորում, թե՛ ձախողումներն է դուրս գրում)։ Բացի այդ, լայնորեն գործի կդրվեն ուղեղների լվացման մեխանիզմները, հավանորեն վերջնականապես կսևացվի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի կերպարը (ներկա կենցաղային «հակաամերիկանիզմը կարող է շուտով մանկական խաղ թվալ)։ Ներքին և արտաքին քաղաքականության մեջ, հատկապես նրա տեսանելի մասում, կկիրառվի առճակատման և «Ռուսաստանի առանձնակի դերի» մոդելը։ Ներկա «բարեկամների» նոսր շարքում կավելանա ևս մեկ-երկու մերժյալ երկիր, իսկ նախկին խորհրդային տարածությունում, շատ հավանական է, ականատես կլինենք հերթական, գուցե և վերջին, բայց ամենաագրեսիվ փորձին` ցույց տալու, թե «ով է տերն այս տան»։ ՈՒ այստեղ նկատենք, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռություն պահպանող մի շարք երկրների համար, հավանաբար, վրա կհասնեն ավելի մեծ որոշակիություն պահանջող ծանր ժամանակներ։ Պարզ է, որ նոր խաղի համար ներկա իրադրության պահպանումն ամենևին ձեռնտու չէ Մոսկվային, և նա պիտի ձգտի հարցին կտրական լուծում տալ։ Այնպես որ, ուզես-չուզես, շուտով, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի ընտրություն կատարել։ Այլ բան է, որ Արևմուտքի հետ նոր ու խոշոր «սառը պատերազմի» մեջ մտնելու, ավելին, այդ պատերազմում հաղթելու համար Կրեմլը, կարծես, բավարար հնարավորություններ չունի, բացի այդ, ռուսաստանյան իշխանության իրատես գործիչների անձնական կապերը, ֆինանսական և այլ շահերը, չնայած նրանց բոլոր խոսակցություններին, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չեն տալիս վճռական քայլերի դիմելու։ Ժողովուրդը, իհարկե, պահմտոցի չի խաղա։ Ասենք, ամեն ինչ կախված կլինի ոչ թե ներկա «կրեմլյան երազկոտների» ցանկություններից ու ծրագրերից, այլ համաշխարհային տնտեսության դաժան իրողություններից և էներգակիրների գներից։
Եվ, իհարկե, իշխանությունը չի կարող և արդեն չի կարողանում յոլա գնալ առանց գեղեցիկ ու ճռճռան խոսքերի։ Այսպես, թերթելով Պուտինի նախընտրական հոդվածները, ուշադրություն դարձրի նրա «Ռուսաստանը կենտրոնանում է» բառերին, որոնք, ինչպես հայտնի է, քաղաքական ասացվածք են դարձել այս երկրի համար։ ՈՒ քանի որ ես, Մոսկվայի մտադրություններից գլուխ հանելու իմ փորձերում, քանիցս մեջբերել եմ ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Գորշկովի նշանավոր խոսքը, ապա հետաքրքրությունը, թերևս, պատահական չի եղել։ Հիշեցնեմ, այդ միտքն առաջին անգամ բարձրաձայնվել է Ղրիմի պատերազմում Ռուսաստանի կրած պարտությունից հետո 1856 թ. ռուսական դեսպանություններին ուղղված հանձնարարականում։ Դրանում շարադրված էր արտաքին քաղաքականության նոր սկզբունքը, այսինքն, հրաժարում «Սրբազան դաշինքի» հաստատած սկզբունքների հետագա պաշտպանությունից և միջազգային գործերին ակտիվ մասնակցությունից։ Դեսպաններին հանձնարարվում էր փաստաթղթի բովանդակության մասին իրազեկել օտարերկրյա դեսպանություններին, իսկ շուտով թևավոր դարձած խոսքով սկսեցին կոչել այն ժամանակահատվածները, երբ երկիրն սկսում էր զբաղվել առավելապես ներքին հարցերի լուծմամբ։ Եվ ահա, նախագահական ընտրությունների շեմին, Վլադիմիր Պուտինը «Իզվեստիա» թերթում հրապարակում է «Ռուսաստանը կենտրոնանում է. մարտահրավերներ, որոնց մենք պետք է պատասխանենք» վերնագիրը կրող հոդվածը։ Այստեղ օրինաչափ հարց է ծագում. կա՛մ հոդվածը պատրաստած ռեֆերենտները լավ չեն պատկերացրել թեմատիկան ու երկիմաստ կացության մեջ են դրել իրենց շեֆին, որը խոսքով մտադիր է ակտիվանալ միջազգային գործերում, կա՛մ, ինչպես ասում են, արտահոսք է եղել ենթագիտակցության մակարդակում։ Եվ համաձայնեք, այս տարիմաստությունը ճշտելը շատ կարևոր է ու հետաքրքրական։ Շատ ավելի հետաքրքրական, քան ընտրությունների կանխավ հայտնի արդյունքների քննարկումը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ