«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Չես փոխում կյանքը՝ չես վայելում ազատություն ու անկախություն»

«Չես փոխում կյանքը՝ չես վայելում ազատություն ու անկախություն»
03.01.2014 | 14:20

Ինչպիսի՞ն էր անցնող տարին, ի՞նչ տվեց, և ի՞նչ կորուստներ ունեցանք, որոնցից կարելի էր խուսափել: Ի՞նչ հետևություններ արեցինք հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից: Մշակութաբան, թատերագետ Արա ՆԵԴՈԼՅԱՆՆ ամփոփում է անցնող տարին: «2013 թվականը, ինչպես, խոշոր հաշվով, նաև 2012-ը, իմ կարծիքով շարունակվող հասարակական հետընթացի տարի էր, չնայած առանձին պատահած առկայծումներին: Ասելով հասարկություն՝ ես այն չեմ բաժանում կուսակցությունների ու քաղաքացիական շարժումների, իրավապաշտպանների և արվեստագետների, ձախերի և լիբերալների՝ հենց հասարակությունը ամբողջությամբ ապրում էր հետընթաց: Ինչո՞ւմ է այն արտահայտվում: Կա այսպիսի բան՝ եթե դու չես զարգացնում նոր ապրելու ձևերը կարևորագույն երեք՝ մշակութային, սոցիալ-տնտեսական ու քաղաքական ոլորտներում, չես փորձում հեղափոխել դրանք, դու չես կարող նաև հաջողությամբ տանել պայքարը հանուն ժողովրդավարության ու ազատականացման, սահմանադրական կարգի վերականգնման: Կորցնում ես Շարժումը: Եթե դու կորցնում ես համընդհանուր, հրապարակային շարժումը՝ դու անխուսափելիորեն սկսում ես կորցնել նաև քո երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, քանի որ վերջիններս վայելելու ապրանք չեն, այլ՝ գործելու, կյանքը փոխելու պարտականություն: Չես փոխում կյանքը՝ չես վայելում ազատություն ու անկախություն: Կյանքը փոխելու հայեցակարգերը մշակվում էին Շարժման մթնոլորտում, դրանից առաջացած ինստիտուտներում` նախորդող 2010-2011 թվականների հատվածում, և այդ ժամանակ առաջացած արդյունքները ամենաթանկն են, ինչ բերեց վերջին Շարժումը: Դրանք մշակույթի, սոցիալ-տնտեսական ու քաղաքական համակարգերի արմատական փոփոխմանն ուղղված նախնական հայեցակարգեր, առաջարկներն էին, որոնք, սակայն, հետագայում չդիտարկվեցին իբրև կարևորագույն գործ, անհաղորդ մնացին անգամ Շարժման մասնակիցների մեծամասնության համար: Այդ տեղից սկսեց այն դեգրադացիան, որը, ի վերջո, հանգեցրեց ինչպես Շարժման, այնպես էլ պետության չգոյության շեմին կանգնելու իրողությանը: Իբրև դարձի կետ, պոզիտիվ զարգացման վերականգնում ներկա-ապագայում, պայմանականորեն ասենք՝ 2014 թվականին, ես ակնկալում եմ հանրային ապագան կերտելու, մարդկանց առօրյա կյանքը հեղափոխելուն ուղղված այդ մտագործունեության վերականգնում, դրա համար համապատասխան հանրային ինստիտուտների վերականգնում: Առաջին հանրապետության անկման հիմնական պատճառներից եմ համարում այդ հանրային միասնական ապագայի պատկերի բացակայությունը, մնացածը՝ թե ինչու, բանակ ունենալով, չպայքարեցին նվաճողների դեմ, ինչու հայ բոլշևիկները ապստամբեցին և այլն, միայն հետևանքներ են, հասարակության, ժողովրդի անհաղորդության հետևանք: Իսկ անհաղորդությունն առաջանում է, երբ չկա ապագայի, ներկան փոխելու պատկեր: Բոլշևիկներն այն ժամանակ այդ պատկերն ունեին: Այդ ամենը շատ նման է ներկա պատկերին, երբ անկախության պաշտպանությանը դուրս է գալիս հազիվ հազար մարդ, այն էլ՝ պատվի զգացումից լոկ, դժվար պատկերացնելով՝ ինչպե՞ս տնօրինել այդ անկախությունը, ինչի՞ համար օգտագործել: Մաղթում եմ մեզ բոլորիս նոր տարում վերկսել կերտել սեփական ապագան»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ