Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները
24.12.2013 | 12:04

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարները Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն էին՝ Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:

Երգչուհի Աննա Մայիլյանը նշեց, որ Ռոմանոս Մելիքյանը հայ կոմպոզիտորական արվեստի մեջ մի յուրահատուկ տեղ է գրավում։ «Ամեն անգամ նրա երգերը կատարելիս զարմանում ենք բազմաժանրությամբ, մի երգն աշուղականի տպավորություն է թողնում, մյուսը ժողովրդական է։ Զարմանալի կոմպոզիտոր է, որին պետք է բազմիցս անդրադառնանք»,- նշեց Աննա Մայիլյանը։

Համերգը նվիրված էր նաև Երևանի կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյանին, որը հիմնադրվել է հենց Ռոմանոս Մելիքյանի կողմից։ 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: 1923 թվականին Ռոմանոս Մելիքյանի ջանքերով ստուդիան վերածվեց կոնսերվատորիայի:

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անուններն, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի: Փառատոնի նպատակն է սերունդների միջև ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ