ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձեռքի աշխատանքների վաճառք՝ Մեղվահովտի երեխաների համար խաղահրապարակ ստեղծելու նպատակով

Ձեռքի աշխատանքների վաճառք՝ Մեղվահովտի երեխաների համար խաղահրապարակ ստեղծելու նպատակով
09.06.2020 | 10:41

«Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդներ Հրաչյա Ափինյանը և Անի Մարտիրոսյանը որոշել են Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղական համայնքի երեխաների համար ստեղծել խաղահրապարակ։

Երիտասարդ մանկավարժներն աշխատում են Լոռու մարզի Բլագոդարնոյե բնակավայրի դպրոցում։ Այստեղ ուսանելու են գալիս ոչ միայն Բլագոդարնոյեի աշակերտները, այլև հարևան՝ Մեղվահովիտ գյուղի երեխաները, որոնք ամեն օր 2 կիլոմետր են հաղթահարում դպրոց հասնելու համար։ Հրաչն ու Անին, տեսնելով որ Մեղվահովիտ համայնքում երեխաների զարգացման կամ ժամանցի համար չկա ոչ մի վայր, հիմնեցին նկարչական և ձեռագործ աշխատանքների խմբակներ։ Երեխաներն այնքան ակտիվ էին, որ ուսուցիչ-առաջնորդները որոշեցին աշակերտների էներգիան և ոգևորությունը ներդնել համայնքի զարգացման մեջ։ Եվ ահա աշակերտների պատրաստած ձեռագործ զարդերի և խաղալիքների վաճառքից ստացված հասույթը նախատեսվում է օգտագործել հենց իրենց համայնքի զարգացման գործում։ Թագավարակի տարածման հետևանքով այժմ աշակերտները պատրաստում են խաղալիքներն իրենց տանը՝ հուսալով, որ շուտով կկարողանան շարունակել իրենց ամենասիրելի ժամանցն ընկերների հետ:


Ըստ նախագծի՝ երիտասարդները մտադիր են ստեղծել պուրակ-խաղահրապարակ, որը ներառելու է ճոճանակներ, սղարաններ, նստարաններ, պտտաձող և մարզվելու անկյուն՝ առաջին անհրաժեշտության սարքերով։ Նշենք‚ որ Մեղվահովտում բնակվում է մինչև 17 տարեկան 27 երեխա։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ 550 000 դրամը բավարար կլինի գյուղի երեխաների համար կյանքի կոչելու այս գեղեցիկ նախաձեռնությունը։ Իսկ գումարը հավաքելու համար ձեռքի աշխատանքները վաճառվում են Երևանի, Վանաձորի և Գյումրու խանութներում. դրանց արժեքը բարձր չէ՝ սկսած 700 դրամից։ Իրականացվում է առցանց վաճառք‚ նաև ընդունվում են պատվերներ։
Եթե ամեն ինչ հաջող ընթանա ու այս նախաձեռնությունը կյանքի կոչվի‚ հետագայում երիտասարդները նախատեսում են ճամբար հիմնել՝ Մեղվահովտի, Բլոգոդարնոյեի և հարակից գյուղերի երեխաների համար։
Մեղվահովտի աշակերտների ձեռքի աշխատանքներին‚ ինչպես նաև խաղահրապարակ կառուցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4528

Մեկնաբանություններ