ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նպատակներն իրականություն չեն դարձել, բայց քաղաքական ջանքերը շարունակվում են

Նպատակներն իրականություն չեն դարձել,  բայց քաղաքական ջանքերը շարունակվում են
09.11.2012 | 12:12

Մեծ Բրիտանիան երկար ժամանակ վարում էր ԱՄՆ-ի ու Իրանի միջև խուսանավման քաղաքականություն, ձգտելով Իրանի հետ հաստատել հատուկ հարաբերություններ, որոնք թույլ կտային Իրանի հետ հարաբերությունների խնդրում առանցքային տեղ գրավել Եվրոպայում և Արևմտյան ընկերակցությունում: Այդ հայեցակարգը մշակել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոն, ում կարծիքով` այդ գաղափարի իրացումը ավանդական է բրիտանական արտաքին քաղաքականության համար: Բրիտանական հանրության վերին, այսինքն` քաղաքական շրջանակներում բավականին շատ ազդեցիկ գործիչներ` ինչպես լեյբորիստական, այնպես էլ պահպանողական կուսակցություններից, պաշտպանում էին այդ հայեցակարգը: Այդ քաղաքական կուրսը պաշտպանում էին նաև նավթի, գազի, ներդրումների առաջատար ընկերությունները, որոնք աշխատում էին հասնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Որոշակի պահերի Ջ. Բուշի վարչակազմը քննադատում էր Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որը ձգտում էր գլխավորել եվրոպական մեծ «զույգին», այսինքն` Ֆրանսիային ու Գերմանիային, նպատակ ունենալով մեծացնելու ազդեցությունն Իրանի վրա: Միաժամանակ, Մեծ Բրիտանիան բավական արագ հասկացավ, որ նման քաղաքականություն չի կարող իրականացվել, քանի որ Իրանի կողմից քայլեր չհետևեցին Մեծ Բրիտանիայի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Լոնդոնում ձգտում են Իրանի հանդեպ կուրսի փոփոխությունը հիմնավորել նրանով, որ այդ երկրի ղեկավարները բավական կոշտ քաղաքականություն են վարում Իսրայելի նկատմամբ, բայց իրականում բրիտանական քաղաքականության փոփոխության պատճառն այն է, որ Իրանը չցանկացավ առանձնակի հարաբերություններ հաստատել Մեծ Բրիտանիայի հետ: Լեյբորիստների կաբինետում արտաքին գործերի նախագահ Դևիդ Միլբանդը կտրականապես դեմ էր այդ կուրսին և նախընտրում էր ավելի կոշտ ճնշումն Իրանի վրա: Կաբինետի փոխվելն ու պահպանողականների իշխանության գալն առայժմ Իրանի հանդեպ Մեծ Բրիտանիայի նոր մոտեցումներ չեն նշանակում: Երևի նախորդ իշխանության քաղգործիչների մշտական մոտեցումները դեռևս օրախնդիր են:

Համընդհանուր տնտեսական ճգնաժամի ներկա ժամանակաշրջանում Լոնդոնի համար ավելի ու ավելի դժվար է դառնում ներդաշնակ հարաբերությունների հաստատումն Իրանի հետ, և հիմա նա դարձել է Իրանի վրա ճնշումը մեծացնելու քաղաքականության առաջատարը եվրոպական պետությունների շրջանում: Մեծ Բրիտանիան խիստ քննադատաբար է վերաբերվում Իրանի հանդեպ քաղաքականությունը մեղմացնելու, նրա հանդեպ ավելի զուսպ վերաբերմունք ցուցաբերելու Օբամայի վարչակազմի փորձերին, այդ թվում` միջուկային ծրագրի մշակման հարցում: ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը ոչինչ չի տա Մեծ Բրիտանիայի շահերի առումով, միայն դուրս կմղի նրան այն երկրների շարքից, որոնք կարող էին առանձնակի ազդեցություն գործել Իրանի վրա և իրացնել նրա շահերը տնտեսական ոլորտում:
Մեծ Բրիտանիան հետևողական քաղաքականություն է վարում Ֆրանսիայի և Գերմանիայի հանդեպ և ձգտում է Իրանի հարցում նրանց օգնությամբ ճնշում գործադրել Ռուսաստանի ու Չինաստանի վրա։ Պետք է նշել, որ վերջին ժամանակներս Իրանի հանդեպ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը քննադատվում է Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից, ինչպես որ եղել է նախկինում, քանի որ այդ երկու երկրները հասկանում են, որ Մեծ Բրիտանիան ներկայումս ոչ մի ազդեցություն չունի Իրանի, ինչպես նաև Իրանի խնդիրներով զբաղվող եվրոպական կառույցների վրա: Մեծ Բրիտանիան այժմ այնքան էլ վտանգավոր չէ Ֆրանսիայի ու Գերմանիայի համար, քանի որ նրանց համար մրցակից չէ Իրանի հարցում: Ինչ-որ չափով նրանք ականատես են այն բանին, որ Մեծ Բրիտանիան կորցրել է ոչ միայն Իրանի, այլև Մերձավոր Արևելքի վրա ազդեցության վերջին լծակները, և հիմա եվրոպական երկու պետությունները կարող են ավելի ազատ ու արդյունավետ իրականացնել իրենց ծրագրերն այդ շրջանում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում այն կարծիքին են, որ Ֆրանսիան ու Գերմանիան չեն ուժեղացնի ազդեցությունն Իրանի վրա և հավանություն չեն տա նրա դեմ ուղղված պատժամիջոցներին: Այդ երկու պետություններն էլ նշանակալի տնտեսական ու ֆինանսական շահեր ունեն Իրանում, արդյունաբերական արտադրանքի և դրանց արտադրության արտոնագրերի առաջատար մատակարարներ են: Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև նրանց եվրոպական գործընկերները, նախ և առաջ Իտալիան, շահագրգռված են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, և ընդհանուր առմամբ, չնայած Իրանի հանդեպ ավելի կոշտ վերաբերմունքին, եվրոպացիները չեն պաշտպանում նրա նկատմամբ պատժամիջոցների կիրառման գաղափարը: Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներում տեղեկություն կա, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Չինաստանի փոխհարաբերություններում կարևոր տեղ է գրավում պատժամիջոցների հարցը, ու կողմերը համակարծիք են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը նպատակահարմար չէ: Բրիտանացիները կարծում են, որ Ֆրանսիան այնքան էլ ազնիվ խաղ չի խաղում և ձգտում է Իրանի հետ հարաբերություններում զբաղեցնել այն նույն տեղը, որ առաջ փորձում էր զբաղեցնել Մեծ Բրիտանիան: Այսինքն, Ֆրանսիան ուզում է առանձնակի տեղ գրավել Իրանի հետ հարաբերություններում և միջնորդ դառնալ Իրանի և Արևմտյան ընկերակցության միջև: Դրա հետ մեկտեղ, տվյալ դեպքում Ֆրանսիայի դիրքերն ավելի ուժեղ են, քանի որ նա ձգտում է այդ դերում հանդես գալ ոչ միայնակ, այլ Գերմանիայի և Եվրամիության այլ երկրների հետ համատեղ, իր դիրքերը համաձայնեցնելով Իտալիայի, Իսպանիայի և այլ պետությունների հետ:
ԱՄՆ-ն Աֆղանստանի իրադարձությունների պատճառով շփոթության մեջ է և չի կարողանում շատ թե քիչ որոշակի քաղաքականություն մշակել Իրանի առնչությամբ: ԱՄՆ-ը չի կարողանում համակարգել իր քաղաքականությունը եվրոպական, եվրասիական, մերձավորարևելյան և չինական ուղղություններում: Ամերիկյան քաղաքականության ոչ մի հարց չի լուծվում, մեծ խնդիրներ կան ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում, և՛ ԱՄՆ-ի, և՛ ՆԱՏՕ-ի երկրների համար միանգամայն անհասկանալի են Աֆղանստանում ակնկալվող հեռանկարները: Կարծիք կա, որ քանի լուծված չեն հիմնական խնդիրները Աֆղանստանում, ԱՄՆ-ը և նրա գործընկերները չեն կարող որոշում կայացնել Իրանի առնչությամբ, այդ թվում` Իրանին մարտական հարվածներ հասցնելու հարցում: Այդուամենայնիվ, այդ հարվածները ծրագրված են և միանգամայն հնարավոր: Իրանին հարվածներ հասցնելու համար ոչ մի ռազմատեխնիկական դժվարություն չկա: Պենտագոնը վաղուց հարվածի երկու տարբերակ է մշակել. մեկը` սահմանափակ, մյուսը` ավելի զանգվածային, բայց խնդիրը ոչ թե տեխնիկական հարցերն են, այլ քաղաքական որոշումները: ԱՄՆ-ը շարունակում է առարկել Իրանին հարվածներ հասցնելու դեպքում Իսրայելի մասնակցությանը, նախընտրելով այդ խնդրի լուծման համար գործընկերներ չներգրավել: Մեծ Բրիտանիան, չնայած ավելի կոշտ դիրքորոշմանը, չի կարող համաձայնել Իրանին մարտական հարվածներ հասցնելուն, սակայն, Իրանի հետ բանակցությունների լիակատար ձախողման և նրա ձեռքին ատոմային մարտական լիցքի հայտնվելու իրական սպառնալիքի առաջացման դեպքում, Մեծ Բրիտանիան կարող է պաշտպանել Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի այդ որոշումը: Ներկայումս կա մի խնդիր` կապված բրիտանական արտաքին հետախուզության գործունեության հետ, որը երկու տարի առաջ ԱՄՆ-ի կառավարությանը տեղեկություն հաղորդեց Իրանի միջուկային ծրագրի առկա վիճակի վերաբերյալ: 2007 թ. բրիտանական արտաքին հետախուզությունը պնդում էր, թե Իրանը դեռ շատ հեռու է ատոմային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր ստանալուց։ Հետագայում պարզվեց, որ Իրանն ավելի մոտ է ատոմային զենք ստանալուն և այլընտրանքային կարողություններ ունի: Այդ սխալի պատճառով ԱՄՆ-ը չի կարող այլևս վստահել բրիտանական հետախուզությանը, և ԿՀՎ-ն պնդում է, որ բրիտանական հետախուզության տեղեկությունների աղբյուրներն այն փաստաթղթերն են, որոնք ստացվել են ռուսական հետախուզությունից: Դա մեծ աղմուկ բարձրացրեց, և ԿՀՎ-ն հայտարարեց, որ ժամանակն է վերանայելու հետախուզության ոլորտում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության պայմանագիրը:
Իրանը մշտապես մեղադրում է Մեծ Բրիտանիային իր դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու, բողոքի ակցիաներ և հակակառավարական միջոցառումներ կազմակերպելու համար: Միաժամանակ, բրիտանական հնարավորություններն Իրանում խիստ սահմանափակ են, Թեհրանի փողոցներում բրիտանական դեսպանության աշխատակիցների հայտնվելն ու Իրանի քաղաքացիների հետ շփումները հանգեցնում են այդ քաղաքացիների ձերբակալության: Մեծ Բրիտանիայի ազդեցությունն Իրանի քաղաքական խավի և ընդդիմադիր ուժերի վրա լեգենդ է, իսկ նման պնդումները լիովին անհիմն են: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո անդառնալի հարված հասցվեց Իրանում բրիտանական հետախուզական ցանցին, որն այդպես էլ չվերականգնվեց: Մեծ Բրիտանիայում բացահայտորեն գործում է իրանական արմատական ձախ «Մուջահեդին խալգ» կազմակերպությունը: Տպավորություն է առաջացել, որ այդ կազմակերպությունը գործում է բրիտանական կառավարության հսկողության ներքո: Կարելի էր հասկանալ, թե Մեծ Բրիտանիան ձգտում է իր տարածքում ստեղծել իրանական ընդդիմության նշանակալի կենտրոն, ընդ որում ամենաարմատական բնույթի: Դա շատ բնորոշ է Մեծ Բրիտանիային և նկատվում է նաև իսլամական տարբեր պետությունների ընդդիմադիր շարժումների առնչությամբ:
Բրիտանական քաղաքական վերլուծական շրջանակները բազմիցս նշել են, որ Բարաք Օբաման երիտասարդ և անփորձ քաղաքական գործիչ է, որն ընդունակ չէ ձևավորելու ԱՄՆ-ի քաղաքականությունը տարբեր ուղղություններով: Բրիտանական քաղաքականությունն ուզում է ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությունը ներկայացնել իբրև ոչ հասուն և ոչ արդյունավետ: Դա առանձնապես վերաբերում է Օբամայի քաղաքականության իրանական կողմին, որը Վաշինգտոնում վստահված է ոչ այն գործիչներին, ովքեր պետք է զբաղվեին Իրանի հետ կապված խնդիրներով: Նախ և առաջ, ուշադրության է առնվում պետքարտուղար Հ. Քլինթոնի անփորձությունը և շատ խնդիրներ ու առաջադրանքներ չհասկանալու փաստը: Բրիտանական փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում և Անվտանգության խորհրդում չկան Իրանի խնդիրների ճիշտ ընկալում և բավականաչափ նոր հղացումներ: Պետական դեպարտամենտը այն թիմը չէ, որն ընդունակ է լուծելու Մերձավոր Արևելքի հինգ կամ վեց առաջնային խնդիրներ: ԱՄՆ-ը ներկայումս անուշադրության է մատնել Իրաքը և Աֆղանստանում սկսել է զբաղվել երկրի քաղաքական կարգավորման հարցերով, որոնք ամերիկացիները չեն լուծի: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կարծիքով, ամերիկացիները ձևացնում են, թե իրենք ակտիվացրել են Իրանի հետ կապված հարցերի համակարգումը Եվրոպայի իրենց գործընկերների հետ, բայց իրականում, ինչպես Ջ. Բուշի օրոք, ոչ մի սկզբունքային փոփոխություն չկա եվրոպացիների հետ հարցերի համակարգման գործում: Այսպիսով, այդ վերլուծությունից կարելի է բխեցնել, որ բրիտանացիները կցանկանային վարկաբեկել Մերձավոր Արևելքում, Իրանում և Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած ներկա քաղաքականությունը:
Բրիտանացիներն անհանգստացած են, որ Իրանի հանդեպ արմատական մոտեցումներից ԱՄՆ-ի հրաժարումը, Բ. Օբամայի թիմի ոչ բավարար կոշտությունը և միաժամանակ Ֆրանսիայի ու Գերմանիայի նախաձեռնությունները կհանգեցնեն այն բանին, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը կմոտենա եվրոպացիների կողմից իրանական խնդրի լուծման հնարավորության գիտակցմանը, Լոնդոնին ավելի պակաս նշանակալի դեր կվերապահվի և` ոչ միայն իրանական ուղղությամբ: Մեծ Բրիտանիան չէր ցանկանա հրաժարվել Իրանի և Արևմտյան ընկերակցության միջև «առանցքային» միջնորդի դեր ստանձնելու ռազմավարությունից, որը նրա նպատակն է տարիներ ի վեր:
Պահպանողականների իշխանության գալուց հետո բրիտանական քաղաքականությունը ձգտում է Թուրքիային ներգրավել Իրանի հարցի լուծման ոլորտ, ընդ որում, նշաններ կան, որ բրիտանացիներն ուզում են մոտ ժամանակներս միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, հնարավոր է` նաև Թուրքիայի և Իսրայելի: Վարչապետ Դ. Քամերոնը Անկարա կատարած այցի ժամանակ, բրիտանացի քաղգործիչների համար ավանդական ձևով շարունակեց պնդել, որ Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը: Թուրքական թեման բրիտանական քաղաքականության մեջ միշտ բազմաբարդ է եղել, թուրքական ուղղության հետ են կապվում բրիտանական շատ շահեր Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում: Բրիտանացիներին հետաքրքրում են Թուրքիայի և Իրանի փոխհարաբերությունները, ինչը կապված է Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների առթիվ Թուրքիայի միջնորդական ջանքերի հետ: Թուրքիայի մասնակցությունը կարող է այս կամ այն խնդիրն առաջացնել արևմտյան պետությունների դիրքորոշման մեջ, քանի որ ժամանակի ընթացքում Թուրքիան ավելի կարևոր դիրք կգրավի տարածաշրջանում և կսկսի ազդել Իրանի վրա` ավելի ուժեղ և անկախ դիրքերից: Կարելի էր հասկանալ, որ բրիտանացիներն ու եվրոպացիները կարծում են, որ անհրաժեշտ է ձախողել կամ շրջափակել Թուրքիայի մասնակցությունը Իրանի հետ հարաբերություններին, թույլ չտալ Թուրքիայի և Իրանի մերձեցում այժմ և հեռանկարում: Թուրք-իրանական հարաբերություններն ամենևին էլ չեն սահմանափակվում իրանական միջուկային ծրագրի հարցերով, այլ ներառում են նաև գազամատակարարման խնդիրը: Ամերիկացիներն ու բրիտանացիները համարում են, որ «Նաբուկոն» ավելի ու ավելի է եվրոպական նշանակության նախագծի գծեր ձեռք բերում և չի համապատասխանում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահերին:
Տպավորություն է ստեղծվում, որ այդ նախագիծն ամերիկացիների ու բրիտանացիների կողմից դիտվում է իբրև իրենցից Եվրոպայի կախման գործոն, և այդ նախագծին Իրանի, առավել ևս Թուրքիայի մասնակցությունը, որպես տարանցման երկրի, կարող է խիստ անընդունելի լինել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար, որոնք կորցնում են նախագծի վերահսկողությունը:
2009-ին տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Միլիբենդի այցը Մոսկվա: Մինչ այդ նա Մոսկվայում չէր եղել հինգ տարի: Լոնդոնն այդ այցի հետ կապում էր Ռուսաստանում բրիտանական խոշոր բիզնեսի, նախ և առաջ «Բրիթիշ Փեթրոլեում» անդրազգային ընկերության գործունեության, ինչպես նաև Իրանին առնչվող հարցերը: Լոնդոնը տվյալ դեպքում ձգտում էր մոտեցնել Իրանի առնչությամբ Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումները և դրանով իսկ հասնել այն բանին, որ Մեծ Բրիտանիան ավելի կարևոր դեր խաղա Իրանի հարցում Արևմուտքի քաղաքականության մեջ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում կարծում էին, թե Ռուսաստանի ներկա տնտեսական ու քաղաքական դրությունը շատ բարդ է, և Ռուսաստանը կարող է լուրջ զիջումներ կատարել իրանական հարցում: Դա վկայում է, որ Լոնդոնը շատ է շահագրգռված իրանական խնդրի քննարկմամբ: Միանգամայն ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է ոչ միայն նրանով, որ Ռուսաստանի օգնությամբ ճնշում գործադրվի Իրանի վրա, այլև, ընդհակառակը, Իրանի խնդիրների քննարկմամբ ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա: Դա շահած խաղ է Լոնդոնի համար, ու երևի այդ քաղաքականությունը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ: Հարկ է նշել հետևյալ հանգամանքը. արդյոք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև համաձայնություն կա՞ իրանական հարցում Ռուսաստանի հանդեպ համաձայնեցված քաղաքականության առնչությամբ: Կարելի է հետևցնել, որ, չնայած Ֆրանսիան ու Գերմանիան իրանական խնդրում ձգտում են անկախ մնալ ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, նրանք որոշ զիջողականություն են թույլ տալիս Իրանի հարցում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու առումով: Երեք առաջատար եվրոպական պետությունները սերտորեն միավորվել են իրանական խնդրի առնչությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում, և ոչ մի սկզբունքային տարաձայնություն չկա այստեղ: Դրա հետ մեկտեղ, տպավորություն է առաջանում, որ Ռուսաստանի վերաբերյալ այդ համաձայնություններն այնքան էլ սերտ չեն: Ավելին, կասկած չկա, որ Մեծ Բրիտանիան այնքան էլ չէր ցանկանա, որ Ֆրանսիան ու Գերմանիան ճնշում գործադրեին Ռուսաստանի վրա: Մեծ Բրիտանիան կցանկանար, որ հենց ինքը կարողանար անել դա, այսինքն, ավելի կարևոր դեր խաղալ Իրանի հանդեպ եվրոպական դիրքորոշման ձևավորման գործում: Նպատակներն իրականություն չեն դարձել, բայց քաղաքական ջանքերը շարունակվում են:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ