Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ

ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ
12.07.2011 | 00:00

Բավական հաճախ ենք առիթ ունեցել լսելու, որ ղարաբաղյան խնդիրը, ընդհանուր առմամբ, «հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, ինչն այնքան էլ հստակ չէ արդի իրավիճակում։ Իհարկե, ղարաբաղյան խնդիրն անբաժան է այն իրողությունից, որ առաջացել է հայ ժողովրդի կողմից իր հայրենիքի կորստյան հետևանքով։ Սակայն ինչպես Հայաստանը, այնպես էլ մյուս բոլոր շահագրգիռ պետությունները չեն ձգտում ղարաբաղյան խնդիրը դիտարկել թուրք-հայկական հարաբերությունների խնդրի հետ համատեղ, ինչը, ըստ էության, հանգում է Արևմտյան Հայաստանի խնդրին։ Թուրքիան ձգտում է ղարաբաղյան թեման պայմանավորել Հայաստանի հետ հարաբերություններով, զգուշանալով, ընդ որում, այդ հարաբերությունների միջազգայնացման միտումից։ Ներկայումս, այդ առումով, Թուրքիայի խնդիրն է առավելագույնս բացառել իր դաշնակցի կողմից լքված լինելու Ադրբեջանի երկյուղները, ինչպես նաև չբարդացնել իր միջազգային դրությունը, խոշոր տերություններին հիմքեր չտալ Թուրքիայի գործերին ավելի մեծ միջամտության համար, և չուժեղացնել նրա նկատմամբ վերահսկողությունը։ Թուրք քաղգործիչներին և դիվանագետներին, ինչպես նաև քաղաքական փորձագետներին շատ ժամանակ պետք չէ հասկանալու երկրի շահերի համար դրական արդյունքների բացակայությունը` կապված «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության արտքաղաքական «նոր» կուրսի հետ։
Կարելի է վստահորեն պնդել, որ Թուրքիայի կողմից նոր քաղաքականության իրականացման հետևանքով երկրի վիճակն ավելի է բարդացել, նոր խնդիրներ են առաջացել, և Անկարան չի կարողանում կուլ տալ այդ բոլոր տհաճություններն ու դժվարությունները։ Դրա հետ մեկտեղ, եթե ԱՄՆ-ից ու Արևմտյան ընկերակցությունից ավելի մեծ անկախության հասնելուն միտված այդ կուրսը շարունակվի, ապա Թուրքիան կկանգնի լուսանցքային պետություն դառնալու վտանգի առաջ, գրեթե ներկա Պակիստանի նման դրությանը (բացի ատոմային զենք ունենալու հանգամանքից)։ Ընդ որում, այդ «մոդելը» լիբիական կամ իրանական չի լինի, պետություններ, որոնք կառուցված են քաղաքական գաղափարախոսության ու փիլիսոփայության վրա և ունեն նավթի ու գազի հարուստ պաշարներ, այլ կլինի հենց պակիստանյան, այսինքն, բազմազգ մի երկիր, առանց որևէ ունիվերսալ ռեսուրսի։ Տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասում այնքան էլ ճիշտ ու բազմակողմանի չի ընկալվում թուրքական խնդիրը։ Բավականին տարօրինակ է թվում, բայց, ի տարբերություն արաբական ու բալկանյան երկրների, Հարավային Կովկասի երկրներում թուրքական թեման պրոֆեսիոնալ բանավեճի առարկա չի դարձել։ Ավելի հաճախ Թուրքիային, որպես կանոն, տարածաշրջանում անդրադառնում են «արտացոլվածքի» կարգով, այսինքն, ելնելով Արևմուտքի պետությունների և Ռուսաստանի քաղաքական նախաձեռնություններից։
ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Թուրքիայի համակարգային զսպման, նրա արտքաղաքական կուրսի սրբագրման և արտաքին կախման մեծացման լուրջ ծրագրի մշակմանը։ Շատ ավելի ճիշտ կլիներ ասել, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել այն մշակումների իրականացմանը, որոնք կատարվել են մինչ այսօր, դեռ կրտսեր Բուշի նախագահության առաջին ժամկետի տարիներին, բայց հենց այժմ է այդ ամբողջ մեխանիզմը օրախնդիր դարձել։ ԱՄՆ-ը հակաթուրքական ուղղությամբ «զորակոչել է», փաստորեն, արաբական բոլոր պետությունները, գործի է դրել տարածաշրջանի պետությունների միջև եղած դեռևս ոչ այնքան նկատելի «հանգույցները»։ Ամերիկացիները լավ են հաշվարկել Թուրքիայի և Իրանի իրական մերձեցման հավանականությունը և երբեք այդ առնչությամբ անհանգստություն չեն արտահայտում, չնայած իրանական թեմայով Թուրքիայի ակտիվությանը։ Արդեն ոչ ոք չի կասկածում, որ քրդական ազգային շարժումը, այդ թվում` առավել արմատական խմբերը, կապված են ԱՄՆ-ի շահերի հետ։ Ամերիկացիները կասկած չունեն, որ Բալկաններում նույնպես Թուրքիան հակազդեցության կհանդիպի, ինչպես Մերձավոր Արևելքում։ Իսկ ինչ վերաբերում է Կովկասին, ապա այդ տարածաշրջանում գոյություն ունի ոչ թե պարզապես Սև ծով-կովկասյան գոտում թուրքական նվաճողամտության խնդիր, այլ թուրք-ռուսական դաշինքի ստեղծման հնարավորություն, ինչը հակաամերիկյան բնույթի առավել լուրջ տարածաշրջանային նախագիծ կարող է լինել։ Եթե անգամ այդ դաշինքը շատ սահմանափակ նշանակություն ունենա, կամ այդ համագործակցությունն առհասարակ դաշինքի չվերափոխվի, միևնույն է, տարածաշրջանում լուրջ սպառնալիք կառաջանա ամերիկյան շահերի համար։ ԱՄՆ-ը չի կարող անտարբեր լինել այդ հնարավոր հեռանկարի հանդեպ և հարկադրված է մշակել Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցմանը հակազդող որոշակի ծրագրեր։
Թուրք-ռուսական մերձեցումը չեզոքացնելու այդ միջոցները կարող են բազմապիսի լինել և Սև ծով-կովկասյան ընդարձակ տարածաշրջանում շատ սյուժեներ ներառել, սակայն «հայկական գործոնի» օգտագործումն ակնհայտ է։
Ամերիկացիներն ու եվրոպացիները ձգտում էին հասնել «հայկական գործոնի» նշանակության մեծացմանը, ամրագրեցին «հայկական գործոնի» նոր նշանակությունը, ինչին, ի դեպ, Ռուսաստանը չխոչընդոտեց։ Պետք է ասել, որ շոշափելի արդյունավետություն չարձանագրվեց շահագրգիռ կողմերից և ոչ մեկի համար, բայց առաջ եկավ նոր գործոն, որը հաջողությամբ կարող է օգտագործվել տարածաշրջան քաղաքական ներթափանցման համար։ Խոսքը «ղարաբաղյան գործոնի» մասին է, որը կարող է օգտագործվել ոչ միայն տարածաշրջանում Թուրքիայի զսպման համար, այլև ռուս-թուրքական համագործակցության արգելակման կամ սահմանափակման նպատակով։
Տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ։ «Հայկական գործոնը» մի փոքր ավելի սահմանափակ դուրս եկավ, քան «ղարաբաղյանը», որն ավելի օրախնդիր է դառնում տարածաշրջանում։ «Ղարաբաղյան գործոնի» կարևորության հիմքը ղարաբաղյան խնդրի չկարգավորվածությունն է։ Հետադարձ հայացքը թույլ է տալիս հասկանալու, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը տարբեր նպատակներ ու շահեր են ունեցել` կապված ղարաբաղյան խնդրի հետ։ Ներկա փուլում ղարաբաղյան խնդիրը վերածվում է քաղաքական մի իրավիճակի, որը կարելի է անվանել «ղարաբաղյան գործոն», որն առանցքային է դառնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, և դրանով իսկ ազդեցություն է գործում ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Ընդ որում, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումն այն առնչությամբ, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի ղարաբաղյան կարգավորման հետ, փաստորեն, Թուրքիային զրկում է օրինական կարգով մտնելուց ղարաբաղյան գործընթացի մեջ։ Այդ հանգամանքի բարդ և բախումնային լինելը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան այս հարցի քննարկման իրավահավասար մասնակից չէ, ինչպես Ռուսաստանը։ Դա շատ նպաստավոր հանգամանք է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասությունների պահպանման համար։ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության համար արդեն ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական «փականք» է, և, իհարկե, ոչ մի կերպ խնդրի լուծում չի ենթադրում։ Բայց որոշակի փուլում այդ հարցադրումը, հարցի լուծման այդ սխեման կհանգեցնի հենց թուրք-ռուսական հակասությունների սրման, քանի որ Ռուսաստանը, հետևելով այդ հայտարարության մեջ շարադրված սկզբունքին, կդառնա թուրքական հավակնություններին հակազդող ուժ։
Վերջին ամիսների իրադարձությունները հաստատեցին այն ենթադրությունները, որ Ադրբեջանի վիճակն ավելի է բարդանալու և որոշակի չափով փակուղային է դառնալու, քանզի Ադրբեջանը համոզվել է` Թուրքիան մերձավոր գործընկերոջը համարում է իր քաղաքականության գործոն և գործիք։ Թուրքիան նախընտրեց Հայաստանի հետ ունեցած խնդիրները լուծելու ձգտում հանդես բերել, և նա կլուծեր այդ խնդիրները, եթե ԱՄՆ-ից ու Եվրոպայից համոզիչ հավաստիացում ստանար, որ «հայկական գործոն» այլևս գոյություն չունի։ Ադրբեջանական և ղարաբաղյան թեմաները թուրքական դիրքորոշման մեջ ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ Անկարայում հասկացան, որ Արևմուտքը մտադիր չէ զրոյացնել «հայկական գործոնը»` որպես Թուրքիայի հավակնությունները զսպելու և նրա վրա ճնշում գործադրելու միջոց։ Ադրբեջանի շահերին հավատարմության վերաբերյալ Թուրքիայի բազմաթիվ հավաստիացումները, ռազմավարական գործընկերության մասին 2010-ի օգոստոսին Բաքվում պայմանագրի ստորագրումը իրականում ամենևին չբարելավեցին Ադրբեջանի վիճակը։ Փաստորեն, թուրք-ադրբեջանական հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Իրանի հետ մերձենալու Թուրքիայի փորձերն ամենևին էլ չեն մեծացրել Ադրբեջանի անվտանգությունը, չեն անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Ռուսաստանը Ադրբեջանին ճնշելու մեծ հնարավորություններ է ձեռք բերել` ներկայացնելով աշխարհատնտեսական և քաղաքական բնույթի մի շարք պահանջներ։ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը` ինչ-որ չափով ակտիվացնելու եվրոպական կառույցները ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, նույնպես չհանգեցրին Ադրբեջանի դիրքերի բարելավմանը։ Բացի այդ, Ադրբեջանը համոզվեց, որ ինքն ընդունակ չէ վարելու բազմավեկտոր քաղաքականություն և ստիպված է առաջատար տերությունների հետ հարաբերությունները կառուցել սահմանափակ ձևաչափով, ինչն իրական քաղաքական քայլեր չի ենթադրում։ Այս իրավիճակում, եթե Հայաստանի ղեկավարությունն ավելի ստեղծագործաբար ու եռանդուն մոտենար միջազգային խնդիրներին, ապա առանցքային նշանակություն ձեռք կբերեր Հարավային Կովկասում տեղի ունեցող «մեծ խաղում»։ Ադրբեջանի ներկայիս դրությունը նրան հանգեցնում է այն մտքին, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ ուղին մնում է պատերազմը, ընդ որում, պետք է ենթադրել, լայնամասշտաբ պատերազմը։ Այսինքն, Հարավային Կովկասում առաջացել է խիստ լարված իրավիճակ, որը ոչ մի կերպ չի կարգավորվի սոսկ տարածաշրջանի պետությունների ջանքերով, այդ թվում նաև` Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների շրջանակներում։ ԱՄՆ-ն առայժմ նախընտրում է բազմանշանակ դադարը տարածաշրջանում իր քաղաքականության մեջ և չէր ցանկանա որևէ արմատական փոփոխություն, առավել ևս` առանց իր ակտիվ մասնակցության։ Տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակը լիովին համապատասխանում է «դադարի» պայմաններին ու հանգամանքներին, սակայն Ադրբեջանը չէ, որ որոշելու է պատերազմի և խաղաղության հարցը։
Թուրքիան պակաս դժվարին կացության մեջ չէ։ Անկարայում հասկանում են, որ եթե չհաջողվի բեկում մտցնել իրադրության մեջ, նոր դիրքեր գրավել տարածաշրջաններից գոնե մեկում, է՛լ ավելի մեծ մեկուսացման և աննախանձելի վիճակի մեջ կհայտնվի։ Ներկայումս Թուրքիայի տրամադրության տակ կա երկու ուղղություն, ուր նա կարող է ջանքեր գործադրել` ստիպելու հարգել իրեն։ Դրանք են քրդա-իրաքյանը և կովկասյանը։ Քրդա-իրաքյան ուղղությունում արդեն պատերազմ է, ընդ որում, այն ծավալվում է, ներառելով տարբեր պետությունների շահեր։ Բայց քրդա-իրաքյան ուղղությունն առնչվում է բուն Թուրքիայի տարածքին, և այստեղ նա պիտի ինքը պատերազմի, ինչը հղի է զանազան սպառնալիքներով ու տհաճություններով։ Հարավային Կովկասն ավելի առանձնադիր տարածաշրջան է, ուր կարելի է հաջողությամբ ձեռնածել ու ղեկավարել, տարբեր հնարքներ գործադրել առաջատար տերությունների հետ հարաբերվելիս։ Ներկա իրավիճակը շատ է հիշեցնում Թուրքիայի պատրաստակամությունը` դուրս քաշելու «պատերազմի տապարը» և ազդանշանելու Ադրբեջանին` այնուամենայնիվ փորձել օգտագործել այդ հնարավորությունը, իհարկե, Թուրքիայի լուրջ աջակցությամբ։ Ադրբեջանի նույնիսկ ոչ մեծ հաջողությունը Թուրքիային մեծ վստահություն կներշնչի, և նա ավելի շահեկան դիրքեր ձեռք կբերի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ երկխոսելիս։ Անգամ Ադրբեջանի պարտությունը և նրա շատ ծանր վիճակը Հայաստանի հետ պատերազմում միանգամայն ձեռնտու են Թուրքիային, քանի որ այն ցուցադրում է երկու հնարավորություն. պատերազմ սկսելու և պատերազմը դադարեցնելու ազդանշանի մենաշնորհային «իրավունք»։ Ընդ որում, նա, և բնավ էլ ոչ Ադրբեջանը, կդառնա առաջատար տերությունների հետ բանակցությունների ու պայմանավորվածության սուբյեկտ։ Բացառված չէ, որ Թուրքիան կնախընտրի ժամանակ ձգել և զբաղվել ոչ այնքան Հայաստանի, որքան այդ նույն առաջատար տերությունների շանտաժով, բայց, միաժամանակ, Ադրբեջանին երկար ժամանակ հիմար վիճակում կթողնի, և դրանով իսկ Անկարան «բարձր պիլոտաժ» կցուցադրի իր տարածաշրջանային քաղաքականությունում։
Ռուսաստանն աշխատում է վերախաղարկել թե՛ ամերիկյան, թե՛ թուրքական խաղը և թույլ չտալ, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ոչ թե ինքը, այլ ուրիշները կղեկավարեն գլխավոր գործընթացները։ Ռուսաստանն աշխատում է շտապ հաստատել զուգակշիռ քաղաքականության պրակտիկա և Ադրբեջանին հասկացնել, որ իր հետ հարաբերություններում նրա հնարավորություններն ավելի կընդլայնվեն։ Մոսկվան լրջորեն զգուշանում է Թուրքիայի հետ առճակատումից, քանի որ այդ երկիրն ավելի կարևոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում, քան, ասենք, Իրանը։ Ռուսաստանը ցույց է տվել, որ ընդունակ է անտեսելու Իրանը, բայց այդ դեպքում նա կանխապահովել է ոչ միայն եվրոպացիների, այլև ամերիկացիների աջակցությունը։ Թուրքիայի պարագայում Արևմուտքի կողմից նա ոչ մի պարտավորություն չունի, և ընդհարվելը մի երկրի հետ, որը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ միայն խնդրահարույց կլինի, այլև որևէ աղերս չի ունենա Ռուսաստանի բուն շահերի հետ։ Սակայն Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Հայաստանի հետ կնքված ռազմական պայմանագրի համաձայն, հարկադրված է հակազդելու թուրքական քաղաքականությանն ու թույլ չտալ, որ նա մեքենայություններ անի տարածաշրջանում։ Ինչքան համաձայնեցված լինեն Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, անգամ առանց Թուրքիայի անմիջական գործողությունների, նրանց հակասությունները կմեծանան։ Ամեն դեպքում, ամերիկյան սցենարը կունենա հաջող շարունակություն, և պետք է նկատի առնել, որ այդ ամբողջ խաղային իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի համար, այդ թվում` ղարաբաղյան հարցում։ Ժամանակն է ջանքեր գործադրելու և ձգտելու այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի և այլ պետությունների խորհրդարաններում։ Սկզբնական հակազդեցությունը, իհարկե, միանգամայն հասկանալի կլինի։ Բայց այդպես է եղել նաև ճանապարհի սկզբին։ Պետք է հասկանալ, որ ԼՂՀ-ի ճանաչման խոչընդոտներն աստիճանաբար վերանում են։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ