ՀՅԴ պատգամավոր Մհեր Սահակյանը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ քաղաքական փոփոխությունների սկիզբ դրեց իր մեկ հարվածով՝ առ իշխանական պատգամավորի ճակատ:
Սկսենք իշխանությունից:
ՔՊ-ական պատգամավորներին տրված են անվտանգության տարրական երաշխիքներ, որոնց դիմաց Փաշինյանը նրանցից ակնկալում է բազմաթիվ մանր-մունր ծառայություններ: Կոպիտ ասած, պայմանական «լուլուին» համոզել են, որ իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում, «լուլուն» կարող է անկաշկանդ լկտիանալ, և որևէ մեկը, ով կհամարձակվի ընդդիմանալ «լուլուին», խիստ կպատժվի: Ավտանգության այս երաշխիքները իշխանական թիմի ներկայացուցիչներին, հատկապես 2021 թվականի ընտրություններին հաջորդող շրջանում, լկտիացրին: Հանրությունը բազմաթիվ անգամ ականատես է եղել ՔՊ-ականների, նրանց ընտանիքի անդամների լկտի ծաղրին, ինչը, որպես կանոն, մնացել է անարձագանք:
Իսկ այն հազվադեպ դեպքերում, երբ հանրությունից որևէ մեկը համարձակվել է ընդվզել՝ արժանացել է ցուցադրական պատժի:
Մհեր Սահակյանի դեպքը տարբերվում է: Ցուցադրական պատժի մեխանիզմը դժվար է գործում պատգամավորի կարգավիճակ ունեցողի նկատմամբ: Մանդատից զրկելու գործընթացը կարող է դառնալ (իսկ ես ամեն ինչ կանեմ, որ անպայման դառնա) այն կայծը, որից շատ մեծ հրդեհ կարող է բռնկվել: Մհերին առանց ցուցադրական պատժի իշխանությունը թողնել ուղղակի չի կարող, այլապես կփլվի այն անվտանգության սիստեման, որն իշխանության միասնականության հիմնաքարն է: Չպատժեն Մհերին՝ կառաջանան բազմաթիվ մհերներ:
Այս պահին իշխանությունը պարտվում է քարոզչական դաշտում, քանի որ ցանկացած շրջանառվող ինֆորմացիա վերջնահաշվարկում դառնում է ի օգուտ Մհեր Սահակյանի: Իշխանության ինֆորմացիայի (սուտ-կիսաճիշտ) բոլոր փորձերը փշրվում են, որովհետև Մհերը վիզուալիզացրեց այն, ինչի մասին երազում է ՀՀ չափահաս և ինտելեկտուալ բնակչության ճնշող մեծամասնությունը:
Իշխանությունը հայտնվել է պատային իրավիճակում: Պատժելը շատ դժվար է, անտեսելը՝ մահացու:
Անցնենք ընդդիմությանը:
Մհերը մի հարվածով միավորեց բոլորին: Իրար ատող տարբեր ընդդիմադիրներ Մհերի հարցում դարձան միակարծիք: Բոլորը աջակցում են Մհերին: Այստեղ կցանկանայի հատուկ դիմել ՀՅԴ-ին և հատկապես երիտասարդ ՀՅԴ-ականներին (մինչև 30 տարեկան): Եթե ՀՅԴ-ն որևէ քաղաքական գործարքի գնա Մհերի հարցում, դա ծանր հարված կլինի Դաշնակցության հեղինակությանը: Պայքարեք Մհերի համար մինչև վերջ: Երիտասարդներին հատկապես կոչ եմ անում ներքին կուսակցական վերահսկողության տակ վերցնել Մհերի հարցը: Շատ չեմ ծավալվում, բայց բացառեք Մհերի թեմայով ներողություն խնդրողներին ձեր շարքերից, եթե այդպիսիներին կհայտնաբերեք, իսկույն ցուցադրաբար պատժեք՝ ենթարկելով կուսակցական պատասխանատվության:
Մհերին առնչվող բոլոր հարցերում 24/7 ռեժիմով պատրաստ եմ աջակցել իմ ամբողջ ռեսուրսով: Սա այն հարցն է, որը իրոք կարող է թուլացնել դավաճան իշխանությանը, և նախորոք եմ ասում, որ այս թեմայով անվճռական ընդդիմադիրներին սպասվում է ամոթանքի խարան: Սա ասում եմ այսօր, որ հետո նեղացողներ չլինեն:
Մհերը խփել է, մնում է մենք պասը վերցնենք:
Նարեկ Մալյան