Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նախագահ Քոչարյանն ինձ ասել ա` «ներեմ քեզ»

Նախագահ Քոչարյանն ինձ ասել ա` «ներեմ քեզ»
11.10.2013 | 00:31

«Այն թագավորը և նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրավության խոսքերին, անօրեններ են» (Առակ. 29, 30):
01 օգոստոսի, 2003 թ. ՀՀ նախագահի (ՆՀ 103-Ա) հրամանագրից քաղվածք դատապարտյալ Ա. Լ. Մնջոյանի ներման մասին. «...Ա. Լ. Մնջոյանին ներում շնորհել և նրա նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ։ ՀՀ նախագահ՝ Ռ. Քոչարյան»։
Նախ՝ «ներում» հասկացության մասին։ Ներումը, որքան էլ որ ունի աշխարհիկ, սոցիալական ու քաղաքական նշանակություն, այնուամենայնիվ, սկիզբ է առել հոգևոր-կրոնական ակունքներից և խտացնում է մարդասիրական աստվածային շնորհները։ Մինչդեռ աշխարհիկ և հոգևոր երկակի ստանդարտների համադրույթում միշտ էլ մարդուն սպասում է երկակի պատերազմ՝ արտաքին ցանկությունների ու արժեքների և ներքին հոգևոր բարոյականությունների շրջանակներում։ Քանի դեռ մարդը չի ձերբազատվում աշխարհիկ պահանջների ու պարտականությունների աղտերից, երբեք նկատելի չեն դառնա նրա հոգևոր արատները, որոնցից էլ պարտավոր է մաքրվել, եթե իրոք քրիստոնյա է և արարչաստեղծ։ Եվ եթե քրիստոնյա է, ապա նրա արարչաստեղծության հատկանիշներից է ապաշխարության և պահեցողության, բարեպաշտության և առաքինի գործունեությունը։ Իսկ եթե դա կեղծ ու շինծու է, չի բխում մաքրված հոգուց և աշխարհիկ պահանջ, պարտականություն լինելու պատճառով չի ծառայում աստվածահաճ նպատակներին՝ սիրո, բարության ու խոհականության, ապա ոչ միայն անիմաստ կլինեն ապաշխարության ջանքերը, այլև խիստ վնասակար, քանզի հոգևոր արատներից մաքրվելու փոխարեն ձեռք կբերի նոր ախտանիշներ՝ եսասիրություն, գոռոզամտություն, մեծամտություն, ամբարտավանություն... Եվ հենց այս առումով էլ Տիրոջ կողմից ի սկզբանե կարգվեց պահքը, որն էլ մեր սրբերն ընդունեցին որպես հոգու սնունդ։ Պահքը զորեղացնում է հոգին, վեր է բարձրացնում մարդուն խորհելու երկնայինը, զերծ է պահում աշխարհիկ հաճույքներից, պահանջներից, քաղաքականությունից ու ախտերից, հացով լիացածությունից ու գինու հղփացածությունից։ «Սոդոմի անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն» (Եզեկիել 16։49)։
Պահքի շրջանում է, որ կատարվում են մեծ և անճառելի բարերարությունները և, ինչպես նշում է սուրբ հայր Հովհան Ոսկեբերանը. «...Ոչնչացվում է մահը, կործանվում երդումը, ավերվում է սատանայի իշխանությունը, հափշտակվում են նրա զենքերը, Աստված հաշտվում է մարդու հետ...»։ Քրիստոնյա մարդիկ և հատկապես արքաները շատ ավելի առատաձեռն են դառնում և, ցանկանում են իրենց մարդասիրական գործերով ցուցաբերել այն բացառիկ հարգանքը, որ ունեն պահքի հանդեպ։ Եվ եթե Տերը պահքի վերջին շաբաթվա մեջ մարդկանց շնորհում է անսահման բարիքներ, ապա արքաներն իրենց հոգու թելադրանքով ցույց են տալիս իրենց ակնածանքը պահքի հանդեպ։ Նրանք հանգիստ են տալիս քաղաքացիական գործերով զբաղվողներին, դադարեցնում են դատական նիստերը, վեճերն ու թշնամանքները՝ երկու կողմերի միջև հարթում են սիրով ու խաղաղությամբ, ազատ են արձակում զնդաններում ու բանտերում փակվածներին և ներում են շնորհում մահվան դատապարտվածներին՝ փորձելով, ջանալով հնարավորինս շատ նմանվել Տիրոջը։ Եվ ինչպես Տերը մեզ բոլորիս ազատում է մեղքի ծանր բանտից, այդպես էլ արքաները ջանում են նմանվել մարդասեր, բարի և անիմանալի Տիրոջը։ Ահա՛ և այստեղից էլ բխում է ներման շնորհը, որը պահքով ու ապաշխարությամբ մաքրված հոգու սիրո, բարության և խոհականության արգասիքն է ի փառս Տիրոջ։
Մինչդեռ անդրադառնանք նախագահ Քոչարյանի (ՆՀ 103 Ն) ներման հրամանագրին, սակայն ոչ որպես անճառելի Տիրոջը նմանվել փորձող արքայի մարդասիրության շնորհի, քանզի մեղանչած կլինենք Աստծո դեմ, այլ իրավական և իրավասությունների շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ աշխարհիկ պահանջների, ամբարտավանության և իշխանական հղփացածության սահմանների մեջ։
Վերոնշյալ հրամանագիրը, ըստ էության, բաղկացած էր երկու մասից. առաջին՝ «ներում շնորհել». դա պատժի կիրառության ոլոտին ուղղված որոշում էր, և երկրորդ՝ «Նրա (ներվածի) նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ», սա արդեն պատժի նշանակմանն էր վերաբերում։ Սակայն, ՄԻՀԱՊ-ի մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, պատիժ կարող են նշանակել միայն դատարանները։ Իսկ դատարանները պետք է նշանակեն միայն այն պատիժը, որը կկարգավորվեր հանցագործության կատարման ժամանակ ուժի մեջ եղած օրենքով, այն է՝ 15 տարվա ազատազրկում։ Նախագահի հրամանագրով պատժի նշանակումն աննախադեպ երևույթ էր աշխարհի իրավակիրառական պրակտիկայում։ Նա ոչ միայն չի ունեցել ոչ սահմանադրական և ոչ էլ օրենսդրական լիազորություն արդարադատություն իրականացնելու համար, այլև այն ուղղակիորեն արգելված էր նրան՝ իշխանությունների բաժանման մասին Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով։ Այն, որ նախագահն իր թիվ ՆՀ 103-Ա հրամանագրով դատավճիռ-պատիժ է նշանակել և ոչ միայն որ նոր պատժատեսակ է նշանակել, այլև նշանակել է հանցագործության կատարման պահին գոյություն չունեցող պատժատեսակ, ոչ թե իրավագիտական տգիտության արդյունք էր, այլև ապականված սրտի վիճակ, Տիրոջ այն խոսքի համեմատ, թե «ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, և այն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ։ Այս բոլորն են, որ պղծում են մարդուն» (Մատթ. 15։18-19)։
Հայաստանում մահապատժի վերացման արդյունքում 42 դատապարտյալներ 2003-ին ինքնաբերաբար ստացան 15 տարվա ազատազրկում, սակայն 01 օգոստոսի, 2003 թ. նախագահի ներման հրամանագրով նրանք նույնպես դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ 42 դատապարտյալներից ոմանք հուսահատությունից դրդված դիմեցին ինքնասպանության, ոմանք էլ երկարատև ու ծանր հիվանդությունների արդյունքում տանջանքներով մահացան։ Ներկայիս ողջ մնացած թվով 35 դատապարտյալների կեսից ավելին տառապում է ծանր հիվանդություններով, մի մասը գրեթե մահամերձ է, ոմանք էլ ստացել են հոգեկան խանգարումներ։
Եվ քանի դեռ Հայաստանում իշխանություններն ու մեկը մյուսին փոխարինող նախագահները չբացեն իրենց հոգիներն ու չընդունեն մարդասեր Տիրոջ խոսքը որպես ոգեշնչման աղբյուր և որպես Աստվածային օրենքի գործնական կատարում, անարդարացիորեն շարունակեն մեր դեմ կիրառել մահապատիժ-ներում, ներում-մահապատիժը, ապա պիտի ապրեն Տիրոջ կողմից չարդարացված կյանքով։ Մինչդեռ ապրել կնշանակի անխախտ պահել Տիրոջ կերպարանքն ու ու նմանությունը, հոգում կրելով բանն հանճարի, իսկ մահվան դատապարտելով մե՛զ իրական մահ չեն բերի, քանի որ իրական մահն այն չէ, որ հոգին բաժանում է մարմնից՝ նյութը ոգուց, այլ այն, որ հեռացնում է հոգին Աստծուց, քանզի Աստված է կյանքը, և կյանքն անմահ է, քանի որ անմահ են մեզ գոյաստեղծող ու անիմանալի, անստեղծ Բնությո՛ւնը, Բա՛նը, Ոգի՛ն։
Ապաշխարե՛ք, պարոնայք իշխանավորներ, ապաշխարե՛ք, քանի դեռ ուշ չէ:


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ