Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հավատքով քայլենք այս աշխարհում տրված մի թիզ ժամանակը

Հավատքով քայլենք այս աշխարհում տրված մի թիզ ժամանակը
31.05.2019 | 00:01

Ինչպես նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի մեղքը Հիսուսի չարչարանաց Գողգոթան կանխորոշեց, այդպես էլ Սասունի ջարդը Հայոց գալիք մեծ եղեռնը գուժեց: Ով դաս կառներ դրանից, ազատության հարության լույս առավոտը կողջուներ: Բայց ավա՜ղ…
Սա` որպես նախաբան ստորև գրվելիքի:


Պողոս առաքյալը երբ գրեց. «Մեղքի վարձը մահ է», շատերս չհասկացանք, որ դա հենց մեզ ու մեր ազգին է վերաբերում, ու շարունակեցինք անվախ մեղանչել, մինչև մահը չոքեց մեր բկին:
Իսկ երբ Պարույր Սևակը գրեց. «Պատմություն ունեցողը չի կարող հետ չնայել», մենք կարծեցինք թե նա մեր ազգի փառավոր էջերին է նայում, իսկ իմաստունները մեր դառն ու մահաբեր մեղքի պալարներն են մերկացնում, որ բուժումը հայտնի լինի ամենքին, որ սուրբ երկյուղն է Աստծուց:


Խոսենք փաստերով, որոնցից երես թեքելը ավելի մեծ կորուստների դուռ կբացի, քանի որ մարդկային գետը գնալով դառնում է առավել պղտոր ու դիվական չարությամբ լեցուն:
Երբ Անիի ավերակներին ենք նայում, նրա փառահեղ անցյալն ենք տեսնում. հարուստ ու զորեղ, իսկ հոգևոր աչք ունեցողները նաև այդ ամենի անկման պատճառն են փնտրում, գալիքից զգուշացնելով: Համոզվելու համար կարդացեք Աբրահամ Կրետացի կաթողիկոսի բնութագիրը Անիի վարք ու բարքի մասին:
«Նախ` երբեմնի ծաղկուն մայրաքաղաքում ամեն մեկը սկսեց իր սրտի ուզածն անել, և օր օրի բազմապատկվեցին անհնարին չարությունները:
Երկրորդ` նախանձն էր, որ ունեին միմյանց նկատմամբ` ընկերոջ առաջընթացի, թե՛ իմաստնանալու, թե՛ ընթերցանության, թե՛ պճնվելու, թե՛ փառասիրության:
Երրորդ` առավել բարկությունն էր: Այնքան ինքնահաճ ու կամապաշտ էին դարձել, որ բնավ ուրիշներին չէին լսում. Ո՛չ ծերերին և ո՛չ վարդապետներին, բայց միայն ամեն մարդ իր աչքին իմաստուն էր երևում:


Չորրորդ` ծուլությունն էր համակել բոլորին, քանզի առանց աղախինների ու ծառաների չէին մնում և հետիոտն եկեղեցի չէին գնում, ոմանք գրաստով էին գնում, ուրիշներն էլ գրաստից իջնել չէին ցանկանում, այլ ժամհարին եկեղեցուց դուրս էին կանչում, Ավետարանը բարձրացնել տալով համբուրում և այդպես էլ նշխարը վերցնելով` գնում էին հանդեսների, թատրոն և ձիարշավարան:
Հինգերորդ` անչափ ագահությունը և ամենայն չարյաց արմատ փողասիրությունը, քանզի այնքան ագահ էին, որ միմյանց բարիքն էին հափշտակում, նաև որբ և այրիներին էին զրկում. Ժառանգությունն ու կալվածքը կորզում և իրենց վերցնում:
Վեցերորդ` որկրամոլությամբ էլ էին շատ տարվել, քանզի երկիրը բարեբեր ու պարարտ էր: Խմում էին զանազան ծաղկաբույր գինիներ` երգ ու պարով, ուստի աղբյուրի պես բխում էին պոռնկության մեղքերը:


Յոթերորդ` անհիշատակելի անբարոյականությունը, մանավանդ` ազգապղծությունը, որ գույքի և հողի ժառանգության պատճառով (աղջիկ կամ տղա) օտարին չէին տալիս, այլ մերձավորներին` ըստ հին բարքերի:
Եվ նրանք պարծենում էին հազար և մեկ եկեղեցիներով` Աստծո համար բարեգործություն համարելով: Ահա այս պատճառով հպարտացան, անմտացան և ընկան կռապաշտության ու անձնապաշտության, ապա` անհավատության և անօրինության մեջ, որին հետևեցին անզգամությունն ու լրբությունը և սրանց հետ նաև լկտիությունն ու հայհոյախոսությունը: Մինչև անգամ չէին լսում ու չէին հարգում Աստծո հոգածությամբ եկող վարդապետներին ու խրատատուներին:


Աստված կամենում է, որ ամեն ոք ապրի և գա դեպի ճշմարտության ճանաչումը: Եվ Հովհաննես վարդապետը Սուրբ հոգու ազդեցությամբ ելավ գնաց Անի` քարոզելու և խրատելու նրանց, որպեսզի դառնան մոլորությունից ու իրենց չար գործերից:
Հովհաննես վարդապետը, ականատես լինելով տարաբնույթ չարագործությունների, բարձրացավ մի բարձր բլրի վրա և անիծեց քաղաքը և ծունկի գալով ասաց ու կրկնեց. «Տեր, այլևս երաշխավոր չեմ լինի այս քաղաքի համար, այսուհետև ինչ որ կամենում ես, այդպես արա»: Եվ հանկարծ, Աստծո սաստիկ բարկությունն իջավ ու սկսեց քաղաքը շարժել և պարիսպները տապալել: Այս տեսնելով, ամեն մարդ հապճեպորեն ամուր բռնելով ամեն մեկն իր ընտանիքի անդամների ու զավակների ձեռքերը, տարագիր դարձած հեռացան` թողնելով քաղաքը. և՛ եկեղեցիները, և՛ ոսկեզօծ պալատները, և՛ իրենց ծաղկավետ դաշտերը»:


Իսկ վարդապետը, ում մասին գրում է Աբրահամ կաթողիկոսը, Հովհաննես Պլուզն էր, որ հասակով կարճ էր, բայց խոսքով ու վարքով բարձր: Նրա խոսքը մինչև մարդկանց սրտերն էր հասնում ու զղջումով Աստծո առաջ ծնկի բերում, բայց ոչ հղփացած անեցիներին, որոնք վարդապետի քարոզները ծաղրեցին, նույնիսկ մի անգամ էլ նրա ըմպելիքին ափիոն խառնեցին, որից նա մտքով խառնվեց ու չհասկանալով իր անելիքը, վրայից շորերը հանեց: Տեղի սատանայապաշտ քահանաներն էլ նրան ծաղրելով, այդպես մերկացած ու մտագար վիճակում կողովի մեջ դրեցին ու Անիի պարսպի գլխավոր մուտքի վերևում կախեցին, որ բոլորը գան, տեսնեն ու ծիծաղեն վարդապետի վրա ու դրանով իսկ Աստծուն ծաղր անեն: Իսկ երբ վարդապետը ուշքի է գալիս ու իմանում իր հետ պատահածը, դուրս է գալիս Անիից ու ասում այն խոսքերը, ինչ վերը կարդացիք:
ՈՒ ինչպես Աստծո խոսքն է ասում. «Մարդիկ տեսքին են նայում, Աստված սրտերին», այդպես էլ մարդիկ Անիի հազար ու մի եկեղեցիների շքեղությամբ էին հիանում, իսկ Աստված անեցիների սրտերն էր քննում, ու այդ քաղաքին կործանման գույժ ուղարկեց. ու այդպես էլ եղավ:
Մի ստվարածավալ աշխատություն կա, Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում»: Կարդում էի ու զարմանում, թե ինչե՜ր, ինչե՜ր ենք արել հայերս այդ կայսրության համար, ովքեր ենք եղել նրանց ծաղկման ու զարգացման պատմության մեջ, և ի վերջո, ի՜նչ ցավալի վախճան ունեցանք:


Հիմա կարճառոտ թվարկեմ այնտեղի հայերի ունեցած պաշտոնները, ամիրաներ, սերունդներով փողերանոցի (գանձարանի) տնօրեններ, վեզիրներ (պալատական ամենաբարձր պաշտոնը), ժամագործապետ, թնդանոթարանի երկաթագործության պետ (Դեմիրճպաշյանները), նրա տղաները նավատորմի ու պալատի հացի հայթաթողներ, և նրանք առաջինը ստեղծեցին մինչև հիմա գործածվող նավերի խարիսխի տեսակը, Բոստանճը-բաշի տիտղոսով հայ, որ նշանակում է իր հրամանատարության տակ կային հազար ենիչերիներ։
Տայանները` վառոդապետ ու ընտիր վառոդ ստեղծողներ։ Վառոդ, որ նույնիսկ չէր զիջում անգլիականին։ Զորքի հանդերձների մատակարարներ, վեզիրության աստիճանի հասած դիվանագետներ, հյուպատոսներ, ծովակալներ, զորավարներ, գնդապետներ, հազարապետներ, օսմանյան փարոսների վարչության փոխտնօրեն, եպարքոսներ, գավառների կառավարիչներ, խտիվներ (դատավորի պաշտոն է), նախարարական աստիճանով նահանգապետ, բեյեր, փաշաներ, փաստաբաններ (օրինակ, Խոսրով Հմայակը պաշտպանել է սուլթան Մուրադի երկու դուստրերի ապահովագրական գործն ու շահել), դատավորներ, իրավաբաններ (Վահանյան Հովհաննես` Օսմանյան կառավարության դատական նախարարության խորհրդական), ականագործներ, նավատորմի ադմիրալ-ծովագնացներ, նավի բժշկապետեր, ակնաբույժներ, դեղագործներ, զինվորական տոհմական բժիշկներ ունեցել ենք։ Բժշկագիտության մեջ հայտնի է, որ մենք ենք ստեղծել ծաղիկ հիվանդության պատվաստը։ Չինացիները, օրինակ, ծաղիկի բշտիկից վերցրած հեղուկը ներարկում էին չամիչի մեջ, հետո հիվանդին տալիս, իսկ հայ բժիշկները առաջին անգամ Պոլսում հիվանդի մաշկը ճեղքեցին ու պատվաստեցին։ Այս տեսնելով, անգլիական դեսպանի կինը` լեդի Մերի Մոնտեգյուն իր տղային նույնպես պատվաստել տվեց ու այդ մասին 1717-ին գրեց Անգլիայի իր բարեկամներին, ու շուտով այնտեղ տարածվեց այս նորամուծությունը)։ ՈՒնեցել ենք հայտնի գանձապետարանի բարձր պաշտոնյաներ։ Թուրքական դասական երաժշտությունը Տիգրան Չուխաջյանի միջոցով զարգացավ։ ՈՒնեցել ենք ոսկերիչներ, հմուտ արծաթագործներ, հմուտ հագուստների ոսկեթել ասեղնագործներ, ընտիր ու գեղեցիկ գորգերի վարպետներ, հմուտ ու անգերազանցելի վարպետներ ու արհեստավորներ։ Հիշատակենք նաև հայկական հյուսվածք կոչվող, Եվրոպային հայտնի ասեղնագործական անգերազանցելի մանյակները, գորգագործության, որ գորգարվեստի է վերածվել, մանավանդ հախճապակու արհեստավոր-նկարիչները, որոնք մզկիթների գեղեցիկ զարդարվեստը ստեղծեցին։

Լուսանկարչության նորամուծությունը նույնպես հայերի միջոցով սկսվեց Օսմանյան կայսրությունում և ի վերջո ֆուտբոլը նույնպես սկիզբ առավ հայ մարզիկների շնորհիվ։
Մի այսպիսի դեպքի մասին էլ փաստենք. 1829-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտին, սուլթան Մահմուդ Բ-ն ծանր վիճակում հայտնվեց, քանզի տասնհինգ միլիոն ռուբլի ռազմատուգանք պետք է վճարեր։ Բայց պատերազմից սնանկացած Թուրքիայի համար դա դժվար լուծելի խնդիր էր։ Այդ ժամանակ հայ Գայայ Արթին ամիրան, որ պալատի ելումուտի իրավունք ուներ, կարողացավ մեծ հնարամտություն ցուցաբերել ու մարել այդ հսկայական գումարը, որից հետո սուլթանը նրան մեծարեց այնքան, ինչքան հնարավոր էր պատվել գյավուրին:
Դիվանագիտական կորպուսի անհրաժեշտ կադրերն այդ ժամանակներում տալիս էին Պոլսի հայ կրթյալ հայերը, որոնք արդեն ֆրանսիական և շոտլանդական մասոնական օթյակներին էին հարել ու նույնիսկ մասոնական տարբերիչ հագուստներով նկարվել, որպես առաջավոր լուսավորական գաղափարներ կրողներ։ Հետո սկսեցին մասոնական օթյակների հիմնադրումը Օսմանյան կայսրությունում։ Հայտնի է, որ առաջին չորս հայկական օթյակները հիմնվեցին ֆրանիսիական մասոնների՝ «Մեծ արևելք» օթյակի, Էդինբուրգի շոտլանդական մեծ օթյակի հովանավորությամբ։


Տասնիններորդ դարի վերջում ու քսաներորդ դարի սկզբներում չորս հայկական մասոնական օթյակներ կազմվեցին «Հայկ», «Սեր», «Զմյուռնիա», և, ինչպես արդեն ասացինք, «Մեծ Արևելք» անուններով։ Իսկ վերջում ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենի հովանավորությամբ «Արարատ» օթյակը կազմվեց։ Անգլիայի մասոնականությունը իր կազմում ուներ չորս թագավոր, տասնչորս արքայազն, ինչպես նաև ՈՒինսթոն Չերչիլը։ Իսկ ամենավերջին հայկական օթյակը կազմվեց «Եփրատ» անվամբ, որի կազմում էին մեծահամբավ բժիշկներ, պրոֆեսորներ, նույնիսկ հայ եկեղեցու վարդապետներ։
Նրանցից տասը ամենանվանի հայեր ճանաչվել են կայսերական հավատարիմ հպատակներ, իսկ նրանց հարստությունը, սուլթանների համոզմամբ, ծառայելու էր կայսրությունը։ Թուրք գիտնականներից Մուրադ Գորաթյուրքը համոզվել է, որ վերջին հարյուր հիսուն տարիներին կայսրությունը չի փլուզվել երկրի ոչ մահմեդական փոքրամասնությունների ներդրման շնորհիվ, որոնց մեջ ամենանշանակալիցը հայերն են եղել։


Այդ տարիների գաղտնի ծառայության «Յլդզ» պալատի արտաքին հարաբերությունների բաժնին անհանգստացրել է այն հանգամանքը, որ կրթյալ հայերը արտասահմանում հակասուլթանական միությունների ու եվրոպական հետախուզական գործակալությունների հետ են սկսել համագործակցել։ Նույնիսկ «Յլդզ»-ում հատուկ բաժին է ստեղծվել, որ արտասահմանյան հայ կուսակցությունների ու նրանց հակասուլթանական գործունեությանը հետևելու, մանավանդ դաշնակցական ու հնչակյան կուսակցություններին հայ երևելիների կողմից բանագնացների միջոցով հաշտեցնելու ապարդյուն փորձեր արվեցին։
Մինչ հայերը մասոնական բեմերում եղբայր-եղբայրներ էին խաղում, Սելանիկի իթթիհադականները, թրքացած ու ծպտալ հրեաները, կոնգրես հրավիրեցին ու «Թուրքիան` թուրքերի համար» նշանաբանով որոշումների շարք ընդունեցին, ինչը և դարձավ հայոց գալիք աղետների հիմնագիրը:


Իսկ հայ մտավորականներն ու բանաստեղծները խոսքները մեկ արած սկսեցին հեթանոսական երգերի ու բարքերի գովքն անել անաստված մտքերով ու խոսքերով:
Եվ այդ ամենի ուղիղ հետևանքը գիտենք ինչ եղավ:
Հիշենք և այն, որ հայրենասեր Խրիմյան պատրիարքին վերացնելու համար հայերը 2 քուրդ մարդասպան վարձեցին, բայց Տերը փրկեց իր զավակին։
Դրանից հետո ստիպված Երուսաղեմ աքսորեցին Խրիմյանին, դե իսկ մնացածը գիտեք. հայ ժողովուրդը նրան կաթողիկոսի աստիճան շնորհեց։


Որպես վերջին տեղեկություն այս էլ իմանանք, որ հայորդի լուրջ ֆինանսիստները հաշվարկել են, որ միայն տարբեր երկրներում ու Թուրքիայի բանկերում եղած հայերի գումարը այժմ կարող էր մոտ երկու տրիլիոն դոլարի հասնել:
Հետևություն այս ամենի. ինչպես Դանիել մարգարեին առյուծները չհոշոտեցին գուբում, այդպես էլ Աստված էր պահպանում հայոց ազգը բորենի թուրքերի միջավայրում, իսկ երբ հայոց ազգը հետզհետե հեռացավ, երբեմն էլ ուրացավ Աստծուն ու թողեց պատվիրանապահությունը, եղավ այն, ինչ որ եղավ։ Իսկ սուրբ հայրերից մեկն ասել է. «Քանի դեռ թավան կրակի վրա է ու տաք է, նրա վրա ոչ մի ճանճ ու զեռուն չի կարող նստել, իսկ երբ սառում է, նրանցից ամեն մեկն էլ կարող է մտնել դրա մեջ»։


Այդպես էլ մեր ազգի հետ է եղել. քանի դեռ մենք հավատքով Աստծո հետ ու Նրա Խաչի հովանու տակ ենք եղել, Տերը մեզ պահպանել է, ինչպես հովիվն իր ոչխարներին։ Այդ պատճառով Հիսուսն ասաց. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»:
ՈՒրեմն, այս ամենն իմանալուց հետո հիմա ազգովին խնդրենք, որ Տերը իմաստություն ու սուրբ երկյուղ պարգևի, Իր փեշերից հավատքով կառչած քայլենք այս աշխարհում տրված մի թիզ ժամանակը, մինչև որ ազգովի անդատապարտ կդիմավորենք Իր երկրորդ ու ահեղ գալուստը. ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ