ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Քննիչը նախ և առաջ պարտավոր է հոգեբան լինել

Քննիչը նախ և առաջ պարտավոր է հոգեբան լինել
28.09.2012 | 11:57

Մեր օրերում եզակի երևույթ է, երբ գիրք է գրվում օրենքի և օրինականություն իրականացնողի, արդարադատությունը ներկայացնող անձի մասին, անձնավորություն, ում ամբողջ աշխատանքային գործունեությունը՝ շուրջ չորս տասնամյակ, նվիրաբերվել է հանցագործությունների բացահայտմանը, մասնավորապես մի անհատի վերաբերյալ, ով այլևս բարձր պաշտոն չի զբաղեցնում և չունի նման հավակնություն, այլ վայելում է իր վաստակած հանգիստը, թեև այն խիստ պայմանական է նրա համար, որովհետև ներկայումս ծավալում է հասարակական եռանդուն գործունեություն ազգային-ժողովրդական և դասական երաժշտության ու երգարվեստի բնագավառում: Հազվադեպ է նաև այն իրողությունը, երբ դատախազական, քննչական բարդ և դժվարին ուղի անցած նախկին պաշտոնյան համաձայնում է ինքնավստահ և անկաշկանդ համարձակությամբ լրագրողին վստահել իր կյանքի և գործունեության առանձին դրվագների պատմությունը, որոնք հաճախ եղել են աղմկահարույց և ուշագրավ բացահայտումներ: Դատախազության տարբեր մակարդակներում պաշտոնավարած նախկին քննիչն ու դատախազը ոչ միայն անթաքույց հպարտությամբ է ներկայանում ընթերցողին, ոչ միայն բաց և անկաշկանդ է ընթերցողի և հանրության առջև իր աշխատանքով, այլև իր մարդկային նկարագրի առաքինություններով: Զբաղեցրած պաշտոնները, իհարկե, նախկին են, սակայն նախկին չէ մարդու բարոյական նկարագիրը, որից և ծնունդ է առել մոտեցումն իր գործին, պետական - պաշտոնական ծառայությանը, պատասխանատվությանը մարդկային ճակատագրերի հանդեպ… Վաստակի հանրագումարում ուրվագծվում է նրա նվիրումը շարքային քաղաքացու և պետական ունեցվածքի, անձի անձեռնմխելիության ապահովմանը, չարագործների մեկուսացմանը հասարակությունից: Ահա այսպիսին է ներկայանում ընթերցողին ՀՀ դատախազության պատվավոր աշխատող և համակարգի երախտավոր ՅՈՒՐԻ ՆՈՐԱՅՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ վաստակաշատ լրագրող Նորիկ Պետրոսյանի «Քննիչի կյանքից. հուշերի և հույզերի խճանկար» գրքում:
Գրքի հերոսին տողերիս հեղինակը ծանոթ է 80-ական թվականներից, և կարող է հավաստիացնել, որ այն ամենը, ինչ ներկայացնում է հեղինակը, էջ առ էջ մարմնավորելով Յու. Ղազարյանի կերպարը, ասես լրացնում է մի մեծ բաց, որին անտեղյակ են նույնիսկ նրա ծանոթները, ամբողջացնելով նրա նկարագիրը գերդաստանի պատմության, նրա կենսագրության, բնավորության և մասնագիտական գործունեության առանձնահատկությունների, ներաշխարհում ծավալվող խռովքի և ալեկոծումների մեջ:
«Ես այն կարծիքին եմ, - նկարագրում է նախկին քննիչը, - որ չպետք է բավարարվել բուն հանցագործության բացահայտումով և հանցագործներին ազատազրկելով՝ թեկուզ օրենքի ամբողջ խստությամբ: Հարկավոր է բացահայտել ամբողջ միջավայրը, մի շրջանակ, որտեղ խճանկարվում են հանցավոր արարքի ծննդյան բոլոր գույներն ու նրբերանգները՝ օրենք, կառավարում, պարտք և պատասխանատվություն, ձրիակերություն, ընչաքաղցություն, ագահություն, կենդանական բնազդներ»:
Գրքում վկայակոչված և հիշատակված են մի շարք ծանր հանցագործությունների մասին պատմություններ՝ սպանություն, գողություն, կողոպուտ, խարդախություն և այլն, որոնց տքնաջան բացահայտման նկարագրությամբ որոշակիանում է քննիչի կերպարը իրական փաստանյութի հենքի վրա՝ առանց ավելորդ գունազարդումների և պերճանքի, գեղարվեստական ակնարկի պահանջների հանգույն վերլուծվում է այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որում վստահել կարող ես միայն ինքդ քեզ, որտեղ կա ներքին մեծ խռովք, որտեղ միայնակ ես սպիտակ թղթի առաջ և պարտավորված ես լինելու անսխալական, ճիշտ լուծելու մարդկային ճակատագրեր, որտեղ գործում են տեսանելի և աներևույթ ուժեր, որոնցից զգուշանում ես՝ հաղթահարելով դրանց դիմադրությունը, ի չիք դարձնելով ամեն մի կեղծիքի ու զրպարտության ընդունակ նրանց նկրտումները և, իհարկե, ներաշխարհի խմորումներ, տարաբնույթ մարտահրավերներ, որոնց դեմ պայքարելու ես ինքնուրույն։
Հավանաբար քննիչը նախ և առաջ պարտավոր է հոգեբան լինել: Դրա ապացույցները գրքում մի քանիսն են, մասնավորապես հիշատակված հանցագործություններից մեկի բացահայտման փաստը, երբ միլիցիայի աշխատակիցները հանցագործից խոստովանություն կորզելու համար գործի են դնում բռունցքները, իսկ դատախազության քննիչն արդյունքի է հասնում մեկուսարանում հանցագործի հետ մարդկային անկեղծության և հավատ ներշնչող զրույցի միջոցով՝ առանց վիրավորելու դիմացինի մարդկային արժանապատվությունը:
Յուրի Ղազարյանն ընթերցողին ներկայացվում է համակողմանի՝ տոհմածառը, նախնյաց դեգերումները, մեծ գերդաստանի շարքային և նշանավոր ներկայացուցիչները՝ տատ և պապ, հայր և մայր, ազգականներ և հարազատներ, տոհմի պարծանքը հանդիսացող Պարույր Սևակ և Ալբերտ Արիստակեսյան։ Ինքը` Ղազարյանը, նույնպես մշակութային կերպար է՝ գեղանկարչության, գրականության և երգարվեստի սիրահար ու գիտակ, և այդ հանգամանքը, ամենայն հավանականությամբ, իր դրոշմն է դրել նրա մասնագիտական աշխատանքի վրա, որտեղ նա հաճախ հանդես է բերում ոչ ստանդարտ, ստեղծագործական մոտեցումներ՝ առաջնահերթությունը վերապահելով մարդկային գործոնին, որի շնորհիվ առավել արդյունավետ է դառնում հանցագործի ինքնապաշտպանական խորամանկ հնարքների գաղտնազերծումը, որը երբեմն իրագործվում է հնարամիտ քայլեր հակադրելով: Դժվարամատչելի, անհասանելի թվացող ճշմարտությունը, որը հանցագործը ձգտում է ամեն կերպ, բոլոր միջոցներով թաքցնել, բացահայտվում է հոգեբանական-տրամաբանական մեթոդների կիրառմամբ:
Փորձառու դատախազը և մշակութապաշտ մտավորականը լրացնում են մեկմեկու: Այդ համադրման մեջ է դիտարկվում մարդը և քաղաքացին, նրան բնորոշ չափանիշները՝ գեղագիտության, հոգևոր-մշակութային արժեքների համատեքստում, այն միջավայրում, որտեղ դաստիարակվել և ձևավորվել է նա:
Արդարության հաղթանակի և արդարադատության պահպանման հիմնական պայմանն է քննիչի անկաշառությունն ու անխոցելիությունը, որպեսզի գործի քննությունն ընթանա առանց նախապայմանների, հասցվի ցանկալի ավարտին՝ ունենալով ճշմարիտ հանգուցալուծում:
Վաստակաշատ իրավաբանի հմտության շնորհիվ են բացահայտվել 70-ական թվականների կեղծ կոնյակի գործը, որը միութենական հնչողություն ունեցավ, և յոթ հոգի կանգնեց դատարանի առաջ, հայրենիք ներգաղթած սփյուռքահայերի բնակարանի գողության և տանտիրոջ սպանության բացահայտումը, որը լռեցրեց Արևմուտքից հնչող վարկաբեկիչ աղմուկ-աղաղակը, տաքսիների, «գժի թուղթ» հայթայթած հանցագործի իրական կերպարի մերկացումը և այլն: Բոլոր դեպքերում իրական գործոնի դերը վերապահվում է հանցագործների հոգեբանական դիմադրողականությունը չեզոքացնելուն: Ի դեպ, ինչպես նախկին քննիչն է խոստովանում, կալանվածներից շատերն ազատազրկումից հետո այցելել են իրեն, նույնիսկ մտերմացել՝ հարգանք տածելով նրա հանդեպ, իսկ ինքը, հիշողություններին անսալով, կարոտում է այդ օրերին և այդ օրերի դերակատարներին:
Գեղարվեստական և փաստագրական հեղինակային մոտեցումները գրքի պատումը հարստացնում են անցյալի և ներկայի անցուդարձերով, խոհերի և խորհրդածությունների, հասարակական երևույթների ինքնատիպ մեկնաբանությամբ, իրատեսական և դատողությունների և կյանքի փիլիսոփայության շաղախի մեջ:
Աչքաթող չեն արվում ժամանակի նկարագիրը, անցյալն ու ներկան համեմատությունների և զուգահեռների մեջ՝ խորհրդային և հետխորհրդային իրողությունները և իրականությունը: Սակայն ցավալիորեն անկատար է մնում գրքի հերոսի երազանքը՝ արդար հասարակության կատարելության տեսիլքը, որտեղ ո՛չ քննիչը, ո՛չ դատախազն այլևս անելիք չեն ունենա…
Յու. Ղազարյանը հաճախ է ապավինում հուշերին: Պատումի ընթացքում հաճախ նախապատվությունը տրվում է հրապարակախոսական շնչին, երբ հեղինակն անդրադառնում է հասարակության, մարդու, երկրի մասին մտահոգություններին, հոգևոր և մշակութային ավանդական արժեհամակարգերի խարխլմանը, մի շարք մարտահրավերների վերլուծությանը և քննարկմանը, որի շնորհիվ ավելի են թանձրանում և հստականում Ղազարյանի մարդկային կերպարը, նրա բարոյական նկարագիրը և բնավորությունը:
ՈՒշագրավ է գրքի մի հերոսի մի դիտարկումը, որը կարող է պատկերացում տալ նրա դիմանկարի մասին. «Եթե հիմա հանցագործներին հարցնենք. «Հարգելինե՛րս, իմացեք, որ Յուրա Ղազարյանը ոխ ու վրեժ չի ունեցել, տխրել է ձեզ համար, սիրել ձեր երեխաներին, հարգանքով լցվել ձեր կանանց ու ծնողների նկատմամբ… Դուք բոլորդ էլ ունեցել եք արժանապատվություն, մարդկային թուլություններ՝ մեկդ հանուն ընկերության, մյուսը՝ հանուն փողի, երրորդը, չորրորդը ոչ լիովին գիտակցված, ինչ-որ ցնորքի է հետևել, որը թյուրիմացաբար կոչվում է հեղինակություն՝ թաղայի՞ն, թե՞ գողական: Ձեզանից յուրաքանչյուրը կարող էր իր կերպարով հիացնել շրջապատի մարդկանց՝ չզիջելով անգամ շատ ու շատ անվանիների, բայց ձեր ընտրած ճանապարհը ձեզ տարավ ոչ թե տաճար, այլ բանտախուց…»:
Այսպիսին է Ղազարյանի հետադարձ հայացքի արձագանքը նրանց նկատմամբ, ովքեր մոլորվել և գայթակղվել են, շեղվել բնականոն և օրինակելի վարքագծից, կորցրել իրական կյանքի մեծ իմաստը…
Արտաքուստ հետաքրքրասիրությամբ հագեցած փաստերն իրենց ենթատեքստում պարունակում են ներքին լարվածություն, որը գերիշխում է հատկապես մարդու ճակատագրի նկատմամբ բարձր պատասխանատվության, հասարակության անվտանգության ապահովման պետական մտածողության ուղենիշերով: Դրանց ակունքներում սեփական անձի նկատմամբ հարգանքի, արժանապատիվ ապրելակերպի սկզբունքներն են: Իհարկե, անթերի չի եղել քննիչ - դատախազի գործունեությունը: Անշուշտ, եղել են նաև վրիպումներ և բացթողումներ: Միշտ չէ, որ հարթ է ընթացել նրա առօրյան՝ բարդ և իրարամերժ իրադարձություններով ու փոխհարաբերություններով գերհագեցած: Հեշտ չեն ձեռք բերվել այն հաջողությունները, որոնց հասել է Յու. Ղազարյանը, վայելել բարի համբավ: Դրանք նվաճվել են անքուն և անհանգիստ օրերի ընթացքում, երբ աշխատանքային օրը չունի սկիզբ և վերջ, գիշեր ու ցերեկ, բացակայում է հանգիստ հասկացությունը, փաստերի համեմատության և համադրման, անձերի և իրադարձությունների հոգեբանական-տրամաբանական վերլուծության շնորհիվ՝ միաժամանակ հաղթահարելով արտաքին և ներքին, օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները:
Գրքի հեղինակ Ն. Պետրոսյանին հաջողվել է ներկայացնել իր հերոսին այնպիսին, ինչպիսին նա կա՝ առանց տուրք տալու մարդուն կամ համակարգը համատարած մռայլ կամ կատարյալ լուսեղեն պատկերելու միտումներին: Պարզապես մարդը և իրականությունը այնպիսին, ինչպիսին են՝ թեր և դեմ, բացասական և դրական դրսևորումների ամբողջության մեջ, սակայն դեպի առաջ ընթանալու անկոտրում կամքով… Հետևաբար, «Քննիչի կյանքից» գիրքը պատմություն է մի մարդու և գործչի մասին այնպիսին, ինչպիսին նա կա՝ Յուրի Ղազարյանը: Իսկ նման գրքերն այսօր անհրաժեշտ են նաև որպես հավերժական հանձնարարական, գիտակցական հիշեցում այն մասին, որ այն, ինչ կերտում է մարդն իր կյանքի ընթացքում, թողնում է հետագիծ, թողնում հիշողություն և գնահատվում ժամանակի հեռվից ըստ արժանվույն: Նման գրքերն անհրաժեշտ են՝ շարունակ հուշելու մեր վարքի օրինակելիությանը հետևելու մասին:


Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7106

Մեկնաբանություններ