Մարտի 1-ը որպես հավերժ մահվան գործիք
21.01.2020 | 00:12
Այս իշխանությունների օրոք ամեն ինչ է շրջվում Հայաստանում, ստանում հայելային սառն արտահայտություն... Մեր նախնիները փակում էին հայելիները, որպեսզի մահացածներն այնտեղ չարտացոլվեն:
Իշխանության են եկել մարդիկ, որոնք ոչ միայն այլ խմորից են, այլև այդ խմորը թխվել է գլոբալիստների հնոցում, թրծվել արհեստականության աստիճան, էլ նրանց համար ոչ միայն արժեքային կարևորություններ չկան, այլև նրանցից արտածող հայելային «ԳՄՈ»-ն արդեն այնքան կեղեքող մթնոլորտ է ստեղծել երկրում, որը ոչ միայն ջնջում, ոչնչացնում է «հայու գենը», այլև մարդուն ընդհանրապես, դիմակայության թույլ ֆոն ունեցող, Աստծուց հեռու մադկանց` մասնավորապես:
Արհավիրք։ Այլ կերպ չես բնորոշի նորերի բերած հայելային էներգետիկան, որին անշուշտ դիմանալ է պետք։ Բայց ոչ բոլորին է դա հաջողվում. երկրի վրա «ցողի» նման իջնող ատելության ոգին մարմին է առնում ինքնասպանությունների տեսքով, ինչն ամենացնցողն է։ Ինքնասպանությունն ունի իր մեխանիզմը։ Ինքնասպանվածների ոգին, որքան էլ ցավալի է, վեր չի բարձրանում, մնում է աստրալում և, հարմար թիրախ գտնելու դեպքում, անմիջապես գրոհում: Սա` ի միջի այլոց, կամ` ոչ այնքան:
Չենք անդրադառնալու իրապես ցավալի, մինչև հոգու խորքը բոլորին ցնցած ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ իրավապահների կողմից այս պահին նշած վարկածին:
Անցնելու ենք առաջ ու պարզապես հարցնենք` ինչու՞ են այսօրվա իշխանությունները «միստիկորեն» այսքան խոր սևեռված մարտի 1-ի գործի վրա, ինչու՞ են իրենց հատուկ մանիպուլյացիներով անում ամեն ինչ, որպեսզի դատական գործընթացը չսկսվի, վկաների ու մեղավորների (իրենց կողմից արդեն իսկ նշանակված) մի մասը տարիներով մնա կալանավորված` առանց որևէ իրավական հինավորման, առանց գրավի նորմի կիրառման, ոմանք էլ, հայաստանյան արդարության մասին կեղծ կարգախոսներին չհավատալով, լքեն երկիրը… Իսկ ոմանք էլ ինքնասպանություն գործեն, դիցուք Հայկ Հարությունյանի դեպքում («օդում կախված» լուրերի համաձայն)։ Ոմանք էլ «ինքնակամ» մահանան, ինչպես ասենք` Մանվել Գրիգորյանը… Մանվել Գրիգորյանը, ի դեպ, չի հարցաքննվել մարտի 1-ի գործով, սակայն կարևորագույն վկաներից մեկը կարող էր լինել, որովհետև ըստ մամուլում «շրջանառվող» լուրերի` մարտի 1-ին «Երկրապահը» պատրաստվում էր «պետական հեղաշրջման», զինված պայքարի` ՀԱԿ առաջնորդների դրդմամբ։ Ծրագիրն ամբողջական իրականացնել չհաջողվեց` հազար ու մի պատճառով («Երկիր», 2019 թ., հոկտեմբերի 28):
Չենք ծանրանում կրկին շրջանառության մեջ դրված «Վիկիլիկսի» մարտի 1-ի օրերին առնչվող բացահայտումներին ևս, ինչը նույնպես անչափ լուրջ վերլուծությունների, հեռուն գնացող եզրակացությունների լուրջ առիթ է տալիս:
Կանգ առնենք երկու բավականին հետաքրքիր հանգամանքի վրա. որոշ ժամանակ առաջ մարտի 1-ի ապացույցները կեղծելու մեղադրանքով հետախուզվող, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դիմել էր ՀՔԾ պետին ու ՀՀ գլխավոր դատախազին` վերացնելու իր նկատմամբ հետախուզումը, որպեսզի ինքն անարգել վերադառնա Հայաստան (հակառակ դեպքում նրան ՌԴ օդանավակայանում կկալանավորեն), որպեսզի ինքը գա, ասի այն, ինչ գիտի մարտի 1-ի մասին, ինչի մասին կարծես թե չեն հարցնում այն օրերի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի սևեռուն ուշադրության կենտրոնում է եղել (հայտարարել է Վահագն Հարությունյանը) մարտի 1-ի գործը:
«Նոր Հայաստանի» իշխանությւոնները չեն բավարարել Վահագն Հարությունյանի «դիմումը». թողել են մնա «վտարանդի»:
Նույն «կարգավիճակում» է նաև նախկին գլխավոր դատախազը` Գևորգ Կոստանյանը, որը Մոսկվայում դասավանդում է իրավաբանության բարձրագույն դպրոցում։ Նա ևս պատրաստ է գալու Հայաստան` հետախուզումը դադարեցնելու դեպքում։ Իշխանությունները կրկին լուռ են: Զի վկաներն ու գործով անցնող մարդիկ իրենց պետք են կամ կալանավորված, կամ «հեռվում», կամ…
Ի դեպ, օրերս լուրջ աղմուկ էր բարձրացրել նաև մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին քննչականը չի կանչում «սելֆի անելու», ինչպես Նիկոլ Փաշինյանին, ներեցեք, խառնեցինք` հարցաքննելու, և քննչականին «գերի» ընկած նախկին պաշտոնյան, որը զրկված է տեղաշարժի իրավունքից, ինքն է պատրաստվում «բողոքելու» դրա դեմ և պարտադրելու` վերջապես իրեն հարցաքննել:
Աբսու՞րդ: Վոդևի՞լ: Ֆա՞րս.... ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ:
Որի ականտեսը եղանք Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի դեպքում:
ՈՒ պապանձվի լեզուներս, եթե ասենք` սա դեռ սկիզբն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ