Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քաշքշուկը, հավանաբար, կավարտվի քաղաքային կոալիցիայով

Քաշքշուկը, հավանաբար, կավարտվի քաղաքային կոալիցիայով
06.03.2009 | 00:00

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆ
Մայիսի 31-ին Երևանում կկայանան քաղաքային ավագանու ընտրությունները, որոնք առաջին անգամ անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով։ Պարզ ասած, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկը ստանա ընտրողների 51 տոկոսի աջակցությունը, նրա ցուցակի առաջին համարը ինքնաբերաբար կդառնա Երևանի քաղաքապետ։ Սակայն եթե որևէ քաղաքական ուժ չի ունենում պարզ մեծամասնություն, քաղաքապետը պետք է ընտրվի, և, համապատասխանաբար, քաղաքային վարչակազմն էլ կձևավորվի միջկուսակցական փոխհամաձայնությունների ճանապարհով։ Այսինքն` կստեղծվի քաղաքային կոալիցիա։ Սա, ի դեպ, ամենահավանական տարբերակն է, քանզի անցյալի փորձը ցույց է տալիս, որ ոչ մի կուսակցություն, այդ թվում` իշխանական, վերջին տարիների ոչ մի ընտրության ժամանակ մայրաքաղաքի բնակչության գոնե 51 տոկոսի հավանությանը չի արժանացել։
Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԹՎԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, Երևան քաղաքում 2007 թ. ԱԺ ընտրություններում առաջատար կուսակցությունները համամասնական ընտրակարգով ստացել են հետևյալ քվեները. ՀՀԿ-ն` մոտ 25 տոկոս, ԲՀԿ-ն` 14, «Ժառանգությունը»` 13, ՕԵԿ-ը` 6, ՆԺԿ-ն` 4, «Ազգային միաբանությունը»` 3, ՄԱԿ-ը և Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը` մոտ 2-ական տոկոս։
Եթե անդրադառնալու լինենք նախագահական ընտրություններին, ապա Երևանում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և մի շարք այլ կուսակցությունների կողմից պաշտպանվող թեկնածու Սերժ Սարգսյանը 2008-ի փետրվարին ստացել է ձայների մոտ 40 տոկոսը, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` մոտ 28 տոկոսը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` մոտ 13 տոկոսը, ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը` մոտ 7 տոկոսը։ Այսպիսով, անգամ նախագահական ընտրությունների շատ անձնավորված լինելու պարագայում, որևէ կուսակցության առաջնորդ մայրաքաղաքում չի ստացել ձայների 51 տոկոսը։ Սա պետք է որ սառը ցնցուղ լիներ ցանկացած կուսակցության համար, որը հավակնում է մայիսի 31-ից հետո միանձնյա տնօրինելու մայրաքաղաքի կառավարումը։
ՑԱՆԿԱԼԻԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Հասկանալի է, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` փաստացի խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած ընտրության ժամանակ, հավակնում են առավելագույնին։ Բայց ցանկությունը մի բան է, իրականությունը` այլ։ Երևանը երկրի կենտրոնն է, ծայրամասային ինչ-որ գյուղ չէ, որի կառավարման համար պայքար չընթանա։ Ճիշտ հակառակը, պայքարը լինելու է շատ լուրջ, մանավանդ որ, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում իշխանության հարցն ավանդաբար լուծվում է մայրաքաղաքում։ Այսինքն` այն քաղաքական ուժը կամ ուժերի համախումբը, որը վերահսկում է մայրաքաղաքի կառավարումը, իշխանության փաստացի կրողն է։
Այս իմաստով, սակայն, բոլոր կուսակցություններից հենց ՀՀԿ-ն է հայտնվել ամենախոցելի վիճակում։ Թվում էր, որ ամենից առաջ հանրապետականների շահերից էր բխում կառավարող կոալիցիայի մյուս կուսակցությունների հետ համատեղ, ընդհանուր ցուցակով ընտրության գնալը։ Այդ դեպքում չորս կուսակցությունների համատեղ ռեսուրսներն ու վարկանիշը գուցե հնարավորություն կտային տանելի ընտրություններ կազմակերպելու։ Համենայն դեպս, այդ պարագայում ավագանու մեծամասնությունը վերցնելու շանսերն ավելի մեծ էին, քան հիմա։
Սակայն, հավանաբար, ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչների անհիմն ինքնավստահությունը գերազանցել է սթափ մտածողությունը։ Այդպես լինում է, երբ մարդիկ թերագնահատում են այն իրավիճակը, որում գտնվում են, և գերագնահատում սեփական հնարավորությունները։
Արդյունքում կառավարող կոալիցիայի մյուս երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, հայտնվել են «ազատ թռիչքի» մեջ։ Այսինքն` կոալիցիայում գտնվելով հանդերձ, նրանք, փաստորեն, միանգամայն ազատ են քաղաքային ընտրություններում տանելու այնպիսի քարոզչություն, ինչպիսին հարմար են գտնում, ընդ որում, կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի դեմ։ Եթե, օրինակ, կոալիցիայի կուսակցություններից որևէ մեկը ներքին որոշում ունի ամեն գնով վերցնելու քաղաքային իշխանությունը, իսկ հետո առհասարակ դուրս գալու կոալիցիայից, կարող է ընդհանրապես արմատական ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ։ Այլ հարց է, թե արդյունքում դրանից ինչ դուրս կգա, բայց որ մայրաքաղաքի հետ կապված բոլորն էլ մեծ ախորժակ ունեն, փաստ է։ Ոչ մեկը չի պատրաստվում մյուսին զիջել։
ԿԱՊՈՒՅՏ ԵԶՐԱՇԵՐՏՈՎ ՍԿՈՒՏԵՂԸ
ՈՒժերի այս ստուգատեսում բոլորովին չի բացառվում, որ իր դրսևորումն ունենա վերջին տարվա ընթացքում քաղաքական շրջանակներում անընդհատ քննարկվող գլխավոր ինտրիգը։ Խոսքը, իհարկե, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը, հայտնի չէ, թե ինչ նախաձեռնություններով հանդես կգա այս մրցավազքում, քանի որ դրա «պրիզը» քաղաքապետի պաշտոնն է։ Իհարկե, նախկին նախագահը քաղաքապետ դառնալու մտադրություն հազիվ թե դրսևորի։ Այդպիսի մոտեցումը հարիր չէ նախկինում բարձր պաշտոն ստանձնած որևէ հայ գործչի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հոգեկերտվածքին։ Բայց ստվերային ազդեցություն նա կարող է ունենալ կառավարման համակարգում իրեն հավատարիմ կադրերի ու վաղեմի գործընկեր կուսակցությունների (ԲՀԿ, ՀՅԴ) միջոցով, ինչպես նաև, ցանկության դեպքում, լուրջ ֆինանսական մասնակցությամբ։ Եվ բոլորովին չի բացառվում, որ մայիսի 31-ից հետո ասպարեզ գա «կապույտ եզրաշերտով սկուտեղը»։ Այսինքն` պարզվի, որ քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորված քարտեզն այնպիսին է, որ իրենց ցանկացած թեկնածուին քաղաքապետի աթոռին նստեցնելու համար հանրապետականները հարկադրված լինեն բանակցել ոչ այնքան ավագանու կազմում ներկայացված մյուս կուսակցությունների, որքան Ռոբերտ Քոչարյանի հետ։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Իհարկե, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում քաղաքային ընտրություններում լուրջ արդյունքների հասնելու ընդդիմության շանսերը փոքր չեն։ Մանավանդ, եթե ընդդիմադիր կոնգրեսի ցուցակը գլխավորի Ստեփան Դեմիրճյանը, որը բոլոր դեպքերում կայուն վարկանիշ ունի մայրաքաղաքում։ Եթե դրան զուգահեռ ընդդիմությունը, իսկապես, համախմբի բոլոր ջանքերն ու ռեսուրսները, անկասկած, զգալի ներկայություն կունենա քաղաքային ավագանու կազմում։ Իրադարձությունների ամենասուր սցենարով զարգանալու դեպքում, եթե իշխանություն-ընդդիմություն պայքարն ընթանա նույնքան անզիջում, որքան նախագահական ընտրությունների ժամանակ, ընդդիմությունը նույնիսկ շանս ունի մեծամասնություն կազմելու ապագա քաղաքային խորհրդարանում։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե լինի ծայրահեղ բևեռացում։ Որովհետև դոլարի փոխարժեքի ազատ արձակումից հետո արձանագրված գների աճը, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների սպասվող բարձրացումը բավականին լուրջ դժգոհություն են հարուցել նաև մայրաքաղաքի բնակչության լայն խավերի շրջանում։ Ընդդիմության վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ տնտեսական ճգնաժամի հետևանքներից դժգոհ զանգվածը, այնուամենայնիվ, աճում է։ Միգուցե ոչ այն պրոգրեսիվ արագությամբ, ինչ սպասում էր կամ կցանկանար ընդդիմությունը, բայց որոշակի և արտահայտված դժգոհություն իշխանությունների սոցիալ-տնտեսական կուրսից ակնհայտորեն կա։
ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Անշուշտ, քաղաքային ավագանու համար ընտրապայքարը չի սահմանափակվելու միայն արմատական ընդդիմության ու իշխանական կուսակցությունների շրջանակով։ Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը, որն ընդդիմադիր լինելով` կոնգրեսի կազմում չէ, վերջին խորհրդարանական ընտրություններում Երևանում ունեցել է մոտ 13 տոկոս քվե։ Կոնգրեսի մաս չկազմող, բայց նույնպես ընդդիմադիր ՆԺԿ-ն` մոտ 4 տոկոս, իսկ Միավորված աշխատանքային կուսակցությունը` մոտ 2 տոկոս։ Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ ՄԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում գրեթե հաղթահարել էր 5 տոկոսի արգելքը։ Այս քաղաքական ուժն ունի փորձառու թիմ, կազմակերպական ու ֆինանսական ռեսուրսներ, որոնք մայրաքաղաքային ընտրություններում կենտրոնացվելու դեպքում շատերի համար անսպասելի արդյունքներ կարող են արձանագրել։
Միաժամանակ իրականում հայտնի չէ, թե ինչպես կպահեն իրենց գործող թաղապետերը։ Քաղաքապետի փոփոխությունը նրանց դիրքորոշման վրա կարող է և էական ազդեցություն չունենալ։ Որովհետև նրանցից ոչ մեկը սկզբունքորեն երաշխիք չունի, որ ընտրություններից հետո կմնա զբաղեցրած պաշտոնում։ Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ բազմաթիվ կուսակցությունների ու իշխանական կառույցների, շահագրգիռ ֆինանսատնտեսական խմբերի անխուսափելի մասնակցությունն ընտրական գործընթացին բացարձակապես անկանխատեսելի է դարձնելու այն։ Ոչինչ չի նշանակում նաև այն հանգամանքը, որ գրեթե բոլոր գործող թաղապետերը ՀՀԿ անդամ են, դա դեռ երաշխիք չէ, թե նրանք անմնացորդ նվիրումով աշխատելու են «հարազատ» կուսակցության համար։ Ավանդաբար նման կարգի չինովնիկների բացարձակ մեծամասնությունն իշխող կուսակցության անդամ է դառնում բացառապես տվյալ պաշտոնում մնալու համար։ Եվ, համապատասխանաբար, պաշտոնը կորցնելու վտանգը խիստ թուլացնում է հայ չինովնիկի կուսակցական պատկանելության զգացումը։ Հետևաբար, յուրաքանչյուր թաղապետի անձնական դիրքորոշումը կախված է լինելու բացարձակապես այն իրողությունից, թե ընտրություններին մասնակցող շահագրգիռ ուժերից որը թաղապետի ապագայի վերաբերյալ ավելի լավ հեռանկար կառաջարկի կամ նոր հորիզոններ կբացի։ Այդ պատճառով հստակ չէ նաև, թե ում օգտին և ինչ չափով են «աշխատելու» թաղապետական ռեսուրսները։
Ամենահավանական տարբերակն այն է, որ բոլոր ուժերի մրցապայքարի արդյունքում կձևավորվի բազմաշերտ ու կուսակցական առումով բավականին բազմերանգ քաղաքային ավագանի, և միջկուսակցական բանակցությունների կամ, ինչպես Հայաստանում հաճախ է պատահում, բացեիբաց առևտրի արդյունքում կընտրվի նոր քաղաքապետ։ Բայց միանշանակ է, որ այդ դեպքում քաղաքային իշխանությունն ամբողջության մեջ նույնպես չի լինի միակուսակցական, այլ կլինի կոալիցիոն` ներառյալ թաղապետերի նշանակումները։ Եթե, իհարկե, ընտրություններն անցնեն տանելի պայմաններում, առանց ծայրահեղ բացասական զարգացումների։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ