«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը համաձայն չէ «կապիտուլյացիա» բառի հետ: Բացատրում է՝ կապիտուլյացիան նշանակում է, որ թշնամուդ ես տալիս քո սուվերեն սահմանները.
«Հիմա մենք համաձա՞յն ենք արդյոք մեր սահմանները տալ թշնամուն, իհարկե՝ ոչ: Բայց ես այլ բան եմ ուզում ընդգծել՝ որպես տեքստ, այդ հայտարարությունն արդարանալու բան չի: Դրդապատճառաբանությունն ի գիտություն կարող եմ ընդունել, բայց այն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծում չէ: Հիմա աշխատում եմ, որ այդ հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս: Դա որևէ կապ չունի բանակցությունների հետ»: Իգիթյանն այն համոզմանն է, որ ԱԺ-ն պետք է հայտարարություն անի ու իր անհամաձայնությունը հայտնի հայտարարությանը, որպեսզի այն Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտ չդառնա: Ընդգծում է՝ ընդդիմության ներկայացուցիչների, հանրահավաքների ժամանակ միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողների հետ միասին պետք է կարողանան այնպես անել, որ այդ հայտարարությունը պարտադրված զինադադարի պայման համարվի, ոչ ավելին:
«Ինձ համար, օրինակ, անհասկանալի է հայտարարության այն մասը, որտեղ նշված է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները: Բայց այդ կետը միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերում, թե՞ նաև Հադրութը, Շուշին ու մյուս համայնքները լքած հայերին: Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվել է պատերազմական գործողությունների ժամանակ, չի կարող պայմանագիր համարվել, որովհետև բանակցությունը սկսվում է այն ժամանակ, երբ դադարում է պատերազմը»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ