Փնտրվում է ընդդիմություն
24.01.2020 | 04:18
Իշխանությունը կրկին հայտնվել է փողոցում, առաջիկայում այն է՛լ առավել ցնցոտիավոր կդառնա, սակայն այն վերցնողը դեռ չկա: Եթե անկեղծ. կա, սակայն դեռ վաղ է, քանզի իշխանությունը, այո՛, փողոցում է (փողոցից եկավ-արագ հետ դարձավ), հոգեմաշ է, սակայն դեռ լրիվ չի սպառվել, որովհետև գլխավոր անելիքը` Ղարաբաղյան թնջուկը, լուծված չէ:
Բանաձևումը Ղարաբաղյան հարցում առավել տեսանելի կդառնա արցախյան ընտրություններից հետո, սակայն այսօր արդեն իսկ տեսանելի է` վերևները չեն կարողանում, ներքևները չե՞ն ուզում: ՈՒզում են։ Որոշ ուզողների մոտ դեռ չի ստացվում, կարողներն էլ դեռ սպասում են:
Այսպիսով, ովքե՞ր են համալրում «ուզողների» շարքերը: Քանի որ Հայաստանում քաղաքական-գաղափարական պայքար չկա, նրանց վերապահումով անվանենք ընդդիմադիրներ և անցնենք բնութագրիչներին:
Իշխանական թևերում հանգրվանած ընդդիմություն։ Սրանք բաժանվում են մի քանի մասերի. սորոսականներ, որոնք կարող են գեներացվել Արման Բաբաջանյանի շուրջը, սակայն վերջինս անչափ խոցելի է մի շարք առումներով. խիստ ծայրահեղական մոդուլյացիների կրող է։ Մոդելավորված է, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ բացառապես խմբագիր լինելու համար։ Նրանից քաղաքական գործիչ չստացվեց ու չի ստացվի։ Այլ բարձունքներ, ինչպես Նիկոլի համար, անհասանելի են` նոր տրասֆորմացիաների անկարողության պատճառով. նրա առավելագույնը մեդիա-կայսրություն ստեղծելն էր, երբ ավելի շատ հանդուրժողականություն կար լրատվամիջոցների նկատմամբ, քան «նոր Հայաստանում» է:
Նրա վրա որևէ խաղաքա՞րտ դնել... խելամիտ որևէ մեկը չի կարող, սակայն վերջինս կարող է կիրառելի լինել այլոց խաղի համահարաբերակցությունը պահպանելու, նաև` ապաբևեռացնելու համար: Կերտվածքով լինելով չմիասնավորող տեսակ` նրա վազքը դեպ «գահաթոռ» կավարտվի ճամփի կեսին: Մանավանդ որ, հայոց համար անչափ կարևոր մարդկային տեսակի առումով սույն պերսոնը ամենևին «մրցակցային» չէ` անգամ իր շրջապատի համար: Այնուհանդերձ, «սպիտակեղենի լվացման» գործառությունը նա դեռ կշարունակի` մինչև իշխանության հետևում եղող «բաք-օֆիսները» բուն խաղացողին ասպարեզ կիջեցնեն:
Իշխանական հաջորդ թեկնածուն «գորշ կարդինալ» Տիգրան Ավինյանն է. մինչև վերջ իր կարմայական պարույրի բացվածքները չբացահայտած կարդինալը շատ արագ, թիմակիցներից առաջինն զգաց օդում փոխվող հարաբերակցության հոտը, շատ նրբագեղ սկսեց վերադասավորվել: Հեղափոխության օրթոդոքս, միագիծ «առաջամարտիկներից» քիչ-քիչ առանձնանալով, նա սկսեց այլևս չցցվել, նույնքան նրբագեղ հեռանալ հեղափոխության «հախուռն, առաջնայինը երկրորդականից չտարբերող» լիդեր Փաշինյանից, որովհետև ամենից լավ, թերևս, ինքն էր տեսնում` ինչն ինչոց է և ինչի կարող հանգեցնել այն արկածախնդրությունը, որի մեջ հայտնվել է այսօր իրենց իշխանությունը։ ՈՒստի և ի տարբերություն Արթուր Վանեցյանի, նա ոչ թե կոչ արեց Փաշինյանին` «կանգ առնել», այլ ինքը կանգ առավ… ու հիմա շարում է իր փազլը` հույս փայփայելով, որ հեղափոխությունը փրկելու ամենաարդյունավետ մոդուլյացիան` սահուն, ներսից իշխանության փոփոխության տարբերակն է ընդունելի` շատերի, այդ թվում` արտքաղաքական խաղացողների համար, որոնք չեն կարող ներդրած այդքան մեծ ջանքերը հենց այնպես մսխել:
Իշխանական «սահուն» փոփոխության հնարավոր վարկածի դեպքում Ավինյանի հուժկու, գրեթե անթերի մրցակիցը ոչ անհայտ, վանաձորցի Էդմոնն է: Նախ արձանագրենք` ամերիկաներում ակտիվ ֆռֆռացող` Թումանյանի հայրենակից նյու-Գիքորը, որը նաև ունի անչափ նշանային` եվրոպական անուն` Էդմոն, որին ևս «ղարկել էին քաղաք մարդ դառնալու», ստանալու եվրոպական կրթություն, կապեր, ցայս հաղթող տեսակ է, որքան էլ պարադոքսալ, անգամ` մի քիչ էլ ծիծաղելի լինի: Տեսեք նրա «ձեռնամարտը» սիրուն տղա, «բոյ-բուսաթով» Վիկտոր Դալլաքյանի հետ։ Հետո «Ելքում» նրա «օրթախ» կարգավիճակը, իսկ բարձրակետը` այս պառլամենտում երրորդ ուժ լինելն ու անհայտ ծագման մի դյուժին պատգամավորներ իր հետ աթոռներին «դնելն» էր:
Ինչու՞: Լավ «պրոեկտ» է. բազմակողմանի ու դեռ կիրառելի: Ճիշտ է` վերջին շրջանում նրա շարժիչը սկսել է փոքր-ինչ «փռշտալ» ու խափանվել, սակայն ամեն անգամ մի անտեսանելի, կամ` ինչու, խիստ տեսանելի ձեռք` էլեկտրաշոկով, նրան նոր «հրում» է տալիս, առաջ մղում:
Վերջինը նախորդ օրը պառլամենտում տեղի ունեցած «վերադասավորություններն» էին, երբ «Իմ քայլը»` սորոսականներով հանդերձ վերադասավորվեց Արման Բաբաջայանի և ԲՀԿ-ի «ձեռնամարտի» շուրջ: Արարատ Միրզոյանն անզգուշություն ունեցավ կարևորելու ԲՀԿ չորս պատգամավորների` կարգապահական տույժի ենթարկելով նրանց, ԲՀԿ-ն դարձնելով միակ, աննման, դասական ընդդիմություն։ Մի քանի օրով «կորած» Փաշինյանը «գոռաց»՝ «отставить!». հաջորդ օրը Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ նշանակեց Էդմոնի նկատմամբ` հասկացնելով, որ ընդդիմադիր Խաչիկյանը նա է և միա՛յն նա:
(շարունակելի)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ