ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանի «պառաժը», Ալիևի «բագաժը»

Փաշինյանի «պառաժը», Ալիևի «բագաժը»
24.06.2023 | 21:55

Մինչ «մեր ճկուն ու աննկուն բանակցող» վարչապետը 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր եռաժամ ելույթով՝ մեղավորների փնտրտուքով, ինքնարդարացմամբ, սեփական ձախողումները կոծկելով, շինծու ու աբսուրդային ենթադրությունները հիմնավորելով, իր արած-չարածի արդյունքում պատասխանատվությունից խուսանավելու և իրեն փրկիչ-հերոս կարգելու համար պատերազմի խրոնոլոգիայի սրբագրմամբ և արցախյան կոնֆլիկտի ողջ բանակցային պրոցեսի խեղաթյուրմամբ է զբաղված, իր քաղաքակիրթ կոլեգա Ալիևը չի թաքցնում, որ հավուր պատշաճի պատրաստվել է Ղարաբաղյան 2-րդ պատերազմին:

Ավելին, որ հաղթանակից հետո տարածաշրջանի օրակարգը հետայսու ինքն է սահմանում։

Ալիևն այնքան ինքնավստահ է, որ ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունից զատ, ի լուր աշխարհի անկաշկանդ տեղեկացնում է, որ բարձր ճշգրտության հեռահար հրթիռների ձեռքբերման մի շարք պայմանագրեր է կնքել, գնել է նոր անօդաչու թռչող սարքեր, բանակի սպառազինությունը գերհագեցնում է ամենօրյա ռեժիմով և որ Բերձորի ու Քարվաճառի շրջաններն էլ վերածում է ռազմական պլացդարմի:

Այս ամենով հանդերձ սարկազմով մեջբերում է, որ անգամ Հայաստանի ղեկավարն է կրկնում իմ խոսքերը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է»...

Մնում է՝ ասածը հաստատի թղթով:

Հետևաբար, մենք չենք շտապում, դրանում անհրաժեշտություն չկա։

Ներկայումս ուժը, ժամանակը ու միջազգային իրավունքը մեր կողմն են։

Մենք դեռ կարող ենք սպասել:

Նրանից հետ չմնաց նաև արտգործնախարար Բայրամովը, ով հաստատեց, որ ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը չեն ընդունում։

Որ էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով ու պահպանել իրենց մշակույթը՝ ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին ինտեգրվելու դեպքում։

Ինչ խոսք, թեպետ հաղթանակի էյֆորիայի տակ մնացած, մեծամտացած, բայց հաղթանակած, իրեն հարգող պետության ղեկավարի աշխատելաոճ ու պահելաձև է:

Մանավանդ, որ երկնքից իջեցնող չկա, ընդհակառակը, թևեր տվող, երկինք հանող կա, լեզուն կտրող չկա, ընդհակառակը, բերանը լեզու դնող ու այն երկարացնող կա:

Այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի՝ «Արցախը շուտ տանք, որ խաղաղ ապրենք» քաղաքականության տրամաբանության պարագայում:

Իսկ Ալիևը, լինելով անկեղծ թշնամի, չի դադարում ասել, որ որքան զիջեք, այնքան ավելին եմ ուզելու։

Եվ հետո.

մարդը գիտակցում է, որ պատերազմը դեռ ավարտված չէ, որ պետք է մինչև ատամները զինվել, անդադար թարմացնել ռազմական արսենալը՝

նախ որպեսզի ռեվանշի շանսերը բացառվեն, և հետո, հող նախապատրաստել՝ իր ծավալապաշտական նկրտումները մոտ ապագայում կյանքի կոչելու համար:

Իսկ մինչ այդ, նա մարսում է ամեն ինչ:

Նա թքած ունի ինչպես Հաագայի, այնպես էլ ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական որոշումների ու բանաձևերի, ԵՄ դիտորդական առաքելության, ԱՄՆ կոնգրեսականների, տարբեր երկրների լիդերների կոչերի ու հորդորների վրա:

Նա այնքան է ինքնավստահ, որ ոչ միայն փակել է Լաչինի միջանցքը, այլ նաև ճանապարհի վրա տեղադրած իր անցակետը վերածել է՝ բետոնե պատնեշով, զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի:

Անգամ պաշտոնական Մոսկվան՝ հասկանալով, որ սա արդեն չափազանց է, ակնհայտ ամենաթողություն է, որին այլևս չեն կարող գոնե չարձագանքել՝ Զախարովայի շուրթերով կոչ են անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը։

Նա առանց կաշկանդվելու, «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ, վերջիններիս լուռ համաձայնությամբ կամ անտարբերությամբ, սովամահ է անում 120 հազար մարդու:

ՈՒ նա այս ամենն իրեն թույլ կտա դեռ այնքան ժամանակ քանի դեռ ռազմաքաղաքական բալանսը խախտված է:

Քանի դեռ նրան չեն զեկուցել հայկական բանակի սպառազինված ու մարտունակ լինելու մասին,

քանի դեռ Հայաստանի կողմից չի զգացել սպառնալիք ու իրական վտանգ, քանի դեռ մենք ընտիր-ընտիր հպատակ ու խելոք-խելոք կատարող ենք, քանի դեռ զբաղված ենք խաղաղության տենչանքի արդյունքում ինքնախաբեությամբ, քանի դեռ չենք հասկացել, որ խաղաղություն չեն մուրում, չեն աղերսում, խաղաղություն՝ պարտադրում են, հասնում՝ ուժի միջոցով:

Քանի դեռ քաղաքական երկնակամարում դիլետանտներ ու բանսարկուներ են ծվարել ու քանի դեռ ամեն երկու հայից մեկի մեջ մի անավարտ բանաստեղծ կա, մի ավարտուն փիլիսոփա և առնվազն կես արտաքին գործերի մինիստր ու ռազմական ստրատեգ...

Այնպես որ՝ նախապայմանը զինվելն է, ուժի դեմոնստրացիան է և այս ամենի հետ մեկտեղ՝ խոհեմությունն ու առողջ դատողությունը:

Թշնամին այլ լեզու չի հասկանում,

ցավոք, մեզանից շատերը ևս:

Սա ոչ միայն վերջինիս քմահաճույքներն ու նկրտումները զսպելու կամ ինքնապաշպտպանվելու, այլ նաև կորցրածը վերադարձնելու, սեփական հայրենիքում ապրելու, այն հայրենատերի իրավունքով տնօրինելու ու սերունդներին փոխանցելու համար է:

Սա է այսօրվա մեր բոլորի անելիքն ու հրամայականը:

ՈՒրիշ ոչինչ չի մնացել անելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4010

Մեկնաբանություններ