Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ, բայց մտածելու իրավունք ու պարտականություն ունեմ»

«Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ, բայց մտածելու իրավունք ու պարտականություն ունեմ»
29.09.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԸ
-Ձեր գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքը կանխատեսելի՞ էր, թե՞ անակնկալներ եղան:
-Անակնկալ չկա: Ժամանակին անընդհատ հրապարակվում էր, որ կան «մադրիդյան սկզբունքներ», տարիների ընթացքում տեսանելի էր նաև, թե ինչի են նախապատրաստում ժողովրդին: Օրինակ` տարիներ առաջ պաշտպանության նախարարն ասում էր, թե Աղդամը երբեք հայկական տարածք չի եղել, այսինքն` ժողովրդին նախապատրաստում էին այդ տարածքները հանձնելուն: Ազատագրված տարածքներն անվանվում էին անվտանգության գոտիներ: Եթե անվտանգության գոտի է, կարելի՞ է հանձնել թշնամուն: Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ, բայց մտածելու իրավունք ու պարտականություն ունեմ, ինչպես բոլորը: Որպեսզի իմ խոսքը հասկանալի ու գնահատելի լինի, ուզում եմ 20-րդ դարի մեր երկու խոշոր մեծերի` Հովհաննես Թումանյանի և Գարեգին Նժդեհի խոսքերը մեջբերել: «Մի՞թե դժվար է» ստեղծագործության մեջ Թումանյանն ասում է. «Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է, շատ է մեծ: Կյանքը- տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով: Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով-մարդկության կյանքով: Սակայն նույնիսկ դրանով-մարդկության կյանքով-ապրելու էլ քչերն են ընդունակ: Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով: Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի-նեղ թայֆայական կյանք-թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը»:
Տիեզերական կյանքից թայֆայական կյանք տարբեր մակարդակներ են, ամեն մակարդակն ունի իր օրենքները, և յուրաքանչյուր մարդու գիտակցության մակարդակից է կախված` որ մակարդակն է ընտրում: Տարրական մտածողության մարդիկ կարո՞ղ են ազգային-պետական խնդիրներ լուծել: Պատկերացումները կյանքի ու աշխարհի մասին տարբեր են: Թայֆայական պատկերացումները տարբերվում են տիեզերական պատկերացումներից, որոնց կրողն էին Թումանյանն ու Նժդեհը: Փոքր գիտակցությամբ մարդիկ մտածում են միայն անցողիկ և երկրային երևույթների մասին, իսկ մեծ գիտակցությամբ մարդիկ մտածում են հավերժական և երկնային արժեքների մասին` չմոռանալով երկրայինը, ծառայեցնելով փոքր եսը` մեծին: Թումանյանը, Նժդեհը, լինելով տիեզերական, բարձր գիտակցության մարդիկ, ճշմարտություններ գիտեն, որ փրկել կարող են: Երբ Թումանյանի ու Նժդեհի պատկերացումների դիրքերից ենք գնահատում այսօրվա իրադարձությունները, իշխանությունների տված լուծումներն անգրագետ ու չիմացող են:
-Թումանյանից ու Նժդեհից մի տասնյակ օրինակներ էլ ես կարող եմ բերել, բայց կա իրական կյանք: ՈՒզես թե չուզես` այս հանգամանքներն են, ու այս իրավիճակն է, Դուք ի՞նչ ելք եք տեսնում: Ինչ չենք արել` չենք արել, կարո՞ղ ենք ինչ-որ բան վերականգնել կամ փոխել:
-Այս պահին միակ լուծումը` հրաժարվել բանակցություններից:
-Դա լուծում չէ, խաղաղության հակառակը պատերազմն է սովորաբար:
-ՈՒրեմն` պիտի հրաժարվի պաշտոնից:
-Լավ` Սերժ Սարգսյանը հրաժարվեց պաշտոնից, բայց դրանով խնդիրը չի վերանում, ինչ-որ մեկը պիտի գա ու լուծումներ տա...
-Այդ խաղաղությունը պիտի օգտագործվի երկրի հզորացման համար:
-Ո՞վ է առարկում, բայց ինչպե՞ս:
-Կոնկրետ այս իրավիճակում կարող ենք լայն զանգվածներին ընդգրկել գործընթացի մեջ, լուսաբանել քայլի վտանգավորությունը: Նախաստորագրված պայմանագիրն ընդգրկում է դավաճանական կողմեր:
-Որո՞նք են դավաճանական կողմերը:
-Թուրքիայի սահմանի ճանաչումն ի՞նչ է նշանակում: 1921 թ. ստորագրել տվեցին Կարսի պայմանագիրը` ստիպողաբար, այսօր վերահաստատում են այդ պայմանագիրը, որով համաձայնում ենք, որ Արևմտյան Հայաստանի տարածքները թուրքերինն են, պայմանագրի հաստատումը նշանակում է Նախիջևանից հրաժարում: Այսքան տարի տասնյակ մտավորականներ, քաղաքական գործիչներ անընդհատ բարձրացրել են նաև Նախիջևանի հարցը: 1991 թ., Աշոտ Նավասարդյանի ժամանակ, ՀՀԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ 1921 թ. Կարսի պայմանագրի վերանայման և, ԽՍՀՄ-ին դիմելով, չեղյալ հայտարարելու համար: Այսօր ամբողջությամբ շեղված ճիշտ ուղուց` գնում են դավաճանական ուղիով: Ի՞նչ է նշանակում այլ պետությունների տարածքային ամբողջականությունն ընդունելը: Պարզ է, որ վերաբերում է Ադրբեջանի, Թուրքիայի ամբողջականությանը: Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Վեստիին» նայեցի՞ք, նա չհերքեց տարածքների հանձնումը, լրագրողը հարցնում է` սկզբից պիտի Ղարաբաղի ինքնորոշման հարցը լուծվի, հետո տարածքները տրվե՞ն, թե՞ հակառակը: Նա ուղղակի նշեց, որ Ղարաբաղի ինքնորոշման հարցը կլուծվի, և տարածքները կտրվեն: Այսինքն` արդեն վճռված է, որ արյան, զոհողությունների գնով ազատագրված մեր պատմական տարածքները պիտի հանձնվեն: Մենք պատմական այլ տարածքների ազատագրման խնդիր ունենք, որոնք ապօրինի, միջազգային օրենքներին չհամապատասխանող, կուսակցական որոշումներով տրվել են Թուրքիային ու Ադրբեջանին: Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում ցեղասպանության բազմաթիվ փաստեր կան` Սումգայիթի, Բաքվի: Ադրբեջանը չեղած տեղից ՄԱԿ-ում հաստատում է, որ իրենք չեն կարող զարգանալ առանց տարածքային ամբողջականությունը վերականգնելու, իսկ Հայաստանը երբեք նման հարց չի դնում, թեպետ միլիոնավոր սփյուռքահայեր ունենք, որ կարող են վերադառնալ հայրենիք ու վերականգնել կորսված հատվածները:
-Դուք ակնկալում եք զանգվածային հայրենադարձությո՞ւն:
-Զանգվածային պարտադիր չի, բայց եկել են, չէ՞, Ղարաբաղի համար պայքարելու:
-Այո՛, մի հարյուր ազատամարտիկ:
-Դա կախված է ներքին քաղաքականությունից, երկրի ներքին կարգավորման բարոյականությունից: Այսօր երկիրը դեռ լքվում է: Ղարաբաղն է լքվում: Դա ներքին սխալ քաղաքականության հետևանք է, անբարո գործունեության հետևանք:
-Քանի տարի ազատագրված տարածքները չեն բնակեցվել, որևէ լուրջ շինարարություն չի ծավալվել, ինչո՞ւ եք հիմա ասում:
-Հիմա չենք ասում, միշտ ենք ասել, այդ անվան տակ փաստաթղթեր են ստորագրվել, միլիոններ են ներդրվել:
-Հողը պահում է հողի վրա ապրողը, ռեալ ի՞նչ է արվել:
-Վերաբնակեցման պայմանագրերով գնացողների համար էլ տեղում այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ թողնեն-գնան... Այս բոլոր խնդիրները կապված են ներքին բարոյականության, կուլտուրայի վերականգնման հետ: Երբ առաջընթացի, բարգավաճման, զարգացումի մասին են խոսում, պետք է հասկանալ, որ այդ հասկացությունները կապված են նպատակ հասկացության հետ: Եթե հստակ նպատակ չկա, թե ինչ երկիր ենք կառուցում, ինչ երկրում ենք ուզում ապրել, հաջողություն չենք ունենա:
-Ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել:
-Բարձր կուլտուրայի երկիր, որի ճանապարհից շեղված գնում ենք:
-Ինչո՞ւ շեղվեցինք:
-Որովհետև երկիրը ղեկավարում են անբարո մարդիկ:
-Անբարոյականությունը միակողմանի չի լինում` Ձեզ ինչքան էլ շեղեն, Ձեր ճամփով գնալու եք, ուրեմն, նաև շեղվողների անբարոյականությունն է:
-Հասարակությունը բարոյալքված է: Հիվանդ հասարակությանը պետք է բուժել, իսկ բուժման համար ճիշտ, ազնիվ և հմուտ բժիշկներ են պետք: Հարկավոր են ուսուցիչներ: Այսօրվա մեր կրթական համակարգն ավերված է, իրականությունն այն է, որ ամեն տարի խոտան ենք արտադրում: Օրինակներ կարող եմ բերել` ինչ վիճակում են գրականությունը, պատմությունը, կենսաբանությունը, փիլիսոփայությունը, հոգեբանությունը... ՈՒղղակի դասավանդում են, մի տեղ պիտի իրենց աշխատավարձը ստանան, լիարժեք, կյանքի պահանջներին համապատասխան գիտելիքներ չեն տրվում: Մարդկության զարգացման օրինաչափություններից շեղված ենք, իմ մի շարք հրապարակումներում ես գրել եմ, որ մենք անդնդի եզրին ենք կանգնած: Եվ մեր երկրի ղեկավարները երկիրը գլորում են դեպի անդունդը` ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց այս որոշումներով: Հայրս` Բագրատ ՈՒլուբաբյանը, 10 տարի առաջ էր դեռ ասում. «Հողը ոչ ոք թղթի ստորագրությամբ չի տալիս, այն էլ այդ գնով ձեռք բերվածը, իսկ Ղարաբաղի անկախությունը, իմ կարծիքով, անխուսափելի է ու ժամանակի ընթացքում անպայման կլինի: Այսօր մեզ պետք է տեր կանգնել նրան, ինչ ունենք։ Ամեն գնով»։ Այսօր Ժիրայր Սէֆիլյանի շուրջ հավաքված մարդիկ հենց այդ գաղափարներն են պաշտպանում, ու նրանց թիվը մեծանում է: Նժդեհն ասում էր` տիեզերական արդարության օրենքի համաձայն` երբեք հայրենիքդ ուրիշի իրավունքի տակ չի կարող մնալ, եթե մտքիցդ ու սրտիցդ չես հանել:
-Մտավորականներին ուղղված նամակներում Նժդեհն ասում էր` վերջին 100 գրամ հացը ես կտամ ոչ թե խրամատում կռվող զինվորին, այլ թիկունքում մնացած ուսուցչին: Բայց վաղուց արդեն 20-ական թվականները չեն, հիմա ունենք մի սերունդ, որը գերադասում է ոչ թե տալ, այլ վերցնել: Կյանքի պայմաններն են այդպիսին դարձրել: Ելք ունե՞նք, ելքն ասեք:
-Ե՛վ Թումանյանը, և՛ Նժդեհը ելքը ներսում են տեսել. Թումանյանն ասում էր` ներսից ենք փչացած: Վերանորոգման աշխատանք է պետք, ներքին գործընթացներ` ճանապարհը գտնելու:
-1914 թ. Վահան Տերյանը գրում էր «Հոգևոր Հայաստանը»` ճանապարհ էր ցույց տալիս, ինքն էլ պատահական մարդ չէր, քանի՞ հոգի գնացին այդ ճանապարհով:
-Վահան Տերյանի ցույց տված ճանապարհն ու Թումանյանի ցույց տվածը մի քիչ տարբեր էին:
-Է, տարբեր ճանապարհով գնայինք, բայց գնացող եղա՞վ:
-Նրանց իմացածը փրկության ուղիներ են, նրանք ճշմարտություններ գիտեին, որ ո՛չ թայֆայական էին, ո՛չ կուսակցական, այդ ճշմարտությունները միշտ էլ արդիական են: Եթե այդ ճշմարտությունները մեզ համար այսօր ուղենիշ չդարձնենք, սկզբունքներ չդարձնենք, այդ վիճակից ոչ միայն դուրս չենք գա, այլև ազգովի կկործանվենք: Ամբողջ խնդիրը` որ մեծերի գաղափարները սկսենք հասկանալ և իրականացնել ամեն քայլափոխի, ամեն ժամ մտածենք այդ մասին:
-Մովսես Խորենացու «Ողբը» հիշո՞ւմ եք, 5-րդ դար, Խորենացուց դաժան ոչ ոք հայ ժողովրդի ողբալի վիճակը չի նկարագրել, մենք այսօր 21-րդ դարում ենք, մենք այսօր կանք որպես պետություն, որպես ազգություն, որպես հավաքական ուժ, որպես անհատականություն: Կանք, ուրեմն, ինչ-որ բան մեզ պահել է, թեկուզ դաշտագլորի սկզբունքով, բայց պահել է:
-Այո՛, բայց հիմա եկել է ահեղ դատաստանի ժամանակը:
-Ամեն դարում էլ մի ահեղ դատաստան եղել է: Հաղթահարել ենք:
-Երբեք մոլորակն այս վիճակում չի եղել:
-1915 թ. ահեղ դատաստան չէ՞ր: 1914 թ. սկսված Համաշխարհային պատերազմն ի՞նչ էր, երբ դարավոր ոսոխն ու դարավոր բարեկամը հավասարապես դավաճանում են, ի՞նչ է, ճակատագրի պարգև՞: Բայց կանք, չէ՞, գուցե այդ մասի՞ն մտածենք:
-Կյանքի բոլոր դաժան վիճակներից մենք դուրս ենք եկել կուլտուրայի շնորհիվ:
-Այսօր փողոցում 10 մարդու հարցրեք` ո՞վ է Կոմիտասը, ո՞վ է Արամ Ասատրյանը, հետո համադրեք: Ես հիմարություն եմ անում, որ համեմատում եմ, որովհետև համեմատության ոչ մի եզր չկա, բայց կա իրականություն:
-Դա մեր ողբերգությունն է:
-Ես էլ առանձնապես չեմ հրճվում, բայց ես ուզում եմ դուրս գալ այդ ողբերգությունից, ուղին ցույց տվեք: Կուլտուրան չի դառնում մեծամասնության ունեցվածքը, ելք չի դառնում:
-Թումանյանը «Հազարան բլբուլը» չի ավարտել, այն պիտի լիներ ազգային զարգացման ծրագիր, կիսատ է մնացել, բայց նրա ստեղծագործություններում ցաքուցրիվ կան այն գաղափարները, որոնք պիտի այդ ծրագիրը դառնային: Համեմատելով Թումանյանի ու Նժդեհի այդ փրկարար գաղափարները, ես եկել եմ այն եզրակացության, որ այսօր հասարակությանը պիտի առաջադրվի նպատակ: Նժդեհն ասում էր` «Հեռատես ժողովրդի քաղաքականությունն իր գործունեության համար ընդգրկում է մի առաջնորդող նպատակ և, նրա համաձայն, որոշում իր հավանական թշնամին ու զինակիցը - նպատակ, որի ուղղությամբ առաջանում է համառ ու վճռական քայլերով, և, օգտվելով սեփական և զինակից ուժերից` չեզոքացնում է խոչ ու խոչընդոտներն իր ճամփին։ Նա նախապատրաստում է բարեհաջող պայմաններ իր ռազմագիտության համար, երբ պետք է զենքի դիմել»։ Այսօր մենք պիտի որոշակի նպատակ ընտրենք և դրա համապատասխան շարժվենք:
-Մենք այդ նպատակը վաղուց ընտրել ենք` Հայաստանի անկախությունը, խաղաղությունը, ժողովրդավարությունը, բարգավաճումը...
-Այդ բառերը բոլորն օգտագործում են, բայց դա չէ ճանապարհը: Բարձր կուլտուրայի երկիր ստեղծելը նշանակում է բարոյականության և որակի բարձրացում կյանքի բոլոր ոլորտներում: Դա նշանակում է և մարդկային հարաբերությունների բարձր որակ: Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա` որն է իր կյանքի նպատակը:
-Լավ ապրելը` ըստ միջին վիճակագրական հայի պատկերացումների:
-Միջին վիճակագրական ճանապարհը չէ ազգի փրկության և զարգացման ուղին, այլ ազգի մեծերն են այդ հարցի պատասխանը տալիս ու ներկայացնում հասարակությանը: Գաղափարախոսության բաղկացուցիչ մասը պիտի լինի կրթության, դաստիարակության հարցը: Նորից պիտի Նժդեհին հիշեմ. «Վաղվա առաջնոր7դն իր հոգևոր սնունդը կառնի նախ իր ցեղի, ապա Արևելքի հոգու աղբյուրներից»: Տասնյակ հայ մտավորականներ զարգացման աղբյուրը ցույց են տվել Արևելքը: Այսօր մեր երկրի ղեկավարները տանում են դեպի Արևմուտք` Եվրամիություն, եվրաընտանիք, դա է զարգացման չափանիշը։
-Արևմտյան ո՞ր արժեքին եք Դուք դեմ: Արևմտյան արժեքները ճիշտ, հարյուրամյակներով զտված-բյուրեղացած արժեքներ են, անցել են պատերազմների ու խաղաղության միջով: Դուք ի՞նչ ունեք Միքելանջելոյի դեմ: Դուք դե՞մ եք Լեոնարդո դա Վինչիին, Ձեզ չի՞ բավարարում Դանթեն: Խնդիրն Արևելքը կամ Արևմուտքը չէ, խնդիրը սեփական արժեհամակարգ ունենալն է ու Արևելքից էլ, Արևմուտքից էլ ազգային արժեհամակարգին համապատասխան արժեքներ վերցնելը, ո՞վ է ասում, որ ուղիղ ճանապարհը թութակությունն է: Քաղաքակրթությունը համամարդկային է, չկա բաժանում, կա ընկալման տարբերություն` որպես ազգ ընտրիր քոնը:
-Մեր ազգի մեծերն են ցույց տվել` որն է լավ, որն է վատ, ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Մենք պիտի հետևենք նրանց:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ