Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ադրբեջանին պետք չի խաղաղություն հայերի հետ, նրանց պետք է խաղաղություն՝ առանց հայերի

Ադրբեջանին պետք չի խաղաղություն հայերի հետ, նրանց պետք է խաղաղություն՝ առանց հայերի
28.09.2023 | 16:42

Երեկ ուշ գիշեր ադրբեջանական դաշտը մոնիթորինգ եմ արել ու հասկացա, որ շատ բարդ է լինելու Ռուբեն Վարդանյանի հետագա ազատ արձակման հարցը: Այսօր նրան չորս ամսով կալանավորելու որոշում են կայացրել ու մեղադրանք են առաջադրել երեք հոդվածով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի հանրապետություն»:

Երբ ես ասում եմ մենք Ադրբեջան պետությունը չենք ճանաչում կամ չենք ուզում մինչև վերջ գիտակցել դրա ռասիստական էությունը, հենց այս ամենի մասին եմ ասում: Ինչու՞մն է Ռուբեն Վարդանյանի «մեղքը»: Այն օրվանից որ նա ժամանեց Արցախ, հետո ստանձնեց պետնախարարի պաշտոնը, որից կարճ ժամանակ անց հաջորդեց բլոկադան, միջազգային մամուլը հենց նրա անձի ու կապերի շնորհիվ անդադար լուսաբանում էր Արցախի թեման, մեծ աղմուկ էր բարձրացվել, որը շատ էր անհանգստացնում Ադրբեջանին: Նրանք կարող են արհամարհել զանգերը, դատարանի որոշումները, բայց երբ միջազգային հանրության շրջանում բոլորը սկսում են խոսել իրենց մասին՝ որպես էթնիկ զտում իրականացնողների, դա արդեն Ալիևին հեչ դուր չի գալիս: Նա իր իմիջը չի ուզում փչացնել:

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանի աշխատանքը արտաքին աշխարհի հետ մեծ գլխացավանք էր դարձել Բաքվի համար: Դրա համար էլ իրենք հսկայական ջանք դրեցին, որպեսզի Վարդանյանը հեռացվի պետնախարարի պաշտոնից: Այդուհանդերձ, նա դուրս չեկավ Արցախից, բայց միջազգային աղմուկն, իհարկե, այդ տեմպով այլևս չշարունակվեց: Ադրբեջանը հիմնականում հասավ իր նպատակին՝ թեման մարեց:

Հետո արդեն եղան հետագա քայլերը, Ադրբեջանը մտածված ու ծրագրված սպասեց իր «աստղային ժամին» Արցախի հայերի բռնի տեղահանումն իրագործելու համար: Վերջին կաթիլը դարձավ սեպտեմբերի 19–ը, որի ժամանակ ևս Վարդանյանը ակտիվ իրազեկում էր դրսի որոշ լրատվամիջոցների իրադրության մասին:

Ինչևէ, Ադրբեջանը իր նպատակին հասավ՝ Արցախը դատարկվում է ամենադաժան ձևով, Արցախի թեման էլ «փակվում է»: Հերթը արագ կհասնի Հայաստանին, իրենց մամուլն արդեն խոսում է «անկլավների» ու «միջանցքի» մասին:

Բայց այս ողբերգության մեջ կա մի դրվագ, որը ևս հաշվի չի առնվում: Ադրբեջանը փորձելու է տարբեր միջոցներով վնասել այն մարդկանց, որոնք իրենց դեմ են դուրս գալիս, որոնք աղմուկ են բարձրացնում, որոնք փորձում են թույլ չտալ ու կանխել իրավիճակի ողբերգական զարգացումները: Չգիտեմ ուղղակի թե անուղղակի (ես փաստերով եմ սիրում խոսել), բայց ես վստահ եմ, որ իրենք մեծ դեր են խաղացել մեր հանրության մի որոշակի հատվածի աննախադեպ դեգրադացիայի մեջ: Մարդիկ կան, այսքանի հետո ասում են՝ «դե պայմանագիր կնքվի, խաղաղ կապրենք»: Ես անհոգնել փորձում եմ բացատրել, որ Ադրբեջանին պետք չի խաղաղություն հայերի հետ, նրանց պետք է խաղաղություն՝ առանց հայերի:

Մինչ իշխանությունները փորձում են բոլորին գործակալ ու հինգերորդ շարասյուն որակել, աջուձախ վագներականներ տեսնել ու երեքգլխանի դևեր, դրան զուգահեռ մենք կորցնում ենք հայրենիք, կյանքեր, արժեքներ, կամք ու բարոյականություն: Դրա համար էլ կգտնվեն ոմանք, որոնք կուրախանան, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ընդ որում՝ մարդ, որը միշտ փորձել է օգնել Հայաստանին տեսանելի դառնալ աշխարհի համար: Այդ մարդը դրա կարևորությունը հասկացել է, իսկ հայտնի հարցազրույցում էլ խոսում էր Հայաստանի՝ Ֆինլանդիա դառնալու իր երազանքի մասին, բայց դե իշխանական մեդիան դա դարձրեց «թաթարստանի» թեմա:

Միշտ այդպես է՝ Ալիևն էլ հայերին էթնիկ զտման ենթարկեց ու խոսում է «ինտեգրացիայից» ու «խաղաղությունից»: Փաշինյանն էլ քանդում է հայոց պետականությունն ու խոսում ինքնիշխանությունից: Ծուռ հայելիների ու տրամաբանության բացակայության փուլում ենք, և դա ամենասարսափելին է, թերևս:

Տոկունություն եմ մաղթում Վարդանյանի հարազատներին, բարդ ճանապարհ է սպասվում, բայց ես վստահ եմ հենց նույն միջազգային մամուլը, ուժեղ պաշտպանությունը ու քայլերի մտածված, հստակ հաջորդականությունը կօգնի կանխել դեպքերի հետագա վտանգավոր ընթացքը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ