«Գնացել են նրանք, որ կարող էին նորմալ գծել այդ լոգոն կամ գնահատել»
28.02.2020 | 12:18
Սև ու սպիտակից սահուն անցում կատարեցինք «Այո»-ի ու «Ոչ»-ի: «Այո»-ի լոգոն անհաջող դուրս եկավ: Պարզվեց, որ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի հայտարարած բաց մրցույթի վերջնարդյունքում 3 միլիոն դրամի պարգևը տրամադրվել է գրագողին: Սկսեցին փնտրել բնօրինակի հեղինակին: Քաղաքական վավերագրությունից անցում կատարեցինք աբսուրդի թատրոնի: Կարող էինք գոնե մեղադրել հանձնախմբին ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ բարեխիղճ գործելաոճի համար: Բայց պարզվեց, որ պետական մակարդակով անցկացվող մրցույթը ոչ հանձնաժողովի նախագահ է ունեցել, ոչ էլ համապատասխան մասնագետներ: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին մեր կողքին ապրող արվեստագետը: Հարցերն ուղղեցինք գեղանկարիչ ՎԱՀԱԳՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ:
-Վահագն, ի՞նչ ես մտածում աղմուկ հանած լոգոյի պատմության մասին: Այստեղ լավ ու վատ արվեստի՞ խնդիր է, գրագողությա՞ն, ոչ ճիշտ հանձնախմբի՞, թե՞ քաղաքական ենթաշերտ կա հարցում՝ 90-ականների «Այո»-ն վերադառնում է, կրկնվում:
-Ինձ համար այս ամեն ինչը ահավոր մանր է ՝ անողներն էլ, ասողներն էլ, լսողներն էլ։ Գողացել է, չի գողացել` շատ անլուրջ եմ վերաբերվում այս հարցին բոլոր կողմերից: Առհասարակ, չեմ հասկանում ինչու՞ են սկսել դա անել, ինչու՞ են աղմուկ հանում, խաբել խաբել է…
-Այսինքն՝ գրագողությունը նորմալ երևու՞յթ է:
-Գրագողություն անողի համար՝ այո: Մեր մշակութային որակը շատ է իջել, ֆեյսբուքին որ հետևում եք, չեք տեսնում՝ ուր ենք հասել, այդ պայմաններում գրագողությունն էլ է լավ բան, ամեն ինչն էլ լավ բան է: Եվ սա ոչ թե քաղաքականություն է, այլ խեղճություն:
-Իսկ եթե հանձնախմբում լինեին ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, նկարիչ-ձևավորողներ, կնկատեի՞ն կեղծիքը:
-Իհարկե, եթե հանձնախմբում լիներ, օրինակ, Ռուբեն Արուտչյանը, որն այդ թվերին արել է նման բաներ: Առհասարակ, մեր վաստակաշատ նկարիչները անպայման կնկատեին:
-Իսկ գրագողության դեպքեր հաճա՞խ են հանդիպում ձեր ոլորտում:
-Ինչու՞ ոչ: Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, ես էլ եմ օգտվում, օրինակ, մարմինը նկարելու համար պետք է վճարես բնորդին, փոխարենը կարող եմ պատրաստի մարմնի ձևը վերցնել, իմ տարբերակը մատուցել: Դրանից ավելին վերցնելն արդեն փնթիություն է:
-Ինքդ կմասնակցեի՞ր այդ լոգոյի մրցույթին:
-Ինչու՞ ոչ, ես «Ոչ»-ին էլ հաճույքով կմասնակցեի: Ամենալավ բանը, որ կարող են անել՝ «Ոչ»-ի կողմակիցներն էլ լոգոյի մրցույթ թող հայտարարեն, ես էլ մասնակցեմ «Այո»-ին էլ, «Ոչ»-ին էլ:
-Բայց չես մասնակցել:
-Նախ տեղեկացված չեմ եղել, հետո էլ ես նույնիսկ նկարիչների միության ցուցահանդեսներին չեմ մասնակցում: Շփվելու, որևէ բան անելու, նույնիսկ բարևելու ժամանակ չունեմ:
-Ինչ-որ ելք կա՞ այս վիճակից:
-Ելքը կրթելն է երեխաներին՝ զրո դասարանից: Այս որտե՞ղ ենք ապրում, ո՞ր դարում, այս որակով սահմա՞ն ենք պահում, այս որակով մշակու՞յթ, գիտությու՞ն ենք զարգացնում:
-Քանի որ գիտությունից խոսեցիր, կորոնավիրուսը սահմանին կանգնած է, ի՞նչ ենք անում պաշտպանվելու համար:
-Ես, օրինակ, ասեմ ինչ եմ անում՝ երեխաներիս մանկապարտեզից հանել եմ: Իմ քայլը դա է:
-Իսկ դիմակներ ձեռք բերե՞լ ես:
-Դեռ ոչ, դեռ չեմ գիտակցում այդ վախը, չեմ հասկանում՝ փո՞ղ են աշխատում, թե՞ ոչ:
-Իսկ գիտե՞ս, որ դեղատներում չկա դիմակ:
-Դե, դիմակը հակառակ գործառույթ է կատարում՝ դիմացի մարդուն է պաշտպանում հիվանդից: Դիմակները, որ քեզ են պաշտպանում դրսից, 3-4 դոլար են, կարելի է առցանց պատվիրել: Բայց պատվերը մեկ ամիս հետո է գալիս, կորոնավիրուսը գնացած կլինի:
-Հույս ունենանք, որ երկիրը լքելու նոր պատճառ չի լինի:
-Ես երեկ հիշեցի, որ իմ տարիքի 24 տղա կար մեր բակում, այս պահին մնացել են չորսը: 20 հոգի այստեղ չի ապրում՝ Ռուսաստանում են, Ամերիկայում: Գնացել են նրանք, որ կարող էին նորմալ գծել այդ լոգոն կամ գնահատել:
-Մեր զրույցների ժամանակ միշտ անդրադարձել ենք նկարչական շուկայի խնդիրներին: Այս առումով առաջխաղացում կա՞:
-Շուկան թուլացել է, միանշանակ:
-Պատճա՞ռը:
-Չեմ կարող ասել, բայց փող ունեցողների մեծ մասը փախավ երկրից, ով էլ ունի, մնացել է, նկար չի գնում:
-Գիտեի՞ր, որ նկար գնելն ու նվիրելը կոռուպցիա է համարվում:
-Չգիտեի:
-Այսինքն, քեզնից երբեք նկար չե՞ն գնել որևէ պաշտոնյայի նվիրելու համար:
-Ստացվում է՝ էլ չեն էլ գնի:
-Մեր զրույցը մի լուսավոր կետով կարո՞ղ ես ավարտել:
-Ես ուրախանում եմ, որ դեռ կան նկարիչներ, որոնք, փակված իրենց արվետանոցում, աշխատում են և այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չունեն: Փոքր խումբ են, ու գուցե շատ ավելի մեծ են…
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ