Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵՎ ԿՏԱՄ ՔԵԶ ՃԱԽՐԵԼՈՒ ԹԵՎԵՐ

ԵՎ ԿՏԱՄ ՔԵԶ ՃԱԽՐԵԼՈՒ ԹԵՎԵՐ
21.02.2012 | 00:00

Դոստոևսկին ասում է` երեխայի մեկ արցունքն իսկ աշխարհ արժե:
Այս տարածքում արցունքները շատ են: ՈՒ աշխարհը մտածում է` ինչպես սրբի դրանք: Այստեղ աղոթքը համրանում է, լույսը` բեկվում, հոգին` լռում:
Գործ ունենք օնկոլոգիայով հիվանդ երեխաների հետ. նրանց աչքերում արևն այլ կերպ է այրվում:
Հիվանդությունն ամենամեծ արարչությունն է, ասում էր Ջոբսը:
ՈՒ դեռ հարց է` առողջների՞ն է պետք միանալ, մաս կազմել այդ «արարչությանն» ու մաքրվել, թե՞ մանկան տեսքով աշխարհի վրա շաղ եկող հիվանդությունն է, որ այցելում է սիրո պակասից մեռնող աշխարհին, որ այն վերջնականապես չքարանա:
Երևի երկուսն էլ:
Ինչի ականատեսն ենք այս էլ երկրորդ անգամ: Առաջինն Անդրեի երգն էր` օնկոլոգիայով տառապող երեխաների «մասին», որ ասես վերադարձնում էր սկզբնակետին` «մի մեծ արև դարձնելով» բոլորիս:
Հիմա էլ` փետրվարի 17-ի «Հույսի նավակ» համերգը, որ կարևոր էր ոչ այնքան իր բարեգործական ու նյութական, որքան մեր հիվանդ երեխաների վրա սեր շաղ տալու, տաք ափերով նրանց հպվելու, կրծքին սեղմելու նշանակությամբ:
Շատ համարձակ, բայց եկեք ասենք` էս անգամ բախտներս բերել է:
Ի սկզբանե էր չնայած այդպես. «աշխարհի առաջին տիկինը»` մեր մայր Մարիամը, ոչ միայն բարեշրջեց, բարձրացրեց Եվային ու նրա ադամական մեղքը` Փրկիչ պարգևելով աշխարհին, այլև եղավ ու մնաց այնտեղ, ուր ցավը շատ է, վերքը` անամոքելի: Որպեսզի օգնի:
Էդպես էլ գնաց: Աշխարհի բոլոր առաջին տիկինները, ավանդաբար, նույն կանչին հավատարիմ, էդ գործն են անում:
Համարձակ ասենք` մեզանում «ռիտուալը» բովանդակային է, գործը` սրտից բխած:
ՈՒզում-չենք ուզում, այս անգամ մեր առաջին տիկնոջ սիրտը տաք դուրս եկավ, նրա բոլոր ձեռնարկները, լինի նախագահականում մանկատան, բազմազավակ երեխաների հյուրընկալում, թե մեկ այլ բան, նույնքան տաք ու մայրաբար են:
Նույնն էլ այդ օրն էր. ենթագիտակցորեն նա կրկին փորձել էր անել մի բան (ի դեպ, Անդրեի այդքան գեղեցիկ-բովանդակային հոլովակի կազմակերպիչը նույնպես ինքն էր), որ արևի չափ կտաքացներ, բալասան կդառնար այսքան մեծ, աշխարհի համար անընդգրկելի այս խնդրի համար: Որի լուծումը մեկն է` դառնալ երեխա, դառնալ հիվանդ ու քո միջով առողջացնել նրանց:
Համերգին ներկա երեխաներից մեկը հենց այդպես էլ ասաց. «Իմ եղբայրիկը, որ այդ երգը լսի, հաստատ կառողջանա»:
«Երգն իմ հոգու ձայնն էր, այն անպայման պետք է լիներ բարի ու հեքիաթի նման բարի ավարտ ունենար»,- ասաց երգի հեղինակ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահը, «Հույսի նավակ» բարեգործական միջոցառման կազմակերպիչը, ով այդ օրը նաև նվագակցող էր. ողջ դահլիճը լցվեց երգող երեխաներով, համերգին հյուր մյուս երեխաները, այդ երգից հուզված, կանգնել ու օրորվում էին, հուզված էին նույնիսկ կառավարական օթյակում նստած դիվանագետ տիկնայք. կողքիս նստած եվրոպացի տիկինն անվերջ ուզում էր ոտքի կանգնել, նրանց հետ երգել, բառերը չգիտեր, բայց նրան, չգիտես ինչու, թվում էր, թե ինքն այդ երգը գիտի:
Այսքանը` օրվա դոստոևսկիական «սլոյի»` «բանիվի» մասին: Սակայն մարդ ոչ միայն «բանիվ» ապրի:
Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրը բավականին սուր է արտահայտված` հարյուր դեպք է գրանցվում: Թիվը ո՛չ ավելանում, ո՛չ էլ պակասում է: Մեզանում ամենատարածվածն արյան քաղցկեղն է:
Մխիթարվենք` հիվանդների յոթանասուն տոկոսը բուժվում է: Ոլորտում բավականին լուրջ տեղաշարժ կա հատկապես վերջին տարիներին, երբ գործընթացին, ինչպես ասացինք, իր մասնակցությունը բերեց Ռիտա Սարգսյանը. տարեկան տասնյակից ավելի միջոցառումներ են կազմակերպվում, պրոբլեմի լուծումը դրվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, երեխաների բուժումը լուրջ դինամիկա է գրանցում: Հայաստանյան գրեթե բոլոր տնտեսավարողները` խոշոր, միջին, մանր, իրենց ավանդն ու լուման են ներդնում այս գործում մշտապես, հանդես բերում սրտացավություն։
Հայաստանն այսօր երկրորդն է ԱՊՀ-ում, Ռուսաստանից հետո, ուր բուժման ցուցանիշներն ամենաբարձրն են: Մեկուկես տարի հետո Երևանը կունենա օնկոլոգիական գերժամանակակից կենտրոն, որը հագեցած կլինի ամենավերջին սերնդի տեխնոլոգիական սարքավորումներով. նման կենտրոն մեկ էլ Մոսկվայում կա:
Այդ բոլորը` նաև շնորհիվ «Նվիրիր կյանք» հիմնադրամի, ճամփա ելած նրա «Հույսի նավակների», որոնք պիտի «ճախրելու թևեր» տան բոլոր հիվանդ երեխաներին` հիվանդությունից արարելով կյանք, արցունքներից` հույս:
Մի մե՜ծ արևի չափ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ