Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Նոր տարուն հարազատի տուն գնալիս մի տուփ կոնֆետի հետ մի գիրք էլ տարեք»

«Նոր տարուն հարազատի տուն գնալիս  մի տուփ կոնֆետի հետ մի գիրք էլ տարեք»
20.12.2013 | 11:29

«Կյանքում ամենամեծ հայտնագործությունը, որ ես արել եմ, կյանքն է: Մինչև 50 տարեկանը հենց այնպես ապրել եմ, 50-ից հետո նոր գիտակցել եմ, ինչ բան է կյանքը: Մարդ կա՝ մի բաժակ ջրի նման մսխում է կյանքը: Կարող էիք, չէ՞, ծնված չլինել, բայց եթե ապրում եք, դա երջանկություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ: Հանդիպման առիթը սիրված արձակագրի նոր գիրքն էր` «Վերնիսաժը»: Նա շնորհավորեց լրագրողների Նոր տարին: Բարեմաղթանք էլ արեց. «Այնքան կիսատ-պռատ բաներ կան կյանքում, ո՞ր մեկը ցանկանամ, բայց մի կարևոր բան եմ ցանկանում` Նոր տարուն հարազատի տուն գնալիս մի տուփ կոնֆետի հետ մի գիրք էլ տարեք»:
Խոսելով գեղարվեստի մասին՝ ասաց, որ իր գրական սկզբունքը հետևյալն է` ամեն ճիշտ չէ, որ ճշմարտություն է, ճշմարտության հակառակը էլի ճշմարտություն է: «Ես իմ պատմվածքներում շատ դեպքերում թարս եմ գնացել ու մի նոր բան եմ գտել, նոր ճշմարտություն»,- ասաց: Հետո պատմեց, որ գրել սկսել է 30 տարեկանում: «Դա մի տարիք է, երբ Մակեդոնացին աշխարհի կեսը գրավել էր, երբ Հիսուս Քրիստոսն էլ մարդկանց սրտերն էր գրավել: Սկզբնական շրջանում ուժեղ չէին գործերս: Ստիպված Մերուժան Տեր-Գուլանյանին հորս քաշած թունդ օղիներն էի տանում, որ պատմվածքներս տպագրի: Այդ անամոթն էլ մի անգամ ինձ այսպես ներկայացրեց. «Ծանոթացեք, բարեկամս է, մեր հեղինակը, հրաշալի, հանճարեղ օղիներ է բերում, օղիներն ընդունում ենք, պատմվածքները` մերժում»: Բայց փառք Աստծո, հիմա, ժամանակակից գրականության մասին խոսելիս, ինձ էլ է հիշում»,- ասաց արձակագիրը` պատասխանելով նաև «Իրատես de facto»-ի հարցերին:
-Ձեր գործերում նույնանում են հերոսն ու հեղինակը: Դուք անկեղծորեն խոսում եք դրանց ինքնակենսագրական լինելու մասին: Խնդիրներ չե՞ք ունենում այդ «անկեղծության» երեսից:
-Իմ ամենահաջող պատմվածքներից մեկը` «Я раб, я трус, я Левон Джавахян», գրքումս չկա: Ընտանեկան խնդիր է, որոշ չարակամներ էլ զանգահարում են տուն, ասում են` հետաքրքիր բան կա, կարդացեք, տունս կռիվ են գցում: Իմ անկեղծությունը շահարկում են, վրդովեցնում են ինձ։ Պետք է մաքուր ապրես: Մեր ժամանակներում ազնվությունը, հայրենասիրությունը վարկաբեկվել են: Մի մարդ կար ազատամարտի տարիներին, իրեն անուն էր դրել, ասում էր` ես հայրենասեր Ջանփոլադ Միրզոյանն եմ: Չպետք է ինքդ քեզ գովես, ասես, թե ինչքան ես սիրում քո հայրենիքը: Դա նույնն է, որ հրապարակավ ասես, թե ինչքան ես սիրում քո տղային ու աղջկան: Պիտի իսկապես ազնիվ լինես, իսկապես հայրենասեր, որ կարողանաս գրել: Բայց դա չի նշանակում, որ իսկական գրականությունը անկեղծությունն է: Ես չեմ կարողանում հնարել, դրա համար եմ անկեղծ գրում: Գրողը պետք է ֆանտազիա ունենա: Իսկական գրականությունը ստի վրա է հենված, հեքիաթի վրա: Ես այդ առումով մեծ գրականության կրողը չեմ: Ձյան փաթիլներից ոչ մեկը մյուսին նման չէ: Մարդիկ էլ իրար նման չեն: Գրողն իր գրականության մեջ պիտի գտնի իրեն, այդ աննմանին գտնի: Մյուս խնդիրն այն է` ընթերցողն այդ աննմանին ընդունո՞ւմ է, թե՞ չէ: Մեր գրականության մեջ մեծ գրողներ կան, որ իրենք իրենցը գտել են, բայց հասարակությունը իրենց` ոչ: ՈՒրեմն, գրողը, մի կողմից, պետք է իրեն գտնի, մի կողմից էլ` բախտ ունենա:
-«Վերնիսաժում» մեր քաղաքն է, մեր կյանքը, մեր ժամանակի խնդիրները: Ձեր ընթերցողը շարքային քաղաքացին է, չե՞ք փորձել բարձրաստիճան այրերին հասցնել գիրքը, գուցե գեղարվեստը դեր խաղա, ու ինչ-որ բան փոխվի վերևներում:
-Զարմանալիորեն դա իրենց դուր է գալիս, հենց գիտեն իրենց մասին չէ, հենց գիտեն կողքինի մասին է: Եթերով ինձ հարցազրույցի էին հրավիրել, հանրապետականներից մեկն ասաց` մալադեց Լևոն, բայց մեծ մասամբ իրենց եմ պախարակում: Տա Աստված, հասու լինեն, փոխվեն: Գիրքն ինչ-որ տեղ փոխում է մարդկանց: Մնում է՝ մարդիկ փոխեն աշխարհը:
-Տպավորություն է ստեղծվում, որ «Վերնիսաժը» առանձնացնում եք, ավելի շատ եք սիրում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իմ կյանքը եռանկյունի է, ես աշխարհը Վերնիսաժից եմ տեսնում: Ընդհանրապես, եթե ուշադրություն եք դարձրել իմ գործերին, եռանկյան մի ծայրում իմ ընտանիքն է, մի ծայրում Վերնիսաժն է, մի ծայրում էլ` սրճարանը: Ես Շնողից դենը համարյա չեմ գնացել, իմ արտասահմանը Շնող գյուղն է: Չեմ էլ սիրում ճամփորդել, հիմա հերթը եկել է Վերնիսաժին, ու Վերնիսաժի մասին եմ գրում: Մի տղա էր եկել Ավստրալիայից, անունը՝ Ֆիլիպ, ասում էր` ես աշխատում էի, կնիք էի դնում, մարդիկ գնում էին արտասահման, հիմա ես եմ ման գալիս, աշխարհ եմ տեսնում: Ինչքան ինքն է տեսնում, այդքան էլ ես եմ տեսնում, որովհետև այդ աշխարհը Վերնիսաժի շուրջն է պտտվում:

«Վերնիսաժը» սկսվում է «Քիրվա» պատմվածքով, ավարտվում` «Խաղաղություն առանց խաղաղության» էսսեով: Գիրքն արժե 2000 դրամ: Հեղինակի տեղեկացմամբ` այն կվաճառվի «Նոյյան տապան» գրախանութում և Վերնիսաժում: «Երեսից արծաթը կվաճառեմ, տակից` իմ գրքերը»,- կեսկատակ ասաց նա: Հարցին` Վերնիսաժում ավելի՞ էժան կվաճառվի գիրքը, պատասխանեց. «Ով չի ամաչի` կսակարկի, իր հետ կսակարկենք»: Գիրքը հովանավորում է մեր պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ