«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Աշխարհը, մենք ու մեր աշխարհը

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Աշխարհը, մենք ու մեր աշխարհը
05.04.2016 | 10:34

Վերսկսված պատերազմի այս լարված օրերին հաճախ են հարցեր հնչում, թե ինչ կանի, ինչպես իրեն կպահի այսպես ասած՝ «միջազգային հանրությունը»: Հարցեր հնչում են մեր այսպես ասած՝ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի վերաբերյալ, որի մասին իմ ընկալումն ու տեսակետը դեռ կասեմ: Իհարկե, ինձանից ավելի գիտակ ու նման հարցերին փորձագիտական մակարդակով արձագանքողներ կան ու կլինեն: Ստորև պարզապես իմ սուբյեկտիվ ընկալումն եմ արտահայտում:
«Միջազգային հանրության», առավել ևս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և այդ համանախագահության տերությունների ղեկավար-ներկայացուցիչների արձագանքը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ու լայնածավալ ռազմական գործողություններին, կարելի է բնորոշել բովանդակային առումով որպես՝ խղճուկ և ողորմելի, իրավիճակի վրա ազդեցության աստիճանով՝ անատամ և, ըստ այդմ՝ լարվածության էլ ավելի սաստկացմանը նպաստող:
Ակնհայտ է, որ երբ հասցեական ու կոնկրետ գնահատական չի տրվում ագրեսորին, դա ընդամենը նշանակում է անուղղակի խրախուսել նույն այդ ագրեսորին, որքան էլ որ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների բառերն արտահայտեն մտահոգություն, զսպվածության կոչեր և այդպես շարունակ: Անհասցե կոչերը՝ եղած-չեղած, մի հաշիվ է:
Շատ ավելի կարևոր է այլ բան: Այն հստակ գիտակցումը, որ մենք մեր հույսը լիարժեք կարող ենք ու պետք է դնենք բացառապես մեր վրա: Մենք շատ ավելի ուժեղ ենք, քան ինքներս կարող ենք պատկերացնել: Մեր ուժը մեր միասնականությունն է ու համախմբվածությունը: Ուրախացնում է այն, որ իրերի դրության նման ընկալումը, նման գիտակցումը շատ ավելի տարածական է դառնում մեր հասարակության մեջ, ավելանում է այդպես մտածողների թիվը, ընդլայնվում շրջանակը:
Մեր աշխարհը, որ աշխարհագրական առումով Արևելքում պարփակված է Նոյեմբերյանի եզրակետից մինչև Արաքսի ափը ձգվող ռազմաճակատի գծով, իսկ Արևմուտքում՝ պետական սահմանով, իրականում տարածվում է նաև ամբողջ աշխարհում, բոլոր այն վայրերում, որտեղ կա թեկուզ երեք ինքնակազմակերպված հայ:
Հարկավ, մենք ունենք նաև օտարերկրացի բարեկամներ, համակրողներ: Կանե՞ն նրանք ինչ-ինչ գործողություններ, կփորձե՞նք որևէ կերպ օգնել և օգտակար լինել մեզ՝ մեր պայքարում, շատ լավ: Մենք բնականաբար կողջունենք ու մեր գենետիկ երախտագիտությամբ, երբեք չենք մոռանա:
Ոչ մեկը ոչինչ չի՞ անի, էլի՝ ոչինչ:
Մենք մեր հույսը մեր վրա ենք դնում, մեր բազկի, մեր ներուժի, մեր Հայ Աստծո վրա:
Մենք հաղթել ենք և հաղթելու ենք: Նայեք մեր պատանիների, մեր երիտասարդների՝ կրակ ցայտող աչքերին, նայեք անգամ առանց որևէ կոչի ռազմաճակատ մղվող քաղաքացիների բազմությանը և, անգամ թերահավատների կասկածները կփարատվեն:
Մենք մեր հարցը կլուծենք: Իսկ մնացյալ աշխարհը... Իսկ մնացյալ աշխարհը՝ ի՞նչ: Թող իրենք իրենց չեղած խղճի առաջ հաշիվ տան, թե որտե՞ղ կամ ո՞ւմ կողքին էին վտանգի ու անհրաժեշտ պահին:

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ