Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ, ՔՈՒՎԵՅԹԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՈՒ ԲԱԶԱՆԵՐՈՎ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ, ՔՈՒՎԵՅԹԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՈՒ ԲԱԶԱՆԵՐՈՎ
20.09.2011 | 00:00

2011-ի ամռան սկզբներից Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը բնութագրվում է ԱՄՆ-ի ու տարածաշրջանի պետությունների հնարավորությունների ու նպատակների թելադրած իրողությունների որոշակիությամբ ու հստակությամբ։ Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի մտադրությունները դարձել են միջազգային և հանրային բանավեճի առարկա, ինչի պատճառով էլ ԱՄՆ-ի քաղաքական, զինվորական գործիչներն ու վերլուծաբանները հարկադրված են ակտիվորեն մասնակցել դրան` ցուցադրելով առկա թույլ կողմերը, իրական խոչընդոտները և ԱՄՆ-ի հնարավորությունները, այլ տերությունների ու տարածաշրջանի պետությունների երկյուղներն ու նպատակները։ Ամերիկացիների շատ հայտարարությունների համարժեքությունն ու համապատասխանությունը կասկած չեն հարուցում, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի դրությունը խիստ բարդանում է։ Բարդությունն այն է, որ ԱՄՆ-ը ստիպված է ավելի ու ավելի հրաժարվել քաղաքական ու տնտեսական մոտեցումներ օգտագործելու հույսերից և շեշտը դնել, փաստորեն լիովին, ռազմական ուժի վրա։ Հենց սա է, ԱՄՆ-ի դիրքը խոցելի դարձնում և պահանջում ավելի խորաքնին նախապատրաստել ռազմական գործողությունները, ավելի մեծաքանակ ռազմական ուժ ներգրավել, մշակել Սիրիայի վրա ներգործելու բազմատարբերակ ծրագիր։ ԱՄՆ-ը հույս ունի, ինչպես Իրաքի դեպքում, որ կկազմավորվի արաբական պետությունների «լռակյաց» կոալիցիա, որի շահերը Սիրիայի իրադարձությունների առթիվ կհամապատասխանեն ԱՄՆ-ի շահերին։ Դրա հետ մեկտեղ, արաբական պետությունների դիրքերը ձևավորվում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Թուրքիայի ու Իրանի քաղաքականության ներգործությամբ։ Արաբական պետությունները, փաստորեն, արդեն կողմնորոշվել են այդ հարցում։
Եգիպտոսի` որպես քաղաքական առումով առաջատար արաբական պետության, ղեկավարությունը բացահայտ թշնամանքով է լցված Բաշար Ասադի վարչախմբի հանդեպ, բայց Եգիպտոսը, ինչպես ցանկացած այլ արաբական պետություն, սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ է և կանգնած է սոցիալական պայթյունի իրական սպառնալիքի, միգուցե նաև` իսլամական հեղափոխության առջև։ ԱՄՆ-ի պատերազմն ընդդեմ Սիրիայի համարվում է մի շարք արաբական երկրներում իսլամական հեղափոխությունների առավել աննպաստ պայմանը։ Եգիպտոսը քաղաքական բոլոր ռեսուրսները գործի է դրել Սիրիայի վրա ուժային ներգործության տարբերակի կանխման նպատակով, սակայն մնալով ԱՄՆ-ի նկատմամբ լոյալ դիրքերում։ Եգիպտոսի ղեկավարությունը գործի է դրել արաբական աշխարհում ու Եվրոպայում ունեցած հնարավորությունները, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ միջազգային ասպարեզում նրա ազդեցությունն այնքան մեծ չէ, ինչպես թվում էր ոմանց, նույնիսկ արաբական վերնախավի շրջանում։ Սույն և նման իրավիճակներում պարզվում է, որ արաբական պետությունները, որոնք ավանդաբար վարում են անկախ արտքաղաքական կուրս, ավելի մեծ ազդեցություն ու հնարավորություններ ունեն, նախ և առաջ, ԱՄՆ-ի հետ երկխոսելիս, քան ԱՄՆ-ի հետ համագործակցող արաբական մի խումբ պետություններ։ Այսպես թե այնպես, եգիպտական վերնախավը չէր ուզենա, որ արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան արաբական աշխարհում, մինչդեռ Կահիրեում դեռևս որոշակիություն չկա քաղաքականության մեջ։
Սաուդյան Արաբիան ավելի մեծ երկյուղներ ունի, քան Եգիպտոսը։ Եթե սաուդա-ամերիկյան հարաբերությունները հայտնի չափով սաուդցիներին չեն պարտավորեցնում մասնակցելու Սիրիայի դեմ ուղղված ուժային գործողություններին, ապա ԱՄՆ-ի հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները և «Փոթորիկ անապատում» գործողությանը նրա մասնակցության փորձը կպայմանավորեն նրա ներգրավումը անմիջականորեն պատերազմական գործողություններում, եթե դա տեղի ունենա, օրինակ, ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։ Սաուդյան Արաբիայի քաղաքական ղեկավարությունը, հակասություններից ծվատված, լրջորեն երկյուղում է «փողոցի արձագանքից», զանգվածային բողոքների և անկարգությունների հնարավորությունից, եթե Իրաքում զոհերի թիվը զգալի լինի։ Նշվում է, որ «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ արաբական երկրների բնակչությունը (անգամ առավել ազատական) հնարավորություն չուներ այդ գործողություններին հետևելու անգամ հեռուստատեսությամբ։ Ընդհանուր առմամբ հաջողվեց հսկողության տակ պահել լրատվամիջոցները։ Ներկայումս, փաստորեն, ամենուր արաբական աշխարհում հասանելի են CNN-ը, Euronews-ը, ինչպես նաև Կատարի «Ջազայիր» հեռուստաալիքը, ինչը, անշուշտ, մեծ վտանգ է ներքին կարգուկանոնի համար։ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը, ինչպես Թուրքիայինը, ԱՄՆ-ից որևէ տեղեկություն չի ստանում Սիրիայի հարցում նրա մտադրությունների, մասնավորապես կրոնական և ազգային խմբերի դերի և խնդիրների մասին։ Սաուդցիները երկյուղում են կամ Իրաքի հարավի շիաների ռազմաքաղաքական դերի մեծացումից, կամ երկրի ամբողջ իշխանությունը նրանց հանձնելուց, ուր նրանք կազմում են բնակչության առնվազն 63 տոկոսը։ Դա, իհարկե, ազդեցություն կգործի նաև Սիրիայի ալավական վարչակազմի ուժեղացման վրա։ Դա կարող է հանգեցնել Իրանի դիրքերի ուժեղացմանը և Իրաքի շիաբնակ շրջաններին հարևան Դարհավի մարզի սաուդցի շիաների համապատասխան արձագանքին։ Որպես առաջատար նավթային տերություն, Սաուդյան Արաբիան չի կարող չվախենալ նաև իրաքյան նավթի մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով հնարավոր համաշխարհային նավթաէներգետիկ ճգնաժամից։ Սակայն գլխավորը, որն անհանգստացնում է Սաուդյան Արաբիային, ռազմական գործողություններին նրա անմիջական մասնակցության անիմաստությունն է։ Եթե, օրինակ, Սիրիայի ռմբակոծությունները, ընդհանուր առմամբ, համապատասխանում են Սաուդյան Արաբիայի ազգային շահերին, քանի որ թուլացնում ու կաշկանդում են Իրանին, որը Էր Ռիադի տարածաշրջանային հիմնական հակառակորդն է, ապա իր մասնակցությունը ռազմական գործողություններին համարվում է շատ վտանգավոր և անկանխատեսելի որոշում։ Սաուդյան Արաբիան վախենում է ոչ միայն, որ իր զինված ուժերը զգալի կորուստներ կկրեն, և Իրանը կարող է հատուցման հարվածներ հասցնել իր տնտեսական և քաղաքական կենտրոններին, այլև, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ աշխարհաքաղաքական իրավիճակի սակավ կանխատեսելի փոփոխություններ, ուժերի դժվարությամբ ձեռք բերված հավասարակշռության խախտում։ Այդ պատերազմի հետևանքով կարող է զգալիորեն ուժեղանալ Իրանը։ Նա կարող է նոր դիրքեր ստեղծել Իրաքում, դաշնակցային նոր հարաբերություններ հաստատել Սիրիայի և Լիբանանի հետ, գործընկերներ ձեռք բերել Պարսից ծոցի երկրների քաղաքական շարժումների միջավայրում, որոնք վախեցած են Իրանի քաղաքական նվաճամտության հեռանկարներից։ Սաուդյան Արաբիան նախընտրում է շռայլորեն ֆինանսավորել Սիրիայի տեղական ու եկվոր դժգոհ խմբավորումներին, ինչպես նաև տարբեր խաղեր խաղալ Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ` նպատակ ունենալով ճնշում գործադրել և մեջտեղից վերացնել Սիրիայի ալավական վարչախումբը։ Սաուդյան Արաբիան Սիրիայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների գլխավոր հովանավորն է։
Հորդանանը ներկա իրավիճակում հայտնվել է առավել խոցելի դրության մեջ։ Նա, ըստ էության, ԱՄՆ-ի և Իսրայելի գործընկերն է, լինելով սակավապաշար պետություն` հարկադրված է լավ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր պետությունների (այդ թվում` Թուրքիայի) և Արևմտյան ընկերակցության հետ։ Առավել տագնապալի ժամանակաշրջաններում Հորդանանը շարունակում է հարաբերություններ պահպանել Սիրիայի հետ և իրեն քաղաքական միջնորդ է համարում Սիրիայի և արաբական մյուս պետությունների, Սիրիայի և Արևմտյան ընկերակցության միջև։ Հորդանանի հաշիմական միապետական դինաստիան իրեն համարում է իրաքա-հորդանանյան դինաստիա և պահպանում է հավակնությունները «Իրաքի թագավորական գահի» և «Արաբական գահի» հանդեպ։ Հորդանանի տնտեսությունը զգալիորեն կապված է Իրաքի և Սիրիայի, այդ թվում` ապրանքների տարանցիկ հոսքերի հետ, և իմաստ չունի փչացնելու հարաբերությունները շիաների, այդ թվում` Իրանի հետ։ Հորդանանի կառավարությունը մեծ հույսեր է կապում Իրաքի նավթի ակունքներից մինչև Կարմիր ծովում գտնվող հորդանանյան Աքաբայի նավահանգիստ խոշոր նավթամուղի կառուցման հեռանկարների հետ։ Վերջին տարիներին Ամմանը քաղաքական բանակցությունների (այդ թվում` գաղտնի) կարևոր վայր է դարձել տարածաշրջանի պետությունների ներկայացուցիչների համար` վերածվելով մերձավորարևելյան «Ժնևի», որտեղ կարևոր մասնակիցներից են շիական երկրները։ Հորդանանում շատ ուժեղ են իսլամական արմատական խմբերը, որոնք թեև երբեմն համագործակցում են կառավարության հետ և ներկայացված են խորհրդարանում, այդուամենայնիվ, որոշակի ժամանակահատվածներում կարող են հակակառավարական դիրք բռնել և խարխլել իրավիճակը երկրում։ Հարկ է նշել, որ 2011-ի գարնանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը լիովին ձեռնտու է Հորդանանին, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել տարածաշրջանում համեմատաբար հավասարակշիռ իրավիճակի պայմաններում, ամերիկա-իրանական, ամերիկա-սիրիական և իսրայելա-արաբական առճակատման պայմաններում միայն։ ՈՒժերի ստեղծված հավասարակշռության խախտումը, պաղեստինյան պետության միջազգային ճանաչումը, Երուսաղեմի հարցի չլուծվածությունը, Սիրիայում հետպատերազմական քաղաքական իրավիճակի անկանխատեսելիությունը կարող են քաղաքական հուսալքության և աղետի պատճառ դառնալ Հորդանանի ղեկավարության, թագավորական ընտանիքի համար, հանգեցնել այն բանին, որ Հորդանանը հարկադրված լինի ընդունել ԱՄՆ-ի այս կամ այն քաղաքական պահանջը։ Պատերազմական գործողությունների պայմաններում և ենթադրյալ հետպատերազմյան ժամանակաշրջանում, Հորդանանը, այսպես թե այնպես, ստիպված է լինելու ճանաչել Սիրիային պարտադրված վարչակազմը` ընդհանուր քաղաքական և տնտեսական հարաբերությունների նկատառումով։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը Հորդանանին որոշակի փոխհատուցում առաջարկի պատճառված տնտեսական վնասի և մատուցված ծառայությունների համար, բայց միաժամանակ մեծացնի Հորդանանի կախումը ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից։
Պարսից ծոցի արաբական միապետություններն ընդհանուր առմամբ շահագրգռված են ամերիկյան ռազմական ներկայության մեծացմամբ, քանի որ դա հավասարակշռում է Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Իրանի ազդեցությունը։ Ամերիկյան ռազմական ներկայությամբ հատկապես շահագրգռված են Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Օմանն ինքն է Պարսից ծոցում ամերիկյան և բրիտանական ռազմավարության կարևոր տարր։ Քուվեյթը շահագրգռված է Իրանի և Սիրիայի առավելագույն թուլացմամբ, չնայած բարեկամական հարաբերությունների մեջ է Իրանի հետ, որից վախենում են ԱՄԷ-ն ու Բահրեյնը։ ԱՄԷ-ն, Կատարը, Օմանն ու Բահրեյնը շահագրգռված են Իրաքի, որպես Իրանի մրցակցի, ռազմական հզորության և քաղաքական ազդեցության կայունացմամբ։ Միաժամանակ, բացի Քուվեյթից, ծոցի արաբական միապետություններից և ոչ մեկը պատրաստակամություն չհայտնեց մասնակցելու Սիրիայում տեղի ունեցող բողոքի գործողությունների ֆինանսավորմանը։ Սակայն ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն էլ առանձնապես շահագրգռված չէ այդ պետությունների ծառայություններով։ Ամերիկացիներն ամենից շատ շահագրգռված են Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Թուրքիայի տարածքներով ու բազաներով։ Այդ երեք երկրների վրա էլ դրվում է շեշտը զինված ուժերի ծավալման գործում։ Եգիպտոսի թուլանալուց, Սիրիայի վարչակազմի քայքայվելուց ու թուլանալուց հետո Քուվեյթին կարող է սպառնալ ուժեղ կախումը Սաուդյան Արաբիայից։ ՈՒստի Քուվեյթը, այնուամենայնիվ, շահագրգռված է Սիրիայի սաստիկ թուլացմամբ։
Հնարավոր է, որ միայն պաղեստինցիները շահագրգռված չեն ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ուժային գործողության իրականացմամբ, քանի որ դրա պատճառով կկորսվի անկախ պաղեստինյան պետության ճանաչման 2011-ի սկզբին ծնունդ առած հեռանկարը։ ԱՄՆ-ի փորձագետները կարծում են, որ պաղեստինյան խնդրի չլուծվածության, Պաղեստինում լայնածավալ պատերազմի պայմաններում անհնար է ռազմական գործողություն սկսել ընդդեմ Սիրիայի։ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հօգուտ պաղեստինյան պետության ստեղծման` որպես արաբական աշխարհի ժամանակավոր հանգստացման եղանակի։ Ընդ որում, ամերիկյան վերլուծաբանները հասկանում են, որ պետության ստեղծումը սոսկ պաղեստինյան պետության խնդրի լուծում է, բայց ոչ պաղեստինյան խնդրի լիակատար կարգավորում։ Որքան արագ և հաջող լուծվի պետության ստեղծման հարցը, այնքան կբարդանա ապագայում պաղեստինյան խնդրի կարգավորումը։ Արաբական պետությունների մեծ մասը և Իրանը շահագրգռված չեն պաղեստինյան պետության ստեղծմամբ, եթե նրանում ներառված չէ Երուսաղեմը, կամ էլ ներառված է սոսկ անվանապես, այսինքն` քաղաքի արևելյան մասի առանձին թաղամասեր։ Սիրիան առանձնահատուկ դիրք է գրավում, ինչը կապված է ոչ թե Երուսաղեմի խնդրի, այլ այն բանի հետ, որ պաղեստինյան խնդիրը կտրվում է մերձավորարևելյան ընդհանուր խնդրից։ Ընդհանուր առմամբ, Սիրիայի արտքաղաքական դիրքորոշման մեջ տեղի ունեցող փոփոխությունները կարող են հսկայական վնաս պատճառել պաղեստինցիների շահերին։
Ամբողջ արաբական աշխարհը դեմ է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուժային գործողությանն ընդդեմ Սիրիայի, թեև, ինչպես միշտ, արաբական պետությունները կազմակերպված չեն և չունեն մշակված միասնական դիրքորոշում։ Այս պայմաններում, չունենալով իրական կոալիցիա, ԱՄՆ-ը հայտնվել է շատ դժվարին կացության մեջ։ 2011-ի աշնան շեմին պարզվեց, որ Մերձավոր Արևելքում լրիվ բացակայում է որևէ հակասիրիական կոալիցիա, եթե հաշվի չառնենք, իհարկե, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև ժամանակավոր պայմանավորվածությունները։ Կասկածելի է թվում նաև այն, որ գոյություն ունի մի ինչ-որ «ժողովրդավարական» կողմնորոշման կոալիցիա, քանի որ, ըստ էության, տարածաշրջանի պետությունների այդ միավորումը պետք է ուղղված լինի անմիջականորեն արաբական աշխարհի գրեթե բոլոր վարչակազմերի դեմ, և դրանով է պայմանավորված այդ պետությունների դիրքորոշումը։ ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի ռմբակոծությունները որոշակիորեն նպաստավոր պահեր էին ստեղծում արաբական մի շարք երկրների համար, որոնք այդ իրադարձություններն օգտագործում էին առճակատման պայմաններում տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Քանի դեռ խնդիր չի դրված, որ արաբական պետություններն անմիջականորեն մասնակցեն Լիբիայի կամ Սիրիայի դեմ ուղղված ռազմական գործողությանը, արաբական աշխարհում ակնկալում էին նոր նախաձեռնություններ և ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականության ծավալում, ինչը հնարավորություն կտար Լիբիայում և Սիրիայում առկա բոլոր խնդիրները լուծելու քաղաքական ճանապարհով, բայց, երևի, դա հեռանկար չունի, և այդ երկրները այս կամ այն ձևով ուժային ճնշման կենթարկվեն նաև ապագայում։
Արաբական առաջատար պետությունները` Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, շարունակում են խուսավարման քաղաքականությունը միջազգային ասպարեզում։ Մասնավորապես, Սիրիայի առջև նոր արտքաղաքական խնդիրներ էին ծառացել, որոնք ենթադրում էին որոշ մերձեցում Արևմտյան ընկերակցության և արաբական առաջատար պետությունների հետ։ Իրանի որոշակի մեկուսացումը շատ նպաստավոր պայման էր Սիրիայի համար, որը դարձել էր տարանցման կարևոր երկիր և Արևելյան Միջերկրականում Իրանի նպատակների ու խնդիրների արտահայտողը։ Սիրիան, փաստորեն, դարձել էր տարածաշրջանում Իրանի առանցքային քաղաքական գործընկերը։ Սիրիան, որոշակի իմաստով, լավ հարաբերությունների է հասել նաև Թուրքիայի հետ, բայց պայմանավորվածությունների բացակայությունն Արևմուտքի, նախ և առաջ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ Սիրիային հասցրել են ներկա օրհասական վիճակին, երբ նա չի կարողանում կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ` ներքին սպառնալիքների դեմ հանդիման։ Սիրիայի համար դա նշանակում է իրաքյան նավթի տարանցումից ստացվող նշանակալի եկամուտների (մինչև 1,0 մլրդ դոլար), Իրաքի, որպես տնտեսական կարևոր գործընկերոջ, Սիրիայի լայն սպառման ապրանքների համար իրաքյան խոշոր շուկայի կորուստ։ Ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ը Սիրիայից կարող է պահանջել ռազմատեխնիկական և կառուցվածքային բնույթի ամեն տեսակի ծառայություններ, ինչը գցում է նրա հեղինակությունն արաբական աշխարհում։ Սիրիայի ղեկավարությունը շատ է վախենում, որ դժգոհ հանրության հանդեպ երկրում իրականացվող գործողությունների ավարտական փուլում կամ դրա ավարտից հետո ԱՄՆ-ը կարող է Սիրիայից պահանջել, որ վարչախումբը մասնակցի տարածաշրջանում իրականացվող որոշ քաղաքական նախաձեռնությունների, մասնավորապես` պաղեստինյան և իսրայելա-արաբական խնդիրների առնչությամբ։ Պակաս երկյուղներ չի պատճառում այն, որ կարող են առաջանալ փախստականների զանգվածային հոսքեր, որոնք կշարժվեն դեպի հարևան երկրներ, ինչը կարող է անկարգություններ և զգալի հումանիտար աղետ առաջ բերել Սիրիայում։ Սիրիայի էական երկյուղներից մեկն էլ տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական դերի, Սիրիայի վրա Թուրքիայի ազդեցության մեծացումն է։ Դրա հետ մեկտեղ, արաբական պետությունների մեծ մասն ամենևին շահագրգռված չէ Սիրիայի վրա ճնշման գործադրմամբ` սուննիների և շիաների հակամարտության սցենարներին համապատասխան, ինչը կարող է հանգեցնել առավելապես շիաբնակ պետությունների` Իրանի և Իրաքի, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի դաշինքի ամրապնդմանն ու համախմբմանը։ Նման սցենարով իրադարձությունների զարգացումը ամենևին ձեռնտու չէ արաբական պետությունների մեծ մասին, և միայն Իրանի կողմից սպառնալիքների ենթարկվող պետությունները, այսինքն` Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրներն են պատրաստ աջակցելու սուննի-շիական առճակատմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ