«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՁԻՈՒ ՔԱՅԼԵՐԸ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՁԻՈՒ ՔԱՅԼԵՐԸ»
23.04.2010 | 00:00

Պարզվում է, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, Մոսկվայում էր նաև Ռոբերտ Քոչարյանը:
Մենք դեռ առանձին անդրադառնալու ենք այս խնդրի պսիխոանալիզին` հատկանշելու, թե ինչպես է պատահում, որ որևէ բանից (կոնկրետ դեպքում` իշխանությունից) կախվածությունը մարդուն իդենտիֆիկացնում է Դիմացինի հետ, և հետապնդող գաղափարի վերածվում. լինել այնտեղ, որտեղ Դիմացինն է, անել այն, ինչ նա պետք է անի, վերցնել այն, ինչ նրա բաժինն է... Տարրալուծվելու այդ կոնցեպցիան վտանգավոր է նաև նրանով, որ սեփական էությունը կորցրած, մշտապես այլոց հետ «ապրող» անհատի «էֆիր» տարածք կարող են ներխուժել նույնական, բայց որպես օրինաչափություն, է՛լ ավելի ահավոր կախվածությունների մեջ եղող գոյեր, ինչն արդեն «լեգեոներականության» կարող է տանել անձին, բայց սա արդեն բարդ և այլ խոսակցության թեմա է:
Այո՛, Քոչարյանը եղել է Մոսկվայում: Գրեթե հինգ օր: Ֆորմալ պատճառն էլ «ԱՖԿ Սիստեմայի» «դիրեկտորական» գործն էր:
Եվ այնուհանդերձ, պարզվում է, որ նա Մոսկվայում եղել է ոչ մենակ: Մոսկվայում էքստեռն-մինի հավաք է տեղի ունեցել: «Արարատ-հայաթ» հյուրանոցում: Հրանտ Մարգարյանի, «ՀայՌուսգազարդ»-ի Կարեն Կարապետյանի (հեչ անիմաստ մի համարեք նույն օրերի «Տաշիրի» մրցանակաբաշխությանը Սամվել Կարապետյանին «պադստավա» անելու «ֆակտորը», երբ դահլիճը գոռում էր` «պայքար, պայքար մինչև վերջ», դա ամենևին էլ ընդդիմության «ձեռի» գործը չէր, այլ ոսկերչորեն մշակված ակցիա էր ընդդեմ Սամվել Կարապետյանի` մի քանի ազդանշումով. հիշենք` «քավոր» Կարապետյաններն այս պահին կանգնած են Սերժ Սարգսյանի կողքին), և ուրեմն, որքան էլ զարմանալի, «Արարատ-հայաթ»` մինի-հավաքի է ժամանած եղել նաև ՈՒկրաինայում ՀՀ նշանակվելիք դեսպան Անդրանիկ Մանուկյանը (ագրեմանները ուղարկված են, բայց այս մինի-հավաքից հետո կհաստատվե՞ն):
Իսկ որ ամենահետաքրքիրն է (բռնվեք` չընկնեք). մինի-հավաքին մասնակցելու է շտապել «հրաբխային» այդ օրերին Լեհաստան հուղարկավորության մեկնած Հովիկ Արգամի Աբրահամյանը` «վերադարձի» ճամփին (շրջաբերեցիք, փաստորեն «մատաղ ուտելու էլ չի կարելի հետը գնալ», չի՛ կարելի): Նրան «Զվարթնոցում» դիմավորելու գնացածները սրտի տագնապ են ունեցել. հանկարծ հրաբխի տակ ընկած չլինի՞, որովհետև «շեֆն» ուշացել ու չի եկել:
Կոնկրետ ի՞նչ են խոսել մոսկովյան մինի-հավաքում, «ո՞վ է ոտները բռնել, ո՞վ է «Հալեպն» արտասանել», որպես քրոնոլոգիա, ամենևին էլ էական չէ։
Այդ թիմի համար կա երկու կոնցեպտուալ խնդիր:
ա) Արտաքին. արդյոք իրականություն կդառնա՞ Պուտինի «եվրասիական իմպերիա» իդեա-ֆիքսը:
բ) Ներքին. արդյոք իրենք կկարողանա՞ն պահել իրենց դիրքն ու կարողությունը մինչև 2012 թ. ընտրություններ և դրանով մտնել ընտրական դաշտ:
Արդյո՞ք: Խիստ կասկածելի է երկու դեպքում էլ: Այն, որ Պուտինի կայսերական իդեա-ֆիքսը բավականին տեսանելի ու նույնիսկ սրընթաց ֆիասկոներ է գրանցում, ակնհայտ է թե՛ բիշքեկյան, թե բելառուսական զարգացումներից: Չիմացողների համար ասենք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ցանկանում է հետխորհրդային անկախ երկրներից կայսրություն կերտել` ընդհանուր մաքսային միությամբ, վալյուտայով ու մնացյալով` Եվրոպայից մինչև Չինաստան... ու նստել այդ կայսրության գլխին, Մեդվեդևին թողնելով Ռուսաստանը լոկ:
Իրականացման մեխանիզմը հետևյալն էր. Ղրղզստանն էր ինտեգրվում «սովետին», հետո` Բելառուսը, ՈՒկրաինան, Վրաստանը. այդ երկրներում փաթեթով իշխանությունը վերցնում են պուտինականները:
Հայաստանը, ինչպես ցույց է տալիս ժամանակագրությունը, ամենաառաջինն էր կարծես այդ ցանկում: ՈՒ հենց այդ օրորոցում էլ կայսերապաշտական իդեա-ֆիքսը գրանցեց առաջին ֆիասկոն. հայ պուտինականներին չհաջողվեց հրաժարականի քշել Սերժ Սարգսյանին` որպես մաքսիմում ծրագիր, վարչապետ կարգել Քոչարյանին` որպես մինիմում ծրագիր:
Սակայն մեր «արքայադավներին» առժամանակ այդ «անկումը» չվրդովեցրեց. նրանք լուրջ ակնկալիքներ ունեին Բելառուսից, ՈՒկրաինայից (սրանց պուտինյան էմիսարները եկել էին Հայաստան, պայմանավորվածությունների հանգել «յուրայինների» հետ` «ինչ»-ի, «երբ»-ի շուրջ, ու մեր պուտինականնները շունչները պահած սպասում էին), ու ամեն ինչ կարծես շատ լավ էր գնում, մանավանդ Բիշքեկում, ուր «ոպջ տՑՌ ՎՌվցՑ» ահավոր բռնություններով ու զոհերով, մեկ օրվա ընթացքում վերականգնվեց առանձին վերցրած «սովետը», որպես առաջին ծիծեռնակ:
Հաջորդը Բելառուսն էր, որն ընդհանրապես խառնեց «կայսերապաշտների» խաղաքարտերը: Բատկան այնպես շռնդալից դեմ կանգնեց իր նկատմամբ սպասվելիք «բիշքեկին», որ բոլորն աշխարհում հասկացան` 80 զոհով Բելառուսում Ռուսաստանը գլուխը չի պրծացնի. չէ, նկատի չունենք ուրանի մասին բատկայական հայտարարությունները, այլ որ Բելառուսում ժողովուրդը սիրում է իր Բատյոկին, հետո էլ` սոցիալական վիճակն այն չէ, ինչ Ղրղզստանում: Հիշենք, որ այստեղ «բունտը» սկսվեց գազի թանկացումից հետո (այո, Հայաստանում ևս Ռուսաստանը նույն ձեռագիրն է օգտագործում. ահա թե ինչու այդ մինի-հավաքին մասնակցում էր նաև «գազի» Կարենը. ավելին` Ռուսաստանն ուզում է դեպ Հայաստան մտնող իրանյան խողովակն էլ «յուրացնել» ամբողջապես. ահա և ընդդիմությունը հզոր դեմարշի է ելել «Գազպրոմի դեմ». չէ, հո չե՞նք ասում, որ այդ քայլն անչափ ձեռնտու է իշխանություններին, կամ պայմանավորվածություն կա, պարզապես փաստն ենք արձանագրում ու առաջ անցնում):
Մի խոսքով, Բորիս Աբրամովիչի լավագույն բարեկամ, նույն Բերեզովսկու չափ ոչ օրդինար գործիչ Լուկաշենկո Բատկան հաջորդիվ իր տուն տարավ Բակիևին, լողացրեց, մաքուր շորեր հագցրեց նրան, «Հալեպն» արտասանեց նրա համար, ու Բիշքեկում նոր զարգացումներ ընթացան, Բակիևը հրաժարվեց իր հրաժարականից, խաղը փոխվեց... գիտեք: Չինաստանն էլ աջ ձեռը դրեց Բատկայի վրա, որ շատ բան ասող չլինի:
Էականն այս ամենում այն էր, որ բոլորը (այդ թվում և` «Հայաթում» հավաքվածները) հասկացան. «եվրասիական կայսրությունը» պուտինյան հերթական «մոչիտն» էր, բայց արդեն ոչ թե «սարտիրում», այլ «կանալիզացիայում», որտեղից Պուտինը խոստացել է դուրս հանել ահաբեկիչներին: Մի խոսքով` չի կայանա և ոչ մի կայսրություն, հետևաբար, պուտինականների դիրքերը մինչև 2012 թիվ չեն ուժեղանա, այդ թվում և` մեզանում, որովհետև Քոչարյանն ու իր թիմը (այդ թվում և` ընդդիմության որոշ առանցքային դեմքեր պարոն Սեչինին` Պուտինի աշխատակազմի երբեմնի ղեկավարին, պետք էին ոչ թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, այլ նրա դիրքերը թույլ պահելու համար):
Սա հաստատ գիրք կարդալ չսիրող, քաղաքականության համար խելք չբանեցնող «Արարատ-հայաթյանները» հասկացած պետք է լինեն: ՈՒստի «հայաթում» և ամենուր` արտաքին քաղաքական սպասումների մասով խնդիրն իրենց համար փակված համարեն, մանավանդ որ Մեդվեդևն այնպես դրական, այնպես հավեսով էր գլուխը թափ տալիս, երբ Սերժ Ազատովիչը ներկայացնում էր, թե ինչպես է Տիգրան Սարգսյանը ծախսել Ռուսաստանի 500 միլիոնը, ինչպես է Տիգրան Սարգսյանը Հայաստանում տնտեսական ճգնաժամից դուրս գալու քայլեր անում:
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը Մեդվեդևին չպատմեց օլիգոպոլիաների դեմ սկսվող պայքարի մասին, այնուհանդերձ, հենց այդ հարցն էր մեր «հայաթցիների» անհանգստության հաջորդ թեման: Նրանք փորձում են ուղիներ գտնել, թե ինչ անեն, որ կուլ չգնան այդ պայքարում, որովհետև, բացի օլիգոպոլիաների դեմ «մենամարտից», քաղաքական նոր դաշտ, նոր էլիտա ուրվագծելու խնդիր Սերժ Սարգսյանը նույնպես դրել է:
Եվ ամենևին պակաս էական չէ, որ այդ հավաքին ներկա է եղել ՈՒկրաինայում հայոց դեսպանը: Բանն այն է, որ «հավաքի» մասնակիցները փորձում են Յանուկովիչի ու Լուկաշենկոյի հետ իրենց մտերիմ լինելու «ֆակտորն» օգտագործել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական նպատակներով: Նախ` իրենց ունեցվածքը նրանք տեղափոխել են ոչ միայն Դուբայ, Աֆրիկայի ադամանդի հանքեր և նույնիսկ Իրան (ըստ չար լեզուների), այլև խոշոր «խմբաքանակ» պետք է հանգրվանի նույն ՈՒկրաինայում և Բելառուսում:
Եթե Հայաստանում չհաջողեն:
Կհաջողե՞ն: Դիտենք: Արձանագրումով. մինչ Հովիկ Աբրահամյանը խիզախորեն ու մարտական մարտնչում էր հրաբխի դեմ` Մոսկվայի «հայաթներ» հասնելու համար, այստեղ արդեն քննարկվում էին նրան անվստահություն հայտնելու գործընթացի մանրամասները: Այո, ծրագիրը փոխվել է, ու թե մինչ այս խնդիր էր դրված նրան թուլացնելով դարձնել «ոչ մեկ», ապա ծրագիր կա նաև` առավել կտրուկ լինել` որոշակի զարգացումների դեպքում. «երբ»-ի, «ինչպես»-ի հարցը, որպես տեխնոլոգիա, քննարկել առանձին:
Չենք անդրադառնում «Մասիվի կրուգի» քրեական «ռազբորկային», որը ևս այդ շարքից է: Սակայն առավել փոքր ու լոկալ տիպի: ՈՒ քանի որ իշխանությունները ցանկանում են 2012 թիվ մտնել համեմատաբար մաքուր էջով, նոր էլիտայով, այդ պարագայում թե՛ ՀՀԿ, թե՛ առավելապես ԲՀԿ կրիմինալը պառկած կլինի գետնին:
Հասկացա՞ն այդ ներքին մեսիջը «հայաթցիները», թե՞ ոչ, նույնպես շատ էական չէ, ու մինչ նրանք փորձում են ողջ մնալու ուղիներ գտնել, Սերժ Սարգսյանը` «մեկ-երկու, մեկ-երկու»` ձիու քայլերի կասկադ արեց: Ապացուցելով, որ ինքը «իգրոկ» է` առավել երկար տարածքի համար:
Միացյալ Նահանգներից ուղիղ Մեդվեդևի մոտ գնալու, նրան «մի հատ տեսնելու» փաստը (նրան Հայաստան «բերելուն» էլ գումարած` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման պայմանագիրն առաջինը վավերացնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանի` անցած տարի Ռուսաստանին արած «ժեստը», որ Հայաստանը համաձայն է հետխորհրդային երկրների հետ ընդհանուր վալյուտային գոտի ստեղծելու գաղափարին), հաջորդիվ` դեպ Բրյուսել չմեկնելը Ռուսաստանի նկատմամբ հայոց ուշադրության արտահայտություններն էին, ռուսական վեկտորի նկատմամբ այլոցից հավատարիմ լինելու գործնական քայլեր էին, ինչին էլ բավարար ոգևորությամբ արձագանքում էր Դմիտրին` գլխով «ադաբրայմս» անելով «հայաթներից» հեռու, իր դիմաց բավականին ծանրակշիռ կեցվածքով նստած Սերժ Ազատովիչի մտքերին:
Սակայն ամենաէական քայլը Սերժ Սարգսյանն արեց տանը` արձանագրությունները կասեցնելով և հայ ժողովրդին հղած ուղերձով, որով նա միանգամից մի քանի մատ հայտարարեց մի քանիսին: Այս մասին` առանձին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ