ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Իմ ֆիլմերում ես մորեմերկ եմ»

«Իմ ֆիլմերում ես մորեմերկ եմ»
12.07.2013 | 12:39

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը ներկյացված է երկու անվանակարգում` «Միջազգային խաղարկային» և «Հայկական համայնապատկեր»:

Ֆիլմի ռեժիսորի, գլխավոր դերակատար Մարիամ Դավթյանի և գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյանի մամլո ասուլիսին «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրության արժանացնենք հայ կինոն, փայփայենք հայկական ֆիլմերը, մեր վերաբերմունքով խթանենք նրա գործունեությունը, ծափահարենք, քննադատենք, եթե ուզում ենք, որ այն զարգանա:
Վիգեն Չալդրանյանը խոսքն սկսեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, Միքիայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին հղած շնորհավորանքով` ՀՀ կառավարության շնորհած արժանի պարգևների առթիվ` մասնավորապես նշելով. «Հարությունի ամենամեծ մրցանակն այն շնորհակալ գործն է, որ նա և իր ընկերներն անում են: Շատ է խոսվել «Ոսկե ծիրանի» մասին: Կարծիքները տարբեր են: Փառատոնը կարևոր առաքելություն է վերցրել իր վրա. դա կինոմթնոլորտի ձևավորումն է, որը գնալով ավելի մեծ թափ է առնում: Սա հետագայում իրենց վրա կզգան նոր սերնդի կինեմատոգրաֆիստները, որոնք այսօր կրթվում են տարբեր հաստատություններում»:
Ռեժիսորը պատմեց «Ձայն լռության» ֆիլմի ստեղծման հանգամանքների, գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհու, պրոդյուսերի, ուսանող-պրակտիկանտների հետ կատարած աշխատանքի մասին: «Ինձ մոտ դերն ինքն է ընտրում իր դերակատարին»,- ասաց նա Մարիամ Դավթյանի առնչությամբ: Անդրադարձավ իր մարմնավորած կերպարին ֆիլմում: Խոստովանեց. «Իմ ֆիլմերում ես մորեմերկ եմ, ամբողջովին բաց եմ, անկեղծ»:
Վերջին քսան տարում ռեժիսորի կողքին միշտ եղել են ուսանողներ, պրակտիկանտներ: Նրա համար հաճելի է երիտասարդների հետ աշխատել: Վերջիններս ոչ միայն աշխատում են, այլև սովորում: Վիգեն Չալդրանյանը գտնում է, որ կինոկրթություն ստացող երիտասարդները չպետք է սահմանափակվեն հայաստանյան կրթությամբ, ցանկալի է, որ գնան, կրթվեն աշխարհի լավագույն կինդպրոցներում, բայց վերադառնան և ստեղծագործեն հայրենիքում:
«Իրատես de facto»-ն հարցով դիմեց Վիգեն Չալդրանյանին.
-Նկարահանման հրապարակում Դուք կոմպրոմիսի՞ մարդ եք, թե՞ դիկտատոր: Եվ այս որակներից որի՞ գերակայությունն է նախընտրելի կինոբեմադրիչի համար, որի՞ առկայության դեպքում է շահում կինոն:
-Ե’վ մեկն եմ, և’ մյուսը: Հայաստանում առանց կոմպրոմիսի հնարավոր չէ աշխատել: Բայց ես աշխատում եմ, որ դա լինի տեխնիկական կոմպրոմիս և ոչ երբեք` ստեղծագործական: Դիկտատորը` իբրև իմ հատկանիշներից մեկը, ես չեմ ցանկանում վատ իմաստով նշել: Որևէ ռեժիսոր, որևէ ստեղծագործող, լինի նկարահանման հրապարակում, թե թատերական բեմում, ի վերջո իր հետևից տանող է: Այնպես որ, եթե դիկտատորի վատ իմաստը դեն նետենք, լավ իմաստով պիտի նրան ընկալենք որպես իր հետևից տանողի, ղեկավարի: Պիտի կարողանաս ղեկավարել: Ո՞րն է նախընտերլի հատկանիշը: Դժվար է ասել: Այսօր ես ունեմ կուրս` քսանհինգ հոգուց բաղկացած, որոնց շատ նվիրված եմ, նրանց հետ կապում եմ մեծ հույսեր: Մենք արդեն մի քանի տարի իրար հետ ապրում ենք, սովորում, բայց ես կդժվարանամ ասել, թե ինչ բան է կինոռեժիսուրան: Սովորաբար ասում եմ, որ դրա համար անհրաժեշտ է տաղանդ` գումարած բնավորություն: Շատ տաղանդավորներ կային, որոնք չունեին համապատասխան բնավորություն և չկայացան` իբրև ռեժիսոր: Շատ պինդ պիտի լինես: Եթե նպատակ ես դրել քո առաջ, պիտի կարողանաս հասնել այդ նպատակին` բնականաբար ոչ տուրք տալով Մաքիավելու թեզին. «Նպատակն արդարացնում է միջոցները»: Պիտի կարողանաս հետամուտ լինել, որ միջոցները լինեն բարոյական և ընդուելի: Սա է, հավանաբար, ռեժիսորի ճանապարհը,- պատասխանեց Վիգեն Չալդրանյանը:
Մարիամ Դավթյանն ասաց, որ դերասանուհուն վիճակված է անցնել դժվարին և միաժամանակ հեշտ ճանապարհ, որ դերասանուհու մասնագիտությունն իր համար ամենասիրելին է, և որ ինքը շատ է սիրում իր հերոսուհուն` ավազահանքում ապրող անտուն Ջիջիին: «Նրա ու նրա նման մարդկանց համար այս աշխարհում տեղ չկա»,- ասաց դերասանուհին:
Իմ այն հարցին, թե կերպարի վրա աշխատելիս նա անձամբ չի՞ շփվել նման մարդկանց` իր կերպարի նախատիպերի հետ, Մարիամը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլորն ամեն օր հանդիպում են այդպիսի մարդկանց, ցավոք: Դերի վրա աշխատելիս ես մի անգամ եղել եմ հոգեբուժարանում, այնտեղ անցկացրել մի քանի ժամ: Որպես դերասանուհու` դա ինձ որոշ գույներ է տվել, որոնք օգնել են իմ աշխատանքում»:
Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սահականուշ Սահակյանն ասաց, որ իր պրոդյուսերական գործունեությունն սկսել է Չալդարանյանի հետ, ով հարթում է այն ճանապարհը, որով ինքը պիտի անցնի: «Նկարահնման հրապարակում ես Վիգեն Չալդրանյանին տեսնում եմ ոչ իբրև ռեժիսորի, այլ իբրև մարդու՝ հավասարակշռված, նրբազգաց, համբերատար»,- ասաց պրոդյուսերը: Նա 2011 թվին է ստեղծել պրոդյուսերական ընկերությունը, որի նպատակը գումարներ հայթհայթելն ու դրանք նպատակային գործածելն է:
Վիգեն Չալդրանյանը գովեստով և երախտագիտությամբ խոսեց Սահականուշ Սահակյանի մասին, նրան բնորոշեց իբրև իր ճանաչած ազնվագույն անձնավորության, ով կարողանում է շատ խնայողաբար գործածել ամեն մի լուման: Արդյունքում երեք համատեղ նախագիծ են իրականացրել` չնչին գումարներով և պատրաստ են համգործակցել նաև ապագայում` ստեղծելով ֆիլմեր, որոնք, Վիգեն Չալդրանյանի կարծիքով, պետք են ոչ թե իրենց` ստեղծողներին, այլ մեզ` հանդիսատեսներիս:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ