Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՊԵՏԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ
07.06.2011 | 00:00

Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այսուհետ գյուղատնտեսությունն է հայրենի տնտեսության «լոկոմոտիվը», իշխանական համակարգում իսկական գյուղատնտեսացավ սկսվեց: Տարբեր տրամաչափի պաշտոնյաները բառացիորեն հերթ են կանգնած շեֆի ասածները կյանքի կոչելու իրենց ձգտումներն ապացուցելու համար: Այս առումով, բնականաբար, ի պաշտոնե «առաջամարտիկ» է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով, ի դեպ, համատեղության կարգով շարունակում է մնալ «Արտֆուդ» ընկերության սեփականատերերից մեկը: Վերջինս շաբաթական մի քանի անգամ մեծ շքախմբով մեկնում է մոտակա և հեռավոր գյուղերը, դասախոսություններ կարդում գյուղացիների համար, բերքի օրհնությամբ զբաղվում և ձեռի հետ էլ, ի պատասխան գյուղացիների բազմաթիվ բողոքների, չտեսնված տարբեր խոստումներ տալիս: Այլ հարց է, որ ընդամենը մի քանի օր անց գյուղացիները հասկանում են, որ նախարարի ասածները «հյուրախաղերի» եկած հերթական պաշտոնյայի հերթական պոպուլիստական խոստումներ են լոկ: Իսկ ահա վերջերս գյուղնախարարը, հավանաբար, որոշեց պոպուլիզմն օգտակարի հետ զուգորդել. նրա «պասով» կառավարությունը նոր գյուտի հեղինակ դարձավ: Ըստ այդմ, եթե պարզվում է, որ կաթն ամբողջովին անարատ չէ, ապա այն պետք է կոչվի ոչ թե կաթ, այլ կաթնային ըմպելիք: Գուցե առաջին հայացքից թվա, որ կաթնային ըմպելիքի կնքահայրերը սրանով, իրոք, լուրջ առողջապահական կամ սոցիալական խնդիր են լուծում, սակայն պարզից էլ պարզ է, որ, հաշվի առնելով մեր երկրում և մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի վերահսկողական օղակներում առկա կոռուպցիայի մակարդակը, նման «ըմպելիքների» ի հայտ գալն ընդամենը նոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և հնարավորություն տալիս վերահսկող մարմիններին ևս մի տարբերակով մեծ փողեր աշխատելու: Դե, իհարկե, զարմանալի կլիներ, եթե գյուղատնտեսական այս պոպուլիզմը գյուղնախարարը նախաձեռներ, ասենք, իր համար հարազատ հյութերի արտադրության ոլորտում:
Մյուս կողմից` մամուլն արդեն տեղեկացրել էր, որ գյուղատնտեսության ներկայիս նախարարը, իր գործընկեր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որոշել է ընդլայնել բիզնեսը և զբաղվել կաթնամթերքի արտադրությամբ: Չի բացառվում, որ «կաթնային ըմպելիք» կոչվող լծակով գործարար նախարարը փորձում է իր համար դաշտը մաքրել մի քանի մանր և միջին մրցակից «անտեր» ընկերություններից: Ինչ վերաբերում է «տերովի» խոշորներին, այս նորամուծությունը դժվար թե իրականում առնչվի նրանց, քանի որ վերջիններս հիմնականում իրար հետ մրցում են խոշորածավալ կաթի մթերումներ անելու համար, դե, իսկ ծայրահեղ դեպքում գյուղնախարարության և այլ վերահսկողների հետ պայմանավորվելը դժվար թե անլուծելի խնդիր դառնա:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ




Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ