Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ինչպե՞ս սպանել Նժդեհին...

Ինչպե՞ս սպանել Նժդեհին...
16.04.2023 | 10:07

1952 թ. Նժդեհը ութ տարի է՝ խորհրդային բանտում է։

Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու՞ Ստալինը չկարողացավ սպանել Նժդեհին։ Միգուցե չգիտե՞ր՝ ինչպես։ Բայց դա Ստալինն էր՝ իր ողջ դիվային ուղեղով։ Նա բոլորից լավ, հայերից առավել ևս, գիտեր՝ ով է Նժդեհը, աշխարհում միայն նա և Նժդեհն են լիարժեք ճանաչել ՆԺԴԵՀԻՆ...

- Դա մի հին պատմություն էր, - հին է, շատ հին է Նժդեհը, - մտածում էր Ստալինը, երբ Բերիան հարցրեց՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ, ինչու՞ թույլ չեք տալիս գնդակահարել այդ նախկին գեներալ հային։

- Նախկին գեներալ, - մտքում հեգնեց Ստալինը։ Հետո ոտքի ելավ, խորը ներս քաշեց թութունի ծուխը և մտազբաղ հարցրեց, - Լավրենտի, եթե ինձ գերեր Հիտլերը կամ Չերչիլը՝ կգնդակահարե՞ր միանգամից ինչ որ հիմար մեղադրանքով։

Բերիան քարացավ` Իոսիֆ Վիսարիոնովիչ…

- Այ, տեսնու՞մ ես, - կրկին հեգնեց Ստալինը, Իոսիֆ Վիսարիոնովիչին հեշտ է գնդակահարել, իսկ ընկեր Ստալինին՝ անհնար։ Գարեգին Հարությունյանին հեշտ է, Նժդեհին՝ անհնար։

Հետո Ստալինը կրկին մտորեց՝ հին է, շատ հին է Նժդեհը:

- Ասա, Լավրենտի, ինչի՞ համար է կռվել Նժդեհը։

- Ընկեր Ստալին, Կալանավոր նախկին գեներալ Գարեգին Հարությունյանը կռվել է թուրքերի դեմ, հետո հեղափոխական բանակի, հետո…

- Լավրենտի, ես չեմ հարցնում՝ ինչի՞ կամ ու՞մ դեմ է կռվել գեներալ Հարությունյան Գարեգինը, այլ ինչի՞ համար է կռվել Նժդեհը։

Բերիան տարակուսած լռեց։

- Այ դրանում է սխալը, - բարձրաձայն մտածեց Ստալինը։ - Նժդեհը երբեք չի կռվել բարու կամ չարի համար և ոչ լինելու կամ չլինելու, փառքի կամ ուժեղից անխուսափելի պարտության համար։ Նժդեհը կռվել է, -շարունակեց ինքն իրեն խոսել Ստալինը,- լինելու համար, նա ծնվել է լինելու անհրաժեշտությամբ։ Նա` այդ ճակատագրական մարդը, ունի միայն անցյալ, ապագա չունի, չունի, որովհետև ապագան սկսվում է նրանից։ Նա իր ազգի անցյալն է, որ ներկա է դարձել իր՝ Նժդեհի կյանքով։ Հակառակորդին սպանելու կարողությունը նրան ճանաչելն է։ Նժդեհին սպանելու համար պետք է սպանել Նժդեհի անցյալը։ Իսկ դա հին է, շատ հին։

Այնուհետև կտրուկ շրջվեց դեպի Բերիան և.

- Պահիր նրան բանտում, Լավրենտի, որ ոչ ոք իրենից բացի իրեն չլսի, սպանիր նրա անցյալը: Նժդեհի անցյալն այդ ազգի հողն է, նրա ամրոց ու տաճար դարձած քարը, նրա վրա ապրողի կյանքի պատմությունը։

- Նժդեհին սպանելու համար, Լավրենտի, սպանիր Նժդեհի անցյալը, ոչ մի պարագայում թույլ չտալ, որ նրա անցյալը վերածվի լեգենդի և առավել ևս, որ այն ամրանա հողին։ Մաքրեք այդ հողը նրա անցյալից ու անցյալի լեգենդից։ Սկսիր դա այսօր, գտիր նրա ժողովրդից վերջացած սրիկաների, կրթիր նրանց և եթե ոչ այսօր, ապա տասնամյակներ անց նրանք ու նրանց սերունդը կսպանեն Նժդեհի անցյալը։ ժամանակ անց նրանք՝ այդ «քաղաքակիրթ» սրիկաները, փոշի կդարձնեն Նժդեհի անցյալը` Ղարաբաղ, Զանգեզուր...Երևան։ Իսկ Նժդեհին ձեռք չտաս, պահիր բանտում՝ հույսի և հուսախաբության, անհայտության ու մահվան այդ մղձավանջային խաչմերուկում։ Թող հերոսն ինքն իր դեմ մարտնչի, մինչև սրիկաները կսպանեն նրա անցյալը…

Արմեն ԵՐԱՆՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4454

Մեկնաբանություններ