ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Ամեն մի ճգնաժամ առիթ է ստեղծում գործելու»

«Ամեն մի ճգնաժամ առիթ է  ստեղծում գործելու»
19.07.2013 | 11:52

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին հերթական անգամ հյուրընկալվել էր աշխարհահռչակ կինոռեժիսոր ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳԸ: Փառատոնի շրջանակներում կայացավ նրա «Աղջիկը և մահը» ֆիլմի երևանյան պրեմիերան:
Պրեմիերային նախորդեց Ստելինգի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների և իր կինոյի երկրպագուների հետ:
Նա ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար, շատ է սիրում Հայաստանն ու հայերին: Նա ժամանել է իր ֆիլմով երկու միջազգային փառատոներում հյուրընկալվելուց հետո: ՈՒ երբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, ունեցել է այն զգացողությունը, որն ունենում են օտար տեղից տուն վերադարձող մարդիկ:
Ստելինգը ներկայացրեց «Աղջիկը և մահը» ֆիլմը, պատմեց իր և ռուս դերասան Սերգեյ Մակովեցկու յոթնամյա համագործակցության մասին, ում նկարահանել է նախ իր «Դուշկա», ապա «Աղջիկը և մահը» ֆիլմերում: Ռուսաստանում արգելված է, որ դերասանները նկարահանման ընթացքում իրենց խաղացած նյութը դիտեն էկրանին: Իսկ Ստելինգը պարտադրել է Մակովեցկուն նայել նկարահանված կադրերն ու ասել սեփական կարծիքը: ՈՒ եթե ինչ-որ մտքեր, գաղափարներ ծագեն, բարձրաձայնի դրանք, օգնի իրենց աշխատանքին: «Դու հո մեր ստրուկը չե՞ս, ասացի նրան, մեր գործընկերն ես: Նա համոզվեց, և դա մեր ընկերության սկիզբը դարձավ: Նա մեծ անհատականություն է: Մենք միմյանց խոստացել ենք երկար աշխատել իրար հետ»,- պատմում էր Յոս Ստելինգը և թվարկում առանձին դեպքեր, երբ իր ֆիլմերում վերջնական լուծումը գտնվել է հենց Մակովեցկու առաջարկությամբ:
Մեծ ռեժիսորն առանձնահատուկ կարևորությամբ անդրադարձավ հայ երիտասարդների հետ կատարած իր աշխատանքին: Մեր սկսնակ կինեմատոգրաֆիստները կարճամետրաժ ֆիլմեր են նկարել Ստելինգի ղեկավարությամբ:
«Երբ հայերի հետ պարապմունքներ էի անցկացնում, երեք-չորս ֆիլմ նկարեցինք: Ես էլ երիտասարդների հետ աշխատում էի: Կնոջս ասում էի, որ ուզում եմ Հայաստանում քառասունրոպեանոց հեղինակային ֆիլմ նկարել այն մասին, թե ինչ եմ անում այստեղ: Վատ գաղափար չէ»:
Գուցե և մի օր կիրագործի Ստելինգն իր այդ գաղափարը: Իսկ առայժմ կատակում է. «Ինձ այստեղ շնորհել են պատվավոր պրոֆեսորի կոչում: Գուցե բացենք պրոֆեսորների ակո՞ւմբ»:
Ֆիլմ նկարահանելու դժվարին գործի մասին նա իր բնորոշումն ունի. «Ֆիլմ նկարելը խոսելով չի լինում, պետք է թևերդ քշտես ու գործ անես: Ֆիլմ նկարելու հետաքրքիր, գեղեցիկ կողմերից մեկն այն է, որ անընդհատ խնդիրներ ես գտնում ու խույս չես տալիս դրանցից: Գտնում ես խնդիրները, լուծում, և դրանց հետևում միշտ արևի շողերն են ճառագում: Ամեն մի ճգնաժամ առիթ է ստեղծում գործելու»:
«Իրատես de facto»-ն առիթ ունեցավ շփվելու Յոս Ստելինգի հետ: Ստորև ներկայացնում ենք այդ շփման դրվագները:

-Պարո՛ն Ստելինգ, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ «Աղջիկը և մահը» ֆիլմի համար: Այն այս տարվա իմ դիտած փառատոնային ֆիլմերից ամենագեղեցիկն է:
-Դե ասում եմ, չէ՞, հայերը լավն են: Շնորհակալություն, որ գովում եք ֆիլմը:
-Ես ֆիլմը դիտել եմ առանց թարգմանության և լիովին հասկացել այն: Արդյո՞ք հեղինակային կինոն հավակնում է դառնալու մեկը արվեստի այն ձևերից (երաժշտություն, գեղանկարչություն, քանդակագործություն, պարարվեստ), որոնք չեն ճանաչում լեզվական պատնեշներ:
-Այո՛: Երաժշտությունը, նաև ֆիլմերը, արվեստի այն երևույթներն են, որոնց առնչվելիս ուղեղդ պիտի գործածես` սիրտդ լցնելու համար: Երաժշտությունը բարձրագույն արվեստն է իմ կարծիքով: Դրանից հետո ֆիլմն է: Ես հիմա իմ առջև միայն կանանց եմ տեսնում: ՈՒրեմն ստացվում է, որ ֆիլմ նկարելը տղամարդու գործ է, իսկ դիտելն ու գնահատելը` կնոջ: Իմ քաղաքում կա կինոթատրոն, որտեղ կախված են բոլոր մեծագույն կինոգործիչների նկարները: Հարյուրից ավելի են այդ նկարները: Փնտրում էի մի կին ռեժիսորի, որի նկարը հարմար կգտնեի կախել այդ շարքում: ՈՒզում էի, որ կանանց դեմքեր էլ լինեն: Չգտա: ՈՒզում եմ Ձեզ հասկացնել, որ կանացի էներգետիկան ճիշտ ֆիլմ նայելու համար է: Օրինակ` Հոլանդիայում արտ-հաուզ ֆիլմերի լսարանի 70 տոկոսը կանայք են: Եվ կանայք ավելի շատ են ընթերցում գրականություն, քան տղամարդիկ: Դա երևի ինչ-որ չափով կապված է տեսողական զգայություններին տիրապետելու ունակության հետ: Դա ինքնին արվեստի մի տեսակ է: Օրինակ բերեմ: Տղամարդը տեսնում է, որ փողոցով անցնում է մեքենան: Իսկ ի՞նչ է անում կինը. նայում է, թե ով է մեքենայում նստած:
-Ձեր ֆիլմի սկզբում Ռենատա Լիտվինովայի հերոսուհին` Նինան, զգուշացնում է Նիկոլայ Բորոդինսկուն. «Սերն ամեն ինչ կործանում է: Սերը խաբեություն է»: Ձեր ֆիլմում սերը կործանե՞ց հերոսներին, թե՞ ապրեցրեց:
-Սիրո պատմությունները շատ պարզ են. մարդիկ ձգտում են իրար, և ընդամենը պետք է նրանց արանքում խնդիրներ ստեղծել: Ինձ շատ հետաքրքրում է այդ իրար ձգտող երկուսի միջև գոյություն ունեցող տարածքը: Դաշտ է ստեղծվում կնոջ և տղամարդու միջև, կամ, կարելի է ասել, անցյալի և ապագայի միջև: Այդ երկուսի միջև եղած տարածությունն է կարևորը, արվեստի տարածությունն է դա: Մարդիկ անպայման ուզում են իրար ունենալ: Երբ սիրահարված ես, քո մեջ ինչ-որ բան չխկում է: Երբ չես տեսնում քո սիրո առարկան, նա աստիճանաբար քո գլխում գեղեցկանում է: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ: Ֆիլմի հերոսուհին` Էլիզան, թոքախտ ուներ: Դա դրամատիզմով լի հիվանդություն է: Եթե թոքախտով հիվանդն իրեն հանգիստ է պահում, պառկում է արևի տակ, հեռու է մնում հուզմունքներից, հիվանդությունը նահանջում է: Երբ հուզվում է, ապրումներ ունենում, հիվանդությունը սաստկանում է: Այդ պատճառով թոքախտը կոչում են աղքատների հիվանդություն: Հարուստները կարող են իրենց թույլ տալ ամառանոցներում արևի տակ հանգստանալ և հաղթել հիվանդությանը: Երբ Էլիզան սիրահարվեց, հիվանդությունը գլուխ բարձրացրեց: Իսկ երբ Նիկոլայը հեռացավ, հիվանդությունը մեղմվեց: Սա նշանակում է, որ սերը Էլիզայի մահն էր:
Ես շեղվեցի: Հարցը ո՞րն էր:
-Սերը ֆիլմի հերոսներին կործանե՞ց, թե՞ ապրեցրեց:
-Միանշանակ պատասխան չկա: Ինչպես ուզես` կպատասխանես:
-Ավերակ իջևանատանը երկու «կենդանի» բան կա` տկտկացող հին ժամացույցը և Էլիզայի հոգին: Ցանկանում եք ասել, որ հին ժամացույցն ու սիրահարված հոգի՞ն են հավերժական արժեքները:
-Ֆիլմը արվեստի միակ տեսակն է, որը կարող է ժամանակի վրա խաղեր անել: Ֆիլմում դուռն է, որի հետևում ծավալվում են բոլոր գործողությունները հերոսի երևակայության մեջ: Մի քանի րոպե է այդ տեսարանը, բայց դուք ձեր կյանքից երկու ժամ ծախսում եք այդ տեսարանը, հերոսի հիշողությունները տեսնելու վրա: Այստեղ ժամանակի խաղերի թեման է:

Ասեմ, որ Յոս Ստելինգի «Աղջիկը և մահը» ֆիլմն իր ռոմանտիկ, խոհուն, սրտաճմլիկ տրամադրությամբ ինձ այլ կերպ պատկերացավ ռեժիսորի հետ շփումից հետո: Յոս Ստելինգն իր հումորով, կյանքին ուղղված բարի, լավատես հայացքով կարծես նոր լույս սփռեց այն ամենի վրա, ինչ տեսել էի էկրանին` նրա կատարմամբ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ