ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԵՏՈ Է ԳԱԼՈՒ»

«ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԵՏՈ Է ԳԱԼՈՒ»
06.03.2012 | 00:00

Առաջին միտքս` ես քեզնից արդեն 11 տարի մեծ եմ:
Հետո` հիշողությունս: Առաջինը` քո անհավանական վարակիչ ծիծաղը: Երկրորդը` դու սիրում ես դաշտային ծաղիկներ: Երրորդը` եկեղեցու սակրալ լռությունը, որ խոցվում էր մոմերի ճռթճռթոցով, ու քո շարժվող շուրթերը: Չհանդգնեցի հարցնել` աղոթո՞ւմ էիր։
Առաջին զգացումս` ցավը: Մի հավատացեք, ժամանակը չի ամոքում ցավը: Ժամանակը բթացնում է, անթեղում, բայց ցավը մնում է ցավ: Երեկ քո ծննդյան օրն էր, ու երևի այսօր անհեթեթ է խոսել ցավի մասին, ճիշտ է հիշել ուրախությունն ու լույսը, որ ճառագում էիր քո ներկայությամբ, քո ընդգրկուն ներկայությամբ: Ես չգիտեմ ինչու` 1999-ին դու ասացիր` «Սա իմ ժամանակը չէ»: Իմ զարմացած հայացքին ի պատասխան` ավելացրիր. «Իմ ժամանակը հետո է գալու», ու ծիծաղեցիր: Փշաքաղվելու լուրջ: Ես չասացի, որ քո սիրած գրողն ասում է` Ժամանակը հայրենիք է, մի՞թե հայրենիքը քոնը չէ: Չասացի` չգիտեմ ինչու: Ենթագիտակցորեն զգացի, որ հարցս հիմար է: Հիմա հասկանում եմ, որ և՛ նա, և՛ դու հենց հայրենիք էիք:
Երբ կայիր դու, ես հասկանում էի` ինչ է ուժը, վստահությունը, հավատը, համբերությունը, վճռականությունը, ինչ է ներկան ու ինչ է ապագան: Քեզնից հետո սկսեցի հասկանալ` ինչ է դավաճանությունը, կասկածը, ստորությունը, թուլությունը, ողորմելիությունը, ինչ է անցյալն ու ինչ է անխուսափելիությունը: Քո և իմ սիրած գրողը նաև ասում էր` մենք անփոխարինելի չենք, բայց մենք անկրկնելի ենք: Ես ո՛չ նրան, ո՛չ քեզ այդպես էլ չասացի, որ համաձայն չեմ` մեզնից յուրաքանչյուրը և՛ անփոխարինելի է, և՛ անկրկնելի:
Մարդիկ, որ կարողանում են փոխել ժամանակը, իրենք են դառնում ժամանակ: Սա ես չեմ ասել, սա քեզնից ու ինձնից 2055 տարի առաջ ասել է Հուլիոս Կեսարը: Ասել ու անցել է, որովհետև ժամանակ չուներ սպասելու, որ իրեն հասկանան: Ինչպես դու: Որովհետև և՛ նա, և՛ դու ունեիք ամեն ինչ, բացի ժամանակից: Քո բոլոր հաղթանակները դարձան Սիզիփոսի գլորած քարը ու հարվածեցին հենց քեզ. մի՞թե դու չգիտեիր բումերանգի օրենքը: Դու պաշտպանում էիր հայրենիքդ և ուզում էիր հայրենիք կառուցել: Հայրենիքդ քեզ չներեց քո ամենակարողությունը: Դու տեսնում էիր ուրիշ մի Հայրենիք, իսկ մարդիկ պատրաստ չէին այդ Հայրենիքն ունենալուն: Նրանք պատրաստ էին հեռանալու, բողոքելու, նվալու, նեղանալու, ստելու ու ստորանալու, բայց ո՛չ խիզախելու: Պատերազմում մահապարտի ու խաղաղության մեջ վճռական մենակի քո օրինակը նրանք չէին ուզում կողքներին ունենալ, որովհետև մոռացել էին տարածքի ու հայրենիքի տարբերությունը: Նրանք պատրաստ էին քեզ չունենալուն, իսկ դու կայի՛ր: Դու ողջամտությունից դուրս գործնական էիր ու երազող. դա նշանակում էր, որ դու տեր ես ոչ միայն ներկային, այլև ծրագրում ես ապագան:
Երազողները կարողանում են առաջ տանել բոլորի կյանքի ժամանակը, բայց կրճատվում է իրենց կյանքի ժամանակը: Ի տրիտուր` նրա՛նցն է հավերժությունը, որ ոչինչ է` չապրած օրերի դիմաց:
Նորից` ժամանակը: Հիմա դու արդեն ժամանակից դուրս ժամանակի մեջ ես: ՈՒ ես, որ արդեն քեզնից 11 տարի մեծ եմ, շատ եմ վախենում, որ քո ժամանակը շարունակ հեռանում է: Քեզ չհասկացան ու չեն հասկանում, որովհետև փոշիանում է տան ու տիրոջ զգացողությունը, որովհետև մանրիկ առօրյայի անցողիկ կրքերի մեջ պատյանված` մենք կարծում ենք մեզ պաշտպանված ու համարում ենք մեզ տեր, որովհետև դավաճանել ենք մեզ, մեր երազներին ու մեր երազների մեր հայրենիքին: Դու, իհարկե, ներում ես, բայց պետք չէ ներել նրանց, ովքեր հանուն վաղը տեր լինելու` պատրաստ են այսօր ծառա լինելու, ովքեր տիրոջ որոնումներում տանուլ են տալիս մարդու կերպը, ովքեր...
Երեկ քո ծննդյան օրն էր։ Ես նորից չեկա։ Կգամ, երբ բացվեն դաշտային ծաղիկները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.
-Առաջին անգամ քեզ դիմեցի «դու»-ով: Հեռացածների մասին անգլիացիները ասում էին` միացան մեծամասնությանը: ՈՒ գուցե այս ամենը հենց այսպես է, որովհետև չենք գիտակցում, որ բոլորս ու յուրաքանչյուրս մեծամասնությանը միանալու ճանապարհին ենք: Իսկ հավերժության մեջ բոլորս էլ «ես» ենք, ու «դու»-ով դիմելը բնական է: Երևի:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ