Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ + ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ + ՕԲՅԵԿՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ + ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ + ՕԲՅԵԿՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
16.09.2011 | 00:00

Սեպտեմբերի 12-ին «Կոնգրես» հյուրանոցում «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» կազմակերպել էր քննարկում «Առանց մուտքի արտոնագրի տրամադրման խոչընդոտների` ազատ տեղաշարժի կազմակերպման կոալիցիայի» հետ համատեղ, որի նպատակը Հայաստան-Եվրամիություն առանց մուտքի արտոնագրի ազատ տեղաշարժի հնարավորություն ստեղծելու պարզաբանումն էր` լեհական փորձի ուսումնասիրմամբ: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, Լիտվայի, Լեհաստանի, ՈՒկրաինայի դեսպանները, հասարակական, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի.
-Չե՞ք կարծում, որ ազատ տեղաշարժի հնարավորությունը կխթանի միգրացիոն հոսքերի մեծացումը:
-Միանգամայն հակառակը: Փորձը ցույց է տվել, որ ազատ տեղաշարժի իրավունքի առկայությամբ միգրացիոն հոսքերը կարգավորվում են. մարդը, որ գիտի` կարող է հեռանալ ու վերադառնալ, երբեք անօրինական քայլերի չի դիմի: Ծրագրվում է Եվրոպայի հետ ստորագրել ոչ միայն մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագիր, այլև մենք ստանձնում ենք պարտավորություն` հետ ընդունել Եվրոպայում անօրինական բնակվող ՀՀ քաղաքացիներին: Այդ հարցերի կարգավորումը միայն դրական փոփոխություններ կբերի հարաբերություններում: Լեհաստանում 10 տարի առաջ, իրոք, ծանր վիճակ էր, 50-60000 հայ անօրինական գտնվում էր Լեհաստանում, այսօր 40000-ի բնակությունն օրինականացվել է:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Մի բառով` լեգալ կենսակերպ. նրանք պահպանում են Հայաստանի քաղաքացիությունը և, Լեհաստանում օրինական աշխատանքի իրավունք ունենալով, կարող են ազատ գալ Հայաստան ու վերադառնալ Լեհաստան: Եվրոպա ելումուտը հեշտացնելը միայն ձեռնտու է Հայաստանին:
-Իսկ Եվրոպայի՞ն:
-Եվրոպային` ևս, միանշանակ նվազում են անօրինական միգրացիայի ռիսկերը և այդտեղից բխող բացասական հետևանքները:

Քննարկման հիմնական զեկույցը ներկայացրեց Վարշավայի «Բատորի» հիմնադրամի ներկայացուցիչ ՅՈՀԱՆՆԱ ՖՈՄԻՆԱՆ: Նա նշեց, որ 2010-ի նոյեմբերին է ձևավորվել «Առանց մուտքի արտոնագրի տրամադրման խոչընդոտների` ազատ տեղաշարժի կազմակերպման կոալիցիան», որը միավորում է 40 կազմակերպություն 20 երկրից` ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի անդամներ, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Հունգարիա, Սկովակիա, Շվեդիա, Սլովենիա: Կոալիցիայի երկարաժամկետ նպատակը մուտքի արտոնագրի ազատականացումն է Արևելյան հարևանության 6 երկրներում, ընթացիկ աշխատանքում կարևորվում են առանց արտոնագրման ելումուտի ռեալ հեշտացման քայլերը: «Բատորիում» նաև տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում սահմանային անցակետերի գործունեության, տարբեր վայրերում մուտքի արտոնագրերի տրամադրման, արտոնագրային քաղաքականության օրենսդրության և կիրառման վերաբերյալ: Յոհաննա Ֆոմինան շատ կարևոր համարեց արտոնագրման ազատականացման օգուտների ու վնասների ուսումնասիրումը արտոնագիր տրամադրող և ստացող երկրներում. «Հաճախ ասում են` ազատականացումը կարևոր է Արևելյան հարևանության երկրների համար, իսկ ի՞նչ օգուտ ունի ԵՄ-ն: Ես կարծում եմ` վիթխարի: Նախ` դրանով նպաստում ենք տնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացմանը, առանց մուտքի արտոնագրերի կարգին հասնելու համար Արևելյան հարևանության երկրները պետք է նշանակալից բարեփոխումներ կատարեն, որոնց շնորհիվ կպայքարեն կոռուպցիայի, անօրինական միգրացիայի դեմ, այսինքն` առանց արտոնագրային կարգի ԵՄ-ն կստանա շատ ավելի հուսալի գործընկերներ և համագործակցության երաշխիքներ: Եվրոպան պետք է համերաշխ լինի, բայց համերաշխության մասին դժվար է խոսել, եթե մեր հարևաններին մեր սահմանից այսդին չենք թողնում: Տասնամյակներ առաջ Լեհաստանն Արևելյան բլոկի մաս էր, հիմա Արևմտյան Եվրոպայի մաս է, և մենք լավ ենք հիշում` ինչպես էր առաջ, և ուզում ենք օգնել մեր արևելյան հարևաններին»:
Տիկին Ֆոմինային հարցրի.
-Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրություններ կա՞ն հիմնադրամում:
-Այո, այդ ուսումնասիրություններին կարող եք ծանոթանալ կոալիցիայի վեբկայքում: Հայաստանը նախապատրաստվում է մուտքի արտոնագրման կարգի հեշտացման համաձայնագիր ստորագրելու, որը լիովին ազատականացման առաջին քայլն է: Հայաստանը մեծ ու կարևոր բարեփոխումներ պետք է իրականացնի: Այսօր ոչ ոք բարեփոխումներին կարծես դեմ չէ, բայց կյանքի կոչելու համար քաղաքական կամքը չի բավականացնում: Հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների խնդիրն է աջակցել և մղել կառավարությանն այդ բարեփոխումները իրականացնելու:
-Չե՞ք կարծում, որ առանց մուտքի արտոնագրի ազատ տեղաշարժը կարող է նպաստել բնակչության առավել մեծ արտահոսքին երկրից:
-Ես հասկանում եմ, որ Հայաստանի համար դա մեծ խնդիր է: Լեհաստանում էլ այդպիսի վիճակ է եղել 10 տարի առաջ: Լեհերը գնում էին Մեծ Բրիտանիա, առավել հաճախ անլեգալ, և քանի որ վերադառնալ չէին կարող, հարկադրված էին մնալ: Այսօր էլ լեհերը մեկնում են երկրից` ուսման, աշխատանքի, նոր գիտելիքներ, փորձ, տեղեկություններ են ձեռք բերում, որը Լեհաստանի համար շատ կարևոր է: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար էլ այդպես է. ովքեր ցանկանում են մեկնել, այս կամ այն կերպ հեռանալու են, բայց հիմա սահմանափակված է նրանց վերադարձի հնարավորությունը, իսկ ազատ տեղաշարժի իրավունք ունենալով` նրանք ավելի շատ ու ավելի շուտ կվերադառնան, որովհետև ցանկության դեպքում կարող են նորից մեկնել: Ընդգծեմ, որ խոսքը վերաբերում է մուտքի կարճաժամկետ արտոնագրերին:
«Բատորի» հիմնադրամի ներկայացուցիչ Յոհաննա Ֆոմինայի համակողմանի և ընդարձակ ելույթից հետո Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը միայն մի հարց ուներ` ինչո՞ւ կոալիցիայի ծրագրում ընդգրկված չեն Բելառուսը և Ռուսաստանը:

Հայաստանում Լիտվայի դեսպան ԳԻԵԴՐԻՈՒՍ ԱՊՈՒՈԿԱՍԸ համոզված է, որ «Բատորի» հիմնադրամի գործունեությունը նպաստում է հիմնահարցի հասարակական ընկալմանն ու մղում կառավարություններին քայլեր ձեռնարկելու: Լիտվան կողմ է արևելյան գործընկերների հետ գործակցությանը ԵՄ-ում. «Երբ ձևավորվում էր արևելյան գործընկերությունը, Լիտվան վստահ և հաստատուն պաշտպանում էր այդ նախաձեռնությունը: Մեր դեսպանատան առկայությունը Երևանում դա է վկայում: Մի քանի շաբաթ առաջ մերձբալթյան և սկանդինավյան երկրները համաձայնագիր ստորագրեցին, որ Հյուսիսային Եվրոպայի դեսպանատների ներկայացուցիչները կարող են աշխատել նույն դեսպանատանը, օրինակ, Լիտվան հնարավորություն է ստանում իր ներկայացուցիչն ունենալու Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում և իր հերթին հնարավորություն է ստեղծում Հայաստանում իրենց ներկայացուցիչն ունենալու մյուս երկրների համար: Լիտվան այս տարի ԵԱՀԿ նախագահն է և արևելյան ուղղությունը, Հարավային Կովկասը իր գործունեության գերակայությունն է համարում, ինչը վկայում են մեր երկրի նախագահի, արտաքին գործերի նախագահի, պաշտոնական այլ պատվիրակությունների այցերը»: Դեսպանը լիովին համաձայն է, որ ազատ տեղաշարժի իրավունքը միանգամայն անհրաժեշտ ու կարևոր է, բայց և կարծում է, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Նա հաճախ է անձամբ զբաղվում մուտքի արտոնագրի դիմումներով և պնդում է, որ Շենգենյան արտոնագիրը հաճախ նորն ու հետաքրքիրը տեսնելուն, սովորելուն, ճանապարհորդելուն չի ծառայում, այլ Շենգենյան գոտու որևէ երկրում քաղաքական ապաստան խնդրելուն: «Չեմ ասի, թե նման մարդիկ շատ են, բայց հաճախ են վաճառում ունեցվածքը, վերցնում փոքրիկ երեխաներին ու մեկնում անհայտություն: Եթե դա ժամանակին կանխվի, գուցե հենց նրանց համար լավ լինի»: Այնուհանդերձ, դեսպանն անհրաժեշտ է համարում մուտքի արտոնագրերի ազատականացումը, որոշ տեղաշարժեր կանխատեսելով արդեն այս աշնանը: «Արտոնագրերի տրամադրման պայմանները պետք է պարզեցվեն: Չեմ կարծում, որ արդար է, երբ Ռուսաստանի քաղաքացիները վճարում են 35 եվրո, մյուս երկրների քաղաքացիները` 60: Նույնիսկ այս պայմաններում, լրացուցիչ պայմանագրեր չունենալով, մենք փորձում ենք հնարավորն անել և մուտքի արտոնագրեր ենք տրամադրում նաև Էստոնիա ու Հունգարիա մեկնողներին»:

Հայաստանում Լեհաստանի դեսպան ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿԻՆ կարծում է, որ ստեղծվել է առեղծվածային վիճակ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախ հանրապետությունների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունները չեն ավելացել: Նույնիսկ գոյություն ունեցող խոչընդոտների առկայությամբ անկախ հանրապետությունների քաղաքացիներն ավելի շատ են մեկնում ԵՄ երկրներ, քան ԽՍՀՄ-ի ժամանակ, բայց այդ երկրների բնակիչներին թվում է, որ իրենց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է: Դեսպանն այդ զգացողության պատճառ համարում է նրանց ակնկալիքները, որոնք ևս պետք է ուշադրության արժանանան: Երկրից երկիր ազատ տեղաշարժի իրավունքը միջնադարի համեմատ պարոն Ռաչինսկին նվազած է համարում, մինչդեռ դա մարդու հիմնարար իրավունքներից է: «Լեհաստանի կառավարությունը վերջին տարիներին արտահայտվում է երկրից երկիր մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտող տարատեսակ արգելքները վերացնելու և մուտքի արտոնագրերի ազատականացման օգտին: Բայց հիմա այնպիսի վիճակ է, որ ԵՄ երկրների որոշ գործողություններ հակասում են միմյանց. մենք առաջարկել ենք արևելյան գործընկերության հայեցակարգը, բայց, օրինակ, Հայաստանի քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի քաղաքացիների համեմատ արտոնագրերի տրամադրման հարցում որոշակի սահմանափակված են. ռուսներն ավելի էժան գնով են արտոնագիր ստանում, քան հայերը: Ակնհայտ է նաև, որ մուտքի արտոնագրման կարգի ազատականացումը երկկողմանի երթևեկով մայրուղի է: Ներկաներից որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել Հայաստանի սահմանային գոտու պահպանության կարգը, նույնիսկ որևէ փաստաթուղթ դժվար է գտնել, բայց պետք է լինեն հստակ իրավական ձևակերպումներ` ով ինչի իրավունք ունի: Պետք է նայել ճշմարտության աչքերին` քանի կան այսքան մեծ տարբերություններ ոչ միայն կենսամակարդակում, այլև օրենքի, իրավական մշակույթի ընկալումներում, միշտ պրոբլեմներ կլինեն ԵՄ երկրներ մեկնած քաղաքացիների հետ»: Պարոն Ռաչինսկին կարևորեց հասարակական կազմակերպությունների վերահսկող դերը այս ոլորտում:

Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան ԻՎԱՆ ՈՒԽՏԱՆ մուտքի արտոնագրի ազատականացման հարցին մեծ կարևորություն է տալիս: Նա համարում է, որ իր երկիրն այս հարցի շուրջ բանակցային գործընթացում մեծ փորձ է կուտակել, որը պատրաստ է փոխանակելու այլ երկրների հետ: Իվան ՈՒխտան համոզված է, որ ինչքան մեծ է մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի ազատականացումը, այնքան ուժեղ են քաղաքացիական հասարակության մեջ գործող կապերը: Դեսպանը, հարցի շուրջ նորմատիվ-իրավական բազայի ստեղծմանը մեծ կարևորություն տալով, նշեց, որ ՈՒկրաինային այդ հարցում օգնել է Եվրահանձնաժողովը: ՈՒկրաինայի խնդիրներին անդրադառնալով` դեսպանն առանձնացրեց աշխատանքային միգրացիան, վկայելով, որ նորմատիվ փաստաթղթերի առկայությամբ անլեգալ միգրացիան կրճատվում է: Պարոն դեսպանը հաջողության իր բանաձևը տվեց` պետական կառույցների ակտիվ աշխատանք, որը խթանում են հասարակական կազմակերպությունները, իսկ զանգվածային լրատվամիջոցները օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանում են ամբողջ գործընթացը:
Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ, և տրամաբանորեն ենթադրվում էր, որ նրա ելույթը պետք է լուսաբանի հարցի օրենսդրական կողմը: Պատգամավորն անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր դեպի Եվրոպայի քաղաքական համակարգն ու արժեքները վերցրած ուղղությանը` միով բանիվ եվրոպական ինտեգրմանը. «Տարիներ շարունակ մենք ակտիվ ու արդյունավետ աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ` կլինի դիվանագիտական խողովակներով, թե եվրոպական երկրների օրենսդիր ու գործադիր մարմիններում աշխատանքներով: Եվ ինչն ամենակարևորն է` Եվրախորհրդարանում ու նրա հանձնաժողովներում, որի հետ համագործակցությամբ այս տարիների ընթացքում բազում ծրագրեր են կյանքի կոչվել մեր եվրոպացի գործընկերների հետ» (մեջբերվում է բառացի): Արվածը պատգամավորը որակեց «լուրջ նվաճում քաղաքակրթության, մարդու հիմնարար ազատությունների, առհասարակ դեմոկրատիայի առումով»: Եվրոպական ընտանիքի հետ հարաբերություններին զուգահեռ պարոն Էնֆիաջյանն ամուր և հեռանկարային համարեց հարաբերությունները ավանդական դաշնակից բարեկամ Ռուսաստանի հետ. «Փաստացի գտնվելով քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային խաչմերուկում, մեր երկրի խելացի և գրագետ արտաքին քաղաքականության արդյունքում կարողացել ենք հասնել ճիշտ և արդյունավետ ոսկե միջինի, որի արդյունքում տարածաշրջանի կայունության ապահովողներից ենք, որի արդյունքում դարձել ենք մեր գործընկերների համար հուսալի և վստահելի գործընկեր» (մեջբերվում է բառացի): Այնուհետև պատգամավորն անցավ տարբեր հարցերի շուրջ ԲՀԿ տեսակետների մեկնաբանմանը, բայց զարմանալիորեն որևէ մեկը չէր վերաբերում մուտքի արտոնագրման տրամադրման գործընթացին: Տպավորությունն այն էր, որ Վահե Էնֆիաջյանը «Եվրանեսթին» վերաբերող ելույթի հետ է շփոթել հարցի շուրջ ունենալիք ելույթը, որը մոռացել է գզրոցում: Ափսո՜ս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ