Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
06.12.2011 | 00:00

Դեկտեմբերի 4-ին ՌԴ վեցերորդ գումարման Պետական դումայի ընտրություններն էին: 2011-ին ՌԴ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկներում ներկայացված էր յոթ կուսակցություն` «Միասնական Ռուսաստանը» («Единая Россия»), ՌԴ կոմունիստական կուսակցությունը, «Արդար Ռուսաստանը» («Справедливая Россия»), «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ЛДПР), «Յաբլոկոն» («Яблоко»), «Ռուսաստանի հայրենասերները» («Патриоты России»), «Արդար գործը» («Правое дело»), վերջին երեքը` արտախորհրդարանական: Խորհրդարան մտնելու համար պետք էր հաղթահարել 7 տոկոսի շեմը: Պետական դումայի 450 մանդատներին հավակնում էին 3000-ից ավելի թեկնածուներ, նրանց ընտրում էին 110 միլիոն ՌԴ քաղաքացիներ Ռուսաստանում և 1,8 միլիոն` արտասահմանում, 95000 ընտրատեղամասերում, համամասնական ընտրակարգով: Առաջին անգամ Պետական դումայի պատգամավորներն ընտրվեցին 5 տարի ժամկետով, քվեարկության ընթացքին և ձայների հաշվարկին հետևում էին 500000 ռուս և 700 միջազգային դիտորդ:
Դեկտեմբերի 5-ի առավոտյան ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը հրապարակեց ընտրությունների նախնական տվյալները. «Միասնական Ռուսաստանը» Պետական դումայում կունենա 238 մանդատ, երկրորդ տեղում են կոմունիստները` 92 մանդատ, երրորդը «Արդար Ռուսաստանն» է` 64 մանդատով, չորրորդը` ՌԼԴԿ-ն` 56 մանդատով: Ձայների 96 տոկոսի հաշվարկով` «ՄՌ»-ն ստացել է 49,54 տոկոս, կոմկուսը` 19,16, «ԱՌ»-ն` 13,22, ՌԼԴԿ-ն` 11,66: Արտախորհրդարանական կուսակցությունները չհաղթահարեցին 7 տոկոսը. «Յաբլոկոն» ստացավ 3,30 տոկոս, «Ռուսաստանի հայրենասերները»` 0,97, «Արդար գործը»` 0,59:
ԿԸՀ-ի տվյալներով, քվեաթերթիկների 71 տոկոսի հաշվարկը Մոսկվայում ցույց է տվել, որ առաջին տեղում է «ՄՌ»-ն` 45 տոկոսով, կոմկուսը ստացել է 19 տոկոս, «ԱՌ»-ն` 12, ՌԼԴԿ-ն` 9,7: «Յաբլոկոն» Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հաղթահարել է 7 տոկոսը, մայրաքաղաքում ստացել է 12 տոկոս: «Յաբլոկոն» հաղթել է նաև ԱՄՆ-ում. Վաշինգտոնի ընտրատեղամասում 1346 ձայներից «Յաբլոկոն» ստացել է 404-ը, 302 ձայն ստացել է «ՄՌ»-ն, 256` կոմկուսը, «ԱՌ»-ն ստացել է 222 ձայն, ՌԼԴԿ-ն` 94, «Արդար գործը»` 27, «Ռուսաստանի հայրենասերները»` 19: Եվրոպայում ևս Գրիգորի Յավլինսկու կուսակցությունը բարձր ցուցանիշներ է արձանագրել. Լոնդոնում կուսակցությունը ստացել է 41 տոկոս («Միասնական Ռուսաստանը»` 10,6 տոկոս), Բեռլինում` 30 տոկոս: Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ընտրատեղամասերում քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկով «ՄՌ»-ն ստացել է 60,93 տոկոս, կոմկուսը` 13,57, «ԱՌ»-ն` 7,81, ՌԼԴԿ-ն` 7,57, «Յաբլոկոն»` 6,99, «Ռուսաստանի հայրենասերները»` 1,06, «Արդար գործը»` 0,81:
ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Միասնական Ռուսաստանն» իրեն դրսևորեց իբրև առաջատար ուժ, որ կրում էր և կրում է հատուկ պատասխանատվություն, այդ թվում` բացթողումների համար: Չնայած այդ բարդություններին` «Միասնական Ռուսաստանը» պահպանեց առաջատար դիրքերը:

ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ
2007-ի ընտրությունների համեմատությամբ «Միասնական Ռուսաստանը» կորցրեց սահմանադրական մեծամասնությունը և ստացավ պարզ մեծամասնություն:
Ընտրություններում երկրորդ տեղը գրաված ՌԴԿԿ-ի ղեկավար Գենադի Զյուգանովն արդեն առաջարկել է իրեն իբրև խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընտրական օրենսգրքի գրանցված 2000 խախտումները չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա:
Ամբողջ օրն անհասանելի էին «Эхо Москвы» ռադիոկայանի և The New Times ամսագրի, Slon.ru, «Коммерсантъ» սայթերը, նույն վիճակում էին անկախ դիտորդների «Ձայն» ասոցիացիայի և «Խախտումների քարտեզ» կայքերը:
Ընտրատեղամասերից մեկում մի երիտասարդ, որ քվեարկում էր հատուկ կտրոնով, շաուրմայի պես փաթաթված քվեաթերթիկներ է գցել քվեատուփ և փախել:
Մոսկվայում և Պետերբուրգում անցկացվել են չարտոնված հանրահավաքներ, ցուցարարները փորձել են բողոքել ընտրակեղծիքների դեմ, բայց ոստիկանությունն արագ ցրել է հավաքվածներին:
Պետերբուրգում որոշ ընտրողների չեն հերիքել քվեաթերթիկները, այդ պատճառով նրանց թույլատրել են քվեարկել ընտրությունների ավարտից հետո, երբ տեղ են հասցվել լրացուցիչ քվեաթերթիկներ:
ԿԸՀ-ի ներկայացուցիչը կտրականապես հերքում է ընտրակեղծիքները, որոնց մասին հայտարարել են դիտորդները: Նրա կարծիքով` ոչ կարուսելներ, ոչ լցոնումներ Մոսկվայում չեն եղել: Ճիշտ է` մի դեպքում հաստատվել է ջնջվող թանաքով գրչի օգտագործում: Ի դեպ, դիտորդներին զանգվածային վտարել են ընտրատեղամասերից քվեարկության ավարտից հետո, երբ սկսել են հաշվել քվեաթերթիկները:
Եկատերինբուրգից հաղորդվել է 200 ռուբլով ձայն գնելու փորձի մասին: Առաջարկվել են նաև էթիլային սպիրտ, անորակ կոնյակ, խոզի թարմ միս, նրբերշիկով կարկանդակներ, զուգագուլպաներ, ամանորյա փայլփլուն կոտոշներ: Ընտրատեղամասերում վաճառվել են կարկանդակներ, միրգ, երշիկ, էժանագին պարֆյումերիա, զուգարանի թուղթ, ձկնորսական սարքեր:
Ընտրատեղամասի անդամներն ընտրակեղծարարներին, որոնք պետք է քվեարկեն գոյություն չունեցող քաղաքացիների փոխարեն և կարուսել պտտեն, տարբերում են անձնագրերով` առաջինների անձնագրում օրացույցներ են եղել, երկրորդների` տրամվայի տոմսեր:
Տարածված ընտրակեղծիքներից է եղել չկնքված, անվավեր քվեաթերթիկների բաժանումը, որոշ ընտրատեղամասերում քվեարկել են հանգուցյալները:
Ինգուշիայի Ներքին Աչալուկ ավանում քվեարկել է 109-ամյա Բուրուխան Կաստոևան, որը համարվել է ամենատարեց ընտրողը:
Օմսկում ընտրողներից մեկը հանկարծամահ է եղել` քվեաթերթիկը քվեատուփ գցելիս: Ընտրատեղամասերում ևս երեք ռուսաստանցի հրաժեշտ է տվել կյանքին:
Բառնաուլում քվեարկել են մորժերը` նրանք ընտրատեղամաս են եկել կիսամերկ և բոլորին կոչ են արել հաճախ ժպտալ: Քվեարկությունից հետո մորժերը ոտքով ուղղվել են սառցաջրում լողալու:
Պերմում ընտրողներին ավտոբուսներով բերել են ընտրությունների:
Կեմերովոյում ընտրությունները սկսվելուց առաջ արդեն լցոնված են եղել մի քանի քվեատուփեր:

ԱՌԱՋԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ռուսաստանում հայտնվել է նոր ընդդիմություն, որի անունն է ինտերնետ: Անհավանական արագությամբ ընտրությունների ընթացքի ու ընտրակեղծիքների մասին տեղեկությունները և տեսաֆիլմերը հայտնվել են սայթերում ու բլոգներում:
Իշխանության ներկայացուցիչները սխալ են համարում քվեաթերթիկներից «Բոլորին դեմ եմ» տողը հանելը, ինչի պատճառով կորցնում են պահուստային ձայներ:
Չքվեարկած Ռուսաստանը բացահայտ ու բարձրաձայն ասաց, որ հոգնել է 20 տարի շարունակ նույն դեմքերը տեսնելուց ու նույն ճառերը լսելուց` ԿԸՀ-ի նախնական տվյալներով 2007-ի համեմատ պակասել է ընտրողների թիվը:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ԻՍԿ ԵԹԵ ՈՐՈՆՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ ԻՆՉ-ՈՐ ՍԽԱԼ ԿԱ
Առաջին հայացքից «Միասնական Ռուսաստանը», որը հավաքեց ընտրողների ձայների կեսը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ կուսակցությունն ուներ սահմանադրական մեծամասնություն, հաղթելով ընտրություններում, այնուամենայնիվ, պարտվեց: Ճիշտ է` պարտվեց ինքն իրեն: Չի բացառվում, որ հատուկ կարևորության հարցերում «Միասնական Ռուսաստանը» դիմի մյուս կուսակցությունների աջակցությանը: Արդեն առաջին իսկ ժամերին հնչող գնահատականները արձանագրում էին, որ իշխանական կուսակցության պարտությունը` նախորդ ընտրությունների համեմատ ձայների շուրջ 20 տոկոսի կորուստը, շատ հաղթանակներ արժի: Համենայն դեպս` առաջիկա մեկ-երկու տարիներին: Ներկա պայմաններում սահմանադրական մեծամասնություն հավաքելու պարագայում երկիրը կարող էր հայտնվել հեղափոխական իրավիճակում, իսկ երևութական «պարտությունը» հնարավորություն է տալիս իրականում իշխանությունը սեփական ձեռքում պահելով` ստեղծել սահմանադրական մեծամասնության կորստի տպավորություն, որը քաղտեխնոլոգիաների կիրառմամբ առաջիկայում քարոզվելու է իբրև ժողովրդավարության և ազգասիրության մեծագույն դրսևորում, երբ կուսակցական շահերը ոտնահարվել են հանուն պետական շահերի: Հենց դա է պետք «Միասնական Ռուսաստանին» նախագահական ընտրություններից առաջ, որի ժամկետն արդեն հրապարակվել է` 2012-ի մարտի 5-ը: Նշանակում է` իշխանությանը օդ ու ջրից ավելի հիմա պետք է.
ա) ընտրողների ակտիվություն,
բ) ընդդիմադիր զանգվածի նվազեցում,
3) իշխանական իմիջի բարեփոխում:
Ի դեպ, վերջին մեկ ամսում շատ հմտորեն և համոզիչ խաղարկվեց արտաքին թշնամու խաղաքարտը ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, շատ հայրենասիրական ու ցուցադրական բացվեց Կալինինգրադի, իմա` Քյոնիգսբերգի, ռադարային հետախուզական համակարգը, շատ պերճախոս հայտարարվեց, որ դիվանագետները հատկապես համոզիչ ու հաջողակ են դառնում, երբ բանակցությունների սեղանին թղթերի տակ «Կալաշնիկով» է դրված: Այնուամենայնիվ, հազիվ թե Ռուսաստանը լրջորեն և խորապես տրվի սպառազինությունների մրցավազքում հաղթելու գաղափարին, առավել ևս, որ այդ գաղափարը ոչ վաղ անցյալում դարձել է ԽՍՀՄ-ի գերեզմանափորը: Պարզապես նախընտրական ժամանակներում նման ակցիաները հատուկ կարևորություն ունեն, որ հասկանում են նախագահները: Բոլոր երկրների նախագահները:
Ի վերջո, ակնհայտ է, որ, ինչպես ասում էր, ցավոք, արդեն հանգուցյալ վարչապետ Չեռնոմիրդինը, որքան էլ փորձում են նոր կուսակցություն ստեղծել, միևնույն է, դառնում է կոմունիստական: Ինչ անուն էլ կուսակցությունը կրի` միասնական, արդար, թե կոմունիստական, վարելու է իշխանահլու քաղաքականություն: Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում` թվաբանական պարզ ճշմարտությունը նույնքան ճշմարիտ է քաղաքականության մեջ: Յուրայիններին չեն մոռանում, օտարներին չեն ներում: Գումարը նույնն է, այսինքն` իշխանությունը շարունակում է տիրապետել մեծամասնությանը, նշանակություն չունի, որ այդ մեծամասնությունը կազմելու է ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք ուժ: Անտարակույս, Պետական դումայում քաղաքական ուժերը բոլորովին այլ համամասնություն կունենային, եթե խորհրդարանական ընտրությունները ոչ թե նախորդեին, այլ հաջորդեին նախագահական ընտրություններին:
Փորձագետների առաջին գնահատականները հաստատում են, որ իշխած ու իշխող կուսակցության «փայտե զինվորիկներին» պետք է փոխել, նրանք արդեն չեն համապատասխանում նոր իրականությանը, վարչահրամայական մեթոդները չեն գործում: Այն ընտրատեղամասերում, որտեղ կատարվել է ձայների էլեկտրոնային հաշվարկ, բարձր արդյունքներ են ցույց տվել արտախորհրդարանական կուսակցությունները: Մտավախություն կա, որ 1-2 տարի հետո, եթե ոչինչ չփոխվի, դժգոհ ընտրազանգվածը դուրս է գալու փողոց, եթե այսօր նրանք դեռ ընտրում են, վաղը մեքենաներ ու խանութներ են այրելու:
Եվ վերջապես` Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դառնում են համապետական սեփական ընտրությունների նախափորձ: Համեմատությունը հաստատում է, որ ՌԴ-ում և ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններում գործում են ընտրախախտումների նույն մեխանիզմները, հիմնականում նույն սցենարներն են գործում նախընտրական ու հետընտրական շրջաններում: Իբրև ընդդիմություն խորհրդարան են մտնում միանգամայն կառուցողական քաղաքականություն վարող կուսակցություններ, արտախորհրդարանական ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և այլն, և այլն, և այլն... Առավել ևս, որ ինչպես Ռուսաստանում, Հայաստանում ևս խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են նախագահական ընտրությունները, և բոլորովին նպատակահարմար չէ ընդդիմադիր-հեղափոխական տրամադրություններով ընտրազանգվածի կուտակումը կամ ավելացումը: Այսինքն` վեցերորդ գումարման ՌԴ Պետական դումայի ընտրության ձևերը, արդյունքները և հետևանքները մեզ համար ունեն ոչ միայն ռազմավարական դաշնակցի ներքին կյանքի նշանակություն, այլև սեփական ճանապարհի: Անցնելիք կամ մերժելիք: Ըստ տեղական առանձնահատկությունների և հնարավորությունների: Համենայն դեպս` ակնհայտ է, որ առաջիկա 10 տարում Ռուսաստանը չի փոխելու իր ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքականությունը, չեն լինելու կտրուկ շրջադարձեր և անակնկալներ` հատկապես հաճելի կամ առանձնապես տհաճ: Սկզբունքները մնալու են նույնը: Լավ է, թե վատ, ժամանակը ցույց կտա: Բոլոր դեպքերում` միանշանակ է, որ ճշմարտությունը ճշմարտություն չի որոնում, իսկ եթե որոնում է, ուրեմն ինչ-որ սխալ կա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ