«Ինքը»
04.02.2020 | 00:08
Բանական մարդու ո՞ր տեսակը պետք էր լինել` այսքան խնդիրներ քո տարածքում «հավաքագրելու» համար: Հասկանալի է` քաոտիզմը, քվանտը նոր ժամանակների բնորոշիչներն են, սակայն «տրվել» դրանց այդքան «հախուռն ու տարերային»` առաջին հերթին վտանգ է քո` առանց այն էլ խիստ խախուտ իշխանության համար, որն ահավոր ահարկու է երերում ու չի տապալվում լոկ այն պատաճառով, որ որևէ մեկը չի ցանկանում այն «վերցնել»:
Լինենք անկեղծ. ընդդիմությունը (թե խորհրդարանական, եթե այդպիսին կա, թե արտախորհրդարանական) ոչ միայն պատրաստ չէ, այլև չի ցանկանում որևէ արագ-կոնցենտրացված գործողություն իրականացնել։ Թողնում է ոչ միայն իշխանությունն ինքնիրեն մաշվի, այլև չի ցանկանում, որ այն, «գործառույթներն» ամբողջովին չավարտած, լքի «գահը»:
Լինենք էլ ավելի անկեղծ. իշխանության համար սա կիսաճամփա է, և չինական փիլիսոփայության եզրույթով` ինքը դեռ «մայայի» (ծխածածկույթի) մեջ է. իշխանությանը թվում է, եթե վերացնի ՍԴ-ն` իր դատավորներով հանդերձ, բերի իր վահեգրիգորյաններին, խեղդի չորրորդ իշխանությունը` մամուլը, ի վերջո, կկարողանա իրականացնել իր «սակրալ» նպատակները, որոնց համար բերվել է իշխանության, արվել է հեղափոխություն, ինչի համար երեք օր-երեք գիշեր բանակցում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` «չեղած փաստաթղթի» շուրջ` «թիկունքում» ունենալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի և ադրբեջանական համայնքի շնչառությունը, հանուն որի` կրկին, առաջիկա օրերին (փետրվարի 12-14, Մյունխեն) կբանակցեն արդեն կիրթ Ալիևը և «խաղասեր», ադրբեջանցի բլոգերներ և այլներ սիրող Փաշինյան Նիկոլը:
Նույն չինական կորոնավիրուսը… չէ` կարծես շփոթեցինք, նույն չինական (ու ոչ միայն, առաջին հերթին` քրիստոնեական) իմաստությունն ասում է` սուրբ տեղը դատարկ չի մնում: Ասել է` Նիկոլը «կոչնչացնի, կասֆալտափռի» հերթական կարևորագույն ինստիտուտները` ՍԴ-ն, մամուլը, սակայն այն էներգետիկան, որն առկա է ներսում` հարված-հակահարված էներգետիկան, ոչ մի տեղ չի կորչի:
Շատ չերկարացնելու համար էլ արձանագրենք` իր երանքից, իր թիմում, իր շրջապատում կլինի հակազդեցությունը, ինչի ականատեսն ենք արդեն, որովհետև ոչ «ոք չի ցանկանում մեռնել», որովհետև, որքան էլ նա պաշտոններ է շարել յուրայինների դոշերին, այնուհանդերձ, պետական հեղաշրջման տակ դեֆակտո ստորագրություն դնելը հավասարազոր է սեփական դատավճռի կայացման տակ ստորագրության, ուստի ԱԺ-ում հայտնված հերթական պետական հեղաշրջման` ՍԴ-ն շրջանցելու, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առանց ՍԴ-ում դրա սահմանադրականության հաստատման` օրենքի նախագծի «տակ» ստորագրելը ոչ միայն խարակիրի է Արարատ Միրզոյանի և 88 պատգամավորների համար, այլև պետության, սերունդների` անկախության, Արցախի համար պայքարի հողանցում, ինչի դեպքում ոչ միայն հետագա «դատաստանն» է դաժան լինելու, այլև ավերված, քայքայված «ոտնատեղի» վրա կանգնելու` այս իշխանությունների դույզն-ինչ շանսերը:
Ի՞նչ անել: Դատելով նիկոլյան «անմահ գրիչի» աբուհասանյան մաշիկների պատմությունից, դրան հաջորդող Ղարաբաղյան բանակցությունների «տևողությունից», տիկին Աննայի ծննդյան օրը Նիկոլի` աստղադիտարան` աստղերը դիտել գնալու անհավեսությունից (ասել է` ընտանիքի «անխավիար» վերջին պասիվությունից) նրա մոտ գործերը կարծածից վատ են: Զի Նիկոլը կրկին ձեռքը ԳՐԻՉ վերցրեց ու «Հայկական ժամանակը» խրամատ դարձրեց` «մինուս մեկ» բանաձևումի նոր ռեակցիա իրականացնելով, նյուտոնյան այդ հավասարումից ստանալով սեփական պատկերին հարմար նոր «գրիչը», պնդելով, որ կոնսենսուսը ոչ թե «մինուս մեկ է», այլ 95 մինուս 5 է իրականում «հեռավոր» ակնարկ անելով, որ դուք` Ռոբերտ Քոչարյանդ և Միքայել Մինասյանդ, հլը միմյանց հետ հաշտվեք` «կոնսենսուս» խաղում, հետո նոր կարծեք` կայացե՞լ է այն, թե՞ ոչ…
Գուցե և ինքը ճշմարիտ է իր այդ դիտարկումում, գուցե իսկապես, եթե գա պահը վերջնական կոնսենսուսի, իր մատնանշած «դեպքը» տեղի ունենա` միասնություն տեղի չունենա, սակայն հիշենք նաև. առայժմ մեծ ցանկություն՝ Նիկոլին աթոռից իջեցնելու, չկա որևէ մեկի մոտ, որովհետև ինքն այնպիսի բանաձևումների ու խնդիրների առջև է կանգնած, որոնց միջով ԻՆՔԸ պետք է անցնի, ԻՆՔԸ պետք է պատասխան տա` ստորագրու՞մ է իրեն «դեմ տված» ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` «սկզբունքների, տարրերի ժամանակացույցը», թե՞ պետք է գնա Դեյթոնի` պատերազմի, վերջնական ապացուցելով, որ շարքային դասալիք իր թիմն ու անձամբ ինքը` «գերագույն գլխավոր հրամանատարը», բացի թերթ անելուց էլ ինչ է կարողանում անել` առերեսվելով «շինիչ», իր եփած իրականության հետ` կլլելով ամբողջական հետևանքները… եթե ժողովուրդը թույլ տա նա այդ ժամանակ մնա «գահին»:
Ժողովուրդը, ոչ թե «հեղափոխությունից խաբվածների» ամբողջությունը, որի շարքերը վայրկյան առ վայրկյան նոսրանում են, ինչի առհավատչյան էլ այն է, որ Նիկոլը` կարևորագույն «հարցերով» արդեն դիմում է ոչ թե «սիրելի, համբուրելի, թավշյա» ժողովրդին ու իր թիմին, այլ «Երկիր-Հայկական ժամ` 24» ընտանեկան թերթին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ