ՇՔԵՂ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ԽՈՐՈՒՆԿ ՊԱՏԿԵՐԱԳՐԵՐԸ
Երկու տարի առաջ այցելեցի Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց։ Այցելեցի, զմայլվեցի և զրուցեցի մեր օրերի կերպարվեստի նշանակալից երևույթներից մեկի հետ։ (Այստեղ պիտի ցավով խոստովանեմ, որ ինչ-ինչ խոսք ու միտք ավարտին չէր հասել, և նյութը վարպետի սրտով չէր, բայց անցածն անդարձ է և ավելի լավ է այն մոռանամ ու անցնեմ ներկա օրվան)։ Ահա պատկերագրքի շապիկը, որի գունախաղերում նկարչի միտքն է և՛ պարփակված, և՛ անսպասելի ցայտող։ Նրա հետ հազվադեպ եմ շփվել, սակայն թեկուզ հեռվից նրա ստեղծագործությունները «ներշնչելով» ինքս ինձ համար բանաձևել եմ` Ռոբերտ Էլիբեկյանը կերպարվեստի դրամատիկական թատրոն է։ Այս տեսանկյունից թերևս զուգահեռվում է հայ ազգային կերպարվեստի մեկ այլ թատրոնի` անվանումը Գեորգի Յակուլով։ Արժե՞ այսօր շրջել վերոնշյալ թատրոնում, որի դռները կես դարից ավելի բաց են թե՛ արվեստասերի, թե՛ գործընկերների, թե՛ արվեստաբանների առաջ։ Արժե, չկա որևէ կասկած, զի նրա արվեստանոցը Երևան, Հ. Քոչարի-13 հանրահայտ հասցեում «Կերպարվեստի Երուսաղեմ երկրի», այն է Հայաստանի զարդագույն և ազնվամետաղ պաննոներից մեկն է, ուր տարվա բոլոր եղանակներն ու հայկական էությունը և՛ յուրաքանչյուր կտավում են, և՛ հեղինակի հայկականորեն դյութիչ աչքերում։ Դյութիչ է Էլիբեկյանի արվեստը, նատյուրմորտ է, թե գեղանկար, գրաֆիկական պատկեր, թե բեմանկար։ Անգամ նրա հպանցիկ գծապատկերներում դյութանքը չի անէանում։
«Միշտ մտածել եմ` ի՜նչ լավ կլիներ, որ ինձ Աստված, այնուամենայնիվ, երգելու շնորհով օժտեր»։ Տերը, անկասկած, մի պահ մտորել է և որոշել, որ 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մշակույթին առավել անհրաժեշտ է գերինքնատիպ մի վրձին, քան թե մի նոր փայլուն ձայն։ Նա ազգային կերպարվեստ մուտք գործեց բավականին բարդույթավորված իրավիճակում. թիկունքում նշանավոր հոր պարտավորեցնող պատմուճանն էր. աջ և ահյակ կողմերում հայ ազգային կերպարվեստի խորհրդահայ հերթական հորդ մակընթացությունը, սոցռեալիզմին ձեռնոց նետել, գաղափարական կաղապարներն էլ ջարդելով ազատ և անկաշկանդ ստեղծագործում էին Հովհաննես Մինասյանն ու Նիկոլայ Քոթանջյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և Վրույր Գալստյանը, Աշոտ Հովհաննիսյանն ու Ալբերտ Պարսամյանը, Էդուարդ Խարազյանը, Էդուարդ Արծրունյանը... մի ողջ հատընտիր։
«Թեմա ասվածը միջոց է։ Ընդամենը։ Փախուստի միջոց, որին դիմելով` նոր իրականություն ես ստեղծում»։
Թեմա և Էլիբեկյան։ Նրա թեմաներն անհամար են։ Գունային աշխարհները` նույնպես։ Շքեղությունը իմաստավորված է, զի խորհուրդ է խորին։ Իսկ հորինվածքները հիշեցնում են և՛ մանրանկարիչ վարպետներին, և՛ նորարար ճարտարապետներին։
«Արդի հայկական արվեստը անձնավորող և նրա փառքը ձևավորող վարպետների շարքում առաջին տեղերից մեկը պատկանում է Ռոբերտ Էլիբեկյանին»։ Այսպես է ժամանակին գրել արվեստաբան Սեյրանուշ Մանուկյանը։ Այո, արվեստը, քանզի Էլիբեկյանը զուտ կերպարվեստային անհատ չէ, նրա փայլուն թատերական ձևավորումները հայ թատերական արվեստի 20-րդ դարի սիմֆոնիայի անքակտելի բաղկացուցիչն են։ Դարձյալ լսենք վերոհիշյալ արվեստաբանի խոսքը. «Բեմանկարչությունը, որն իրականացրեց նկարիչը, բավականին բարդ, նոր և որոշ իմաստով մեր թատրոնում շարունակությունը չունեցող երևույթ է»։
Սակայն ինչու՞ է այսօր հայ թատրոնը հեռացել բեմանկարիչ Էլիբեկյանից։
Ռոբերտ Էլիբեկյանը տարերք է, սրտի և մտքի համատեղ բոցավառման զարմանալի երկխոսություն։ Նրա արվեստը զարմացնող է։ Ընդ որում, զարմանք-հիացումը պատում է քննախույզ դիտողին ամեն անգամ։ Հավանաբար պատճառը պետք է փնտրել նկարչի էության մեջ, նա չի փորձում զարմացնել, առավել ևս հիացնել։ Նկարիչը նկարում է, ապավինելով ներաշխարհի ազդակներին, կտրված առօրյայից, ապավինած ժամանակին և հավերժությանը։ Նա, ըստ իս, պարզ կամ դյուրըմբռնելի անհատ չէ, սակայն դժվար է գտնել մի այլ ստեղծագործողի, որը զրուցում, մենախոսում է ինքն իր հետ գերիչ շիտակությամբ։ «Մշակույթը մերժում է միակողմանի երթևեկությունը։ Եվ արվեստներից ամեն մեկը` թատրոնը, կերպարվեստը, օպերան, գրականությունը, կինոն հիմնականում նույն այդ նպատակին են ծառայում։ Խնդիրները նույնն են, լուծման ուղիների որոնման եղանակները` նույնպես։ Եվ այդ ոլորաններում գործող անհատները նույն նպատակն ունեն և նույն զինանոցից են օգտվում։ Բոլորը։ Ա. Փելեշյանի ֆիլմերը, օրինակ, դրա ամենացայտուն վկայությունն են։ Նայում ես, ամեն ինչ կա` և՛ կերպարվեստը, և՛ երաժշտություն, և՛ թատրոն, անգամ խոսք կա, որի բացակայությունը, նոր իմպուլսներ տալով հանդիսատեսին, մղում է խոսելու... ինքն իր հետ»։
Խորքային է վարպետի այս բնորոշումը` «Մշակույթը մերժում է միակողմանի երթևեկությունը»։
Ես վերստին թերթում եմ նրա շքեղ պատկերագիրքը, կրկին հայտնվում եմ նրա կերպարվեստի դրամատիկ թատրոնում ու փորձում եմ այնտեղ երթևեկել միակողմանի, միացնելով ազդանշանային համակարգը։ Անհնար է, 1969-ին (նա ընդամենը 28 տարեկան էր) նկարած «Աղջկա դիմանկարին» (սա ինքնին կայացած վարպետի փայլուն վկայություն է), հաջորդում են «Ներկայացումը» (1973 թ.), «Պայացները» (1977 թ.), «Երեկոն» (1982 թ.), «Համերգը» (1999 թ.) «Թատրոնը» (2009-2010), «Տարվա եղանակները» (2011 թ.) և անավարտ թատրոնի մյուս ներկայացումները, որտեղ ողբերգություն է բեմադրված և մյուզիքլ, դրամա և տրագիֆարս։ Այո, տիար Ռոբերտը երկկողմանի երթևեկի սիրահար է։ Նրա երթևեկը անխափան ընթացք ունի գրաֆիկայում և գեղանկարում, կիրառական արվեստում և բեմանկարչությունում։ Նաև խոստովանանքում։
Խիստ արտիստիկ, անվիճելիորեն տաղանդավոր այս նկարիչը օժտված է ևս մի զարմանալի շնորհով (որը շրջանցել է շատ հայտնի ստեղծագործողների)։ Նա կեցվածք չի ընդունում ոչ մի պարագայում, ինքն իրեն հուշարձան չի կառուցում, ընդամենը ստեղծագործում է։ Ի դեպ, կեցվածքից զուրկ են նրա բազմաթիվ կերպարները։
«Փարիզում ապրելու տարիներին հաճախ էի Լուվր գնում։ Նշանավոր վարպետների գործերն էի նայում։ Մեկ, երկու, երեք, չորս տարի։ Մի անգամ հանկարծ ուշքի գալով ասացի. «Ռոբերտ, ինչու՞ ես կենտրոնացել այն գործերի վրա, որոնց հեղինակները ճանաչված են, չէ՞ որ անհայտ հեղինակներ կան, որոնց ստեղծածը պետք է որ նույնպես հետաքրքրի քեզ»։ Եվ օրեր շարունակ չէի կարողանում դուրս գալ այն սրահներից, որտեղ ներկայացված էին անհայտ նկարիչների գործերը։ Փառահեղ նկարներ էին, որոնք գեղարվեստական իրենց արժեքով ոչ մի բանով չէին զիջում նշանավոր վարպետների ստեղծագործություններին»։
Վարագույրը հետ քաշվեց։ Եվ գոնե ինձ համար բացվեց Ռոբերտ Էլիբեկյան նկարչի արվեստի առեղծվածը, այն անբացատրելին, որը հաճախ մնում է հավերժ գաղտնիք։ Նա ազնվական է իր էությամբ։ Տոհմիկ ազնվական է։
Ի ՆՎԻՐՈՒՄ
Նրա արվեստն անհայտ չէ աշխարհին։ Նրա արվեստը, բեմանկարչությունը, գեղանկարը, գրաֆիկան։ Այսօր ստեղծագործում է ամեն օր և յուրաքանչյուր ժամ։ Ի՞ր համար է նկարում, մե՞զ համար է արարում, թե՞ ապավինում է ժամանակին։ Այս հարցերը պատասխաններ չեն ենթադրում։ Եվ, անկասկած, նա «Կերպարվեստի Երուսաղեմ երկրի» բնակիչ է։ Եվ իր արվեստանոցի պատուհանից, վաղ առավոտյան տեսնում է իր երկիրը։ Հրաչյա Քոչար-13 շենքում գեղարվեստաշուք է նրա արվեստանոցը, որը, իմ պատկերացմամբ, արդեն իսկ թանգարան է։
Արարիր, վարպետ։ Երկիրը սպասում է հերթական գործերիդ։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ֆրանսիացի զբոսաշրջիկների հանդիպեցի 2019-ի հուրհրացող աշնանը։ Թարգմանչի օգնությամբ տեղեկացա, որ ցանկանում են ծանոթանալ Հայաստանի կերպարվեստին։ Խումբն արդեն այցելել էր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, հիացել էր հռչակավոր կինոճարտարապետի գործերով և շրջում էր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում։ Տիկնոջը (զբոսավարին) հուշեցի, որ Հրաչյա Քոչար-13 հասցեում բնակվում և ստեղծագործում են հայ փայլուն նկարիչներ և արժե բարձրաճաշակ հյուրերին ուղեկցել այնտեղ։ Պատասխանը և՛ անկեղծ էր, և՛ ցնցող էր։ Նրան անծանոթ էր Քոչար-13-ը։ Մի խոսքով, երկրի ԿԳՄՍ կառույցի համապատասխանները քաղաքակրթական անիմանալի շրջայցերն անտեսելով, կոնկրետ ծրագիրն ու նախագիծը պայուսակում պետք է այցելեն Քոչար-13 և հյուրընկալվեն Ռոբերտ Էլիբեկյանին, Էդուարդ Խարազյանին, Խաչատուր Ազիզյանին, Սարգիս Համալբաշյանին, Վահագն Գալստյանին և այլոց։ Հավատացեք` կշահեք... Կշահի և Հայաստանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ