38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դյուրահավատ է աշխարհը, կամ աշխարհին ձեռնտու է դյուրահավատությունը

Դյուրահավատ է աշխարհը, կամ աշխարհին ձեռնտու է դյուրահավատությունը
06.10.2009 | 00:00

Բագրատ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Ջոն Կիրակոսյանի նոր գիրքը սկսվում է խորհրդանշական մի իրողության հիշատակումով. «1981-ի մարտին Ստամբուլում հանդիսավորությամբ, պետական ու զինվորական պատիվներով նշվեց ոճրագործ Թալեաթի սպանության 60-ամյակը։ Հոծ բազմության, պետական ու զինվորական մարդկանց մասնակցությամբ, թուրքական պետական հիմնի մեղեդիների ներքո կատարվեցին թուրքական ավանդական արարողություններ»։
Սակայն աշխարհին հայտնի է, որ Թալեաթը` հայկական Մեծ եղեռնի կազմակերպիչն ու իրականացնողը, 1919-ին երիտթուրք իր գործակից- հանցակիցների հետ, հենց թուրքական դատարանի վճռով դատապարտվել է մահվան։ Դատապարտվել է մարդկության ու մարդկայնության դեմ գործած իր աննախադեպ, պատմության մեջ չեղած-չտեսնված հանցանքների համար։
Արևմտահայության Մեծ եղեռնի հեղինակները թուրքական կառավարության ղեկավարներն էին` Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի եռապետության գլխավորությամբ։ Իրականացնողները` պետական պաշտոնեությունը, զինվորությունը, մոլեռանդ խուժանը... Առաջադիմական աշխարհը ոտքի էր ելել այդ անօրինակ ոճրագործության դեմ։ Եվ Թուրքիայի զինվորական դատարանը` պետության դատական գերագույն մարմինը, վճիռ հանեց... Մի՞թե դա սուտ է եղել, երեսպաշտություն, աշխարհի աչքերին թոզ փչելու զավեշտական մի արարողություն, և ճշմարիտն այն է միայն, որ Թալեաթի դիակը փոխադրել ու թաղել են Թուրքիայի երևելիների պատվավոր գերեզմանատանը, պետական բարձր թոշակ են նշանակել նրա այրուն... և այսօր էլ այդ ճիվաղի մահվան տարելիցը նշվում է «պետական ու զինվորական պատիվներով»։
Շատ խորհրդանշական մի իրողություն, որի հիշատակումով էլ բացվում է Ջոն Կիրակոսյանի նոր գիրքը։ Խորհրդանշական ու պերճախոս։ Այն ասում է` ահա մի երկիր, որտեղ չարագործությունը պետական բարոյականություն էր երեկ, այդպիսին է այսօր, և ի՜նչ երաշխիք ունենք, թե այդպիսին չի լինի նաև վաղը։
Այսօր ռադիոյի ու հեռուստատեսության ալիքներով և շուկան լցվող պարբերական, «գիտական» ու «գրական» հրապարակումներով թուրքերը ջանում են աշխարհին հավատացնել, թե իրենք լուսավորության ու քաղաքակրթության առաջամարտիկներն են և զուր տեղն են իրենց «ազնիվ» անվան հետ կապում արևմտահայության եղեռնը, որ Օսմանյան կայսրությունն իր ամբողջ կենսագրության մեջ միշտ էլ հանդիսացել է հայերի բարեկամն ու հովանավորը, իսկ եթե վերջին հարյուրամյակի առաջին կեսում երբեմն եղել են նաև տհաճ պատահարներ, ապա դա տեղի է ունեցել օտարների հրահրումով։ Եվ այստեղ առաջին տեղն է հատկացվում ռուսներին։
Թուրք պաշտոնական խաբեբայությունն իր հաշիվների մեջ չի սխալվում։ Դյուրահավատ է աշխարհը, կամ աշխարհին ձեռնտու է դյուրահավատությունը։ Դրանով է ապահովվում հանգստավետ կյանքը։ Այդպես մոռացության է մատնվում մեկի գործած ոճիրը, ներելի է դառնում մյուսի անտարբերությունը, սողանցք է գտնում երրորդի ծրագրած չարիքը...
Սակայն, բարեբախտաբար, աշխարհն ունի նաև հիշողություն, որ պատմությունն է։ Պատմությունը ոչինչ չի մոռանում։ Նույնիսկ նախապատմական ժամանակների իրադարձությունները։ Ո՜Ւր մնաց թե մոռացության տրվի կամ հնարավոր լինի խեղաթյուր պատկերով ներկայացնել այն ամեն ահավորը, որ երիտթուրք կառավարողների ղեկավարությամբ է կատարվել քաղաքակրթության և առանձնապես հայ ժողովրդի դեմ։
Վերջին երկու տասնամյակներում հայ պատմաբանները մայր հայրենիքում ու սփյուռքում հրապարակ են հանել վավերագրական գրականության և պատմագիտական հետազոտությունների մի ամբողջ շարք, որն ընթերցող շրջանների աչքի առաջ ամենայն ճշգրտությամբ ներկայացնում է Թուրքիայի վերջին մեկ դարի պատմության մութ ծալքերը։ Այդ շարքի մեջ իր ակնառու տեղն ունի Ջոն Կիրակոսյանի վաստակը, որն ընթերցողի սեղանին է որպես մի քանի հետազոտական մենագրությունների և դիվանական վավերագրերի ծավալուն մի ժողովածու, որը կազմել է Ռուբեն Սահակյանի հետ։
Կիրակոսյանի սույն գիրքը ծրագրված երկհատոր ուսումնասիրության առաջին հատորն է, որով քննության է առնվում երիտթուրքերի գործունեությունը` պատմական ասպարեզ իջնելու պահից (1890-ականների սկիզբ) մինչև 1914 թվականը։
Երիտթուրքերի գործունեությունը հիմա աշխարհին ծանոթ է նաև ռուս ու եվրոպական թուրքագետների և արևելագետների հետազոտություններից։ Սակայն, դժբախտաբար, այդ հետազոտություններում համարյա անտեսված են հայկական աղբյուրները (մամուլ, փաստաթղթեր, հիշողություններ և այլազան վիթխարի մի գրականություն), որոնք ոչ միայն թուրքական բռնապետության ճիրաններում հեծող հայության վիճակն են արձանագրում, այլև տալիս են առհասարակ թուրքական իրականության ընդհանուր պատկերը։ Եվ Ջոն Կիրակոսյանի ակնառու ծառայությունն է, որ երիտթուրքերի գործունեությունը ներկայացնում է հայերեն ու բազմալեզու օտար աղբյուրների, գիտական աշխարհին հայտնի, բայց և նորահայտ բազմատեսակ նյութերի համապարփակ ու լայնահուն քննությամբ։ Այս գրքի մեջ կա վավերական, տքնաջանորեն իրար բերված վիթխարի նյութ, որի հյուսվածքը, նրա վրա սևեռված գիտական ազնիվ հայացքը, մեկնաբանություններն ու եզրահանգումները կօգնեն ընթերցողին ճշմարիտ ու արդար պատկերացում կազմելու երիտթուրքական չարիքի կազմավորման ու գործունեության ոլորտների մասին։
19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքակիրթ Եվրոպան արդեն թուրքական առկայությունն իր վրա զգում էր որպես չարորակ խոց և սկսեց եռանդուն ջանքեր թափել այդ խոցից ազատվելու համար։ 1865 թ. կազմավորված «նոր օսմանների» շարժման պարագլուխներից մեկը` հպատակ ազգերի զանգվածային ջարդերով մեծ վեզիր դարձած Միդհաթ փաշան, 1876-ին հորինեց մի հակաժողովրդական սահմանադրություն, որի նպատակն էր փակել բողոքող Եվրոպայի բերանը։ Ճիշտ է, երկու տարի հետո Միդհաթը վտարվեց երկրից, սակայն պանիսլամիզմով ու պանթուրքիզմով ներծծված սահմանադրությունը մնաց և ժամանակ առ ժամանակ պետք է արևերես հանվեր` Եվրոպային լռեցնելու, նրա լուռ համաձայնությամբ կայսրության այլացեղ հպատակներին խեղդելու համար։
Կիրակոսյանն այնպես տեսադաշտի մեջ է առել երևույթի բոլոր կարևոր կողմերը, գործող անձերին, որ ամենայն վստահությամբ կարելի է ասել, թե այստեղ ոչինչ չի վրիպել։ Բացարձակապե՛ս ոչինչ։ Այդ պատճառով էլ պետք է ասեմ նաև, որ եթե նա իր գրքի խորագիր է դարձրել «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», ապա գրքի երկրորդ հատորն այդ դատաստանի կիզակետն է։ Այստեղ քայլ առ քայլ ցույց է տրվում, թե ինչպես երիտթուրքերն իրականացրին արևմտահայության Մեծ եղեռնը և ապա մեթոդիկ կերպով ու անսանձ վայրենությամբ անցան իրենց հայաջինջ քաղաքականության երկրորդ մասի` Արևելյան Հայաստանը հայաթափ անելու ծրագրի կատարմանը։
Ժամանակի հայ գործիչները մոլորություն ունեին հավատալու սահմանադրություն կոչված այս խաբեբայությանը, որն իրենց համար դրոշ էին դարձրել հայ դաշնակցության հետ համարյա միաժամանակ ասպարեզ իջած երիտթուրքերը։ Բայց ի՞նչ սահմանադրություն էր դա, որի տակ իրենց հզոր պիտի զգային թուրքերն ու թրքացած շառլատանները։ Նրա էությանը ծանոթ մի սրամիտ ասել է` թուրքերը չալմա հագցրին սահմանադրությանը։ Եվ չալմայավոր սահմանադրությունը Թուրքիայում բնակվող ոչ թուրք ազգերի համար դարձավ ավելի անտանելի աղետ, որովհետև թուրք կառավարողներն ամեն անգամ նրանով պիտի ծածկեին իրենց ազգահալած վարքը։
Երիտթուրքական կազմակերպությունը կոչվում էր «Իթթիհադ վե թերագգը» («Միություն և առաջադիմություն»)։ Պարզ է, թե ինչ տեսակ միություն պիտի ստեղծվեր Օսմանյան Թուրքիայի առաջադիմությունն ապահովելու նպատակով։ Օսմանների ու մուսուլմանների միություն, որի համար անհանդուրժելի պիտի լինեին ոչ օսմաններն ու ոչ մուսուլմանները։
Օսմանյան թուրքերը, իբրև քաղաքակրթության թշնամիներ, հին ու հիմնական ժառանգություն էին ստացել, բազմադարյան դասեր ու ավանդներ։ Կովկասում երևացած առաջին թուրքերը (սելջուկները), եթե արաբներից ժառանգած մուսուլմանությամբ գերազանցեցին իրենց ուսուցիչներին` քրիստոնյաներին կոտորելով ու հոգևորականներին թլպատելով, ապա լուսավորությունն ու նրա աղբյուրները բնաջնջում էին անխնա։ Ստեփանոս Օրբելյանը տեղեկացնում է, որ 1170 թ. նրանք միայն Սյունյաց Բաղաբերդում ոչնչացրին ավելի քան տասը հազար ձեռագիր մատյան։ Դա մոտավորապես այնքան է, որքան այժմ կա մեր Մաշտոցյան Մատենադարանում։ Սյունյաց պատմիչն իր տեղեկություններն ավարտում է մի ցավատանջ խոսքով. «ընդհանրական տիրեաց տաճիկն»։
Հիմա իմ գրասեղանին է մի լուսանկար, որը ներկայացնում է ուրիշ պատկեր` 1915 թվականից։ Աղթամարի վանքի սրահը` ծածկված հրաճարակ մատյանների պատառիկներով ու մոխրով, ոտնահարված ու թրատված սրբությունների մասունքներով։ Սրահի կենտրոնում ականավոր մտավորական Սմբատ Տեր-Ավետիսյանն է կանգնած վշտահար, և կարծես նա էլ ասում է. «Ընդհանրական տիրեաց նոր տաճիկն, որ կոչի երիտասարդ թուրք»։
Համանման պատկերներ են եղել, որ ցնցել են քաղաքակիրթ Եվրոպան, և հանճարեղ Վիկտոր Հյուգոն` ազատասեր Ֆրանսիայի խիղճը, բացականչել է. «Թուրքե՜րն են անցել այստեղով»։
Արևմտյան Հայաստանով թուրքերը չեն անցել, եկել ու մնացել են` սկզբում իբրև տնկեցներ, ապա տանտերերին ոչնչացնելով, դարձել են տանտերեր։ Եվ հիմա նրանք այնտեղ իրենց համարում են հինավուրց տանտերեր, օտարերկրյա զբոսաշրջիկներին ուղեկցելով Աղթամար կամ Դատվան, Կարսի առաքելոց եկեղեցին կամ Անիի սրբազան մասունքները, հպարտությամբ, առանց ամոթի ասում են` սա մերն է, մեր կառուցածը...
Եվրոպական քաղաքագետներից ու գիտնականներից շատերը հիմա էլ դեռ մտածում են, թե երիտասարդ թուրքերը միայն մոլեռանդ մուսուլմաններ են եղել, և նրանց ուղղադավանությունն ընդամենը վերածվել է կրոնական անհանդուրժողականության, որին և զոհ են դարձել այլադավան ազգերը։
Սա խոր մոլորություն է, որի համոզիչ քննությունը կատարում է Ջ. Կիրակոսյանը` միաժամանակ ցույց տալով, որ երիտթուրքերի մուսուլմանական մոլեռանդությունը միայն միջոց է եղել պանթուրքական, համաթուրանական ծրագրերի իրականացման համար։ Նրանց գաղափարական առաջնորդը` դոկտոր Նազըմը, առանց քաշվելու հայտարարում էր, թե կրոնն իր համար ոչ մի արժեք չունի, և իր Ղուրանը Թուրանն է։ Նա սուլթանի միապետության վերացմանն էլ կողմնակից էր լոկ այն չափով, որ չափով դա պետք է ասպարեզ բացեր երկիրը լիովին թուրքացնելու և ամբողջ աշխարհի թուրքալեզու հավատակիցների միասնություն ստեղծելու համար։
Այսօրինակ գաղափարական առաջնորդների պակաս չէր զգում երիտթուրքերի շարժումը։ Բանաստեղծ Մեհմեդ Էմինը կարծում էր, որ «Մեկ փեթակ ունեն բոլոր մեղուները, մեկ Թուրան պետք է ունենան բոլոր թուրքերը»։ Իսկ այս Թուրանը, նրա գաղափարակիցների կարծիքով, ձգվում էր, մի կողմից, մինչև Աֆրիկայի խորքերը, մյուս կողմից` «մինչև թուրքերի նախահայր Էրթողրուլի ծննդավայրը, մինչև Գորշ-գայլի հայրենիքը` Սինցզյանի անապատները»։
Այս տիեզերական թուրքաստանի տերը դառնալու ծրագիրը պետք է իրականացվեր երկու էտապով։ «Առաջին փուլում թուրքերը տեր էին դառնալու Փոքր կամ Նոր Թուրանին»` Բայկալից մինչև Ստամբուլ և Մոնղոլիայից մինչև Կազան։ Երկրորդ փուլում լուծվելու էր «Մեծ Թուրանի» խնդիրը` Ճապոնական ջրերից մինչև Սկանդինավյան լեռները, Սառուցյալ օվկիանոսից մինչև Տիբեթի բարձրավանդակը»։
1911 թ. Սալոնիկում գումարվեց երիտթուրքերի գաղտնի համագումարը, որը պիտի որոշեր Օսմանյան կայսրության մեջ ցեղային միատարրություն ստեղծելու ճանապարհները։ Թալեաթն այնտեղ գտնում էր, որ այդ ճանապարհներից ամենակարճը և ամենահարմարը բոլոր այլացեղների ու գյավուրների բռնի թուրքացումն է։ Այլապես «ոչ մի խոսք չի կարող լինել հավասարության մասին, քանի դեռ մենք չենք իրականացրել կայսրության լիակատար օսմանացման դժվարին խնդիրը»։
Եվ քանի որ կայսրության համատարած թուրքացման և համաթուրանական տիեզերակալության, ուրիշ խոսքով` երիտթուրքերի ծրագրած նոր «Չինգիզապատումի» ճանապարհի վրա կանգնած էին տարացեղ բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, որոնք հեշտությամբ չպետք է լուծվեին թուրքացման հեղեղի մեջ, թուրքերը մշակում էին նաև պատերազմների ու ջարդերի սարսռազդու ծրագրեր, որոնք կարող էին իրականանալ միայն նոր ենիչերիների ձեռքով։ Համաթուրանականությամբ ախտահարված և խղճից ու մարդկային ուրիշ առաքինություններից պարպված ենիչերիների։
Երիտթուրք գաղափարախոսները եռանդագին լծված էին նոր «Չինգիզապատումի» զինվորության դաստիարակությանն ու նախապատրաստությանը։ Ահա այդ գաղափարախոսներից մեկի` բանաստեղծ Ջենապ Շեհապեդդինի, գրական պատգամն իր զավակին. «...յուրաքանչյուր զինվոր պետք է վերադառնա բարբարոսության օրերին, պապակի արյան, լինի անգութ` մանուկներին ու կանանց, ծերերին ու տկարներին սպանելիս, ոտնահարի ուրիշների ինչքը, կյանքը, պատիվը։ ՈՒրեմն, սփռենք արյուն, տառապանք, անարդարություն և սուգ։ Միայն այս կերպ կկարողանանք արժանանալ քաղաքակիրթ աշխարհի սիրուն»։
Երիտթուրք առաջնորդների փայփայած երազների ճամփին, որպես ամենախանգարիչ խոչընդոտ, իր ամբողջ սրությամբ կանգնած էր հայկական հարցը։ Մանավանդ երբ հայությունն էլ, ամբողջ աշխարհին ի տես և ի լուր, ոտքի էր ելել, պահանջում էր հարգել իր ազգային իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը։
Իսկ ընդառաջել այդ պահանջին կնշանակեր ինքնավարություն տալ կայսրության արևելյան նահանգների տեր հայությանը։ Ինքնուրույնություն տալ հայությանը կնշանակեր փակել դեպի արևելյան հեռուները շարժվող օսմանյան ծավալապաշտների, թուրքատենդով բռնվածների ճանապարհը, ուրիշ խոսքով` գերեզմանաքար դնել թուրանական ծրագրի վրա։ Այդ ժամանակ էր, որ դոկտոր Նազըմն իր կուսակիցների առաջ, իբրև ահազանգ ու գործողության կոչ, աղաղակում էր. «Այսօրվա մեր քաղաքականության ամենակենսական, անհետաձգելի հրամայական խնդիրը հայկական հարցն է, որի համար պետք է գտնել ոչ թե կիսակատար, այլ արմատական և ամբողջական լուծում»։ Ապա. «Այս առաջարկը կարող է թվալ անխիղճ, անմարդկային... Հարցը զուտ քաղաքական է, Թուրքիայի շահերի ու ապագայի հետ սերտորեն կապված։ Կամ պետք է համաձայնենք հայերի ամբողջական ու արմատական ոչնչացման, բնաջնջման ծրագրին` ապահովելով մեր ներկան ու ապագան, կանխորոշելով մեր զարգացման ու զորացման ուղին, կամ...»։
Թուրքերի համար երկրորդ «կամը» չկար, որովհետև նրանք շատ էին փափագում ծաղկած տեսնել իրենց ներկան ու ապագան, զարգացած ու զորացած տեսնել իրենց կայսրությունը։ Եվ իհարկե, այս բոլորը` կատարված իրենց սեփական ձեռքերով, ոչ թե հայերի, որոնք մինչ այդ առաջ են տարել կայսրության արհեստներն ու առևտուրը, արդյունագործությունն ու մշակույթը, և թուրքերն իրենք նրանց մրցակցությանը չէին դիմանում ոչ մի բնագավառում։ Ի՜նչ սրբապղծություն. սուլթանի ժառանգներին անգամ թրքերեն էին սովորեցնում և երաժշտական կրթություն էին տալիս հայ մասնագետները...
Եվ պետությունն իրենց ձեռքը ձգած երիտթուրքերը ծրագրում են հայկական հարցի վերջնական լուծումը` հայության բնաջնջման եղանակով։ Սրանք այլևս չէին թաքցնում այդ ծրագիրը։ Եվ ինչո՞ւ պիտի թաքցնեին, երբ դրության տերն էին դարձել հայերի եռանդուն օգնությամբ և այլևս նրանց օգնության կարիքը չունեին։ Ինչո՞ւ թաքցնեին, երբ դա նույնիսկ ձեռնտու էր իրենց. պետական ծառայության մեջ գտնվող հայերը` տագնապած ու ինչ-որ անորոշ հույսով, առավել ջանասեր էին դարձել, առևտրի ու արդյունագործության ջոջերը կաշվից դուրս էին գալիս իրենց նվիրվածությունն ապացուցելու համար։
Եվ այս ամենը հայոց հանրության շահերի տեսակետից այնպիսի վտանգավոր չափերի էր հասել, որ ցավալիորեն հիշեցնում էր տարիներ առաջ Արփ. Արփիարյանի հեգնական խոսքը` «Դռան ծառայության մեջ գտնվող ամեն մի հայ, որ իր ազգին չարիք մը չըներ, արդեն... ազգին բարիք մը ըրած էր...»։
(շարունակելի)

Դիտվել է՝ 3380

Մեկնաբանություններ