-Աթենա, ի՞նչ երգով եք ներկայանում «Դեպի Եվրատեսիլ» նախագծին և ինչպիսի՞ տրամադրություն ունեք:
-Խանդավառ ու վճռական է տրամադրությունս: ՈՒզում եմ պատվով ներկայացնել Հայաստանը: «Chains On You» երգն եմ ներկայացնելու: Բառերի հեղինակը ես եմ: Երաժշտությունը գրել եմ իմ պրոդյուսեր DJ Պակոյի հետ: Երգիս հիմնական ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր մեջ ունի ադամանդ, երբեմն ոմանք ուզում են այն վերցնել քեզնից, բայց ադամանդը շողում է, երբ այն քոնն է, քո ներսում է:
-Երկիրը մեծ բեմում ներկայացնելու հեռանկարը մտահոգիչ ու պարտավորեցնող չէ՞:
-Երբ դու ունես հրաշալի թիմ և հավատում ես քո ուժերին, այդքան էլ չէ: Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, և, եթե ինձ ընտրեն, ես ավելի քան երջանիկ ու հպարտ կլինեմ:
-Կարո՞ղ եք կողքից նայել Ձեզ ու ասել՝ ինչո՞վ եք առանձնանում, ինչպե՞ս կարող եք գրավել մասնագիտական հանձնախմբի ու երաժշտասեր հանրության սիրտը:
-Երբ անում ես այն, ինչ իսկապես սիրում ես, հենց դա կարող է գրավել մարդկանց սրտերը: Չեմ ուզում մտածել՝ ինչով եմ առանձնանալու: ՈՒղղակի լինելու եմ այնպիսին, ինչպիսին կամ և փորձելու եմ լավագույնս հանդես գալ, դեռ ավելին: Հուսով եմ՝ թե՛ մասնագիտական հանձնախումբը, թե՛ երաժշտասեր հանրությունը կհավանեն ինձ և կհավատան իմ ուժերին:
-«Եվրատեսիլը» նաև քաղաքական հարցեր լուծող հարթակ է, հնարավո՞ր է լավ երգի ու լավ կատարման միջոցով գրավել մարդկանց սրտերն ու երկրորդ պլանում թողնել քաղաքականությունը:
-«Եվրատեսիլը» տարբեր մարդկանց միավորում է մեկ գաղափարի շուրջ՝ երաժշտության, և դա հիանալի է: Ես չեմ մտածում, թե որերորդ տեղն եմ զբաղեցնելու, եթե ինձ հնարավորություն ընձեռեն ներկայացնելու Հայաստանը: Պարզապես պետք է քրտնաջան աշխատես, լավագույնս ներկայանաս, պատմես քո պատմությունը և ուղերձդ երգի միջոցով հասցնես աշխարհին:
-Հայերեն փորձու՞մ եք սովորել:
-Այստեղ շատ տաղանդավոր ուսուցիչներ ունեմ: Նրանք սովորեցրել են ինձ ասել՝ «Բարև, ո՞նց ես, շնորհակալություն, լավ, իսկ դու՞, ես հպարտ եմ, որ հայ եմ, սիրում եմ ձեզ, Արամ, ամեն ինչ կարամ (այս ամենն ասում է հայերեն- Ա. Ս.) և շատ այլ բաներ» : Հուսով եմ՝ ավելի շատ բան կսովորեմ:
-Այն, ինչ սիրում եք մեր երկրում և այն, ինչ մտահոգիչ է թվում:
-Սիրում եմ մթնոլորտը, էներգիան, մարդիկ շատ բարի են, աջակցող, առատաձեռն: Պաշտում եմ հայկական ուտեստները, հատկապես սպասը: Ի՞նչն է ինձ մտահոգում: Այն, որ Հայաստանը պետք է ավելի շատ ճանաչելի լինի աշխարհին: Սա հրաշալի երկիր է, այստեղ այնքա՜ն տաղանդավոր, մեծ հեռանկարներ ունեցող մարդիկ են ապրում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում հայ երաժշտությանը:
-Ես շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի, Կոմիտասի երաժշտությունը, հայկական ջազը: Ինձ հիացնում է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ձայնը: Հայկական երաժշտությունը յուրահատուկ է, բարձրարժեք: Շատ եմ ցանկանում հայերեն երգ կատարել:
-Ի՞նչ կասեիք մեր ընթերցողին...
-Կասեմ, որ գնահատեն իրենք իրենց, երբեք չհանձնվեն, հավատան իրենց ուժերին: Ոչ ոք չի կարող ձեզնից խլել ձեր ներսի ադամանդները: Եվ եթե դուք հավանել եք իմ «Chains On You» երգը, ես «Դեպի Եվրատեսիլի» ժամանակ հանդես եմ գալու 6-րդ համարի ներքո, կարող եք քվեարկել ինձ համար, եթե ցանկանում եք:
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ