ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բաքուն գետնի վրա իրողություններ է փոխում

Բաքուն գետնի վրա իրողություններ է փոխում
20.10.2023 | 13:11

«Խաղաղության պայմանագրի» մասին հանրային խոսույթը ինձ հիշեցնում է Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը:

Հեքիաթը, կարճ ասած, այն մասին էր, որ մի գեշ բոշա խեղդում է եղեգնուհուն, նստում նրա տեղն ու թագավորի տղային համոզում, որ եթե իր համար զոհողությունների գնա, ապա ինքը կգեղեցկանա:

Ինչու՞ եմ այս հեքիաթի հետ համեմատում, քանի որ ի սկզբանե խաղաղության հետ որևէ աղերս չունեցող մի գործընթաց շարունակում է մեզանից խլել մեր իրավունքները, մեր կյանքերը, մեր պետությունը, մեր արժանապատվությունը՝ խոստանալով, որ շուտով «խաղաղ կլինի»: Ալիևը, ի սկզբանե, այդ գործընթացը նախաձեռնել է որևէ թուղթ չստորագրելու հստակ միտումով, իրեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետք էր օրակարգ, ձևաչափ ու նոր բովանդակություն, որպեսզի թույլ չտա նոր ստատուս քվոյի ձևավորում, առավել ևս՝ ԵԱՀԿ ՄԽ-ի վերագործարկում, քանի որ վերջինս մի քանի կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ալիևը դրա մասին անգամ հրապարակային է խոսել:

Բաքվի բռնապետն օգտագործում է այս գործընթացը՝ շատ արագ քայլերով գետնի վրա իրողություններ փոխելով ու հետո «նոր կետից» բանակցելով: Եթե ոմանց թվում էր, որ 2020 թվականի պատերազմից հետո առնվազն հինգ տարի կա իրողությունները պահպանելու համար, ապա Ալիևը հասավ նրան, որ թղթի ստորագրումից երեք տարի անց Արցախում հայ չկա, իսկ ադրբեջանական լրատվադաշտն էլ գրում է, որ նոյեմբերի 10-ը պետք է Ստեփանակերտում «տոնել»:

Այդ թղթի բանակցությունների իմիտացիայի նպատակը ժամանակն արագորեն մեր դեմ ուղղելն էր: Ալիևը շատ հստակ հաշվարկել է, որ պարտված Նիկոլ Փաշինյանն այլևս ունակ չէ որևէ օրակարգ ու բովանդակություն ստեղծելու, դրա համար էլ Փաշինյանը արագորեն ցատկեց ադրբեջանական օրակարգի մեջ՝ դրանով իսկ օգնելով Ալիևին մաքրվել ագրեսորի պիտակից ու իմիտացնելով, թե արցախյան պատմության ու շարժման գաղափարական խեղաթյուրումը, իրավունքներից հրաժարումը միակ միջոցն է Հայաստանը պաշտպանելու համար:

Հենց այս գործընթացի միջոցով էլ Արցախը հայաթափվեց, Արևմուտքը լռեց, որպեսզի դիմացը Ալիևը թուղթ ստորագրի, ռուսական կողմն էլ ստացավ «ալիբի» ադրբեջանցիների հետ հայերի դեմ գործարքի գնալու՝ այն մտայնությամբ, որ դե, եթե Արևմուտքն է Արցախը նվիրելու Ադրբեջանին, ապա հենց իրենք էլ կնվիրեն՝ դիմացն էլ մի բան կպոկեն: Ալիևի հաշվարկն իրագործվեց, ձեռք բերվեց միջազգային կոնսենսուս Արցախը հայերից ազատելու շուրջ: Իհարկե, հետո Ալիևը մերժեց Գրանադայի հանդիպումը ու սկսեց գովել ռուսական հարթակը: Միշելն էլ, երբ զանգահարեց բռնապետ գործընկերոջը, ի պատասխան իրազեկվեց, որ Ալիևը դեռ ստանալիք ունի ՀՀ-ից:

Հիմա արդեն Ադրբեջանը հաջորդ քայլերին կանցնի, նոր պահանջներ առաջ կքաշի «երանելի» պայմանագրի ստորագրման համար: Դրանք կլինեն թե՛ տարածքների ու իրավունքների զիջման, և թե՛ արժանապատվության ու գաղափարական դաշտում մեզ նսեմացնելուն և քայքայելուն ուղղված քայլեր:

Այս պարզ իրողությունները գնահատելու ու դրանք կանխելու փոխարեն, մեր հանրային տիրույթը զբաղված է քննարկելով, թե որ հարթակում ստորագրվի այդ երևակայական թուղթը, որոշ սուտի արևմտամետներ էլ հեքիաթներ են պատմում մարդկանց, թե իբրև Մեհրիբան Ալիևան շուտով կհայտնվի պատժամիջոցների տակ: Եվ կրկին, մինչ մեզ զբաղված են պահում անիմաստ օրակարգերով, տարբեր տեղերում Ադրբեջանն աշխատում է մեր դեմ նոր, վտանգավոր կոնսենսուսներ ձևավորելու ուղղությամբ:

Կարծում եմ՝ անիմաստ է քննարկել այլևս որևէ թուղթ կստորագրվի, թե ոչ, քանի որ, ինչպես Աղայանի հեքիաթում, այնպես էլ «Խաղաղության պայմանագրի» գործընթացում, ի սկզբանե ամեն ինչ տգեղ էր ու վտանգավոր, ուստի դա լավ բան դառնալ չի կարող:

Ի միջի այլոց, «Եղեգնուհին» հեքիաթի վերջում, երբ իմանում են, թե ինչն ինչոց է՝ բոշային կապում ե ձիու պոչից ու սպանում։ «Չարն այնտեղ, բարին այստեղ»,-եզրափակում է Աղայանը հեքիաթի վերջում:

Բայց մեր կյանքն ու պետությունը հեքիաթ չեն, որ չարի ու բարու հատուցման տրամաբանությամբ հույսներս դնենք լավ ավարտի վրա: Եթե ուզում ենք գոնե կանխել վատ ավարտը, ապա դրա համար պետք է հեռացնենք մեզ խաբող, գցող ու մեր իրավունքները ոչնչի դիմաց զիջող ղեկավարին ու նրա թիմը, ովքեր պատրաստ են ներքաշվել հակառակորդի վտանգավոր ու կործանարար օրակարգի մեջ՝ բացառապես սեփական իշխանությունը պահպանելու նպատակով:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ