«Լուսավոր» Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից «Իրատեսը» հետաքրքրվեց՝ ամիսներ առաջ, երբ հանդիպում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հայտարարում, թե ո՛չ սեղանի տակ, ո՛չ սեղանի վրա փաստաթուղթ չկա, մտածու՞մ էր, որ բանակցային գործընթացը Փաշինյանը ոչ ամբողջական կամ սխալ է ներկայացնում իրենց:
Ի պատասխան նա նշեց. «Փաշինյանն ինքը նույնպես չի տիրապետել իրավիճակին ու, չիմանալով հանդերձ, փորձել է նաև մեզ հանգստացրնել: Մենք էլ մեր հերթին չենք մտածել, որ վարչապետը, հնարավոր է, իրավիճակից, իրողություններից կտրված լինի: Վստահել ենք, ասել ենք՝ լավ, ուրեմն ամեն բան կարգին է: Նույն «ՍՈՒ-30»-ների մասով մեզ այնպիսի բաներ էին ասում, որ սկսում էինք ամաչել, թե ինչու ենք այդքան «կարևոր, դիպուկ» գնման առնչությամբ հարց բարձրաձայնում: Վստահեցնում էին՝ եթե հանկարծ պատերազմ սկսվի, հողին ենք հավասարեցնելու թշնամուն և այլն: Նույնը եղել է նաև արտաքին գործերի նախկին նախարարի հետ զրույցի ժամանակ: Նա էլ էր մինչև վերջ հավաստիացնում, որ ամեն ինչ նորմալ է և այլն»:
Մարուքյանը համաձայն չէ այն տեսակետին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավոր է չեղարկել: Դրա չեղարկումը, ասում է, հղի է նոր պատերազմով: Հարց է տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է նոր պատերազմի. «Փաստաթղթի անգամ մասնակի չեղարկումը պատերազմ է ենթադրում: Կապանում և Գորիսում ժողովուրդը մոբիլիզացվել է ու կանգնած է սահմանին, կանոնավոր բանակ չկա, իսկ մենք խոսում ենք մի բանի մասին, որը կարող է նոր պատերազմ բերել: Ես կարծում եմ՝ չի կարելի այդ ճանապարհով գնալ: Կարելի է այդ փաստաթղթի շուրջ այնպես բանակցել, որ գոնե որոշակիորեն ի շահ մեզ ծառայի»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ