Ընթերցող ջան, այդպես` «հայ գրականության ձախորդը», անվանում եմ բանաստեղծ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ (1865, Զաքաթալա-1917, Թիֆլիս) և գիտե՞ս ինչու: Ինքդ դատիր:
Նախ, բախտը չբերեց ծննդավայրի հարցում, որտեղ սովորեց երեքդասյա դպրոցում, և դա նրա միակ ուսումնառությունն էր: Աստված նրան գրելու ձիրք էր տվել, բայց մոռացել էր բախտի մասին, և Ծատուրյանը որոշեց կռիվ տալ ճակատագրի հետ: 1881 թ. եկավ Թիֆլիս, որպեսզի Ներսիսյան ճեմարան ընդունվի՝ չկարողացավ. ստիպված ճանապարհաշինության բանվոր աշխատեց, ապա՝ «դուքանի աշկերտ»: 1885-ին ցանկացավ Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվել՝ չհաջողեց: 1888-ին որոշեց Թիֆլիսի արհեստագործական ուսումնարանում փականագործի արհեստ սովորել՝ կրկին անհաջող: Այդպես վերածվեց պրոֆեսիոնալ ձախողակի, բայց քանի որ գրելու շնորհ ուներ, սկսեց աշխատակցել «Աղբիւր» մանկական հանդեսին: Ինչու՞ այդ ամսագրին, որովհետև հանգը պարզունակ էր, ինչպես և միտքը:
Տեսնելով, որ բախտը չի բերում, 1902 թ. գնաց Ռուսաստան՝ «խոպան», ուսուցչություն արեց Նիժնի Նովգորոդի ու Մոսկվայի մեծահարուստ հայ ընտանիքներում, ծառայեց բանկային և առևտրային գրասենյակներում: Մոսկվայում ծանոթացավ Մ. Բարխուդարյանի հետ, որը հրատարակում էր «Հանդէս գրական եւ պատմական» լրջմիտ պարբերականը, ու դարձավ դրա հիմնական աշխատակիցը: Սկսեց թարգմանել ռուս բանաստեղծներին, սրանք էլ՝ նրան, և ովքե՞ր՝ Վ. Բրյուսով, Յու Վեսելովսկի, Կ. Բայլմոնտ և այլք:
Կարծես թե կյանքը կամաց-կամաց հաջողվում էր, մեկ էլ ըհը` 1917 թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, Նիկոլին թախտից գցեցին, ու հանդեսը փակվեց:
Մեր ձախողակը ստիպված եկավ Թիֆլիս, մեկ ամիս անց մեռավ ու թաղվեց Խոջիվանքի գերեզմանատանը: Երբ 30-ական թթ. Բերիայի հրամանով ավերեցին Խոջիվանքը, Ծատուրյանի բախտը հետմահու բերեց՝ նրա գերեզմանին ձեռք չտվեցին, որպես ցարիզմի զոհ ու հարուստների հալածյալ:
Ընթերցող ջան, 1901 թ. հրատարակվեց Ծատուրյանի «Գրչի հանաքներ» գիրքը՝ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ: Այդ ժողովածուից ընտրել ու քո ուշադրությանն եմ ներկայացնում «Մեղա՜յ քեզ Աստուած» բանաստեղծությունը, որպես, այսօրվա բառապաշարով ասած, ապօրինի ճանապարհով հարստացած և օլիգարխ դարձածի ներքին խոստովանանք: Հավերժակա՜ն թեմա…
Բայց Ծատուրյանը մի մնայուն արժեք էլ է ստեղծել. նա հեղինակն է «Հէ՜յ, նաւավար» երգի, որը մշտապես եղել է մի շարք ժողովրդական երգեր կատարողների երգացանկում: Եվ մեղմօրոր մեղեդիով պատմում է նավավարի ջրախեղդ եղած հոր ու եղբայրների մասին:
Ասածս հետևյալն է: Ընթերցող ջան, հետդ վերցրու թերթի այս համարը, երկու տուփ... ծխախոտ և արի ինձ այցելության: Ես իմ կողմից կդնեմ... մի շիշ արաղ, կմիացնեմ «Հէ՜յ, նաւավարը», Ծատուրյանի հիշատակին օղորմաթաս կբարձրացնենք, կծխենք ու կկարդանք «Մեղա՜յ քեզ, Աստուած» քերթվածքը:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
ՄԵՂԱ՜Յ ՔԵԶ, ԱՍՏՈՒԱԾ
Կուշտ եմ եւ առողջ, կեանքից բաւական,
Սեղանս առատ, ճաշս պատուական,
Բայց թէ ի՞նչպէս եմ այդ կեանքին հասած-
Այդ մի՛ հարցնէք... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Շատ կարճ միջոցում ես հարուստ դառայ,
Հողեր, կալուածներ, կառքուձի առայ,
Բայց ի՞նչ փողերով, ի՞նչպէս վաստակած-
Այդ մեր մէջ մնայ... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Տներ շինեցի շքեղ, փառաւոր,
Ապրում եմ մէջը, ինչպէս թագաւոր:
Բայց քանի՜ մարդու եւ տուն եմ քանդած-
Այդ մի՛ հարցնէք... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Կեանքում ես գտայ մի «ազնիւ ընկեր».
Գործիս մէջ դրեց տասնեակ հազարներ.
Բայց վե՜րջը... վերջը նա քաղցած մնաց.
Իսկ ես կշտացայ... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Ես միշտ ասում եմ եւ միշտ քարոզում.
«Աղքատն էլ մարդ է, ուտել է ուզում».
Բայց քանի՜ մարդ եմ ես քաղցած թողած-
Այդ մի՛ հարցնէք... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Երբ տեղն է գալիս, սուրբ եմ ձեւանում,
Ժամում ծնկաչոք աղօթք եմ անում.
Բայց հոգիս վաղուց սատանին ծախած,
Աշխարհք եմ խաբում... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Թէ մէկը պատուիս դպչի աշկարա,
Ես կրակ կըթափեմ այդ մարդու վրայ.
Բայց ծածուկ ինչքա՜ն ես թուք եմ կերած-
Այդ մեր մէջ մնայ... Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ:
Է՜հ, բաւական է ձեր գլուխը տանեմ,
Ախր. «զո՛րն ասեմ, զո՛րն խոստովանեմ...»
Ի՜նչ մեղքեր ասէք, որ ես չեմ արած...
Մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ, մեղա՜յ քեզ, Աստուա՛ծ: