01.05.2023|
10:08
Ես յոթ տարեկան էի, եղբայրս` երեք: Գաղթի ճանապարհին կորցրել էինք մեր մեծ ընտանիքը: Մեր հարազատներից շատերին դաժանորեն սպանել էին մեր իսկ աչքի առաջ: Դեր- Զորի կիզիչ արևների տակ թափառում էինք. անվերջանալի ու մղձավանջային «ճամփորդություն»… Շուտով փոքրիկ եղբորս ուժերն ու համբերությունը սպառվեցին: Նա ի վիճակի չէր քայլ անգամ անելու, իսկ ես այլևս ուժ չունեի՝ նրան գրկած տանելու: Շատ խնդրեցի, որ մեզ հետ դեպի անէություն քայլող մարդիկ գրկեին եղբորս, սակայն նրանք բոլորովին անհաղորդ մնացին իմ աղերսներին... նրանք, ասես, այլևս կենդանի չէին: Նրանք այլևս դադարել էին երկինք նայել. վախենում էին, թե այն փուլ կգա իրենց գլխին: