Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՐԵՇՏԱԿ, Ո՛Չ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՍԱՏԱՆԱ»

«Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՐԵՇՏԱԿ, Ո՛Չ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՍԱՏԱՆԱ»
02.03.2012 | 00:00

Գարնան առաջին օրը, արդեն չորս տարի է, տխուր հիշողություններ է արթնացնում: Երեկվա քաղաքական օրակարգը ևս հագեցած էր տեղի ունեցածի շուրջ մեկնաբանություններով: «Իրատես de facto» ակումբում հյուրընկալված ՍԴՀԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ևս անդրադարձան ողբերգական օրվան: «Երևանի կենտրոնում սպանդ կազմակերպվեց, կատարվեց ռազմական հեղաշրջում: Չորս տարի է անցել, որտե՞ղ են մարդասպանները, ի վերջո, հասարակությունը պիտի իմանա՝ ինչի՞ համար էր պետք անմեղ մարդկանց վրա կրակ բացելը: Գալիք ընտրություններում պետք է նորից կեղծիքներ լինեն, որպեսզի չբացահայտվի կատարվածը»,- հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը, որի տեսակետի հետ համամիտ չէր մյուս բանախոսը: «Այսօր ոչ մեկին այդքան շատ հարկավոր չէ տեղի ունեցածի բացահայտումը, որքան իշխանություններին ու անձամբ երկրի նախագահին: Ավելին, ոչ մեկին մարտի 1-ը քաղաքական առումով այդքան վնաս չբերեց, որքան երկրի նախագահին: Ովքեր էլ մեղավոր լինեն, պիտի դաս առնեն այս ամենից, որպեսզի «մարտի 1» այլևս չկրկնվի»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ հորդորելով, քաղաքական այս կամ այն նկատառումներից ելնելով, չշահարկել մարտի 1-ը կամ հոկտեմբերի 27-ը:
Անդրադառնալով սպասվող ընտրություններին` Գուրգեն Եղիազարյանը շեշտեց. «Ինչպես կարող է պատահել, որ 40 տոկոս սոված բնակչությունը 5 տոկոս կուշտին ձայն տա: Ո՞վ է 40 տոկոսին սոված թողնում ու ամեն օր լափում, և ո՞վ պիտի կեղծի ընտրությունները, իհարկե նա, ով գողացել է: Սովածը մեր կողմից է, ոչ թե իշխանության: Մենք գոնե մեկ անգամ պիտի արդար ընտրություններ անցկացնենք և տնվորի կարգավիճակից դուրս գանք»: Սակայն իշխանության ներկայացուցիչը կողմնակից չէ հասարակությանը «սև ու սպիտակի, հրեշի ու հրեշտակի» տարանջատելուն, իսկ «լափողների» մասին խոսելիս առաջարկում է հետ նայել, թե նրանք որտեղից են գալիս, ում թողտվությամբ: «Լափողներ եղել են 90-ականներին, այսօր էլ կան, վաղն էլ կլինեն: Ո՛չ ընդդիմադիրներն են հրեշտակ, ո՛չ էլ իշխանությունը` սատանա: Այսօր շատերն ուզում են գալ իշխանության` լափելը շարունակելու համար, իհարկե, իշխանությունում էլ կան այդպիսի մարդիկ: Երեկ էլ դուք էիք իշխանություն, երեկ էլ թալան կար: Այնպես չէ, որ հարթակում բոլոր կանգնածները հրեշտակ են, ախր ճանաչում ենք, չէ՞, նրանց: Եթե այսօրվա առաջին միլիոնը գոնե օրենքի շրջանակում է, այն ժամանակ, իրոք, կոպեկներով գողացել են: Այսօր այ այդ մարդիկ են թալանից խոսում, ինչը հանրության կողմից չի ընկալվում: Գոնե նրանք պիտի լռեն: Այսօր ոչ մեկը կախարդական փայտիկ չունի, որ բոլոր խնդիրները միանգամից լուծի»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ միաժամանակ առաջարկելով ընդդիմությանն ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու այդ ընտրություններում ձայներ չվաճառել:
«Կախարդական փայտիկի» առնչությամբ ՍԴՀԿ ներկայացուցիչը հակադարձեց. «Չորս տարվա մեջ հնարավո՞ր էր ինչ-որ մեկի ախորժակը քացախով կամ անանուխով չափավորել ու նրանց ասել՝ տզրուկի պես մի կպեք էս ժողովրդին: Հնարավո՞ր էր վերացնել մոնոպոլիստական կապիտալիզմը, որ այսպիսի թանկացումներ չլինեին, միջին տնտեսավարողներն իրենց բիզնեսը զարգացնեին և այլն: Մենք հայտարարել էինք` պարո՛ն նախագահ, դեմքով շրջվիր դեպի գյուղացին, այլապես գյուղացին բահով կշրջվի դեպի քեզ»: Ինքնաքննադատաբար մոտենալով նաև հարազատ կուսակցությանը, Լեռնիկ Ալեքսանյանը փաստեց. «ՀՀԿ-ն դասական կուսակցություն է: Այսօր գուցե շատ պատեհապաշտներ են եկել լցվել, բայց ծովի նման կմաքրվի: Այս նախագահից բացի, ես չեմ տեսնում մեկին, ով ի վիճակի է լուրջ քայլեր կատարելու: Ամենասկզբում ՀՀՇ-ում էլ շատ կարգին մարդիկ կային, բայց հետո մխտռվեց, դարձավ եսիմ ինչ»: Սրան անմիջապես արձագանքեց Եղիազարյանը. «Եթե ՀՀՇ-ին ես ասում, տե՛ս` ինչ է կատարվում ՀՀԿ-ում, նայելու բան չէ»:
Բանախոսներն իրենց տեսակետը ներկայացրին նաև երեկ ԱԺ-ի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի առնչությամբ, որը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, եթե 2008-ին ընդունված լիներ, «մարտի 1» չէր լինի: «Եթե ամեն մարդ գնա ու շենք գրավի, ո՞ւր է գնալու մեր երկիրը: Պետք է իշխանություններին ու նրա ասածին վստահել»: Մինչդեռ լիովին հակառակը պնդեց Գուրգեն Եղիազարյանը. «Որպեսզի վաղը չասենք, թե զինված հեղաշրջում է եղել, այսօր պետք է օրենք ընդունեն, որ վաղը, էդ էրեխեքին քաղաք մտցնելիս, ասեն՝ օրենքով ենք արել»: Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, ընտրությունների և այս օրենքի միջև ոչ մի առնչություն չի տեսնում, ավելին, ողբերգական իրադարձությունների սցենարներն էլ իրատեսական չի համարում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ