Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության ու խաղաղության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական և հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը: Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակված գնդակները և վերջին օրերի հրադադարի ռեժիմի այլ խախտումները դրա հերթական ապացույցն են: Որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու և հայոց պետականությունն ու բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:
Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության ու խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել, և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է: