Մասումյանների ընտանիքում Ցեղասպանության հիշողությունը չի խամրում
24.04.2020 | 01:18
83-ամյա Գոհար տատն այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունք գնալու հնարավորություն չունի: Տխրել է. հոր, մոր տատերի ու պապերի հիշատակն ինչպե՞ս է հարգելու:
Անմար կրակին մոտենալու ու մտորելու հնարավորություն թեև չունի, բայց մոր պատմած հիշողությունները մինչև այսօր էլ թարմ են մնացել:
Վանի Տոսպ գավառի Լեսկ գյուղից էր Գոհար Մասումյանի մոր՝ Քրիստինե Հովհաննիսյանի ընտանիքը: 5 երեխա էին՝ երեք քույր ու երկու եղբայր: Գաղթի ճանապարհը բռնել թուրք հարևանն է հուշել: «Օհաննես, ասել է թուրք հարևանը, ընտանիքդ վերցրու, գնա: Գալու են, բոլորիդ հետևից են գալու, փրկի՛ր երեխաներիդ: Պապս ու տատս հավաքել են ունեցած-չունեցածն ու բռնել գաղթի ճանապարհը: Տատս պատմում էր, որ ոսկյա մետաղադրամներով գոտի ուներ, ճանապարհին որտեղ խոչընդոտ էին հանդիպում կամ թուրքերի բիրտ հայացքին արժանանում, մեկական ոսկի էին տալիս, ու առաջ շարժվում: Անորոշ ճակատագիրը նրանց նախ Ամերիկա է տեղափոխում: Երեխաներին այստեղ մանկատուն են տալիս, բայց մի քանի տարի անց Վրաստան են տեղափոխվում, Վրաստանից էլ՝ Հայաստան»,- պատմում է Գոհար տատը:
Մայրը մղկտում էր՝ հայրն ու մի եղբայրը Ամերիկա-Վրաստան-Հայաստան ճանապարհին անհայտ կորան: Ընտանիքը մասնատվեց մինչև մայր հայրենիքում հաստատվելը: Մայրն ու մորաքույրերն էլ ջահել-ջահել ամուսնացան: Թուրքի վայրագություն էին տեսել, աղջիկներին տղաների շորերով էին փախցրել: «Մի մորաքույրս հենց Ամերիկայում է ամուսնանում, մայրս ու մյուս մորաքույրս՝ Հայաստանում: Մայրս հորս երկրորդ կինն էր: Առաջին ընտանիքը գաղթի ճանապարհին սովից մահացել էր: Մորս տեսել էր, սիրահարվել ու ամուսնացել: 8 երեխա է ունեցել մայրս, այժմ երկուսս ենք մնացել»,- սրտի ցավով պատմում է Գոհար մայրիկը:
107 տարեկանում է մահացել Քրիստինե տատը: Չնայած ապրած կյանքին ու Ցեղասպանության դաժանությունը սեփական մաշկի վրա կրելուն՝ կենսախինդ կին էր` հիշում են ժառանգները: Նրա պատմած պատմություններից հատկապես Արտեմիսի մասին հիշողությունն է տպավորվել. «Արտեմիսը Ամերիկայի մանկատան աշխատողներից էր: Մայրս ասում էր՝ առանձնակի խիստ կին էր: Գիշերամիզության համար երեխաներին մահամերձ անելու աստիճան մտրակում էր: Մայրս, որ այդ խմբի տարիքով ամենամեծն է եղել, պատմում էր, որ գիշերները չէր քնում, իր եղբայրների ու քույրերի հետ գիշերը մնացած երեխաներին արթնացնում էր, տանում կարիքները հոգալու, որ Արտեմիսը հանկարծ չմտրակի նրանց»:
Դաժան պատմությունների շղթան շատ երկար է, Մասումյանների ընտանիքում դրանք բոլորը գիտեն, բոլորն էլ փոխանցում են իրենց զավակներին ու պատգամում՝ երբեք չմոռանալ, որ բիրտ հարևանի դաժանությունը գենի մեջ է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ