Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԱՆՏԱՐԲԵՐ ԴԻՏՈՐԴԻՑ` ՇԱՀԱԳՐԳԻՌ ԴԻՏՈՐԴ

ԱՆՏԱՐԲԵՐ ԴԻՏՈՐԴԻՑ` ՇԱՀԱԳՐԳԻՌ ԴԻՏՈՐԴ
28.02.2012 | 00:00

Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, Իրանում ու հանածոներով հարուստ այդ ընդարձակ տարածաշրջանի այլ երկրներում աշխարհատնտեսական և քաղաքական դիրքերի ձեռքբերմամբ, ուստի ղարաբաղյան հարցում նրա դիրքորոշումը կապված է ավելի խորքային տարածաշրջանային շահերի հետ։ Հենց տարածաշրջանային առումով էլ իմաստ ունի քննարկել այս թեման։
Գերմանական մեքենաշինական ու քիմիական արդյունաբերությունը, մետալուրգիան ու հատուկ նյութերի արտադրությունը, էներգետիկան ու դրա մյուս ճյուղերը չեն կարող հաջողությամբ զարգանալ առանց վերոնշյալ շրջանների նյութական պաշարների։ Բայց Գերմանիան կարիք ունի այլընտրանքային և տարբերակված հաղորդուղիների, ինչը պայմանավորում է նրա քաղաքական շահերն այդ տարածաշրջանների շղթայում, ուր ամերիկացիներն ու բրիտանացիները վաղուց հաջողությամբ հսկողության տակ են առել ռազմավարական շատ հաղորդուղիներ։ Հարկ է նշել հետևյալ կարևոր հանգամանքը. Մեծ Բրիտանիան շահագրգռված է, նախ և առաջ, նավթի ու գազի արդյունահանման կազմակերպմամբ ու առաքմամբ։ Այդ երկրի շահերի ոլորտում այլ հանքային պաշարներ չեն նշվում, համենայն դեպս, մինչև հիմա բրիտանական շահերը միանգամայն որոշակիորեն պտտվել են նավթի, ո՛չ գազի, այլ հենց նավթի՛ շուրջ։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան առայժմ շատ ավելի քիչ է կախված կասպյան շրջանից նավթի ու գազի ներմուծումից, քան մայրցամաքային եվրոպական պետությունները։ Հանքահումքային բազայի յուրացման առումով Գերմանիայի շահերը շատ ավելի լայն ընդգրկում ունեն։ Բացի այդ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որի ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում էներգետիկ հանքահումքի նկատմամբ` սոսկ որպես շահույթի ստացման աղբյուրի, այդ պաշարները մատակարարելով ավելի շատ այլ երկրներ, քան Մեծ Բրիտանիա, ապա գերմանական շահերը կապված են հենց գերմանական արդյունաբերության համար այդ հումքի մատակարարման հետ։ Արդեն 90-ականներին Գերմանիան ներդրումների ծավալով առաջին տեղն էր գրավում (նախ և առաջ, հանքային հումքի արդյունահանման ոլորտում) Ղազախստանում ու Կենտրոնական Ասիայում, մեծապես առաջ անցնելով մնացած բոլոր պետություններից։ Անգամ այնպիսի շահագրգիռ պետություններ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Կորեան, ընդունակ չեն տարածաշրջանում այդքան ծավալուն ներդրումներ կատարելու։ Գերմանիան կարողացավ ոչ միայն հաստատել իր տնտեսական ներկայությունն այդ տարածաշրջանում, առանց քաղաքական ազդեցության, այլև կանխապահովել Ռուսաստանի աջակցությունը, որի հետ են կապված ինդուստրիալ նախագծերը մետալուրգիայի հանքահումքի արդյունահանման ոլորտում (նման բանի Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը չեն հասել)։ Որքան էլ տարօրինակ լինի, Գերմանիային դուրս մղելով էներգետիկ նախագծերից և չունենալով հարակից շահեր տարածաշրջանում, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չէին ցանկանա գերմանական ազդեցության տարածում այդ շրջանում, քանի որ վախենում են Ռուսաստանի ու Չինաստանի հետ վերջինիս համագործակցության զարգացումից։ Բացի այդ, միայն գերմանական (ինչպես նաև ֆրանսիական) բանկերն ու ընկերությունները կարող էին ներդրողներ դառնալ իրանական գազը ռուսական և այլ երթուղիներով Եվրոպա մղելու նախագծերում։ ՈՒստի Գերմանիան ձգտում է այդ դժվարին պայմաններում որոշակիացնել իր տեղն ու դերն այդ տարածաշրջանում, ինչպես նաև առկա հակամարտությունների վերաբերյալ դիրքորոշում մշակել։ Գերմանիան հասկացել է, որ այդ տարածաշրջաններ իր հետագա էներգետիկ ներթափանցումն անհնար է առանց քաղաքական աստառի և ձգտում է հաստատել ավելի պարտավորեցնող հարաբերություններ ոչ միայն անմիջականորեն տարածաշրջանի պետությունների, այլև Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ։
Գերմանիան ջանքեր գործադրեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո հաստատելու իր դիրքերը Հարավային Կովկասում։ Մի քանի տարի շարունակ եվրոպացի քաղաքագետները ձգտում էին Հարավային Կովկասում ազդեցության ոլորտներն առանձնանշել «ժամկետանց» սխեմաներին համապատասխան, որի տրամաբանությունը բխում էր պատմական անցյալից։ Այսինքն, համարվում էր, որ Գերմանիան իր «խնամակալությունը» կհաստատի Վրաստանի, Մեծ Բրիտանիան` Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան` Հայաստանի նկատմամբ։ Այս բոլոր սխեմաներն արագ կորցրին իրենց հրատապությունը և բացարձակապես հիմնազրկվեցին։ ԱՄՆ-ն իր վերահսկողությունը հաստատեց Հարավային Կովկասում, թեև Ռուսաստանը դեռևս պահպանում է իր դիրքերը։ Մեծ Բրիտանիան, փաստորեն, ԱՄՆ-ի հետ դաշն կնքած, բայց նաև առանց սեփական նպատակներից հրաժարվելու, ստեղծել է միջտարածաշրջանային էներգետիկ համալիր` Ֆրանսիային ու Գերմանիային զրկելով շատ հույսերից։ Չունենալով նավթի պաշարներ, Հայաստանը մնացել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի գերակա ազդեցության ներքո, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը ձեռք են բերել էներգատարանցման ու սպասարկման գործառույթներ և հայտնվել են անգլո-սաքսոնական ալյանսի գերիշխող ազդեցության ոլորտում։ Չնայած այս դասավորությանը, Գերմանիան, այնուամենայնիվ, աշխատում է պահպանել դիրքերը Վրաստանում, թեև դրանք կրում են ավելի շուտ դեկլարատիվ, քան շոշափելի ու իրական բնույթ։ Հայաստանում և Ադրբեջանում Գերմանիան ունի որոշ տնտեսական ներկայություն, ինչը, սակայն, ամենևին հնարավորություն չի ընձեռում ակտիվորեն միջամտելու տարածաշրջանի գործերին։ Հայաստանում Գերմանիան վերահսկում է արդյունաբերության առաջատար հանքամետալուրգիական ճյուղը, Ադրբեջանը կարևոր շուկա է մարդատար ինքնաթիռների իրացման համար։ Թեև Գերմանիան Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես և Վրաստանի համար տեխնոլոգիական սարքավորումների կարևոր մատակարար է, սակայն այդ գնումները գերմանական արտահանման չափանիշներով էական չեն։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան Հարավային Կովկասում լայն ներկայության կարիք չունի, քանի որ դեռևս չի հասցրել լիովին յուրացնել Արևմտյան Եվրոպայի երկրների հնարավորությունները, որոնք ներառում են որակյալ աշխատուժ, զարգացած ենթակառուցվածք, որոշակի բնական պաշարներ, հատկապես Բալկաններում։ Բայց Գերմանիան, ի տարբերություն Ֆրանսիայի, պատմական կապերի վրա հիմնված անիրատեսական ծրագրեր չի կառուցում, և Հարավային Կովկասի առնչությամբ նախընտրում է վարել Եվրամիության առաջատար երկրին վայել քաղաքականություն, որը ցուցադրում է այդ պետությունների հետ ներմիավորումը խորացնելու պատրաստակամություն։ Եվրոպական ասպարեզն օգտագործվում է անգամ Մեծ Բրիտանիայի կողմից, օրինակ, հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա ազդեցություն գործելու նպատակով, ու Գերմանիան չի կարող չօգտվել այդ հնարավորություններից։
Ղարաբաղյան քաղաքական գործընթացի ծավալման սկզբնական փուլում Գերմանիան աշխատում էր թուրքամետ դիրք բռնել` Ադրբեջանը համարելով հնարավոր գործընկեր տարածաշրջանում։ Սակայն Եվրոպական ընկերությունում Ֆրանսիայի, Բելգիայի ու Իտալիայի քաղաքական լծակների և Գերմանիայի քաղաքականության վրա ազդելու նրանց հնարավորությունների օգտագործումը թույլ տվեց բացառել նրա ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին։ Թերևս առաջին անգամ Եվրոպայում հայկական հասարակական կազմակերպությունները կարողացան լուծել մի այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին ղարաբաղյան հարցում նման ազդեցիկ պետության դերի չեզոքացումն է։ Ընդ որում, ակտիվորեն օգտագործվեցին այնպիսի փաստարկներ, ինչպիսին 1915-ի ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության հանգամանքն է, որպես Թուրքիայի դաշնակցի։ Եվրոպացի փորձագետները խոստովանել են, որ Եվրոպայում հայկական սատարորդների (լոբբիստներ) գործողությունները շատ արդյունավետ էին։ Հետագայում Գերմանիան մշտապես բախվել է Ֆրանսիայի ու մի շարք եվրոպական պետությունների անփոփոխ դիրքորոշմանը, որն ինչ-որ չափով կարելի է հայամետ համարել, ինչը լուրջ խոչընդոտ դարձավ Գերմանիայի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականության վարման ճանապարհին։ Փաստորեն, Գերմանիան բաց թողեց ժամանակը 90-ականների սկզբին ու կեսերին, քանի որ այնուհետև Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը սկսեց զարգանալ ավելի բարձր սահմանակարգային մակարդակում, ինչը հանգեցրեց տարածաշրջանի գործընթացներին առանձին պետությունների միջամտության բարդացմանը։ Եվրոպայի խորհուրդը դարձավ հարավկովկասյան խնդիրների քննարկման հետ կապված քաղաքական միջոցառումների անցկացման հիմնական ասպարեզը։ Գերմանիան որոշ հույսեր ուներ, թե կանդամակցի ԵԱՀԿ ղարաբաղյան հարցով զբաղվող Մինսկի խմբին, սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ, բացի Մինսկի խմբի համանախագահներից, մյուս մասնակից պետությունները կորցրին գործընթացի վրա ազդելու ամեն տեսակի հնարավորություն։ Աշխարհում քաղաքական նոր գործընթացների ծավալմանը զուգընթաց Գերմանիան կորցրեց հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ` որպես ՆԱՏՕ-ի գծով գործընկերոջ, ինչը հանգեցրեց նաև Հարավային Կովկասում նրա դիրքորոշումների փոփոխման։ Թուրքիան չկարողացավ Գերմանիային շահագրգռել իր բանակի ու նավատորմի արդիականացման առաջարկությամբ, սպառազինությունների պատվերներով։
Թեև Գերմանիան շարունակում էր մնալ Թուրքիային սպառազինությունների կարևոր մատակարար, սակայն տնտեսական խոր ճգնաժամի հետևանքով վերջինս չկարողացավ իրացնել իր պաշտպանական ծրագիրն ու ապահովել զենքի գնումները Գերմանիայից։ Բացի այդ, Գերմանիան շահագրգռված չէր եվրոպական ասպարեզում Թուրքիայի շահերի պաշտպանությամբ, քանի որ սկսվել էր դեպի Եվրամիություն Թուրքիայի ընթացքի մի նոր փուլ, ինչը ոչ մի կերպ ձեռնտու չէ ո՛չ Գերմանային, ո՛չ Եվրամիության գծով նրա հիմնական գործընկերներին։ Վերջին տարիներին Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են մղում անդրմայրցամաքային գազամատակարարման «Նաբուկո» նախագիծը, որով նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրանի, Ռուսաստանի ու Եգիպտոսի հանքավայրերից բնական գազը հասցնել Եվրոպա, ինչը, իհարկե, կարևոր ռազմավարական նշանակություն կունենա Գերմանիայի և Ավստրիայի համար։ Մեծ ակնկալիքներ կային, որ Գերմանիան և Թուրքիան կգտնեն շահերի համատեղման նոր եզրեր, բայց դա տեղի չունեցավ: Գերմանիան ամենևին շահագրգռված չէ այդքան բարդ երթուղով բնական գազի ստացմամբ, որը կապված է մեծ ռիսկերի ու սպառնալիքների հետ, մինչդեռ նրա վաղեմի գործընկեր Ռուսաստանը բարձր ստանդարտներ է ապահովում գազի ու նավթի մատակարարման գործում։ Բացի այդ, ադրբեջանական գազի պաշարներն այնքան էլ մեծ չեն, թուրքմենական գազն առայժմ հեռանկար չունի այլընտրանքային ճանապարհով հասնելու Եվրոպա, իսկ իրանական գազի փոխադրումը թուրքական երթուղիներով կարող է կատարվել միայն օժանդակ հոսքի ձևով։ Գերմանիան, Ֆրանսիան և մյուս եվրոպական պետությունները չէին ցանկանա իրանական գազն ստանալ թուրքական հաղորդուղիներով և նախընտրում են օգտագործել կա՛մ ռուսական գազամատակարարման համակարգը, կա՛մ այլընտրանքային խողովակաշար` Սև ծովի ավազանով։
Ներկայումս Գերմանիան հետևում է Հարավային Կովկասի առնչությամբ իրականացվող, այսպես կոչված, եվրոպական քաղաքականությանը, ներառյալ հակամարտությունների խնդիրը։ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Գերմանիան հիմնականում չեզոք դիրք է գրավում` աշխատելով եվրոպական ասպարեզում որևէ նախաձեռնություն չցուցաբերել։ 2005-2010 թվականներին այդ խնդիրը հայտնվեց եվրոպական քաղաքականության ուշադրության կենտրոնում։ Մեծ Բրիտանիան փորձեց առաջադրել կանխավ ձախողման դատապարտված մի լուծում, ինչը կարելի է բացատրել Ադրբեջանի հանդեպ Մեծ Բրիտանիայի որոշ պարտավորություններով, ինչպես նաև նրանով, որ բրիտանացի փորձագետները հասկանում էին, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում գոյություն չունի։ Գերմանացի քաղգործիչներն ու փորձագետները չէին կարող չհասկանալ ԵԽԽՎ-ում բրիտանական նախաձեռնությունների այդ աստառը։ Գերմանական լրատվամիջոցների հատուկենտ հրապարակումներում այդ գործընթացը մատուցվում էր անսքող հոռետեսությամբ, անգամ ցինիզմով, ակնարկներ ուղղելով բրիտանական նախաձեռնությունների հասցեին։ Գերմանիան որևէ միտք չուներ միջամտելու իր հետ կապ չունեցող խաղին, խուսափելով դրանով իսկ վկան լինելուց Լոնդոնի ու Վաշինգտոնի հաջողությունների։ Արևելյան Եվրոպայի հարցերով գերմանացի առաջատար փորձագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, Գերմանիան հասկանում է, որ շահագրգիռ տերությունները չեն պատկերացնում, թե Լեռնային Ղարաբաղը կարող է վերադառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, ուստի այդ գործընթացին նրա մասնակցությունը, փաստորեն, ոչինչ չի տա, իսկ հավակնություններով հրապուրվել նման հեռանկարի պայմաններում` Գերմանիան մտադիր չէ։
Չնայած այն բանին, որ Գերմանիայում քրիստոնեա-դեմոկրատների իշխանության գալուց հետո առաջին անգամ Գերմանիայի ու Ֆրանսիայի հարաբերություններն իմաստավորման և նոր համատեղ շահերի որոնման (ինչպես եվրոպական քաղաքականության, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ասպարեզում) շրջան են ապրում, Գերմանիան դեռևս չի կարող արտաքին քաղաքականության մեջ հաշվի չնստել Ֆրանսիայի հետ, այդ թվում` տարածաշրջանների առնչությամբ։ Բալկաններն ու Հարավային Կովկասն այն տարածաշրջաններն են, որտեղ գերմանական քաղաքականությունը չի կարող իրականացվել առանց նրա առաջատար գործընկեր Ֆրանսիայի հետ մշտապես խորհրդակցելու։ Շատ մեծ չափազանցություն չի լինի, եթե պնդեք, որ Գերմանիայի տարածաշրջանային քաղաքականությունը դեռևս կարելի է անվանել ֆրանս-գերմանական։ Համենայն դեպս, բավականաչափ նշաններ ու փաստեր կան, որ Բալկաններում և, ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայում Գերմանիայի քաղաքականությունն ու դիրքորոշումը բառացիորեն կրկնում են Ֆրանսիայի քաղաքականությունը։ Հենց Ֆրանսիան է, որ Գերմանիան հետ պահեց Արևելյան Եվրոպայի առնչությամբ ԱՄՆ-ի ծրագրերին ավելորդ ակտիվ մասնակցությունից, իսկ ֆրանսիացի քաղգործիչները Բեռլինին խորհուրդ տվեցին որպես այդ տարածաշրջաններում գերակա ուղղություն հռչակել տնտեսական շահը, չափավորելով քաղաքական հավակնությունները, ամերիկացիներին և ռուսներին առաջարկելով ինքնուրույն լուծել իրենց խնդիրները` առանց եվրոպացիների։
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև, ընդհանուր առմամբ, լարված հարաբերություններ են առաջացել, և կովկասյան խնդիրները կարող են է՛լ ավելի սրել այդ հարաբերությունները, եթե ղարաբաղյան կարգավորման ոլորտում կտրուկ ձախողում գրանցվի։ Առայժմ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ձգտում են դիրքորոշումների միասնություն ցույց տալ։ Հարկ է նշել, որ դա իրոք այդպես է, բայց դիրքորոշումների և մոտեցումների միասնությունը` կարգավորման տեխնոլոգիաների, սցենարների ու սխեմաների առումով, չի նշանակում նպատակների միասնություն։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ձգտում են ուժեղացնել իրենց դիրքերը կասպյան ավազանում, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիան ամրապնդեց իր կապիտալի դիրքերն Արևմտյան Ղազախստանի նավթաբիզնեսում (Կաչագանի հանքավայր)։
Եվրոպական վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա տասնամյակը կնշանավորվի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մրցակցության մակարդակի բարձրացմամբ։ Լիովին հասկանալի է, որ առանց կասպյան ավազանում նշանակալի քաղաքական ազդեցության դժվար է տնտեսական շահեր պաշտպանելն ու հաջողությամբ ներդրումային ծրագրեր իրականացնելը։ Ֆրանսիան, որը կասպյան ավազան արևմտյան կապիտալի ներթափանցման հենց սկզբից դուրս էր մղվել նավթային բիզնեսից, այժմ ձգտում է զուգահեռաբար ապահովել իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ֆրանսիային հնարավորություն կտա հայտարարելու տարածաշրջանում իր նշանակալի քաղաքական ներկայության մասին։ Բայց դրան զուգընթաց կարող է առաջանալ մի նոր իրավիճակ, երբ Եվրամիության կողմից Թուրքիային ներկայացվող պահանջները կնվազեն նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։ Այսպես թե այնպես, Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ այն, որ թույլ չտրվի Թուրքիայի մուտքը Եվրամիություն` լիարժեք անդամակցության իրավունքով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ