Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները չունեն արտաքին և ներքին քաղաքականության ռազմավարություն։ Սա, թերևս, նկատելի է իշխանությունների կողմից վարվող հախուռն, անհավասարակշիռ, երբեմն էլ իրար հակասող արտաքին քաղաքական խոսույթից, հանդիպումներից և այլն։
Ժամանակակից աշխարհում, երբ պետությունները մեծ փոխկապվածության մեջ են, երբ անգամ ներքին քաղաքական գործընթացներն են հաճախ միջազգային քաղաքականության մաս դառնում, արտաքին քաղաքականությունը, թերևս, պետությունների ամենանուրբ և ամենանպատակային աշխատանքի ոլորտն է դառնում։
Սակայն, արտաքին քաղաքականության ռազմավարություն գծելիս, կարևոր է հստակ պատկերացնել երկրի տեղը և դերը՝ պայմանական 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո։ Միևնույն ժամանակ, կարևոր է սահմանել, թե քո երկրի մրցակիցը ո՞ր երկիրն է, ու՞մ ես պատրաստվում դիմակայել։ Որպես մրցակից եթե սահմանում ես երկրի հնարավորություններով քեզ հավասարի, որին պետք է դիմակայես, նշանակում է զրկվել մրցունակությունից, առաջադիմելուց և ապահովել երկարաժամկետ հեռանկարում անխուսափելի ռեգրես։ Հետևաբար, տարածաշրջանում քո հավակնությունները պպետք է հավասարեցնես ռեգիոնալ տերություններին, որոնց դիմակայելու կանխավարկածով պետք է զարգացնես ՝
ա. տնտեսությունը,
բ․ բանակը և ռազմական տնտեսությունը,
գ․ արտաքին քաղաքականությունը,
դ․ պետության քաղաքական համակարգը։
ՈՒնենալ ռազմավարական հայեցակարգ, նշանակում է ունենալ դինամիկ և պրոակտիվ արտաքին քաղաքականություն, նպատակային գործողություններ։
Հայաստանի պարագայում նրբությունն այն է, որ երկիրը հայտնվել է աշխարհաղաղաքական ուժերի բախման էպիկենտրոնում՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալ քաղաքական ակտորների հավակնությունների թիրախում։
Հետևաբար, նրբությունն այն է, որ արտաքին քաղաքական ռազմավարությունը պետք է հենված լինի տարածաշրջանային ուժերի և տանդեմների հավասարակշռմանը՝ մի կողմից, աշխարհաքաղաքական գործող ակտորների բախման վտանգը երկրի սահմաններից վանելու քաղաքականությանը՝ մյուս կողմից։
Երկրի համար ստեղծված ժամանակավոր՝ այսրոպեական և երկարատև համընկնող շահերի ամբողջական օգտագործումը ենթադրում է առանձին կարճաժամկետ և կամ երկարաժամկետ, երկկողմ և կամ բազմակողմ տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշինքների ձևավորում, որոնք հնարավորություն կստեղծեն անվտանգության միջավայրի բարելավման և ներպետական հիմնախնդիրների լուծման, քաղաքական համակարգի մոդեռնիզացման, զինված ուժերի վերակազմակերպման համար։
Արտաքին քաղաքականության ռազմավարության բացակայության պայմաններում պետությունը ո՛չ միայն կզրկվի «փոքր պետություն» տիտղոսից, այլև աստիճանաբար կմոտենա «ձախողված պետություն» աստիճանին։
Արա Պողոսյան